Մեր տուրօպերատորները ՀՀ-ի հակագովա՞զդն են անում

Ունենք զբոսաշրջության զարգացման հայեցակարգ: Լավն է այն, թե վատը, այս նյութի քննարկման առարկան չէ: Մի բան միանշանակ է. զբոսաշրջությունը զարգացնելու համար կարեւոր մի բան կա, որի մասին կամ չկա, կամ մեկ տողով է հիշատակված՝ ուղեկցորդների դերը: Եվ եթե հայեցակարգում հիշատակված էլ է այդ մասին, ապա այն, որ ուղեկցորդները պետք է գնան, արտերկրում վերապատրաստվեն: Եվ այդ ծախսերը պետք է հոգան տուրօպերատորները:

Թե ֆինանսական ինչ վիճակում են ՀՀ-ում գործող տուրօպերատորները, դա էլ այս նյութի քննարկման թեման չէ: Այնուամենայնիվ մի հուշում անեմ` նրանց ծախսերը կրճատելու նպատակով: Լավ ուղեկցորդ լինելու համար արտերկրում վերապատրաստվելը փրկություն չէ: Լավ ուղեկցորդ լինելու համար պետք է քաջատեղյակ լինել պատմությանը, ցուցադրվող օբյեկտին առնչվող մանրամասներին եւ ամենակարեւորը՝ իմանալ այն փոքրիկ գաղտնիքները, որոնք այդ օբյեկտի պատմությանը շունչ ու ոգի են տալու: Վստահաբար այս ամենը մեր ուղեկցորդներին արտերկրում չեն սովորեցնի…
Անցնեմ հուշելուն: Մի անգամ, երեք տարի առաջ էր, ականատես եղա, թե Գառնիում զբոսաշրջային այդ ընկերության (անունը չեմ հիշատակում՝ հակագովազդ չանելու նկատառումով) ուղեկցորդը ինչպես է զբոսաշրջիկներին բացատրում, թե ինչ է Գառնո տաճարը: «Պատմությունը» րոպեներ տեւեց, ոչ ավելին, ու ներկայացվեց, թե Գառնի ամրոցը հայ ժողովրդի բազմադարյա մշակույթի զարգացման նախաքրիստոնեական ժամանակաշրջանի օջախներից է, թե եղել է հայ թագավորների ամառային նստավայրը, թե ամրոցի կառուցման ստույգ ժամանակն անհայտ է, թե հայտնի չէ նաեւ Գառնո տաճարի կառուցման ստույգ տարեթիվը, եւ թե քրիստոնեական կրոնի ընդունումից հետո տաճարի շենքը ծառայել է աշխարհիկ նպատակների եւ դարձել է Տրդատ Մեծ թագավորի  քրոջ՝ Խոսրովադուխտի «հովանոցը»: Հավատացեք, այսքանը եւ` ոչ ավելին:
Չդիմացա ու միջամտեցի: Շատ բան չասացի, միայն այն, որ սա ամենափոքրն է այն տաճարներից, որ ունեցել է մինչքրիստոնեական Հայաստանը: Որ այս տաճարի պատերը որձաքարից են, եւ ինչպես տաճարը խորհրդային տարիներին վերականգնած ճարտարապետ Սահինյանն է վկայում, այդ քարերը մշակված են այնպիսի կատարելությամբ, որ կարող էին անել այդ շինանյութի վրա աշխատելու դարավոր փորձ ունեցող տեղական վարպետները: Որ որձաքարի մշակման տեխնիկան Հայկական լեռնաշխարհում հայտնի է անհիշելի ժամանակներից: Որ այս ամենը վկայել է, կրկնում եմ, Սահինյան ճարտարապետը, այն ճարտարապետը, ով խորհրդային տարիներին տարբեր կուսակցական ժողովներում ու նիստերում կողմ է քվեարկել միայն, այսպես ասած,  սովետական ստանդարտ՝ արկղային նախագծերին: Եվ թե ինչպես սովետական այդ ճարտարապետը Գառնիի ավերակները մի անգամ տեսնելուց հետո որոշեց գտնել «պատմության ոգին» ու ապաստան տալ այդ ոգուն՝ վերականգնելով տաճարը: Որ Գառնիի տաճարը նվիրված է եղել Հայոց Միհր Աստծուն, ով այսօր էլ այս տաճարում է բոլոր նրանց համար, ում Հայոց ուժը միշտ կանչում է:
Հետո սկսվեց հարց ու պատասխանը: Զբոսաշրջիկներին շատ էր հետաքրքրում, թե ով է Միհր Աստվածը հայերիս համար, ինչ գործառույթներ ունի, ինչ ծեսեր են այստեղ անում հեթանոս հայերը եւ այլն: Թարգմանչի միջոցով ամենակարեւորը, որ ասացի խմբից հետո առանձնացած երեք իտալացիներին, այն էր, որ Գառնո տաճարը հելլենիստական մշակույթի ազդեցություն չէ… Երեք տարի շարունակ, երբ այդ իտալացիները (երկու եղբայր էին ու նրանց զարմիկը) արդեն հաճախակի էին Հայաստանում լինում ու իբրեւ ուղեկցորդ միշտ ինձ դիմում, նրանց խորհուրդ տվեցի հայոց պատմությանը, լեզվին ու ճարտարապետությանը ծանոթանալու համար չլսել մեր պատմաբաններին, բանասերներին ու ճարտարապետներին…
Նախորդ տարի, երբ նրանք կրկին մեր երկրում էին, ինձ ասացին, որ մինչքրիստոնեական Հայաստանում ջեռուցման եռաստիճան համակարգ է ունեցել Գառնո տաճարի բաղնիքը…
Լավ ուղեկցորդ լինելու համար ինքնակրթությամբ պետք է զբաղվել, սիրել սեփական պատմությունն ու սեփական գործը՝ դրան զուտ որպես 8-ժամյա աշխատանքի չվերաբերելով: Զբոսաշրջային ընկերությունները լավ կանեն, որ հատկապես ուղեկցորդ-աղջիկների աշխատանքի ընդունելիս նախ ստուգեն խելքի, հետո նոր միայն՝ ոտքերի երկարությունը: Այս պարագայում բիզնեսի հաջողության տեսակետից առաջինն ավելի կարեւոր է… Իսկ արտերկրում հաստատ չեն սովորեցնի վերոնշածս այն գաղտնիքները, որոնք պետք են ուղեկցորդին` պատմությունը վերակենդանացնելու, ոգի տալու, զբոսաշրջիկին գրավելու համար:
Մեկ հավելում էլ. վերջերս հիշյալ տուրօպերատորից աշխատանքի հրավեր ստացա` ուղեկցորդ լինելու համար: Մերժեցի: Ճիշտ է, ինչպես արդեն ասացի, անունը չեմ նշել հակագովազդ չանելու համար, բայց դե գովազդ էլ չեմ ուզում անել. այդ ընկերությունում կառավարումն է վատը, ու կադրերն են տխմար-անհոգի: Նրանք միայն չոր թվեր են հիշում` կառուցվել է-կործանվել է-վերականգնվել է… իսկ դա պատմություն պարապած յուրաքանչյուր
դիմորդ կհիշի:

Մեկ էլ` մեր տուրօպերատորները միայն գումար վաստակել են ուզում: Իսկ այդ ձեւով շուկա չեն զարգացնում ու զբոսաշրջության ոլորտը չեն ընդլայնում: Հարկավոր են գրագետ ու առանձնահատուկ կադրեր: Սա է բնագավառի յուրահատկությունն ու առաջընթացի նախադրյալը:

Աստղինե Քարամյան

Իսկ դու՛ ապահովագրե՞լ ես մեքենադ

Ներկայումս 400 հազարից ավելի ավտոտրանսպորտային միջոցներ են շահագործվում մեր երկրում, տարեցտարի մեքենաների ներմուծումն ավելանում է: Ավելանում են պատահարները, եւ գույքային վնասից բացի նաեւ մարդկային զոհեր են լինում: Այժմ ԱԺ-ում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում է, որ այսուհետ մեր երկրում կկիրառվի մեքենաների պարտադիր ապահովագրությունը, ինչը կօգնի փոխհատուցել տուժողի վնասները: Օրինագծի լսումները կսկսվեն այսօր:
Օրինագծի համաձայն, պարտադիր ապահովագրման ենթակա է ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը: Հատուցման ենթակա են միայն ՀՀ տարածքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների հետեւանքով առաջացած վնասները: Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության  պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագիրը կարող է միակողմանի դադարեցվել ապահովագրական ընկերության կողմից, եթե տվյալ պայմանագրի գործողության ընթացքում տեղի է ունեցել առնվազն երեք պատահար, եւ դրանց համար վճարված ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը գերազանցում է 6 միլիոն դրամը: ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները պետք է լինեն հիմնավորված, ոչ խտրական եւ իրենց հաշվարկման հիմքում պետք է ներառեն ապահովագրական ընկերության կրած ծախսերի եւ ողջամիտ շահույթի հաշվարկը:
Ապահովագրական գումարը չպետք է մեկ ապահովագրական պատահարի համար պակաս լինի՝  ա). անձնական վնասների համար՝ 4 մլն դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր տուժողի եւ 9 մլն դրամից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի, բ) գույքային վնասների համար՝ 2 մլն դրամից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի: Իսկ այն դեպքում, երբ հատուցման ենթակա գույքային վնասներ են կրել մեկից ավելի անձինք եւ այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարը, ապա այդ անձանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են նրանց պատճառված գույքային վնասների չափերին համամասնորեն:
Եթե տուժողը մեկնում է բուժման եւ ներկայացնում համապատասխան ծախսեր, ապա ապահովագրական համակարգը պարտավոր է լուծել նաեւ այս խնդիրը: Ընդ որում, տուժողն իրավունք ունի բժշկական օգնություն ստանալ կամ առողջությունը վերականգնել ՀՀ տարածքից դուրս: Օրինագիծը, սակայն, հստակեցնում է, որ ՀՀ տարածքից դուրս բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու համար ապահովագրական հատուցումը տուժողին վճարվում է ապահովագրական գումարի սահմաններում` բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու համար փաստացի կատարված, ինչպես նաեւ դրանց հետ կապված եւ փաստացի կատարված այլ ողջամիտ ծախսերի չափով:
Ի դեպ, այս «ողջամիտ» ասվածը մի քիչ անհասկանալի է, որն արվում է տուժողին վնասողի ջրաղացն անջուր չթողնելու համար: Եթե վնասողը մարդուն հաշմանդամ է դարձնում կամ սպանում է, փոխհատուցման ողջամիտ սահմանը ո՞րն է: Պետք է զգույշ լինել. նման բազմակիությունը միշտ կասկածելի է դարձնում օրենքի արդարացիությունը:
Ինչեւէ, հիշյալ օրինագծով պարտադիր ապահովագրման պահանջը չի տարածվում որոշ վնասների հատուցման համար պատասխանատվության վրա. օրինակ, երբ վնասները պատճառվել են ահաբեկչության, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով, կամ` վտանգավոր թափոնների տեղափոխման հետեւանքով, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ:
Պարտադիր ապահովագրման ենթակա չեն առավելագույն արագությունը 50 կմ/ժ-ը կամ շարժիչի ծավալը 50 սմ3-ը չգերազանցող  ավտոտրանսպորտային միջոցները, միայն հատուկ առանձնացված վայրերում օգտագործվող սպորտային կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցները` միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում:
Ի միջի այլոց, այն վարորդները, ովքեր քիչ վնասներ են պատճառում, ապահովագրական ընկերություններին քիչ կվճարեն, իսկ հակառակի դեպքում` շատ:
Ապահովագրական գումարները, ըստ նախնական գնահատականների, կարող են ամսական տատանվել հազարից մինչեւ մի քանի հազար դրամ: Այն վարորդները, ովքեր ապահովագրական վճար չեն վճարի, ՀՀ տարածքում մեքենան վարել չեն կարողանա:

Աստղինե Քարամ
յան

Կկառուցվի լավագույն ՀԷԿ-ը

Հայ-իրանական միջկառավարական վերջին նիստից հետո ստորագրված փաստաթուղթը նախատեսում է նաեւ Մեղրի ՀԷԿ-ի կառուցում: Կա սխեմայի վերաբերյալ նախնական փաստաթուղթը: Երկու ամիս ժամկետ է տրված վերջնական ուսումնասիրության համար:
Մեղրի ՀԷԿ-ը խոշոր է լինելու: Դեռ 1995թ. հայկական եւ իրանական կողմերը պատրաստակամություն հայտնեցին համատեղ գործածել գետի՝ մոտավորապես 40 կմ երկարությամբ հատվածը: «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը մշակեց գետի ջրային պաշարի յուրացման հայեցակարգը:
2003թ. հաստատվեց ջրային ներուժի գործածման սխեման, որի համաձայն երկու ՀԷԿ-եր պետք է կառուցվեն՝ մեր երկրի տարածքում Մեղրի ՀԷԿ-ը եւ Իրանի տարածքում` Ղարաչիլարի ՀԷԿ-ը:
Մեղրի ՀԷԿ-ի թունելի տրամագիծը կլինի 8.5մ, ջրի հոսքը՝ 160 խմ վայրկյանում, հզորությունը՝ 2 x 70 ՄՎտ, էլէներգիայի տարեկան արտադրանքը՝ 841.6 մլն կՎտժ:
Ղարաչիլարի ՀԷԿ-ի թունելի տրամագիծը կլինի 8.7մ, ջրի հոսքը՝ 170 խմ վայրկյանում, հզորությունը՝ 2 x 70 ՄՎտ, էլէներգիայի արտադրանքը՝ 794.8 մլն կՎտժ:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մասնագետները համոզված են` Մեղրի ՀԷԿ-ը տեխնիկատնտեսական ցուցանիշներով լավագույնը կլինի Հայաստանի էներգահամակարգում ու  կամրապնդի հայկական էներգահամակարգի աշխատանքի հուալիությունը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 5 (136), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.