Խիղճը խեղճությունը չէ

Ազգականներիցս մեկը վերջերս իր ջահել ժամանակներից մի զվարճալի պատմություն պատմեց:
Մի անգամ երեք ընկերով որոշում են որսի գնալ: Անտառում եղնիկի հետքը բռնելով գնում են, եւ մի տեղ տեսնում են այդ հետքին գումարված մարդու հետքեր: Նրանց զարմացնում է մարդու քայլերի չափը, քանզի աջ եւ ձախ կոշիկների դրոշմները 6-7 մետրանոց հեռավորության վրա են լինում: Նրանց վախահամակ եւ զարմանալեցուն գիտակցությունները շուտով պարպվում են, երբ հետքերը հանգեցնում են մեկ ուրիշ որսի ելած համագյուղացու հետ հանդիպմանը:  Բանից պարզվում է, որ վերջինս իր թաքստոցից հասցնում է կառչել կողքով միամիտ անցնող եղնիկի «դմակից», որը իրեն, մեր օրերի տերմինով ասած, «ադեկվատ» չի պահում, եւ փախչում է` ետեւից քարշ տալով իր մսի սիրահարին: Թե ինչին բախվելով է պոչը բաց թողնում, ցատկերի հեղինակը համեստորեն լռում է:


Այդ «սուտլիկ որսկանին» ինքս ճանաչում եմ բավական մոտիկից: Նա շատ է սիրում դիտել Նիկոլայ Դրոզդովի «կենդանիների աշխարհում» հաղորդաշարը: Եվ առհասարակ կենդանիներին վերաբերող ֆիլմեր: Առանձնապես նախապատվում է եղնիկների, այծյամների եւ այլ` մարդու կողմից որպես «դելիկատես» համարվող տեսակներին ներկայացնող ֆիլմերը: Դիտում եւ անընդհատ թուքը կուլ է տալիս:
Մի անգամ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում պատրաստվում էի տեղ գնալ հայ եւ վրացի երկու ընկերներիս հետ: Մեքենան վարող հայ ընկերս տեղից պոկվելով ցածր արագության վրա վրաերթի ենթարկեց մի շան, եւ կատարվածին նշանակություն չտալով ցանկացավ շարունակել ճանապարհը: Մեծ զարմանքից եւ փոքր վեճից հետո վրացի ընկերս համոզեց (իմ աջակցությամբ) շանը անասնաբույժի մոտ տանել:
Իմ զայրույթը ավելին եղավ, քան` վրացունը: Քանզի զայրույթիս պատճառն էլ ավելին է: Դուրս է գալիս, որ այլ ազգերը արդեն հայերին խղճի դասեր են տալիս:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Հիշի՛ր Արի Նախնիներիդ «չվնասելու» Մեծ Սկզբունքը, եւ վերահաստատվի՛ր դրանում:
Փոքր կյանքին նշանակություն չտալով` Մեծ Կյանքին ինքդ չես հասնի:
Մաքրիր աչքերիցդ սպառողի պղտոր եւ արարելու համար կույր հայացքը:
Շան հետ ընկերություն անելը չի նշանակում նրանից շնություն սովորել:
Իսկ շնություն անողը շան հանդեպ չի անում, այլ` մարդու:
Կենսատեսակների հետ անկեղծ Ընկերությամբ ոչ փայտի կարիք կլինի, ոչ էլ հրացանի:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

«Լուսանցք» թիվ 5 (136), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.