Բարոյականացնե՛նք հեռուստաեթերը

Մեր զլմ-ներում, հատկապես՝ հեռուստատեսային, վերստին սկսել է գերակշռել ժարգոնային լեզուն, նաեւ նման լեզվաոճին համապատասխան անիմաստ հաղորդումները: Հեռուստաեթերը խցանվել է անգրագետ հաղորդավարների առկայությունից եւ դատարկաբանություն քարոզող «նորաոճ» հաղորդումներից: Իսկ անբարո կինոնկարներից կամ «եվրաստանդարտով անցած» հեռուստահաղորդումներից տներ «թափվող» խուժանությունից ու կիսահայհոյախառը խոսքից… պրծում չկա կարծես:
Պարբերաբար «Լուսանցք»-ը եւ այլ տպագրական զլմ-ները անդրադառնում են այս ցավոտ թեմային…


Օրերս Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղը նույնպես անդրադարձել է այս խնդրին: Քաղաքում թռուցիկներ են տարածվել, փակցվել, որոնցում կոչ է ուղղված ՀՀ հեռուստաընկերություններին:
Այդ կոչում մասնավորապես ասվում է. «Վերանայե՛ք ձեր ժամանցային հաղորդումները, քանզի դրանցում առկա է այլասերում, որը վտանգում է մեր ազգի ապագան»: Երիտասարդները կարծում են, որ հեռուստաեթերը վաղուց կորցրել է ազգային ու բարոյական դաստիարակիչ իմաստն ու բարձր մակարդակը, հայեցի խոսքն ու իրական արվեստի ուսանելի բնույթը:
Հայ Արիական Միաբանության ուսանողներն ու երիտասարդները բողոքում եւ հայկական հեռուստաընկերություններին են դիմում. «Բարոյականացնե՛նք հայկական հեռուստաեթերը»:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ  44 (140), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.