Ոչինչ չի մոռացվել… իսկ թուրքն էլի թուրք է

20 տարի առաջ հունվարի 13-19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իրականացվեցին զանգվածային ջարդեր, որոնց հետեւանքով Բաքվի 50 հազարանոց հայ բնակչությունը սպանվեց կամ էլ տեղահանվեց: Ի վերջո Ադրբեջանից Հայաստան գաղթեցին շուրջ կես միլիոն հայեր, սակայն առ այսօր որեւէ փոխհատուցում՝ թողած շարժական ու անշարժ գույքի փոխարեն, չի կատարվել: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից անընդհատ բարձրաձայնվող փախստականների հարցին, ապա նրանք այն ժամանակներում վերադարձան եւ 73 մլն. դոլարի փոխհատուցում ստացան մեր իշխանություններից: Իսկ Բաքվից բռնագաղթածների փոխհատուցման հարցը մինչ օրս մնում է առկախ: Ոչ ոք պարզապես չի զբաղվում այս հարցով: Հարկավոր է մեծ աշխատանք տանել, հաշվարկել, թե որքան է կազմում փոխհատուցման չափը, բռնազավթված են 100 հազարավոր տներ:

Այսօր խոսում ենք 1915թ.-ի ցեղասպանությունից, բայց չենք պահանջում վեր հանել Բաքվի (նաեւ Սումգայիթի) դեպքերը, որոնք փաստորեն ցեղասպանության շարունակությունն են: Թուրքը թուրք է մնում, անկախ այն բանից` թուրք կկոչվի, թե՝ ադրբեջանցի…
Հայերի զանգվածային ջարդերի իրականացումն ու էթնիկ հայերի տեղահանումը Արցախ-ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման պահանջին ի պատասխան Ադրբեջանի որդեգրած էթնիկ զտումների քաղաքականության դրսեւորումներից մեկն էր: Եվ երբեք չի կարելի անտեսել Բաքվում 1990թ. հայերի ջարդերի իրականացման ու դրան հաջորդող շրջանում հայերի տեղահանման փաստը: Երբեք չի կարելի անտեսել նաեւ 1915-1923թթ. թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ ամեն մի քայլ` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ որեւէ փաստաթուղթ ստորագրելուն ուղղված, պետք է զանգի պես ղողանջեցնի այս անհերքելի փաստերը… Պետք է հիշենք, որ 2 կողմերում էլ, բացի բարոյական ու նյութական վնասներից, ունենք հայրենիքի կորցրած հատվածներ…

Նարե Մշեցյան

Տարածաշրջանային մարտահրավերներին սպասելիս

Հայաստանը վերստին լուրջ մարտահրավերի առջեւ է հայտնվել: Առաջիկա ամիսներին կարող են լինել նոր տեղաշարժեր արցախյան խնդրի շուրջ:
Ոմանց կարծիքով ռուս-թուրքական բանակցությունները կարող են իրապես աշխուժացնել ԼՂՀ իրավիճակի «կարգավորման» հարցը, եթե Հայաստանը չկարողանա հայ-թուրքական կոչվող հարաբերություններում պաշտպանել իր շահերը:
Անցյալ տարի Մոսկվայում արդեն տեղի են ունեցել ռուս-ադրբեջանական բանակցություններ այս թեմայի շուրջ, եւ Ռուսաստանն Ադրբեջանին վերաբերել է այնպես, ինչպես իր ռազմավարական գործընկեր Հայաստանին:
Հիմա էլ Մոսկվայից հնչում են խոսքեր, թե Ռուսաստանը բարեկամաբար է տրամադրված մեր տարածաշրջանի բոլոր երկրների հանդեպ: Ստացվում է` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, Արեւմուտքի պաշտպաններ Ադրբեջանն ու Վրաստանը նույն հարթության մեջ են Մոսկվայի համար, ինչպես Հայաստանն ու Իրանը, որոնք առավելապես ռուսաստանյան շահերն են պաշտպանում տարածաշրջանում:
Այսպես է լինելու ոչ միայն ռուսաստանյան, այլեւ` ամերիկյան, եվրոպական կամ այլ ուղղությունների հետ:
Թուրքիան միշտ ձգտել է մասնակից դառնալ արցախյան կարգավորման գործին, բայց Հայաստանը դիմադրել է: Այսօր հայ-թուրքական արձանագրությունները Անկարային հնարավորություն են տալիս ավելի պաշտոնական մոտենալ հայ-ադրբեջանական հակամարտությանը, որն արդեն իսկ արվում է, երբ արձանագրությունները նույնիսկ ստորագրված էլ չեն: Եվ, հնարավոր է, միջազգային հորջորջվող ուժերի կազմում Թուրքիան հանկարծ ու դառնալ «չեզոք միջնորդ» կամ «խաղաղապահ»……
Մեր իշխանությունները պարտավոր են հաշվի առնել այն հանգամանքը, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները մի օր խաչվելու են մեր սահմանների մոտ: Ու այսօր տրված թղթե կամ բանավոր խոստումները անիմաստ ու վտանգավոր են դառնալու…
Դա ասում է պատմությունը: Իսկ մեր պատմությանը երբ չենք հետեւել… դաժանաբար պատժվել ենք:
Հուսանք, որ պատմության դասերը չեն անտեսվի նաեւ մեր ժամանակներում, եւ հայությունը կըխուսափի նախկին սխալները կրկնելուց, իմիջիայլոց` հենց նույն թշնամիների մասով թույլ տրված…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 1 (132), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.