Հիմա էլ դեմ են հեռուստաահաբեկչությանը

2006թ. հուլիսին, երբ Իսրայելը սկսեց հարձակումը Լիբանանի վրա՝ ԱՄՆ-ի բացահայտ հովանավորությամբ («Նոր Մերձավոր Արեւելք» աշխարհ բերելու նպատակով, որը նույնպես վիժեցվեց), շատ լավ հասկանում էր, որ խոչընդոտներից մեկը ոչ միայն լիբանանյան դիմադրությունը մարմնավորող «Հըզբոլլա»-ի ազատամարտիկներն էին լինելու, այլեւ նրանց սատարող՝ ոչ նվազ ազդեցիկ «Ալ-Մանար» արբանյակային հեռուստաալիքը: Եվ պատահական չէր, որ հարձակման առաջին թիրախներից էր նշյալ հեռուստաալիքը, որ կատաղի եւ ավերիչ հարձակման ենթարկվելով լռեց, բայց… միայն 2 րոպե: Այո, 2 րոպե անց հեռարձակումը շարունակվեց բունկերից, եւ հեռուստաալիքը դիմադրության հաղթանակի գլխավոր կերտիչներից մեկը դարձավ:

 Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Իսրայելի հասարակությունն ավելի հավատ է ընծայում «Ալ-Մանար»-ի եւ ի մասնավորի՝ «Հըզբոլլա»-ի առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլայի, քան՝ Իսրայելի ղեկավարների նկատմամբ, նամանավանդ պատերազմի ժամանակ, երբ միշտ առաջին զոհը ճշմարտությունն է… Այդ պատերազմը բացառություն չկազմեց, եւ իսրայելցիները դառը ճշմարտությունն իմացան «Ալ-Մանար»-ից…
Այսօր Իսրայելը տակավին անկարող ուշքի գալու այդ աննախադեպ պարտությունից, եւ անպատրաստ նոր արկածախնդրության դիմելու, գործի է լծում ԱՄՆ-ում գործող իր ուժեղ լոբբիին՝ կասեցնելու օրական 20 մլն. հեռուստադիտող ունեցող «Ալ-Մանար»-ին, նաեւ ահաբեկելու բոլոր այն ալիքներին, որոնք գնում են դեպի «դիմադրության մշակույթ», որը տարածվում է Լիբանանից Միջին Արեւելքի այլ երկիրներ եւ այլուր:
Եվ այսպես, հրեական լոբբին իր ազդեցության տակ գտնվող կոնգրեսականներից պահանջում է շտապ անցկացնել մի օրենք «Հեռուստաալիքային ահաբեկչության» մասին, որ, ըստ լոբբիի, խիստ անհրաժեշտ է ԱՄՆ-ի համար, եւ որպես ապացույց մատնանշվում է այն, որ «Ալ-Մանար» հեռուստաալիքը եւ այլ ալիքներ ցուցադրում են «Հըզբոլլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի ճառերը, որոնք իբր ատելություն են սերմանում ընդդեմ ԱՄՆ-ի ժողովրդի: Իրականում, սակայն, այդ ճառերի մեջ ոչ մի խոսք անգամ չկա ամերիկացի կոչվող ժողովրդի մասին, այլ միայն քննադատվում է ԱՄՆ-ի կառավարության անվերապահ սատարումը եւ աջակցությունը Իսրայելի գործած ոճիրներին, որը կարելի է լսել ամերիկյան ցանկացած նահանգում, ամենատարբեր զլմ-ներով…
Իսրայելա-հրեական լոբբիի ճնշման տակ ազատ խոսքի «գերպաշտպան» եւ «առաջամարտիկ» ԱՄՆ-ն տեղի տվեց… Օրենքը անցավ ներկայացուցիչների պալատում, երբ 395 անդամները կողմ եւ 3-ը դեմ քվեարկեցին: Արաբական լիգայի անդամ 22 երկրները, ինչպես նաեւ «Իսլամական կոնֆերանս»-ի 57 անդամ երկրները բողոքեցին եւ, հավանաբար, այդ բանաձեւը նորից ընթերցվի, որի հաջողման դեպքում այդ փաստը դիտվելու է որպես մեծ ձախողություն Իսրայելի համար:
Եթե հաջողեն հրեական լոբբիի անդամները, ապա հաջորդիվ նմանատիպ օրենքները «քայլելու» են դեպի այլ երկրներ…

Ռաֆֆի  Պապիկյան
«Հայրենիք – Սփյուռք  նախաձեռնության»  ղեկավար

«Լուսանցք» թիվ 1 (132), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.