Ինչու՞ Քոչարյանը այցելեց ԻԻՀ

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը կարծում է, թե կարիք չկա զարմանալու, որ օրերս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել է Իրան եւ այդ այցի ընթացքում ՀՀ անունից արել է հայտարարություններ:
Ըստ ԱԳ նախարարի, նախկին նախագահներն այցելում են տարբեր երկրներ, եւ մեր նախկին նախագահը գնացել է Իրան: Ինչ վերաբերում է Իրանի ԱԳ նախարար Մոթաքիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ-ի անունից Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, ապա Է. Նալբանդյանը կրկին որեւէ արտառոց բան չի տեսնում. «Հայաստանը կողմ է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը: Դրա մասին խոսվում էր, երբ ՀՀ նախագահն էր պարոն Քոչարյանը, դրա մասին ասվում է այսօր: Դա բնական է, որ մեր հարեւան երկրի հետ ՀՀ-ն ձգտում է ընդլայնել կապերը եւ դրա մասին բազմիցս է ասվել: Այո, մենք պատրաստում ենք միջկառավարական հանձնաժողով»: Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի ընթացքում կքննարկվեն հայ-իրանական շատ հարցեր: 

Ռոբերտ Քոչարյանը Իրան այցելել է պետական հրավերով, սակայն սա համարվել է մասնավոր այց: Իսկ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պարզաբանել է, որ Իրան կատարած այցի ընթացքում, որը բարեկամական եւ ոչ պաշտոնական բնույթ է կրել, Ռոբերտ Քոչարյանը հայտարարություններով հանդես չի եկել: Ըստ ամենայնի, տեղի ունեցածը թյուրըմբռնման կամ ոչ ճիշտ թարգմանության արդյունք է»: Որեւէ խոսք չկա նաեւ այն մասին, թե Ռ. Քոչարյանն ինչ է ասել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, խաղաղարար ուժերի, Կովկասի ճգնաժամերը կարգավորելու՝ օտար տերությունների դեղատոմսերի վնասակարության կամ օգտակարության մասին: Ընդհանրապես Վ. Սողոմոնյանի տարածած տեղեկատվությունից տպավորություն է ստեղծվում, որ Մահմուդ Ահմեդինեջադն ու Մանուչեհր Մոթաքին հիմնականում խոսել են Ռոբերտ Քոչարյանի օրոք արդյունավետ համագործակցության եւ այդ տարիներին հայ-իրանական բարեկամության զարգացման մասին: Իբր այլ հետաքրքրություն ներկայացնող հարցեր չեն քննարկվել: Սակայն, մեր զլմ-ներում պարբերաբար լուրեր են տարածվում, թե Ռ. Քոչարյանը ակտիվացրել է իր գործունեությունը ներքին եւ արտաքին քաղաքական ոլորտներում: Ի դեմս ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի որոշ բարձրաստիճան անձանց, ՀՀ 2-րդ նախագահը փորձում է վերատեղավորվել ՀՀ ներքին կյանքում, իսկ Ռուսաստան եւ Իրան այցերով՝ արտաքին աջակցություններ է որոնում:
Բայց կարծում ենք` Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի նախկին կապերը դեռեւս կայուն են, եւ դրանք կարող են տատանվել միայն հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական (արցախյան) խնդիրների անհաջող ծավալման դեպքում:

Վահագն  Նանյան

… Իսկ Վրաստանի վարչապետը` ՀՀ
Մեկօրյա աշխատանքային այցով հունվարի 26-ին Երեւանում էր Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը մասնակցեց հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Նիստից հետո տեղի ունեցավ ՀՀ եւ ՎՀ վարչապետների կարճատեւ մամլո ասուլիսը:
Ամեն ինչ եղավ ըստ կանխորոշածի՝ ըստ օրակարգի: Երկու վարչապետներն էլ ջերմ բարեկամական խոսքեր հղեցին միմյանց: Սա հասկանալի է` արարողակարգային է: Բայց այս արարողակարգ կոչվածում ասվում են բաներ, որոնք չպիտի ասվեն: Օրինակ, որ «էլ ավելի կամրապնդվի հայ-վրացական ավանդական բարեկամությունը»: Որովհետեւ էլ ավելի-ի համար նախ պետք է գոնե նորմալ հարաբերություններ լինեն, որ այդ նորմալը էլ ավել-ացվի: Կամ` մեր երկու երկրների հարաբերությունները ավանդաբար բարեկամական չեն եղել:
Փոխարենը Վրաստանը կարողանում է ասել իր ուզածը: Երբ ՎՀ վարչապետին հարցրին, թե ինչպիսի՞ն է ռուս-վրացական հարաբերություններում Հայաստանի դերը, նա կարճեց. «Ռուս-վրացական հարաբերություններում ես տեսնում եմ Ռուսաստանի դերը»:
Ինչու՞ ՎՀ վարչապետը հապճեպ եկավ Երեւան: Պատճառը պետք է փնտրել հայ-թուրքականի՞ համատեքստում: Որքանո՞վ է Վրաստանը շահագրգռված հայ-թուրքական սահմանի բացմամբ տնտեսական տեսակետից, եւ Վրաստանն ունի՞ հաշվարկներ, թե բեռնափոխադրման տարանցիկ ուղու մասով ինչքա՞ն վնաս է կրելու այդ պարագայում: Նաեւ՝ պատրաստվու՞մ է Վրաստանն արդյոք վերանայել բեռնափոխադրման եւ տարանցիկի սակագները: Երբ Ն. Գիլաուրիին ուղղեցին այս հարցերը, նա թե` իրենք ողջունում են հայ-թուրքական սահմանի բացումը: Ինչպե՞ս կարող է ՎՀ-ն ողջունել դա, երբ տարանցիկի գումարների մեծ մասից է զրկվելու. ՎՀ-ն ՀՀ-ի դժվարին վիճակներից միշտ է օգտվել եւ տարանցիկի գործոնը շահարկել: Բայց ոչ, սակագները փոփոխել չի պատրաստվում, քանի որ ՎՀ վարչապետը վստահ է. «Հայ-թուրքական սահմանի բացումը ազդեցություն չի ունենալու սակագների վրա»: Վստահ է, որովհետեւ… նման են Թուրքիան ու Վրաստանը իրենց քաղաքականությունում… Վստահ է, որովհետեւ հայ-թուրքական սահմանի բացումը, ինչպես որոշ տխմարներ են կարծում, մեզ արշալույս չի բերելու, ու Հ
Հ-ն դարձյալ մնալու է ՎՀ-ի հույսին: Մինչեւ թելադրել սովորենք նաեւ մենք:

Իսկ Երեւան Ն. Գիլաուրիի գալը գուցե պետք է փնտրել էներգետիկայի ոլորտում. հատկապես նրանց կողմը շատ էր ուզում իմանալ, թե երբ կսկսվի 400 ԿՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը:

Աստղինե  Քարամյան
   «Լուսանցք» թիվ 3 (134), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.