Ցեղասպանության մի նոր տեսակ

«Կովկասի ինստիտուտ»-ը ապազգային կադրե՞ր է բուծում

«Արարատ» կենտրոնի հայցադիմումն, ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի, արդեն Վերաքննիչ դատարանում է: «Արարատ»-ը բողոքարկում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ «Արարատ» կենտրոնը դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Կովկասի ինստիտուտ»-ին հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը. արգելել Ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը, ինչպես նաեւ պահանջել վնասի փոխհատուցում:
«Կովկասի ինստիտուտ»-ը 2008թ. Երեւանում հրատարակել է «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը» վերնագրով գիրքը, որտեղ, ի թիվս այլ հոդվածների, զետեղված է նաեւ թուրք Այբարս Գյորգյուլուի «Թուրքիա-Հայաստան» հարաբերություններ. Հավերժական փակու՞ղի» հոդվածը, որում հոդվածագիրը, ըստ հայցվորի՝ հերքում է Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, Կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի պնդմամբ՝ գրքի խմբագիր Ալեքսանդր Իսկանդարյանը եւս հերքում է այդ փաստը:

Սակայն դատարանը դեկտեմբերի 4-ին կարճել էր գործի վարույթը՝ այն հիմնավորմամբ, որ այն ենթակա չէ քննման:
Մնում է պարզապես զարմանալ, թե ինչպես կարելի է ՀՀ-ում հրատարակել նման գիրք: Թուրքերից ոչ մի պետականամետ կեցվածք չսովորեցին մեր պետական պաշտոնյաները եւ պատասխանատուները:
Իսկ օտար երկրների ազդեցության գործակալները կամ տարաբնույթ օթյակային գործակալները շարունակաբար եւ առանց խոչընդոտների վխտում ու ապականում են մեր պատմությունը, մեր անցյալը, առօրյան եւ ապագան:
Ցեղասպանության մի նոր տեսակ է ցեղասպանամերժությունը, այն էլ՝ մեզանում, այն էլ՝ Հայոց Ցեղասպանության հարցում, այն էլ՝ մեր անկախ կոչված հանրապետությունում…

Գոհար  Վանեսյան

Ցեղասպանության մասին՝ 10 լեզվով

Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ հրատարակվել է բազմալեզու գիրք՝ «The Armenian Genocide»: 10 լեզուներով մի գրքում Հայոց ցեղասպանությունը ներկայացված է բացառապես գիտական մակարդակով: Հեղինակը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ցեղասպանագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանն է, ով երկար տարիներ հետազոտել է Հայոց ցեղասպանությանը անդրադարձած օտարերկրյա աղբյուրները:
Խոսելով ցեղասպանագիտության մասին` նա հիշատակեց աշխարհի հայտնի ցեղասպանագետների՝ Հելլեն Ֆայնի եւ Բարբարա Հայթի անունները, ովքեր մեծ գործ են արել, որպեսզի Հայոց ցեղասպանության փաստն աշխարհում իբրեւ հենց ցեղասպանություն ընկալվի եւ ճանաչվի: Աշխարհին 10 լեզուներով Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը մեծ ներդրում կունենա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:

Վահագն  Նանյան

Պատմական Հայաստանը… ԱՄՆ-ում

Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում կազմակերպվել էր սեմինար՝ «Հայ-թուրքական արձանագրությունները, իրականություն եւ առասպել» խորագրով: «Սի Էն Էն թուրք» լրատվական ծառայությունը տագնապալի է համարել սեմինարի ժամանակ ցուցադրված քարտեզի առկայությունը, որտեղ ներկայիս Թուրքիայի արեւելյան հատվածը նշված է եղել որպես Պատմական Հայաստան: Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչն իր դժգոհությունն է հայտնել նշված քարտեզի առիթով, իսկ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից Սին Մըրֆին թուրք ներկայացուցչին տեղեկացրել է, որ իրենց արած հարցումին ի պատասխան «Գուգլ» որոնման համակարգը այդ քարտեզն է բերել:
Ըստ կազմակերպիչների, քարտեզը տեղադրվել էր, որպեսզի արծարծվեին բոլոր այն մտահոգությունները, որոնք առկա են Թուրքիայի ներկայիս սահմանների առնչությամբ:

Անի  Մարության

Նոր փաստաթուղթ Դինքի գործում

Հրանտ Դինքի սպանությանն առնչվող կարեւոր փաստաթուղթ է ի հայտ եկել:
«Սի Էն Էն-Թուրք»-ի հեռուստաեթերով, «Չեզոք գոտի» հաղորդման ժամանակ հրապարակվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանն առնչվող մի նոր փաստաթուղթ, որը մինչեւ օրս ընդգրկված չի եղել գործում: Այն ներկայացրել է Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից Բահրի Բելենը:
«Գաղտնի» նշումով այդ փաստաթուղթը Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարան է ուղարկել Տրապիզոնի անվտանգության ծառայության հետախուզության բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքը: «Հիշյալ մարդուն (Հրանտ Դինք) սպանած Օգյուն Սամասթին Ստամբուլ գալու ժամանակ ավտոկայարանում դիմավորել են Օրհան Օզբաշ, Թուրան Մերալ, Քաան Գերչեք անուններով անձիք: Սպանության ժամանակ օգտագործված փամփուշտները տրամադրած Սալի Հաջըսալիհօղլու անունով մարդը ձերբակալվել, ուղարկվել է Ստամբուլի հատուկ տիպի քրեակատարողական հիմնարկ: Տրապիզոնում ձերբակալված Ջոշքուն Ըղջի անունով մարդուն Ստամբուլի հանրապետական դատախազությունը ազատ է արձակել»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին լրացավ պոլսահայ հայտնի մտավորական, «Ագօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 3-րդ տարելիցը: Բացահայտման հարցում թուրքական արդարադատությունը դրսեւորում է պասիվություն ու ոչ պատշաճ վերաբերմունք: Բավական է միայն նշել, որ 3 տարվա ընթացքում եղել է ընդամենը 11 դատական նիստ: Այնուամենայնիվ, հետաքննությունը շարունակվում է:

Կարեն  Բալյան

   «Լուսանցք» թիվ 3 (134), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.