Ի՞նչ է կատարվում այսօր: Մանկական մի շարք ներկայացումներ` բացօթյա, թե թատրոնային, վերածվել են «բիզնես ծրագրերի». որքան հնարավոր է հանդիսատեսից, տվյալ դեպքում ծնողներից ավելի շատ դրամ շորթել: Իսկ երեխաները դիտում են անհեքիաթ նյութ, որի գործողությունների անծանոթ ու անգաղափար շղթան դառնում է օրինաչափ բոլոր ներկայացնումների համար:
Իսկ ահա, Հանրապետության հրապարակում շրջում են բազմաթիվ Ձմեռպապիներ (իրականում նա մեկը պետք է լինի), Ձյունանուշներ, ովքեր ընդամենը շարժվող մանեկեններ են, ում հետ կարելի է միայն լուսանկարվել. դրա համար ամբողջ զարդարանքը կար` ձիակառքեր, մեքենաներ, կարուսելներ…, իսկ խաղալիքներ շահող ապարատները… իրականում ոչ մի խաղալիք էլ երեխաներին չէին տալիս:
Զարմանալի դաստիարակություն ենք տալիս մեր սերնդին. նրանց մեջ սպանում ենք մանկական երազը, այն վերածում անորոշության, իսկ դերասանները իրենք էլ չեն հավատում իրենց ասածին (ուր մնաց երեխային հավատացնեն), նրանց խոսքը գռեհիկ հայերենն է, որ «համեմված» է անճաշակ երաժշտությամբ:
Վաղը այս սերունդը կանգնելու է դժվարության առաջ, ինչը կոչվում է անգաղափար, անիմաստ ու անհոգի սերնդի բարդույթ:
Աշոտ Բադալյան
Կորցրե՞լ ես անձնագիրդ, ավելի շատ վճարիր
Գործադիրը երեկ հրավիրեց իր առաջին նիստը եւ, ի թիվս այլ խնդիրների, քննարկեց մի հարց` անձնագրերը կարճ ժամկետում տրամադրելուն վերաբերող:
Ոստիկանությունը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա անձնագիր կարող է տալ կամ փոխանակել ավելի կարճ ժամկետներում: Ներկայացնում ենք այդ ծառայությունների վճարների չափերը:
ՀՀ քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը 1 աշխատանքային օրվա ընթացքում արժե 60 հազար դրամ: Կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 3-րդ աշխատանքային օրը, արժե 50 հազար դրամ: Կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 5-րդ աշխատանքային օրը, արժե 40 հազար դրամ:
Ինչ վերաբերում է անձնագիր տալուն կամ փոխանակելուն (երբ անձնագիրը չի կորել). ՀՀ քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` 1 աշխատանքային օրվա ընթացքում արժե 20 հազար դրամ: Անձնագիր տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը արժե 10 հազար դրամ:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը այս փոփոխությունը կատարելու անհրաժեշտությունը պայմանավորում է հետեւյալ հանգամանքով. վերջին ամիսներին կտրուկ աճել է կորստյան գործերով ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություններ դիմող այն քաղաքացիների թիվը, ովքեր ցանկություն ունեն ավելի կարճ ժամկետում ստանալ նոր անձնագրերը: Քաղաքացիների նման դիմումները չեն բավարարվել, քանի որ ՀՀ կառավարության 25.12.98թ. թիվ 821 որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված են կորած անձնագրի փոխարեն նորը տալու ավելի ուշ ժամկետներ /կորած անձնագրի փոխարեն նորը տրվում է 1-ամսյա ժամկետում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն եւ ստուգում չպահանջող դեպքերում` 15-օրյա ժամկետում, իսկ նախատեսվող փոփոխությունների համաձայն կորած անձնագրի փոխարեն նորը տրվում է դիմումը ստանալու 15-րդ օրը/:
Այսինքն` 5-օրյա ժամկետը չի վերաբերում անձնագրերի կորստյան դեպքերին: ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելով` հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների կորած անձնագրերի փոխարեն, վերջիններիս ցանկությամբ, նորերը տալ 1-օրյա, 3-օրյա կամ 5-օրյա ժամկետներում` վճարովի ծառայության մատուցման պայմանագրի հիման վրա:
Աստղինե Քարամյան
500 մլն-ի ջանը սաղ լինի
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում նախարարներին հանձնարարեց տարվա ընթացքում իրականացվելիք երեք կարեւորագույն ծրագրեր ներկայացնել, որոնք որոշակի ոլորտներում պետք է դրական տեղաշարժ ապահովեն:
Կառավարությունը քննարկեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Ըստ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը կապել հյուսիսի հետ եւ ապահովել ելքը դեպի միջազգային շուկաներ:
Ասիական զարգացման բանկը, որ կլինի ծրագրի հիմնական ֆինանսավորողներից մեկը, ՀՀ կառավարությանը կհատկացնի 500 միլիոն դոլարի վարկ, որից 60 մլն-ն` արտոնյալ պայմաններով: Ի դեպ, այս բանկը ֆինանսավորում է նաեւ Ադրբեջան-Վրաստան միջանցքի ադրբեջանական հատվածը, ինչպես նաեւ Փոթի-Բաթումի-Սարպի ճանապարհային միջանցքը:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 1 (132), 2010թ.



