Հայ-թուրքական և Հայ-ադրբեջանական

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այդ նիստում քննարկվել է արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատանքի ծրագրավորման, գնահատման եւ դիտարկման գործուն համակարգ ներդնելու մասին հարցը: Զեկուցումներով հանդես են եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:
Անվտանգության խորհրդի նիստում նախագահը մանրամասներ է ներկայացրել Ղազախստանում տեղի ունեցած պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում քննարկված խնդիրների վերաբերյալ:
Կարծում ենք` վերոնշյալ նիստում լրջորեն ուսումնասիրվել է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների հարցը, որի ստորագրումը մեր երկրին ու ժողովրդին կդնի նոր, թերեւս ոչ շահեկան վիճակում:

Նարե Մշեցյան

Լցնե՞նք  թուրքերի  բյուջեն

Կարծիք կա, որ Թուրքիայում մեծ թիվ են կազմում աշխատելու նպատակով այնտեղ մեկնած ՀՀ քաղաքացիները: Թուրքերը նշում են նաեւ թվեր՝ 50.000 – 70.000 մարդ: Սակայն ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը հայտնել է, որ թվերը չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքերով, Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի ինտերնետային պաշտոնական էջից վերցված տվյալների համաձայն, 8 տարվա ընթացքում՝ 2000-2008թթ, Հայաստանից Թուրքիա միգրացիոն շարժերի բացասական մնացորդը կազմել է ընդամենը 5.238 մարդ: Այդ ընթացքում ՀՀ քաղաքացիներից շուրջ 294 հազար անձ է մուտք գործել Թուրքիա, վերադարձել են 288 հազարը: Կտրուկ աճել է Հայաստան-Թուրքիա ուղեւորափոխադրումների թիվը, ինչը շարունակում է ավելանալ:

Արման Դավթյան

Քաղաքական միմոսություն

Հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից եւ քննարկումներից հետո մտազբաղ են դարձել Վրաստանի իշխանությունները: Նրանք փորձում են ամեն գնով մնալ որպես տարանցիկ ճանապարհ Հայաստանով անցնող բոլոր բեռների համար:
«Կազբեկի-Վերին Լարս» անցակետի բացման մասին արդեն մի քանի անգամ խոսվել է, այժմ էլ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդադձեն հայտարարել է, թե  այն կբացվի մարտի սկզբին: Նաեւ տեղեկացրել է, որ պայմանավորվածությունը Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջեւ ձեռք է բերվել Շվեյցարիայի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ: Ըստ փոխնախարարի՝ անցակետի բացման մասին որոշումը ընդունված է: «Կազբեկի-Վերին Լարս» անցակետը փակվել էր 2006թ.-ին:

Անի Մարության

Կարծում է կբարեկամանա՞նք դեռ
Լրագրող Ջեյհուն Նաջաֆովը Ադրբեջանի լրատվական դաշտում աշխատում է երկար տարիներ եւ, ըստ նրա, հայ-ադրբեջանական հակամարտությունը իրականում կլուծվի այն սերնդի օրոք, ովքեր հիմա 10 տարեկան են եւ դեռ իրենց մաշկի վրա չեն զգացել երկու ժողովուրդների միջեւ լարվածությունը:
Հայ-ադրբեջանական, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին, ըստ լրագրողի, Ադրբեջանում ճիշտ տեղեկատվություն տալն անհնար չէ, պարզապես դա մշտապես  բախվելու է քաղաքական խնդիրների հետ: Օրինակ, ինքը սիրում է հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի կատարումները, սակայն բարձրաձայնելը այդ մասին Ադրբեջանում հավասարազոր է դավաճանության:
Հայ-թուրքական հարաբերությունների մասին նա կարծում է, որ մշտապես հրապարակվում են իրարամերժ տեղեկություններ, ինչը դժվարացնում է իրականն ընկալելը:
«Սերժ Սարգսյանը ասում է, որ հայ-թուրքական արձանագրություններում չի խոսվում Ղարաբաղյան հակամարտության մասին, Թուրքիայի վարչապետ էրդողանը գալիս է Բաքու, հայտարարում, որ դրանք փոխկապակցված են: Մեկը մի բան է ասում, մյուսը՝ այլ բան: Որպես լրագրող, նրանց չհավատալ ես չեմ կարող, բայց ստացվում է, որ նրանցից մեկը կամ մինչեւ վերջ չի բացում չակերտները կամ ստում է»,- ասել է Ջ. Նաջաֆովը: Ադրբեջանցիների համար ձեռնտու է, որ ճիշտ լինի Էրդողանը, հայերի համար էլ՝ Սարգսյանը:
Հայ-թուրքական սահմանի բացումը նա համարում է Թուրքիայի գործը: Բայց Թուրքիայում ասում են. «Մենք վարում ենք բանակցություններ, որոնց արդյունքում կլուծվի նաեւ ԼՂ հարցը, այդ ժամանակ հայերի հետ կբացենք սահմանները»:
Լրագրողի տեսակետին համաձայն են նաեւ այլ ադրբեջանցիներ, որոնց ձայնը սակայն լսելի չէ:
Արման Դավթյան

Ադրբեջանը հիասթափված է ԱՄՆ-ից
ԱՄՆ-ի Կոնգրեսն իր ֆինանսական հատկացումներով ցանկանում է հասկացնել Ադրբեջանին, որը ինքը ԼՂՀ-ն որպես Ադրբեջանի բաղկացուցիչ տարածք չի համարում: Նմանատիպ քայլը քննադատության է արժանի:
Այս մասին ադրբեջանական «Դեյ.ազ» լրատվական կայքի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի լիբերալ կուսակցության ղեկավար Ավեզ Թեմիրխանը:
Վերջինս հատուկ ընդգծել է, որ իրենք ամերիկացի դիվանագետների հետ հանդիպումներում բազմիցս են այս հարցը բարձրացրել. «Սակայն փաստը այն է, որ Վաշինգտոնը շարունակում է իր ֆինանսական օժանդակությունները Հայաստանին եւ Ղարաբաղին»:
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը: «Եթե Կոնգրեսը ֆինանսական օգնություն է տրամադրում, ապա դա պետք է հասցեագրի Ադրբեջանին, եւ Ադրբեջանը ինքը կորոշի, թե որ ոլորտում ծրագրեր իրականցնի»,- ոչ ավել, ոչ պակաս սա է նրանց ուզածը:
Իհարկե, ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք օգնությունները հավասար բաշխել: Միաժամանակ ԼՂՀ-ին էլ է հատկացնում օգնություն: Սակայն, տարեցտարի դրանք կրճատվելու վտանգի առջեւ են հայտնվում: Իսկ Արցախ-ԼՂՀ-ին կրկին օգնելու հարցը սերտորեն առնչվում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ:   
Եթե հատկապես հիմա հարցականի տակ դրվի Արցախին ուղղակի օգնելու հարցը, ապա այլեւս կասկած չի հարուցի հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների շաղկապվածությունը: Սա դեռ կարողանում են քողարկել արեւմտյան ղեկավարները, սակայն շուտով այլեւս չեն հերքի:
Այդ շուտովը կախված կլինի այն փաստից, թե ինչ ժամանակահատվածում Անկարայի եւ Երեւանի կողմից կստորագրվեն հայտնի արձանագրությունները:

Վահագն Նանյան

«Մադրիդյան սկզբունքներ»-ի դեմ
  Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, «Ումիդ» կուսակցության ղեկավար Իգբալ Ագազադեի համոզմամբ` «Մադրիդյան սկզբունքներ»-ը չեն բավարարում Ադրբեջանին, չեն նախատեսում երկրի տարածքային ամբողջականության վերականգնում: Նրա համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը արդյունավետ չէ եւ այն չի բերելու որեւէ ադրբեջանամետ արդյունքի: Ադրբեջանական կողմը չպետք է նրանց հետ համաձայնության գա:
Պատգամավորը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող ջանքերը անբավարար են: Անհրաժեշտ է մեկ այլ` նոր համակարգ, այլ գաղափարներով, այլ մակարդակում: Հիմնախնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռեւս չեն սպառվել, բայց դժվար է կանխատեսել, թե երբ «կկարգավորվի ղարաբաղյան կոնֆլիկտը»,- նշել է Ի. Ագազադեն:
Այսպես մինչեւ վերջ չեն «բացվում» ոչ հայ-թուրքական, ոչ էլ հայ-ադրբեջանական խնդիրները:

Կարեն Բալյան

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.