Դրանք մեր ատոմակայանի շինարարությանը մասնակցել չեն կարող
Այս տարի էներգետկայի ոլորտում միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված որեւէ ծրագիր չի սառեցվել: Կան ծրագրեր, որոնք դանդաղել են, այն էլ իրանական կողմի հետ կապվածը. այս մասին տարեվերջյան մամլո ասուլիսում հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Ներկայացնենք այս տարվա երկու խոշորածավալ ծրագրեր` Երեւանի ՋԷԿ-ի եւ նոր ատոմակայանի մասով:
Նախորդ տարվա հուլիսի 30-ին տեղի ունեցավ ԵՋԿ-ի նոր էներգաբլոկի հիմնարկեքը: 2010թ. ապրիլի վերջին կայանը ամբողջությամբ կգործարկվի եւ կմիանա հայկական էլեկտրացանցին: 271.7 ՄՎտ ընդհանուր հզորությամբ կայանը 1 կՎտ/ժ էլէներգիա արտադրելու համար 2-2.3 անգամ քիչ վառելիք՝ գազ կծախսի, քան մեր երկրում ներկայումս գործող ՋԷԿ-երը: Այս նոր էներգաբլոկը մեզ թույլ կտա սակագնի տնտեսական կարգավորման եւ բեռի կարգավորման խնդիրները լուծել:
Իսկ որ ՋԷԿ-ը վերակառուցելը անհրաժեշտություն էր, պարզ է: Դա շահագործվում է 1961թ.-ից, մինչդեռ կայանների շահագործման ժամկետը 25-30 տարի է: Բացի այդ, 60-ականների տեխնոլոգիայով աշխատող ՋԷԿ-ի տեխիկատնտեսական ցուցանիշները գոհացուցիչ չեն. էլէներգիայի 1 Կվտ.Ժ-ի արտադրության համար այստեղ ծախսվում է մոտ 372 գրամ գազ եւ էլէներգիայի ինքնարժեքը կազմում է 16,5 դրամ, ինչը տնտեսապես ձեռնտու չէ: Իսկ վերակառուցումից հետո այն կկազմի 7-8 դրամ: Սակայն, նկատի ունենանք կարեւոր մի հանգամանք. 271.7 ՄՎտ հզորությամբ կայանը հայկական ատոմային էլեկտրակայանին փոխարինող չի կարող լինել:
Մյուս ծրագիրը կառուցվելիք նոր ԱԷԿ-ն է: Ինչ-ինչ, կառավարությունը գոնե այս հարցում հետեւողական է եղել: Ու թեեւ ամեն անգամ նշվում է, որ ԱԷԿ-ի շինարարությանը Թուրքիան մասնակցել չի կարող, միեւնույնն է` այս հարցով միշտ տարբեր գնահատականներ են հնչում: Բացատրենք իրականությունը, այլ կերպ` խնդրին անդրադառնանք հենց տեխնիկական տեսանկյունից: «Լուսանցք»-ը բազմիցս է շեշտել, որ ատոմակայան կառուցելը սովորական արտադրամասի շենք-շինություն սարքելու պես մի մի բան չէ: Եվ ատոմակայանը այն օբյեկտն է, որ անպայման պետք է կառուցվի ատոմային էներգետիկայի բնագավառում տարիների մասնագիտական, այն էլ հաջողված փորձ ունեցողը: Եվ այս ամենը ՄԱԳԱՏԵ-ի պահանջներից է: Իսկ Թուրքիան ատոմային էներգետիկայի դպրոց չունի, չունի ատոմակայան եւ նոր-նոր է միայն մտածում այն կառուցելու մասին: Այսինքն` Թուրքիան հայկական նոր ԱԷԿ-ի շինարարությանը մասնակցել չի կարող:
Թուրքիայի՝ մեր նոր ԱԷԿ-ի կառուցմանը մասնակցության մասին լուրերը վերաբերում են բացառապես ֆինանսական ներդրումներին: Իսկ նրանց կողմից առաջարկներ առայժմ չեն եղել: Այս դեպքում արդեն մենք վերապահում ունենք. եթե Թուրքիան անգամ ցանկություն էլ ունենա, նրան պետք է զերծ պահել անգամ ֆինանսական ներդրում անելուց: Այս պարագայում խնդրին կարող ենք քաղաքական ենթատեքստից մոտենալ: Չնայած ԱԷԿ-ը բաց կառույց է լինելու եւ կարող է ներդրում անել ցանկացած երկիր, բայց` ոչ Թուրքիան: Ու սա կլինի այն օրինակը, երբ Հայաստա՛նը կասի իր վերջին խոսքը:
Ի դեպ, մի քանի օր առաջ ստեղծվել է համատեղ ձեռնարկություն «Ռոսատոմ» ընկերության հետ, որը պետք է իրականացնի ատոմային նոր էներգաբլոկի ռեակտորային կղզյակի սարքավորումների մատակարարման աշխատանքները: Դրանք մեկնարկել են արդեն: Տարեսկզբին ընդունված աշխատանքների իրականացման գրաֆիկում ժամկետի խախտումներ չկան: Իսկ ընտրվել է ռուսական ռեակտորը, քանզի, ըստ նախարարի, ԱԷԿ կառուցելու համար պետք է ներդնենք աշխարհի լավագույն փորձը բոլոր առումներով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լավագույն ռեակտորը ռուսական է: Հաշվի առնենք նաեւ, որ ատոմակայանի սարքավորումները պատահական արտադրության սարքավորումներ չեն, դրանք արտադրվում են յուրաքանչյուր կոնկրետ կայանի համար:
Երեկ էլ գործադիրը քննարկեց նաեւ «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ի ստեղծման հիմնադիր պայմանագրին եւ կանոնադրությանը հավանություն տալու մասին հարցը: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, թե այս տարով ավարտում ենք նոր էներգաբլոկի հետ կապված իրավական բոլոր հարցերը: Գործնական փուլ կմտնենք 2010թ., իսկ շոշափելի արդյունք կունենանք 2011թ.:
Աստղինե Քարամյան
Ինչպե՞ս Երեւանը կծախսի իր 1-ին բյուջեն
Երեւանի ավագանին տարեվերջյան նիստում ընդունեց Երեւանի 2010-13թթ. քառամյա սոցիալ–տնտեսական զարգացման, 2010թ. զարգացման ծրագրերը, 2010թ. քաղաքի բյուջեն:
Քառամյա ծրագրով նախատեսվում է կառուցել 32 կմ երկարությամբ ոռոգման նոր գիծ: Կվերականգնվի 40 հա կանաչ տարածք, կստեղծվի 125 հա նոր կանաչ տարածք: Ծաղկապատվող տարածքի չափը կհասնի 5 հա-ի:
Առաջնահերթությունների շարքում է Երեւանյան լճի բնական վիճակի բարելավումը: Այսօր աղտոտված է այդ ջրամբարը, որ 4,7 մլն խմ օգտակար ծավալ ունի:
Ինչ վերաբերում է Երեւանի առաջին բյուջեին: Եկամտային մասով այն կազմում է 52.039.101,1 հազար դրամ, իսկ ծախսային մասով՝ 52.839.101,1 հազար դրամ: Պակասորդը 800.000 հազար դրամ է: Պետբյուջեից դոտացիան տարվա համար նախատեսվել է 9.092.668,7 հազար դրամ: Ընթացիկ տարվա համեմատ այն ավելի է 378,966,0 հազար դրամով:
Մնում է սպասել 2011թ., որպեսզի արդեն պարզ դառնա, թե ինչքանո՞վ է արդյունավետ ու նպատակային գործածվել քաղաքամայրի առաջին` 2010թ. բյուջեն:
Գոհար Վանեսյան
Մոլորակը կեղտոտվում է
Գլոբալ ջերմացումը կարծես «խորանում» է: Այսպես են կարծում մի շարք գիտնականներ: Ռուսաստանյան լրատվամիջոցների հավաստմամբ, գիտնականները մոլորակի գլոբալ տաքացման հիմնական պատճառներից են համարում ստորգետնյա գազերի արտահոսքը: Եվ եթե կրճատվի դրանց ազդեցությունը մթնոլորտի վրա, ապա հնարավոր կլինի դիտել ջերմաստիճանի Ցելսիուսի սանդղակով 2 աստիճանի բարձրացում:
Վերջերս Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած կլիմայի վերաբերյալ գագաթաժողովում այս մասին զեկույցով ասել են Մեծ Բրիտանիայի Մետեորլոգիական կենտրոնի գիտնականները:
Նույնիսկ եթե ստորգետնյա գազերի արտահոսքը դիտվի 2020թ., ապա 50% կլինի հավանականությունը, որ ջերմաստիճանը կգերազանցի 2 աստիճանի շեմը, ու այդ դեպքում ստորգետնյա գազերի արտանետումները անհրաժեշտ կլինի կրճատել 5%-ով: Գիտնականները հնարավոր են համարում նաեւ դրանց 4%-ով կրճատումը, սակայն այդ դեպքում, նշվում է, որ գազերի արտանետումների գագաթնակետը կլինի 2018թ.:
Կարեն Բալյան
Արժեւորե՛նք հայագիտությունը
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրել է 2010թ. հայագիտության զարգացման ծրագրերը. պետական բյուջեից հատկացվելու է 8,3 մլրդ. դրամ: Նախատեսվում է նաեւ կնքել համագործակցության պայմանագրեր Ռուսաստանի, Բելառուսի եւ Գերմանիայի հետ:
Ծրագրվել են նաեւ դրամաշնորհային մրցույթներ, որոնց կմասնակցեն նաեւ ԼՂՀ-ի գիտնականները:
2010թ. նախատեսվում է մշակել հայագիտության զարգացման 5-ամյա եւ գիտության ոլորտի ռազմավարության 5-ամյա ծրագրեր: Նպատակ կա նաեւ գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հետ համատեղ ընդգրկվել միջազգային գիտատեղեկատվական ցանցում:
Հուսանք, որ հայագիտությունը կդառնա մեզ համար ռազմավարական առանցք եւ այլեւս թույլ չենք տա օտար եւ ծախու հայ «գիտնականներին» պղծել եւ խեղել մեր պատմությունն ու առաքելությունը, նաեւ մեր կյանքը:
Վահագն Նանյան



