Մենք եւ հրեանե՞րը…

Ամերիկայի հրեական համայնքը մի նոր խաղ է սկսել: Նա միացել է հայկական համայնքին եւ կոչ է անում ԱՄՆ նախագահ Օբամային՝ ճանաչել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը:
Ամերիկայի հայկական եւ հրեական համայնքների ղեկավարները ինտերնետային խնդրագրով դիմել են մարդկանց՝ ստորագրելու նամակ, որն ուղղված է լինելու ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին, որով կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւը: «Այս նախաձեռնությունը կարեւոր է, քանզի դա ցույց է տալիս, որ երկու համայնքներն էլ՝ հայկական եւ հրեական, արդարության վերականգնման խիստ պահանջ ունեն: Սա կենսական նշանակություն ունեցող քայլ է, ինչը կստիպի Վաշինգտոնի ազդեցիկ ուժերին, լինեն դրանք Պետքարտուղարությունում, թե լոբբիստական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, հասկանալ եւ գիտակցել, որ իրենք պատասխան կտան, եթե պատմական ճշմարտությունը զոհաբերեն քաղաքական նպատակահարմարությանը»,- ասել է Մասաչուսեթսի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ եւ այս նախաձեռնության համանախագահ Լաուրա Պողոսյանը:

Ինտերնետային ակցիան կատարվում է այս կայքէջում՝
«Sign the petition: www.change.org/recognizearmeniangenocide»:
Կարծում ենք, որ այս անգամ էլ հրեական համայնքի խաղը կընթանա ի օգուտ… միայն իրենց: Հայերի օգտին կընթանա այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան եւ Իսրայելը գտնվում են դիվանագիտական պատերազմի մեջ, որին «Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է: Երբ կարգավորվեն թուրք-հրեական հարաբերությունները, հայերը վերստին մենակ կմնան ԱՄՆ-ի նախագահի եւ Կոնգրեսի առջեւ… Կարծում ենք` մեր հայրենակիցները այս քայլին պատրաստ են, արդեն սովորած կլինեն:

Նարե Մշեցյան

Կոչ ընդդե՞մ, թե՞ հանուն պատերազմի

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը, հանդես գալով ԱՄՆ սենատի հետախուզության հարցերի կոմիտեի լսումներում, հայտարարել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ ծագել»: Այս առումով ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ «Պատերազմի վերսկսման հավանականություն միշտ էլ կա, իսկ սեփական պետության անկախությունը եւ անվտանգությունը պաշտպանելուն պատրաստակամ են ցանկացած պետության զինված ուժեր… ցանկացած պահի… ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի հայտարարությունը ԼՂՀ-ում կընդունեն ի գիտություն, սակայն ոչ ավելին, քանի որ Ղարաբաղում կարծում են, որ այդ հայտարարությունն ամենից առաջ ուղղված է Ադրբեջանին»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն քանի տարի խոսում է հնարավոր պատերազմից… Իսկ Արցախի հարցը վերարծարծվում է հայ-թուրքական խնդրի հետ:

Անի Մարության

Միջկրոնական խնդիրներ

Նիգերիայում կանայք դուրս են եկել բողոքի՝ ընդդեմ բռնության: Բողոքի ցույցն անցկացվել է քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ կրոնական հողի վրա տեղի ունեցած բախումից մի քանի շաբաթ անց: Հարյուրավոր կանայք դուրս են եկել հանրահավաքի՝ Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի Ազգային ասամբլեայի շենքի դիմաց: Իսկ միջկրոնական բախումների հետեւանքով մահացել են հարյուրավոր մարդիկ:
Իսկ, ահա, Ֆրանսիայի կառավարությունը մերժել է մի օտարերկրացու ֆրանսիական քաղաքացիություն տալու հայտը, «քանի որ օտարերկրացի տղամարդը ստիպել էր իր կնոջը կրել մուսուլմանական չադրա»: Օտարերկրացու ներկայիս քաղաքացիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ֆրանսիայի էմիգրացիոն վարչությունից հայտնել են, որ տղամարդը կնոջը պարտադրաբար զրկում էր իր իրավունքներից եւ ստիպում քայլել ծածկված դեմքով:

Արտակ Հայոցյան

Այդ վտանգավոր թափառող շները

Մեր երկրում պարբերաբար արծարծվում է թափառող շների խնդիրը: Չնայած դեռեւս (ի ուրախություն մեզ) լուրջ ահազանգեր չեն գրանցվել, բայց վտանգը կա, որ թափառող շները կարող են վնասել  մարդկանց:
Վերջերս զլմ-ները հայտնեցին, որ թափառող շների մի խումբ ներխուժել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենդանաբանական այգու տարածք ու հոշոտել դրա 15 բնակչի՝ կենդանիների: Նշվել է, որ շների «բաժին» դարձած կենդանիների թվում եղել է 4 եղնիկ, 8 մուֆլոն եւ մեկ եղջերու: Կենդանաբանական այգու տնօրեն Իվան Իվանովը հայտարարել է, որ մեծ վնաս է հասցվել: Նշել է, որ հատկապես մուֆլոնն ու եղջերուն թակարժեք կենդանիներ են:
Սոֆիայում այս հարցը շատ սուր է դրված, հաճախ գրանցվում են նաեւ հարձակումներ մարդկանց վրա, որոնք, երբեմն մահացու ելքով են ավարտվում: Ավելի քան 1,3 միլիոն բնակչություն ունեցող Սոֆիայում հաշվվում է շուրջ 8.500 թափառող շուն: Ավելի քան 1 միլիոնանոց Երեւանում վստահաբար ավելի շատ թափառող շներ կան, ուստի՝ մենք նույնպես լուրջ մտածելու բան ունենք:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 4 (135), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.