Եթե ամեն բան չընթանա ՀՅԴ բողոքարկմանը համարժեք, ապա կուսակցությունը կպահանջի իշխանափոխություն՝ եւ՛ ՀՀ նախագահի, եւ՛ խորհրդարանի, եւ՛ կառավարության: Ի դեմս Արմեն Ռուստամյանի եւ Վահան Հովհաննիսյանի՝ ՀՅԴ-ն պահանջում է չվավերացնել հայ-թուրքական արձանագրությունները. «Յուրաքանչյուրը պետք է ղեկավարվի համազգային շահերով: Իսկ եթե դա տեղի չունենա, եւ ԱԺ-ն վավերացնի արձանագրությունները, ապա միակ ելքն այն է, որ արձանագրությունները չեղյալ հայտարարվեն ու ապացուցվի, որ իշխանությունները քայլ են արել, որի հետ ժողովուրդը համաձայն չէ: Այլ տարբերակ չի մնում»: «Ստեղծված իրավիճակում դեռեւս ուշ չէ անհապաղ քայլեր ձեռնարկելու միջոցով շտկել իրադարձությունների զարգացման վտանգավոր ընթացքը»,- ասել են ՀՅԴ ներկայացուցիչները:
ՀՅԴ-ն պատրաստվում է նոր գործողությունների, իսկ ԱԺ-ում արձանագրությունների վավերացումը կանխելու համար ստորագրահավաք է սկսվել, ու բնակիչներից յուրաքանչյուրի` իր պատգամավորին արձանագրությունների վավերացմանը դեմ քվեարկելու կոչ անելը խիստ անհրաժեշտ է լինելու:
Հավաքին մասնակցեցին մեկ տասնյակից ավելի կուսակցություններ եւ մի քանի տասնյակ հկ-ների անդամներ, որոնք նույնպես դեմ էին արտահայտվում հայ-թուրքական կոչված արձանագրությունների վավերացմանը: Կարծիքը մեկն էր՝ ՍԴ-ն պետք է հակասահմանդրական ճանաչի ստորագրված արձանագրությունները: Այդ արձանագրությունների կնքման դեմ համախմբված ուժերը՝ ՀՅԴ, «Նոր ժամանակներ», «Ժառանգություն», Հայ Արիական միաբանություն (Արմեն Ավետիսյան), Հայ ազգայնականների համախմբում (Գեւորգ Յազըճյան, Ռաֆֆի Պապիկյան, Աշոտ Բադալյան, Վազգեն Ղազարյան, Սերգեյ Մանուկյան), ՀԴԿ, ՀՌԱԿ, «Մայր Հայրենիք», «Գոյամարտ» եւ այլն, հանդես եկան նոր հայտարարությամբ՝ վերահաստատելով իրենց պայքարի վճռականությունը: Ըստ նրանց, ՍԴ-ն պետք է հակասահմանադրական ճանաչի արձանագրությունները՝ «Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով առնվազն այն, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի անկախության հռչակագրով եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին եւ համազգային նպատակներին եւ խախտվել են Սահմանադրության 83,5 հոդվածի 9-րդ կետով եւ միջազգային պայմանգրի մասին ՀՀ օրենքով սահմանված պայմանագրերի կնքման կարգը եւ պարտավոր է այս արձանագրություններով ՀՀ կողմից ստանձնվող պարտավորությունները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող»: Կոչ է արվել ԱԺ-ին՝ հրաժարվել` արձանագրությունները
ներկա բովանդակությամբ վավերացնելուց:
Համախմբված 14 կուսակցությունները եւ շուրջ 70 հասարակական կազմակերպությունները հայտարարության վերջում ՀՀ բոլոր քաղաքացիներին եւ համայն հայությանը կոչ են անում միանալ «հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ուղղված ստորագրահավաքին եւ իրենց հետագա գործողություններին»:
Ի թիվս այլ ելույթ ունեցողների, կարճ խոսքով հանդես եկավ նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Նա Հայ Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման անունից շնորհավորեց համայն հայությանը 1989թ. ՀՀ եւ ԼՂՀ վերամիավորման որոշման 20-ամյակի առթիվ եւ հայտնեց, որ հայ ազգայնականները Արցախ-ԼՂՀ-ն համարում են ՀՀ 12-րդ մարզը եւ յուրաքանչյուր ոտնձգություն Արցախի սահմանների եւ անկախության դեմ ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը կհամարեն Հայաստանի դեմ ագրեսիա: Այնուհետեւ նշեց, թե բազմիցս խոսվել է հայ-թուրքական հորջորջվող արձանագրությունների պատմական, իրավական, քաղաքական եւ այլ վտանգների մասին, ուստի, ընդամենը մեկ հրապարակային հարց կտա ՀՀ նախագահին եւ ՀՀ այն շարքային քաղաքացուն, ով հայության եւ ՀՀ բարգավաճումը (գրեթե փրկությունը) տեսնում է մեր ոխերիմ թշնամու հետ հարաբերություններ հաստատելով: «Պարոն նախագահ, պարոն շարքային քաղաքացի, եթե ես օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ մորթեմ ձեր ընտանիքները ու տիրեմ ձեր բնակարանին եւ ունեցվածքին, դուք կներե՞ք ինձ եւ կփորձե՞ք հարեւանական ու բարեկամական հարաբերություններ հաստատել հետս… Վստահ եմ՝ ո՛չ, չե՛ք ների անգամ իմ սերունդներին: Հիմա` պարոն ՀՀ նախագահ, շարքային քաղաքացի եւ ՍԴ նախագահ, մեր ազգի բացահայտ մորթը՝ Հայոց ցեղասպանությունը, եւ Հայրենիքի մեծ մասի կորուստը ինչու՞ եք դարձնում շահարկման առարկա, եթե ձեր անձնական վշտի հետ այդպես չէիք վարվի… Ինչու՞ եք սահմանների բացումը դարձնում մի փոր հացի, կուշտ ապրելու հերթական խնդիր` նոր վտանգների ենթարկելով մեր ազգային նպատակները: Ոչ ոք չի կարող կործանել հայկական հարցը` նույնիսկ այդ արձանագրությունները ստորագրելով, սակայն, մեր նպատակները դառնալու են շահարկման առարկաներ, իսկ այդ դեպքում պատասխանատուները չեն խուսափելու պատասխանատվությունից», – ամփոփել է ելույթը Արմեն Ավետիսյանը:
Արման Դավթյան
Արտակ Հայոցյան
Հայ-թուրքական արձանագրությունների դեմ համախմբված ուժերի հայտարարությունը
Մենք՝ հայ-թուրքական արձանագրությունների դեմ համախմբված ուժերս, վերահաստատելով մեր պայքարի վճռականությունը, արձանագրում ենք, որ.‘
– Չնայած արձանագրությունների պարունակած վտանգներին եւ այդ կապակցությամբ հայության արտահայտած բողոքին, ՀՀ իշխանությունները այդուամենայնիվ ստորագրեցին հիշյալ փաստաթղթերը:
Հարկ է նշել, որ արձանագրություններում առկա տերմինները եւ ձեւակերպումները այլեւս մեկնաբանվելու են ոչ թե կողմերի կամայական եւ իրարամերժ պարզաբանումների հիման վրա, այլ միջազգային նորմերին եւ պրակտիկային համապատասխան:
– Անփառունակ վախճան ունեցավ բանակցային փուլը եւ սկիզբ առավ արձանագրությունների կնքման ներպետական գործընթացը: Այսուհետ հակազգային եւ հակապետական այս փաստաթղթերի վերջնական վավերացման կանխումը Սահմանադրական դատարանի եւ Ազգային Ժողովի իրավասությունների մեջ է:
Անվիճելի իրողություն է, որ Թուրքիան այս արձանագրությունների միջոցով հասել է իր 2 նախապայմանների իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ամրագրմանը: Այն է՝ ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնելու եւ այս կապակցությամբ միջազգային ճանաչման գործընթացի խոչընդոտմանը, ինչպես նաեւ հայ-թուրքական առկա ապօրինի սահմանի օրինականացմանը: Միեւնույն ժամանակ Թուրքիան, հետեւողականորեն չհրաժարվելով իր հաջորդ նախապայմանից, օրեցօր ավելի մեծ հնարավորություն է ստանում միջամտելու ԼՂՀ հարցի կարգավորմանը եւ օգտագործելով այս երկու գործընթացների միաժամանակյա ակտիվացումը եւ դրանց շուտափույթ հանգուցալուծման հարցում միջազգային կառույցների եւ մյուս երկրների շահագրգռությունը, ձգտում է Հայաստանից կորզել Ադրբեջանին ձեռնտու զիջումներ:
Ստեղծված իրավիճակում դեռեւս ուշ չէ անհապաղ քայլեր ձեռնարկելու միջոցով շտկել իրադարձությունների զարգացման այս վտանգավոր ընթացքը:
Առ այդ` Սահմանադրական դատարանը նկատի ունենալով առնվազն այն, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի Անկախության Հռչակագրով եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին եւ համազգային նպատակներին եւ խախտվել է ՀՀ Սահմանդրության 83.5 հոդվածի 9-րդ կետով եւ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքով սահմանված պայմանագրերի կնքման կարգը եւ պայմանները, պետք է այս արձանագրություններով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները ճանաչի ՀՀ Սահմանադրությանը հակասող:
Իսկ ՀՀ նախագահի կողմից հիշյալ արձանագրությունները Ազգային Ժողով ուղարկելու դեպքում խորհրդարանը այս տեսքով պետք է չվավերացնի դրանք:
Մենք վճռական ենք միասնաբար պայքարելու ներկա տեսքով արձանագրությունների կյանքի կոչման դեմ եւ այդ նպատակով դիմելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերին:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ համայն հայությանը միանալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ուղղված ստորագրահավաքին եւ մեր հետագա գործողություններին:
Հ.Գ. – Վերջում որոշվեց հայտարարության տեքստի հիման վրա, արձանագրություններում առկա սահմանադրական եւ այլ խախտումները ներառելով, դիմել ՀՀ ՍԴ-ին, արձանագրությունները հակասահմանադրական ճանաչելու համար:
* * *
«Ուսումնասիրում» են…
ՍԴ-ում հայ-թուրքական արձանագրություններն արդեն ուսումնասիրման փուլում են: Սակայն մանրամասները հայտնի չեն:
Դրանք ուսումնասիրում է դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը, ով պետք է զեկուցագիր ներկայացնի, որպեսզի աշխատակարգային որոշումով նշանակեն քննության օրը:
Դատավորը նախագահին զեկուցագիր է ներկայացնում, ինչից հետո նախագահը աշխատակարգային նիստ է հրավիրում, որտեղ էլ որոշվում է քննության օրը. այսպես է մեկնաբանել այս հարցը ՍԴ-ի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 42 (128), 2009թ.



