Ա.
Մի իմաստասէր նկատում է – մի գրքի արժէքը հասկացւում է նրա առաջին տողերից:
Շատ մտածողներ էլ ասում են – աշխարհի եղելոյթները տառապելով ապրել՝ նշանակում է իմաստասիրել:
Բացէ’Գ. Նժդեհի գիրքը եւ անմիջապէս, անգամ, «Երկու խօսքի» առաջին տողերից պիտի զգաք, որ հեղինակը մեր կեանքի եղելոյթներին մօտենում է տառապելով եւ իմաստասիրօրէն մտածելով:
Սովորական հայ գիրք չէ դա, այլ՝ ուղեփոխիչ մի երկասիրութիւն, որ մեր օրւայ մտածական ինքնուրոյն գրականութեան առջեւ նոր հորիզոններ է բացում:
Նրա արժէքը այն տարբերութեան մէջ է, որ ունի դա մեր հասարակաբանական եւ քաղաքական սովորական յօդւածագրութիւնից:
Այս ճիգը նկատւում է Նժդեհի իւրաքանչիւր խորհրդածութեան մէջ:
Օրւայ հայը զբաղւում է հարցերով, բայց չի շօշափում նրանց սիրտը: Նա ազդւում է դէպքերից, զգայուն է իրականութեան հանդէպ, բայց խուսափում է դրանց ծնուցիչ պատճառների իմաստը մեկնաբանելու տքնութիւնից:
Նժդեհը իր սիրտն է դրել հարցերի մէջ եւ իր երեւակայութիւնը լծել մի գործի – մեր ողբերգութիւնը ներկայացնել պատճառագիտօրէն:
Օրւայ հայը աշխատում է, նոյնիսկ աշխատասէր է, բայց քիչ դէպքերում յաջողւում է ճշմարտօրէն երկասիրել: Իր աշխատանքը նա պայմանաւորում է արտաքին դրդապատճառներով, աշխարհի պարտադրած կարիքներով, որով՝ իր ջանքը չունի ներբխականութեան դրոշմ:
Նժդեհը ամեն վայրկեան բախում է իր ցեղի ոգու դուռը, պրպտումներ է անում նրա էութեան կրակարանում եւ ամէն միտք կամ ճշմարտութիւն բխեցնում է նրանից:
Օրւայ հայը սիրում է արտաքին դիտողութիւնը, դրա համար էլ նրա գրականութիւնը աւելի նկարագրական բնոյթ ունի: Նա նախընտրում է դիւրաբար տպաւորել եւ ոչ թէ իր էութիւնը ստեղծագործօրէն պարտադրել: Նա աւելի խօսում է, քան թէ ապրում, աւելի գրում է, քան թէ մտածում, աւելի քննադատում է, քան թէ քննում:
Նժդեհը աշխարհը դիտում է իր հոգու լուսամուտից եւ նրան պարտադրում իր ներապրումները: Նրա իւրաքանչիւր բառը արդիւնք է ներքին զննութեան, դրա համար էլ՝ ամեն մի խօսքը խտացեալ մտածում է:
Օրւայ հայը սիրում է օտար գաղափարներն ու մտքերը թարգմանել միայն, քիչ դէպքերում նա կարողանում է դրանք ներձուլել եւ մանաւանդ դրոշմել՝ ըստ իր էութեան պատկերի: Նրա մտաւորական ոգորումները յաճախ զուրկ են մնում ցեղային զգացումի վերահսկողութիւնից: Դրա համար էլ նա մտաւորապէս շուտ է այլասերւում:
Նժդեհը օգտագործում է միայն օտար մտքերն ու գաղափարները:
Նա չի ղեկավարւում նրանցով, այլ՝ ղեկավարում է դրանց: Իր հուժկու ցեղզգացութեան թափով նա ճմլում է նրանց սիրտը եւ ստիպում, որ սա տրոփի հայօրէն:
Օրւայ հայու իմացականութիւնը զինւած չէ կենսազգացութեամբ, այլ՝ միայն անթեւ բանապաշտութեամբ: Անզօր բանապաշտութիւնը յաճախ ենթակային մատնում է մտքի խուճապի, իսկ խուճապահար միտքը միշտ էլ ուրւականներ է ստեղծում, երեւակայութեան անտեղի տառապանք եւ խնդիրների քաոս: Նմանը դառնում է ջղային, զրկւում է ապրումների մշտավառ կրակից, ներքին լարումից ու լաւատեսութիւնից: Այդ է պատճառը, որ այսօր, երբ ազգերի կեանքը դառնում է մէկ էական կնճիռի – կենսաբանական-ցեղայինի – շուրջը, հայը հրապարակ է նետել անթիւ «կնճիռներ» եւ իր բանական ողջ պաշարը վատնում է դրանց վրայ: Նա չգիտէ խնդիրների «խնդիրը» զանազանել եւ հարցերի «հարցը», իր կեանքի մեծ հրատապը պարտադրել իր մտածում-զգացումին: Յաւիտենականը թողած՝ նա զբաղւում է առօրեայով, տունկը լքած՝ նա կոծում ու աղմկում է թափւող տերեւների համար, ինչպէս դասալիքը, որ կռւի ժամանակ իր սիրտն ու սուրը գործի դնելու փոխարէն՝ դժգոհում է իր ձիու պայտից, իր կօշիկի գամերից եւ նրանց տալիս «ռազմագիտական» նշանակութիւն:
Նժդեհի միտքը գործում է իր սրտի զարկով. այդ պատճառով էլ նա զբաղւում է կենսաբանօրեն էականով: Հոգու յորձանումով նա մղւում է դէպի ձգողական այն ոյժը, որ կոչւում է յաւիտենական-ցեղային. դրա համար էլ նա համակած է զգացումի կրակով, մշտախռով ապրումներով, անցումի կարօտով եւ լաւատեսութեամբ: Այս հոգեվիճակը նրան ընձեռում է մտքի լարում, ուշադրութեան կենտրոնացում, որով՝ հարցերից «հարցը» ընտրելու եւ նրա մասին յայտնութեան լեզւով խօսելու ընդունակութիւն:
Օրւայ հայը ծառայելով չոր բանապաշտութեան՝ անտեսում է այն ճշմարտութիւնը, թէ իմացութիւնը կենսաբանական մի գործիք է: Դրա համար էլ նա ոչ թէ բովանդակութիւնը, այլ ձեւն է դարձնում նպատակ: Նա վիճում է՝ յենւած կրքերի «տրամաբանութեան» եւ ոչ թէ կենսաբանական բարոյականին: Այդ է պատճառը, որ նա անվերջ խօսում է, բայց չի կարողանում իր «գաղափարական» հակառակորդը տարհամոզել: Նա մոռանում է, որ, ընդհանրապէս, տրամաբանութեամբ «տարհամոզելը» մի նախպաշարում է, որ աշխարհում ամեն նւաճում լինում է յաղթահարումով, իսկ վերջինս՝ կենսաբանական ըմբռնում է: Նա չգիտէ, որ «յաղթահարել»-ը պայմանաւորւում է ինքնայաղթահարումով, ներքին տկարութեանց նւաճումով: Նա չգիտէ, թէ նւաճել սեփական անձը՝ նշանակում է պատմագործութեան մարզը իջնել ամբողջական «Ես»-ով, այսինքն՝ ժառանգական եւ ստացական բոլոր կարողականութիւնների զօրահաւաքումով: Մինչդեռ օրւայ հայը գործի է լծել միայն իր լեզուն: Երբ սիրտը չի կառավարում լեզուն՝ սա դառնում է շփոթահարոյց գործիք: Սրտի իշխանութիւնը՝ դա «Ես»-ի օրգանաւոր ներդաշնակութեան, անձի ներքին հաւաքականութեան յայտարարն է: Անկարելի է ներքուստ ցրւած լինել եւ շինարար լեզու ունենալ: Իսկ ներքուստ ցրւած են բոլոր նրանք, որոնց իմացութեան աղբիւրը ցեղը չէ: Այդպիսիք ընդհանրապէս ունեն երկարապատում, մանւածապատ ոճ եւ բեկորային մտածում:
Նժդեհի ոճը բեկորային է, մտածումը՝ ամբողջական: Բեկորային ոճը արդիւնք է մտքի անհանգստութեան – Նժդեհը «ցեղահոգ» է: Մտածման ամբողջականութիւնը պայմանաւորւում է նրա խորին ցեղազգացութեամբ – Նժդեհը ցեղամարդ է:
Ցեղամարդը կենսազգաց իմացականութիւն ունի. նրա լեզուն սիրտն է, որում ցեղի արիւնի հետ՝ տրոփում է նրա գոյութեան խորհուրդը: Սրտով եւ արիւնով խօսել, ասել է՝ էութեան կսկիծն ու բերկրանքը վերածել բառի, դառնալ պատգամախօս – Նժդեհը պատգամախօս է: Նմանի իմացութեան աղբիւրը ցեղի էութեան անդունդն է, ենթագիտակցականը, յաւիտենականը: Նմանի իմացական իդէալը ինքնապաշտպանութիւնն է, ներիմացութիւնը: Ներքուստ ամբողջացած, ինքնայաղթահարումի յանգած «Ես»-ը միայն ընդունակ է ներիմացական ապրումի:
Այստեղ էլ ճշմարտագրվում է այն տեսութիւնը, թէ Բացարձակին ձուլւելը հնարաւոր է միայն սեփական ոգու երկնքի տակ՝ անցաւորը ապրելով եւ յաւիտենականի մասին մտածելով:
Երկու խօսք եւս:
«Ցեղը եւ Իր Տականքը» հակադրութեանց գիրք է: Կեանքի անկատարութեան պատճառներից մէկն էլ թերեւս այն է, որ օրգանաւոր «գոյ»-ը բազմատարր է եւ տարբերարժէք, որ նա, ինչպէս Նիցշէն է ասում, կազմւած է ե՛ւ ոգուց ե՛ւ աղբից: Այս այլազանութիւնն ու այլարժէքութիւնը հիմք են դառնում մարդկային բարոյական զգացման: Դրանց վրայ է խարսխւում արժէքների ուսմունքը – բարոյագիտութիւնը: Վերջինս արժէքների հակադրութեանց գիտութիւն է: Համեմատական եղանակաբանութեան կիրարկմամբ, բարոյագիտութիւնը ճգնում է յանգել արժէքների համադրութեան իդէալին, հանրարժէք բարոյականի ըմբռնումին:
Այդպես է նաեւ Նժդեհի մեթոդը: Նա միմեանց է հակադրում ցեղազգաց ընտրանու լիարժէքութիւնն ու ցեղի տականքի անարժէքութիւնը, եւ մեր առջեւ դնում ցեղամարդ հայու գաղափարատիպը:
Ցեղամարդ հայը՝ դա զօրութենական բարոյականով օժտւած, ցեղային արժէքազգացութեամբ համակւած հայն է: Դա համադրական հայ «Ես»ն է, հոգեւոր երկւութիւնից ձերբազատւած ամբողջական հայը:
Ա՛յս հայն է միայն ստեղծագործ, նա՛ է միայն հոգեւոր ինքնակառուցումի ընդունակ, նրա՛ ճակատը միայն կարող է մի օր պսակւել յաղթանակով:
Նժդեհի գիրքը կարօտի եւ զզւանքի գիրք է: Եւ հենց այդ պատճառով էլ, նա հոգեւոր ինքնակառուցումի նորատիպ մի փորձ է: Ամէն կառուցում նախատեսում է կառուցանիւթերի զննում, մերկացում, ճանաչում: Հեղինակը գտել է մեր կեանքի լուսաւոր եւ ստւերային գծերը եւ դրանք հակադրել միմեանց – ցեղը եւ իր տականքը: Ցեղը՝ դա կենսազօրոյթի յաւիտենական լուսաղբիւրն է, որ ոգիները վառում է ինքնայաղթահարումի, մեծագործութեան կարօտով: Տականքը՝ դա այրւած ոգու մնացորդն է, սրտի ապականութիւնը – հոգեւոր դիանեխութիւն, որ միայն զզւանք է յարուցանում:
Այս երկու զգացումները – կարօտ եւ զզւանք – ստեղծագործ ոյժեր են: Զզւանքը՝ դա ինքնաժխտումի խռովքն է, տկարութեանց բացասման նախաքայլը: Կարօտը՝ դա բարձրատիպ գոյութեան տենչն է, իբր արժէք յաւիտենականացնելու ճիգը: Զզւանքը իրականութեան խթանումն է, կարօտը՝ իդէալի երազը:
Ստեղծագործական ամէն յղութիւն պատճառւում է իրականութեան խայթումով, ստեղծագործական ամէն ծնունդ պայմանաւորւում է աշխարհի ցաւը յաղթահարելու կարօտով:
Հայ ցեղի տականքը՝ դա մեր օրերի ցաւն է:
Իսկ ի՞նչ է ասում ցաւը: Ինչպէս իմաստասէրն է նկատում, նա ասում է. «Անցի՛ր»: Զզւանքը՝ դա «թռչող թեւեր» է տալիս, իսկ ամէ՛ն թռչող ոգի, ամէ՛ն մտրակւած երեւակայութիւն համակւում է նորաստեղծութեան կարօտով:
Այդ կարօտը: Դա մեր կեանքի լինոյթն է. դա լինելիական հայու հոգեւոր առաջընթացն է, դա յաւիտենական հայու անդադար չուն է:
Նորաստեղծւի՛ր այրելով մէջդ ինչ որ զզւելի է: Նորաստեղծւի՛ր վառելով մէջդ ինչ որ վսեմ է:
Այդ ասել է՝ հոգեկերտւի՛ր ցեղօրէն, համակւի՛ր հզօրանքի զգացումով, եղի՛ր դաշնակցական:
Այս է Նժդեհի կոչը, այս է նրա գրքի իմաստը:
Բ.
Նժդեհի գիրքը կրում է «Ամերիկահայութիւնը» ընդհանուր վերտառութիւնը: Նրա բովանդակութիւնը, սակայն բնորոշւում է «Ցեղը եւ իր Տականքը» ենթախորագրով: Գրւածքի յօրինման իբր անմիջական շարժառիթ հանդիսացել են ամերիկահայ կեանքի վերջին տարիների իրադարձութիւնները: Նիւթը, սակայն, ընդհանուր է, համահայկական: Դա ներկայացնում է օրւայ հայ կեանքի համայնապատկերը:
Հեղինակը խորապէս ըմբռնել է, թէ ներկան ո՛չ այլ ինչ է, քան անցեալի եւ ապագայի հանգոյցը – մի կամուրջ, որի վրայից պատմագործ ցեղերը կատարում են իրենց յաւիտենական չուն: Այդ պատճառով էլ գրւածքն ստացել է վերլուծական նկարագիր, իսկ վերլուծման չափանիշը համարւել է յաւիտենական-ցեղայինը:
Հայութիւնը պատմականօրէն բաժանւած է երկու հակամարտ հոսանքների: Դրանցից մէկը «ցեղահոգ» է, միւսը՝ անձնազոհ: Մէկի ճակատը պսակում է ցեղի ձեռքը, միւսի էութիւնը կնքւած է ընկածութեան մրով: Մէկը վառւում է ցեղի կենդանանորոգ զօրութենականութեամբ, միւսը՝ մոխիր է միայն: Մէկն առաջնորդւում է ցեղի լինելիական բարոյականով, ինքնակատարելագործումի տենչ ունի եւ մարմնացնում է ճակատագիրը յաղթահարելու, բարձրանալու բնաճիգը, միւսը՝ էութեամբ ստորնահակ է, «տականք»: Ըստ այդմ էլ՝ գիրքը բաժանւում է երկու մասի – Դաշնակցականութիւն եւ հակադաշնակցականութիւն:
Հեղինակի լաւատես ոգին մղել է նախ՝ զբաղւել հակադաշնակցական տականքի էութեան բնութագրմամբ: Նա քրքրում է այս հոգեւոր տիղմը, մերկացնում նրա զազրատիպ դէմքը, ախտորոշում նրա վէրքերը, յետոյ իր ընթերցողները դաշնակցականութեան լուսաւոր դէմքով մխիթարելու, նրանց դաշնակցական հզօրանքի շնչով վարակելու համար: Հենց այստեղ է գործի դաստիարակչական արժէքը. դա հոգեւոր ինքնակառուցումի գիրք է:
Ամբողջ գիրքը մշակւած է ամերիկահայ «Եռագոյնի բանակին» ձօնւած «Երկու խօսք»-ի եւ գրքի 15 հատւածների մէջ:
«Երկու խօսք»-ով արդէն ուրւագծւում է օրւայ հայութեան ներքին պայքարի դէմքը: Դա պայքարն է ցեղօրէն «յաւիտենական»-ի եւ ժողովրդօրէն «առօրեայ»-ի. նպատակադրութեան եւ «անուղի, աննպատակ» հոգեշփոթի, ցեղային «լիարժէքութեան» եւ մարդկօրէն «ընկածութեան գիտակցութեան»: Կողմերից մէկը – հակադաշնակցականութիւնը լծւած է «վատութեան» եւ «ամբարիշտ ուրացում»-ի գործին, միւսը՝ դաշնակցականութիւնը՝ խայթւած է ազգային ամօթանքի զգացումից:
Սրանով էլ պայմանաւորւում է գրքի ողբերգական բնոյթը, նրա ցեղացաւ շեշտը: Բոլոր ողբերգութիւնների հիմքը նրանում է, որ մարդս բարոյական զգացում ունի, իսկ երեւոյթները ենթակայ են չարի եւ բարու սկզբունքներին: Այս սկզբունքները ենթակայական ըմռնում-ապրումներ են, բայց տիեզերական ցաւի շեշտ կայ աւետարանչի աþյն խօսքի մէջ, թէ «Յիւրսն եկն եւ իւրքն զնա ո՛չ ընկալան»: Կեանքի վրայ մի անէծք կայ եւ այդ նրանում է, որ նոյն արգանդից ե՛ւ Աբէլ է ծնում ե՛ւ Կայէն, որ մէկը չարն է գործում իսկ միսը տառապում է ուրիշի գործած վատութեան համար: Մեր վիշտը նրանում չէ, որ աշխարհում թուրք կայ, այլ նրանում, որ թրքատիպ հայ կայ: Հայ՝ որ ցեղի ձայնը չի լսում, որ նրա առաքելութեան խորհուրդին չի հաւատում, հայ՝ որ չարութեան անօթ է եւ պղծում է մեր ոգու ստեղծագործ երկունքը, որ անասնզգաց է, ընդունակ չէ ապրել ու հասկանալ, թէ իր ընկածութեամբ ինչ սպանիչ ամօթանք, բարոյական ի՞նչ զարհուրելի տառապանք է պատճառում ցեղօրէն զգայուն հայ մարդուն:
Այստեղ է հայ կեանքի մղձաւանջը, այստեղ՝ նրա այրող ցաւը, այստեղ՝ մեր ողբերգութիւնը:
* * *
«Միջավայրը» հատւածում թւելով մարդա-աշխարհագրական, հոգեւոր-մշակութային, հոգեբանական եւ տնտեսական ա՛յն գործօնները, որոնք նպաստում են ամերիկահայութեան ցրվածութեան՝ հեղինակն այդ գաղութը բաժանում էր երկու մասի – «Հայ հասարակութիւն դառնալու իդէալով առաջնորդւող ազգայնական հոսանք եւ ցեղօրէն դիմազուրկ ցրւածութիւն»:
Կենտրոնահակ եւ կենտրոնախոյս այս տրամադրութիւնները ունեն կենսա-հոգեբանական հիմք: Ցեղը կենտրոնաձիգ զօրույթ է, անցեղազգաց խուժանը՝ կենտրոնացիր հակում: Ցեղօրէն զգայուն տարրերն ունեն համախմբւելու բաղձանք, այսինքն՝ ընկերօրէն «հասարակութիւն», ազգօրէն պետութիւն դառնալու իդէալ: Դրա հանդէպ ցեղօրէն ուծացած տիպերը համակւած են վանողական զգացումով. ձգտում են ձերբազատւել ցեղի գերիշխանութիւնից եւ ապրել անձնօրէն: Դրանք զուրկ են կախումի, որով պարտականութեան, ինչպէս նաեւ կարգապահութեան գիտակցութիւնից: Դրանք անձնիշխան չեն, այլ՝ միայն «ես»-ական, այսինքն՝ մանր շահերի եւ կրքերի գերի, որով՝ չունեն ցեղի ինքնիշխանութեան ըմբռնումը, այսինքն՝ հոգեբանօրէն ստրուկ են:
Հոգեբանօրէն ստրուկը նա չէ, որին քաղաքականօրէն ծանր մի դրութիւն է պարտադրւած, այլ նա, որ անձնիշխան դառնալու խռովք չունի: Նմանին պակասում է երկու բան – խորին հայրենազգացութիւն եւ խորին ինքնազգացութիւն, որով՝ հայրենասիրութիւն եւ ինքնասիրութիւն:
Հայրենասէրը կարող է տարագրւել, բայց երբե՛ք հոգեպէս տեղափոխւել, ինքնասէրը կարող է պարտւել, բայց երբեþք անպատւօրէն տեղի տալ: Այս հակամերժ զգացումների փոթորկումն է, որ այսօր գաղութահայ իրականութիւնը վերածել է կռւադաշտի:
Ինքնազգաց հայը խօսում է Միացեալ եւ Անկախ Հայաստանից, վրէժից եւ հայ ճակատագրին ու դատին շուրջը ցեղօրէն համախմբւելու անհրաժեշտութիւնից, անցեղազգաց հայը երջանկութիւն ասելով հասկանում է անձնական շահը, իսկ այդ կարելի է ապահովել միայն անհատական ճիգով եւ նաեւ Հայաստանից դուրս:
Կենտրոնաձիգ եւ կենտրոնախոյս այս տրամադրութիւնները հեղինակը պատմա-հոգեբանօրէն բացատրում է նրանով, որ «հայութեան մի մասը՝ Ամերիկայում արմատ ձգելու նպատակով չի հեռացել երկրից, այլ եղել է պանդխտութիւն», մինչ «միւս մասը՝ Հայրենիքը թողել է ընդմիշտ, գնացել դրամ շահելու եւ նոր կեանք վայելելու նպատակով»:
Դաշնակցականը՝ դա ակամայից Հայրենիքը թողած «պանդուխտ» հայն է, որի «սրտում հայրենի հողի զգացումը դեռ այսօր էլ կենդանի է»: Հակադաշնակցականը՝ դա հոգեբանօրէն «անհայրենիք, ապահայրենական» հայ տիպն է:
Իբրեւ հայրենաստեղծական երկունքով համակւած էակ՝ դաշնակցական հայը տառապապաշտ է իր հոգեբանութեամբ. դրա հանդէպ՝ անստեղծագործ հակադաշնակցականի ոգին «չարութեան շտեմարան է»:
Տառապանքը ինքնաբուխ բարոյականի մէկ արտահայտութիւնն է, չարութիւնը՝ արտաքուստ հրահրւելու տրամադրութիւնը: Տառապապաշտը ինքնագիտակ երկնող է, ստեղծագործ, նրա իդէալն է սեփական էութեան արձանացումը (քաղաքականօրէն՝ այդ ասել է ազգային պետութեան կառուցումը):
Ցեղօրէն վատը, չարը – դա արտաքին թշնամու գործիքն է, նրա զինակիցը, անիքնակամը, դրսից գրգռւողը – դրա իտէալն է բարոյական անձնատւութիւնը օտարին (քաղաքականօրէն՝ այդ ասել է օտարահպատակ մնալու տենչ):
Հայկ Ասատրյան
«Ցեղ եւ Հայրենիք», 1936թ., թիվ 2, 3
Հ. Գ. – խմբ. կողմից – այսքան նվիրումից հետո ՀՅԴ-ից հեռանում են Նժդեհն էլ, Հայկ Ասատրյանն էլ: Այսօր էլ մտածելու բան կա:
«Լուսանցք» թիվ 2, 3 (133, 134), 2010թ.



