Շաբաթվա մարզական կյանքից

Այս անգամ առանց խարդախությա՞ն
Շաբաթներ առաջ զլմ-ներով լուրեր էին պտտվում, թե փետրվարի 7-ին Վարշավայում տեղի ունենալիք Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության խմբային փուլի վիճակահանության ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարության ջանքերով ֆուտբոլի 2010թ., աշխարհի առաջնության նմանությամբ, Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականները պետք է հայտնվեն միեւնույն ընտրական խմբում: Միաժամանակ, ֆուտբոլային վիճակահանության նրբություններին ծանոթ դիտորդները չէին բացառում, որ նույն ընտրական խմբում կարող են հայտնվել ոչ թե Հայաստանն ու Թուրքիան, այլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը:

Նման միջամտությունները, ցավոք, հանուն սպորտի չեն, այլ՝ ստոր ու նենգ քաղաքական խաղեր են… Բայց ամեն բան այլ կերպ կատարվեց: Նպաստեցին այս լուրերը, թե ոչ, բայց Հայաստանի հավաքականը առանց Թուրքիայի կամ Ադրբեջանի հավաքականների հայտնվեց «Բ» ենթախմբում՝ Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորայի թիմերի հետ: Խաղացանկը կորոշվի փետրվարի 22-ին:

Ավանդական գերմրցաշարը
Փետրվարի 12-25-ը իսպանական Լինարես քաղաքում կկայանա ավանդական շախմատային 21-րդ կարգի մրցաշարը: ՀՀ-ից կմասնակցի Լեւոն Արոնյանը: Կմասնակցեն նաեւ Վեսելի Տոպալովը (Բուլղարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Վուղար Հաշիմովը (Ադրբեջան) եւ Ֆրանսիսկո Վալեխո-Պոնսը (Իսպանիա): Մրցանակային ֆոնդը 215 հզ. եվրո է, որից 1-ին տեղի համար կտրվի 75 հզ. եվրո, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերի համար համապատասխանաբար 50 հզ. եւ 30 հզ. եվրո:

Եվրոպայի առաջնության մասնակիցները
Շախմատի 2010թ. Եվրոպայի անհատական առաջնության կազմակերպիչները հրապարակեցին մասնակից շախմատիստների ցուցակները: Կանանց մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 32 երկրների 151 շախմատիստուհիներ: Եվրոպայի չեմպիոնի կոչման համար Հայաստանից կպայքարեն գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը եւ հանրապետության այս տարվա չեմպիոն Անահիտ Խառատյանը:
Տղամարդկանց առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 13 շախմատիստներ` Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանը, Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը (բոլորն էլ` գրոսմայստեր), Ռոբերտ Հովհաննիսյանը, Վահե Բաղդասարյանը, Վլադիմիր Պողոսյանը:
Ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցի 39 երկրների 368 շախմատիստ:
Շախմատի 2010թ. Եվրոպայի տղամարդկանց 11-րդ եւ կանանց 8-րդ անհատական առաջնությունները կանցկացվեն մարտի 6-17-ը, Խորվաթիայի Ռիեկա քաղաքում:

Միջազգային մրցաշարում
Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ Օփեն» շախմատային տոնահանդեսում մեր շախմատիստներից առավել հաջող հանդես են գալիս Արման Փաշիկյանն ու Հրանտ Մելքումյանը:
Մեր մասնակիցներից առայժմ լավ արդյունքներ ունեն հետեւյալ շախմատիստները՝ «Ա1» խմբում՝ Արման Փաշիկյանը, Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանը, «Ա2» խմբում՝ Դավիթ Գ. Պետրոսյանը եւ Տիգրան Քոթանջյանը, «Բ» խմբում՝ Տիգրան Սիմոնյանը եւ Դավիթ Գրիգորյանը, «Ս»խմբում՝ մեր 7 շախմատիստներից 2-ը՝ Դավիթ Շահինյանն ու Լեւոն Քարամյանը:

Ով կհյուրընկալի «Օլիմպիադա-2020»-ը
ՄՕԿ-ի 2013թ. նստաշրջանը տեղի կունենա Բուենոս Այրեսում, որտեղ կորոշվի, թե որտեղ են կայանալու 2020թ. ամառային Օլիմպիական խաղերը:
Դեռ ոչ մի երկրի քաղաք ցանկություն չի հայտնել հյուրընկալելու «Օլիմպիադա-2020»-ը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 5 (136), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.