Թուրքիային զիջելը ոչ միայն կորցրածն է օտարելու մեզանից, այլեւ եղածն է դնելու կործանման եզրին

– Հայ-թուրքական արձանագրությունների համապատկերում քաղաքական ու տնտեսական գործիչների համար մի նոր խաղադաշտ է բացվել. խոսում են ազգի անունից՝ բայց սեփակա՛ն շահի տեսանկյունից: Որտե՞ղ կդրվի վերջակետը, առայժմ պարզ չէ: Դուք, որպես քաղաքական գործիչ եւ Հայ ազգայնականների համախմբման անդամ, հայտնի եք Ձեր՝ առանց մանեւրների ելույթներով, իրապես ազատախոսությամբ: Ի՞նչ կարծիքի են ազգայնականները, ի՞նչ կտա ազգի՛ն հայ-թուրքական սահմանի բացումը:

– Մենք արդեն որոշակիորեն անդրադարձել ենք այս թեմային: Հայ արիականների, նաեւ ազգայնականների համար շատ հստակ է, որ այսօր չի կարող լինել հայ-թուրքական հարաբերություններ, իսկ ստորագրվելիք արձանագրությունները առավել եւս չեն կարող կոչվել հայ-թուրքական: Եվ սա կամայական ցանկություն չէ, իրականություն է: Նախ՝ հայության զգալի հատվածն այսօր բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ հեռու է այդ հարաբերություններ կոչվածից (շուրջ 15-20 մլն բացահայտ եւ ծպտյալ հայերի մոտավորապես 3 մլն-ն է ապրում ՀՀ-ում), ավելին՝ այն չի ընդունում սփյուռքահայության մեծամասնությունը: Ինչքան էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շրջագայեց սփյուռքում եւ հանդիպումներ ունեցավ հայության որոշ հատվածների հետ, միեւնույնն է, նա հայության, համահայկական աջակցությունը չստացավ այդ հարցում: Եվ հետո, ներկայիս ՀՀ ժողովրդավարական Սահմանադրությունն իր բնույթով ազգային չէ (միջազգային անդեմ մարդկության ձեւակերպումների կցոնների հավաքածու է), ավելին` համահայկական շահեր ներառող (համազգային գերնպատակին տանող) եւ աշխարհի հայության համապարփակ շահերը պաշտպանող իրավական փաստաթուղթ չէ, որն իրավունք տար մեր 3-րդ Հանրապետության իշխանություններին խոսել հայության անունից:
Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերություններ ասվածը պետք է վերափոխել եւ կոչել Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն հարաբերություններ: Եթե Անկարայում, Բաքվում, Աստանայում, Աշգաբադում, Բիշքեկում, Տաշքենդում եւ այլն (ասենք՝ ռուսաստանյան թաթարները կամ չինական ույղուրները), համարում են, որ առկա արձանագրությունները պաշտպանում են համաթրքական շահերը, ապա այն պետք է կոչել Հայաստանի Հանրապետություն-թուրքական հարաբերություններ:
Երբ համահայկական քվեարկությամբ Հայոց Սահմանադրություն կունենաք, որը կներառի հայության բոլոր նպատակները, իրավունքներն ու պահանջները, այդժամ կարելի է Երեւանից խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Իսկ այժմ դա շատ վտանգավոր է, քանզի այսպես կոչված Հայաստան-Թուրքիա սահմանագծին միայն հայկական տարածքներ են՝ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններ, ուստի` որեւէ հայ, հայկական համարվող մի հատված (այդ թվում` ՀՀ-ն) իրավունք չունի որեւէ ձեւով ճանաչել ներկայիս Թուրքիայի սահմանները, որի մեծ մասը Հայաստանն է: Եթե ստորագրվեն առկա արձանագրությունները, ապա ճանաչվում է ոչ միայն Թուրքիայի ներկայիս տարածքը, այլեւ տարածաշրջանի երրորդ երկրների՝ ասենք Ադրբեջանի եւ Վրաստանի, որը կասկածի տակ է առնում Արցախի եւ ազատագրված տարածքների (նաեւ դեռ չազատագրված Նախիջեւանի) մեզ պատկանելու եւ Ջավախքի՝ պատմական հայկական տարածք լինելու հարցերը:
Ստացվում է` Երեւանը խաչ քաշել է ուզում Հայոց պահանջատիրության վրա, նշանակում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված տասնյակ տարիների եւ հետայսու պայքարը զուտ բարոյական «պտուղներ» են տալու: Գուցե դա այն բանից է, որ անընդհատ մեզանում շեշտվում է հանրահայտ Վարդան Մամիկոնյանի, Ավարայրի «բարոյական հաղթանակը», որից հետո հայոց զորքը ջախջախվեց հիմնովին՝ հանուն համաքրիստոնեական եկեղեցական խաղերի: Ու հիմա էլ մեզ, գուցե էլի «քրիստոնեաբար» պարտադրում են մի նոր «բարոյական հաղթնակ»՝ Հայոց ցեղասպանության հարցում, որից հետո պետք է մոռանանք Արեւմտյան Հայաստանի մասին… Որպեսզի Արեւմուտքն ու Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը կարողանան մեր տարածաշրջանով գալ-գնալ առանց բարդությունների, իսկ տարածաշրջանով անցնող ենթակառուցվածքները հանգիստ ապահովեն իրենց ֆինանսա-տնտեսական հզորացումը, իրենց ժողովուրդների բարգավաճումը, աշխարհի գաղտնի կառավարության հաղթանակը: Այսինքն` մենք պարտավորված ենք լինելու լռել եւ աշխատել ոմանց բարգավաճման ու աշխարհակուլ ծրագրերի համար: Իսկ նրանց համար մեկ է` Արեւմտյան Հայաստանը, Ջավախքը, Նախիջեւանը կամ Արցախը մերը կլինեն, թե ոչ:
Իսկ այն հայաստանցիները, ովքեր տնտեսվարողներ են ու Հայաստան-Թուրքիա կոչված սահմանի բացմամբ մեծ հեռանկարներ են տեսնում իրենց հարստությունը մեծացնելու առումով, ապա զարմանալ կարելի է, որ այդպիսիները կարծում են, թե իրենք լուրջ հնարավորություններ ունեն գրավելու թուրքական շուկան, որն արդեն իսկ փակ սահմանների առկայությամբ, երրորդ երկրների միջոցով, անորակ էժանագին ապրանքներով գրավել է հայաստանյան շուկան: Եթե մեր գործարարները կարծում են, թե թ
ուրքական պետությունը կհամակերպվի հայ գործարարների ծավալման փաստի հետ, ապա թուրքին լավ չեն ճանաչում, եւ հարստանալու մոլուցքը կկործանի նրանց ու շատերին: Ցավոք, մեր այսպես կոչված փողատերերից շատերը հայրենիքն ու ազգը մի կողմ կթողնեն եւ կվազեն շահի հետեւից (մարդկային այս տեսակը ազգային որակ եւ բնույթ չունի): Շատ քչերն են իրապես գործարար (ոչ թե գռփելով փողատեր դարձած), ովքեր նաեւ հայրենասեր մարդիկ են, որ գոնե փորձում են երկրին չվնասելով գումար վաստակել:

Հայ ազգայնականները դեմ են Թուրքիայի հետ որեւէ հարաբերության հաստատմանը առանց մե՛ր կողմից նախապայմանների: Այսինքն՝ ոչ թե Անկարան չպետք է նախապայման առաջադրի, այլ հստակ է, որ Երեւանը պետք է առաջնորդվի նախապայմաններով: Մե՛զ են ցեղասպանել մեր իսկ հայրենիքում, եւ մե՛նք ունենք պահանջներ: Այդ պահանջները իրավական են ոչ միայն մեզ համար, այլ միջազգային բոլոր տեսանկյուններից: Ուստի՝ այսօր թուրքին զիջելը ոչ միայն կորցրածն է օտարելու մեզանից, այլեւ եղածն է դնելու կործանման եզրին:
Հայ ազգայնականները կոչ են արել ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին ու բոլոր պատասխանատուներին եւս մեկ անգամ ծանրութեթեւ անել այս հարցը եւ հայությանը զերծ պահել իրապես տեսանելի վտանգներից: Մերժել այս արձանագրությունները եւ առաջադրել նորը՝ բոլոր հայկական հիմնախնդիրները ներառած:
Իսկ միջազգային կոչված հանրության հետ հարկ է խոսել այսպես.
– երբ քեզ պետք է լինում չեղած ատոմային ռումբը հայտնաբերել Իրաքում, դու ավերում ես այդ երկիրը եւ հրապարակավ կախում նախագահին՝ Սադամ Հուսեյնին:
– Երբ քեզ պետք է Արեւելքից Արեւմուտք ճանապարհների անվտանգությունն ապահովել, դու ռմբակոծում ու ավերում ես Աֆղանստանը, մասնատում ես Հնդկաստանը եւ ատոմային ռումբ ես տալիս Պակիստանին:
– Երբ քեզ պետք է, որ Ռուսաստանին հեռացնես Կովկասից, դու անհավասար պատերազմի ես ուղարկում ու մասնատում Վրաստանը:
– Երբ քեզ պետք է արաբական աշխարհը մասնատես, դու անվարան Իսրայելի միջոցով կոտորում ես պաղեստինցիներին, ահաբեկում Իրանին:
– Երբ քեզ պետք է Բալկանները ենթարկեցնես, դու մասնատում ես Սերբիան, նույնիսկ նրա պատմական մարզ Կոսովոյի անկախությունն ես ճանաչում, իսկ հայկական պատմական Արցախինը` ոչ…
– Իսկ երբ քեզ պետք է ներկայիս Թուրքիայի տարածքով ապահովել քո տնտեսության զարգացումն ու այլ հարցերը, ապա չե՛ս ռմբահարում ու մասնատում Թուրքիան` սահմանները բացելու համար, այլ փորձում ես մասնատված ու շրջափակված Հայաստանը նսեմացնել ու կամակատար երկիր դարձնել…
Այս իրականությունն էլ ամենավտանգավորն է, այսինքն՝ եթե մենք կամաց-կամաց մոռացության ենք մատնում մեր պատմական հայրենիքի գոյության հանգամանքը եւ ցեղասպանության փաստը, ռազմա-քաղաքական նպատակները, ապա մեր թշնամիներին առանց մտահոգության զորանալու մեծ հնարավորություն են տալիս, իսկ այդ միջազգային հանրությանն էլ՝ մեզ շահագործելու: Մի անգամ այդ միջազգային կոչված հանրության առաջ մեզ ցեղասպանել են ու ոչ մի «գարանտ» երկիր աչքը չի թարթել…
Իսկ այս հարցի վերջակետը կդրվի կա՛մ արձանագրություններն անվավեր ճանաչելով, կամ` եթե արձանագրությունները վավերացվեն, ապա Թուրքիայում՝ հայերի, իսկ Հայաստանում՝ թուրքերի նկատմամբ արյունահեղությունների կանխման պատճառով, որը բացի գաղափարական-ազգային հանգամանքից, ծագելու է նաեւ կենցաղային հողի վրա:

«Լուսանցք» թիվ 5 (136), 2010թ..

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.