Խստացու՞մ, թե՞ գավառականացում

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը օրերս հայտնեց, որ ՀՌԱՀ նիստում հանձնաժողովը հաստատել է հեռուստաեթերի չափորոշիչների մասին որոշումը, ինչը նախատեսված է օրենքով: Մի շարք հստակեցումներ են արվել այն մասում, որ սահմանում էր չափորոշիչներ էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների եւ սարսափ կամ բռնություն պարունակող ֆիլմերի նկատմամբ: Նշվել է, որ աշխարհում շատ ավելի թողտվական է մոտեցումը էրոտիկ հաղորդումների նկատմամբ, բայց մենք՝ հայերս, ունենք մեր ազգային մտածելակերպը, եւ ամոթ չէ, եթե ավելի խստապահանջ ենք այս հարցերում: Նշվել է նաեւ, որ նման ֆիլմերից ընդունելի են շատ ավելի զուսպ ֆիլմերը, այն էլ գիշերային ցուցադրության համար:

ՀՌԱՀ նախագահն ասել է, թե «ֆիլմերում հաճախ իդեալականացվում է կրիմինալ երեւույթը եւ ուղղակիորեն կարիք կա կանխելու բոլոր այն հաղորդումները, որոնք հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձեւերի տարածմանն են նպաստում հանրության մեջ եւ հանցագործ կերպարն են գրեթե փառաբանում»:
Բոլոր դեպքերում հեռուստաեթերի շեշտը պետք է դրվի բարոյական հենքի վրա:
Ուղղումներ կատարվեցին նաեւ բոլոր այն հաղորդումների վերաբերյալ, որոնցում նմանակվում էին թմրամոլներ, հարբեցողներ եւ այլ բացասական «հերոսներ»:
Պահանջ սահմանվեց, որ չի կարելի ուղղակի կատակի, զավեշտի համար ընտրել որպես հերոս թմրանյութ կամ ալկոհոլ օգտագործած մարդուն եւ հստակ դիրքորոշում չցուցաբերել այդ երեւույթների բացասական դրսեւորումների վերաբերյալ:

Անի Մարության

ART EXPO 2010
Ի՞նչ մշակույթի մասին է խոսում նախարարը

Ի՞նչ մշակույթի մասին է խոսում նախարարը
Փետրվարի 12-ին Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվել էին մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ: Նրանք բոլորը եկել էին Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրը հիշելու: Մեծ անուն մեր մշակույթի մեջ, ում գրական  ստեղծագործական ամբողջ շրջանը անցավ Խորհրդային Հայստանում, ինչն էլ նրան բերեց մեծ փառք ու համբավ: Ասել Հրանտ Մաթեւոսյան, նույնն է,  ինչ մի փոքր Ահնիձոր գյուղից աշխարհը տեսնելը, նրանով ապրել, նրան սիրելը եւ խաղաղ արարչագործությամբ աշխարհին խաղաղություն մաղթելը:
Նույն օրը մշակութային մի միջոցառում էլ եղավ: Երեւանի նկարչի տան պատին փակցված մեծ ցուցապաստառներին գրված էր` «ART EXPO 2010» եւ միայն շատ  մանրատառ հայերենով կարդացվում էր` «մշակույթ»: Սա ի՞նչ է ծաղր է հայկական մշակույթի հասցեին: Մշակույթի նախարարը կարո՞ղ է պատասխանել… Լավ ենք գիտակցում, որ ցուցահանդեսները, փառատոնները, համերգները լավագույնն ի հայտ բերելու ինքնատիպ հաշվետվություն են: Իսկ մշակույթի նախարարը տվեց իր հաշվետվությունը ոչ հայերանատառ ծանուցումով……
«Արտ էքսպո»-ի ցուցասրահները մշակույթի տարբեր ոլորտներ էին «ցուցադրում»: Այստեղ ներկայացված էին թանգարաններ, կինոստուդիաներ, թատրոններ, պատկերասրահներ… Ծալազդներից մեկի վրա գրված է մշակույթի նախարարի խոսքը. «Այստեղ մշակույթը ներկայանում է առանց ոլորտային սահմանափակումների` սկսած ոչ նյութական, մշակույթային ժառանգությունից մինչեւ մեր ժամանակակից արվեստը»: Կասեմ, թե նախարարությունը ինչպես է պահպանում մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Կարմիր բլուրի տարածքը աղբանոցի է վերածվել: Շենգավիթը հողի տակ է անցնում: Թեյշեբա ուրարտական ամրոցի պատերն են անձրեւների տակ մաշվում, ու արձանագրություններն են անընթեռնելի դառնում… Օրինակները շատ են:
Սա՛ է մեր մշակույթի ոլորտի մասին իրակա՛ն հաշվետվությունը: Ա՛յս մասին պետք է խոսի նախարարը ու փորձի լուծում տա ա՛յս խնդիրներին: Ու հայերենի դերի մասին չմոռանալո՛վ խոսի մշակութային իր «բարձունքներից»: Այնպես որ, որպես ՀՀ քաղաքացի ու հայ, հաշվետվությունը համարում եմ չընդունված: Գոնե իմ անունից հաստատապես եմ ասում:

Աշոտ Բադալյան

Պաշտպանենք եւ ամենուր գործածենք մե՛ր լեզուն

Սփյուռքի նախարարությունը 2010թ. հայտարարել է մեր Մայրենիի՝ Հայոց լեզվի տարի: Այն պաշտոնապես մեկնարկեց փետրվարի 15-ին՝ «Մեր լեզուն մեր Հայրենիքն է» նշանաբանը կրող ծրագրի միջոցառումներով:
Օրերս Մատենադարանին կից հրապարակում, Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ կայացավ սփյուռքի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած Մեսրոպ Մաշտոցին նվիրված ցերեկույթը:
Միջոցառմանը ներկա Երեւանի բազմաթիվ դպրոցների աշակերտներին ու բուհերի ուսանողներին նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթել է մաքրամաքուր պահել ոսկեղենիկ մայրենի լեզուն. «Համաշխարհայնացման այս դարում շատ դյուրին է կորցնել ազգայինը, եւ միայն հայոց լեզուն եւ հայերենով կերտվող գրականությամբ ու մշակույթով կարելի է նախ եւ առաջ պահպանել ազգային դիմագիծը»:
Փետրվարի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո կազմակերպված «Մայրենի լեզվի օր» պետական տոնին նվիրված հանդիսությունը:
Սփյուռքի նախարարությունը առավել ուշադիր լինելու դեպքում կնկատի, որ սփյուռքում հայերենը համեմատաբար ավելի լավ է պահպանվում, քան՝ Հայաստանում:
Գուցե հայոց լեզվի ա՛յս տարում մեր իշխանական պատասխանատուները պետականորեն ուշադրություն դարձնեն հատկապես Երեւանը ապականող (մարզերում գոնե քիչ են դրանք) ոչ հայեցի գրված կամ օտար լեզուներով մայրաքաղաքը ողողած տարբեր պաստառները, ցուցանակները վերացնելուն, իսկ լեզվի պետական տեսչությունը առավել կտրուկ միջոցների դիմի մարդկանց սպասարկող եւ այլ հիմնարկներում գործառույթների հայկականացման, հեռուստաեթերի ու մամուլի լեզվական անաղարտության համար:
«Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է». ասում են հայ արիները…

Անի Մարության

Կենսաթոշակային համակարգը բարեփոխվու՞մ է, թե՞ չարեփոխվում

Կառավարությունը հավանության է արժանացրել կենսաթոշակային համակարգի բարեփոխումները: Ըստ այդմ, մեր երկրում տարիներ անց կլինի բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Ի՞նչ է սա ենթադրում եւ արդյունավե՞տ է ներկայիս համակարգից:
ՀՀ-ում այժմ կենսաթոշակային համակարգը բաշխողական է: Այն մինչեւ 2008թ. հունվարը ֆինանսավորվում էր զբաղված քաղաքացիների եւ նրանց գործատուների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընթացիկ մուծումների հաշվին: Այս վերջին տարիներին կենսաթոշակների չափերը հնարավոր էր բարձրացնել կամ պարտադիր սոցվճարների դրույքաչափերի ավելացման հաշվին, կամ պետական բյուջեի այլ հարկային եկամուտների հաշվին: Կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության ապահովման պարտադրանքը թույլ չէր տալիս էապես բարձրացնել կենսաթոշակների չափերը միայն հավաքագրված պարտադիր սոցվճարումների հաշվին՝ չբարձրացնելով դրանց դրույքաչափերը: Իսկ այդ դրույքաչափերի բարձրացումը ծանր բեռ է հարկատուի համար: Այդ պատճառով վերացվեց պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները ներառվեցին պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ, ինչը հնարավոր դարձրեց պետական բյուջեի ընդհանուր եկամուտների հաշվին ապահովել կենսաթոշակների չափերի 60% բարձրացումը: Կենսաթոշակների հետագա բարձրացումը դարձյալ հարկատուի «ջանից է դուրս գալու»: Կենսաթոշակները չավելացնելն էլ ճիշտ չէ: Ի՞նչ անել: Պետությունն ընտրեց բարեփոխումների տարբերակը: Այժմ քննարկվում են դրանք:
Բարեփոխումների փորձը միջազգայինից է վերցված: Գուցեեւ լավագույն փորձը: Սակայն, այդ տարբերակի ուսումնասիրությունից հասկացել եմ, որ բազմաթիվ բացեր կան: Միջազգային այդ փորձը լավ է աշխատում այլ երկրներում, քանզի կայացած են զուգահեռ շատ համակարգեր (ասենք` արժեթղթերի շուկան է զարգացած, ֆինանսական շուկան է կայուն եւ այլն): Մինչդեռ միջազգային փորձը նույնությամբ կիրառելը մեզ կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել:
Օրինակ, ի՞նչ երաշխիք, որ գնաճը չի խժռի քաղաքացու՝ տարիների ընթացքում արված կուտակումները (այն կուտակումները, որ, ըստ բարեփոխումների, քաղաքացին աշխատելու պահից սկսած պիտի հավաքի` իր ծերությունն ապահովելու համար): Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի համար այդ երաշխիքը հետեւյալն է. «Դրա համար էլ այդ գումարները կկառավարվեն ակտիվների կառավարիչների կողմից: Ակտիվների կառավարիչների համար գործունեության կոշտ ձեւերն են սահմանված՝ ինչ դաշտերում նրանք պետք է գործեն, ինչպես եւ այլն: Այսինքն՝ ռիսկերը հնարավորինս նվազեցված են լինելու»:
Հաշվի առնվա՞ծ է հետեւյալ հանգամանքը. իսկ եթե ռիսկերը մեծանան, կամ` կառավարիչը վատ կառավարի ակտիվները ու այդ գումարները փոշիանան, ապա այդ դեպքում պետությունը ստանձնու՞մ է քաղաքացուն գումարների վերադարձելիության երաշխիքը: Հարցիս Վ. Արամյանը բավականին դյուրագրգիռ է պատասխանում. «Ոչ, պետությունը վերադարձելիության երաշխիք չի ստանձնում: Կրկնում եմ` ռիսկերը հնարավորինս նվազեցված են»:
Ի դեպ, ֆինանսների փոխնախարարը կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրն իդեալականացնելու փոխարեն լավ կաներ մտածեր այդ մասին: Մտածեր, որ կառավարիչը կարող է վատը լինել կամ` պարզապես գումարներով ճողոպրել: Իսկ կենսաթոշակառուն իր գումարների տերը պիտի լինի, ոչ թե վատ կառավարչի դարդը լացի:
Հիմա ինչպե՞ս քաղաքացին համոզված լինի, որ բարեփոխումներում ռիսկային գործոնը հաշվի է առնված, երբ մատնանշված անգամ մեկ ռիսկի նվազեցմանն առնչվող հարցին ի պատասխան պատասխանատու պաշտոնյան դյուրագրգռվում է… մտածելու փոխարեն:
Կառավարությունը վստահեցնում է, որ կենսաթոշակային բարեփոխումները պետք է իրականացվեն հետեւյալ ուղղություններով՝ 1. կենսաթոշակների չափերի էական բարձրացում. սրա նպատակն է՝ նախ՝ նվազագույնի հասցնել, ապա՝ իսպառ բացառել աղքատությունը եւ աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում,  2. ապահովել կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը՝ կապ ամրագրելով անձի աշխատանքային եկամուտների եւ կենսաթոշակների միջեւ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ:
Կենսաթոշակային համակարգը բաղկացած է լինելու 4 աստիճաններից (0, 1, 2 եւ 3 աստիճաններ): Կենսաթոշակային համակարգի «0» աստիճանը պահանջվող աշխատանքային (ապահովագրական) ստաժ չունեցող անձանց ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքերում պետական բյուջեի հաշվին ապահովում է նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք եկամտով: Կենսաթոշակային համակարգի 1-ին աստիճանն օրենքով սահմանված ժամանակահատվածում տնտեսությունում աշխատած եւ համապատասխան հարկեր (սոցիալական վճարումներ) վճարած անձանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքերում պետական բյուջեի հաշվին փոխհատուցում է կորցրած եկամուտը: Համակարգի 2-րդ աստիճանը պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ կատարած անձանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում կատարված վճարներից եւ դրանց ներդրումից ստացված եկամուտներից գոյացած միջոցների հաշվին փոխհատուցում է կորցրած եկամուտը: Համակարգի 3-րդ աստիճանը կամավոր կուտակային կենսաթոշակային վճարներ կատարած անձանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է լրացուցիչ եկամտով:
Ի՞նչ են տալու կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրին: Գործադիրը վստահ է` բարեփոխումներն ազդելու են տնտեսական զարգացման վրա: Բարձր աշխատավարձ ստացողները հնարավորություն են ստանալու կուտակել կենսաթոշակային միջոցներ եւ, դրանց ծավալից կախված, ապահովելու իրենց աշխատավարձի 40-ից 80%-ի չափով կենսաթոշակ (ներկայիս՝ առավելագույնը 10%-ի փոխարեն): Դե, իսկ ցածր աշխատավարձ ստացողներն էլ… ինչպես այսօր…
Այս նոր համակարգին անցնելու ենք 2011թ.-ից: Պարտադրության սկզբունքով պարտադիր կուտակային համակարգի մասնակից կդառնան այն վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը, ովքեր առաջին անգամ աշխատանքի շուկա մտնելու պահին չեն բոլորել 40 տարեկանը: Կուտակային վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների 10%-ի չափով, որի կեսը կամ աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների 5%-ը, բայց ոչ ավելի, քան 25000 դրամը, վճարում է պետությունը (այսինքն՝ եթե աշխատավարձը ցածր է 500.000 դրամից, ապա պետությունը կվճարի այդ գումարի 5%-ի չափով, իսկ 500.000-ից բարձր աշխատավարձի դեպքում՝ պետության մասնակցությունը կկազմի ամսական 25.000 դրամ՝ յուրաքանչյուր աշխատողի համար: Անկախ տարիքից պարտադիր կուտակային աստիճանի մասնակիցը կվճարի եկամտահարկ, որի դիմաց կենսաթոշակի անցնելիս նա կստանա հիմնական կենսաթոշակ:

Աստղինե Քարամյան

Հաղթեց Եվա Ռիվասը, իսկ պարտվողները բողոքում են

«Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթին Հայաստանից մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 10 հոգի, հետո մնացին 9 մրցակից:
Բոլոր ելույթներից հանդիսատեսը եւ ժյուրին ավելի հավանեցին Եվա Ռիվասի «Ծիրանի կորիզ» երգը: Հենց Ռուսաստանում բնակվող Եվան էլ այս տարի Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում կներկայացնի Հայաստանը:
Նախընտրական փուլին մասնակցում էին «Another Story Rock-band»-ը, Եվա Ռիվասը, Նիկ Էգիբյանը, Էմմին եւ Միհրանը, Դավիթ Աշոտյանը, Մարիա Կիզիրյանը, Ռազմիկ Ամյանը, Անի Արզումանյանը եւ Մելինե Բեգլարյանը: Նախընտրական փուլ անցած երգչուհի Սոնյան օրեր առաջ հրաժարվել էր մասնակցությունից:
Արդյունքների հրապարակումից հետո հաղթեց Եվա Ռիվասը: Մասնակիցների մի մասը շնորհավորեց նրան, մյուս մասը ցուցադրաբար լքեց բեմը: Ինչեւէ, մայիսի 27-ին, Նորվեգիայի մայրաքաղաքում կկայանա 2-րդ կիսաեզրափակիչը, որին կմասնակցի 17 երկիր: Մրցույթի 1-ին կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 25-ին: Հայաստանը 5-րդ անգամ է մասնակցելու «Եվրատեսիլ»-ին: Անցած տարի Հայաստանը ներկայացրել էին Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը, ովքեր էլ հենց այս տարի հրապարակեցին 2010թ. հայաստանյան մրցույթի հաղթողի անունը:
Դեռեւս չճշտված տեղեկություններով, ժյուրին ընտրել է Էմմիի ու Միհրանի երգը: Սակայն, հաղթողը որոշվում է ժյուրիի եւ SMS քվեարկությունների արդյունքում: Հաղթողի անունը հայտարարելուց հետո, ի նշան բողոքի, Էմմին ու Միհրանը, նաեւ Ռազմիկ Ամյանը ցուցադրաբար լքել են բեմը:
Ոմանք բողոքում են, թե Ե. Ռիվասը հայ հանրությանը ներկայացել է բոլորովին վերջերս: Նրան հովանավորում է մոսկվացի մեծահարուստ Սամվել Կարապետյանը (Կալուգայի Սամոն)` նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրը: Մոսկվացի մեծահարուստը նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի զավակների հարսանիքի քավորն է ու մոտ է նաեւ Ռոբերտ Քոչարյանին, եւ այս բոլորի համար պատվի խնդիր է եղել Եվա Ռիվասին անցկացնելը: Կարծում են, որ «Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլին առնչվող իրադարձություններից անմասն չի մնացել նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով գոնե ընտրությունն արդար անցկացնելու խոստումներ է տվել: Զլմ-ներով խոսում են նաեւ ինչ-որ հսկայական ծախսված գումարների մասին՝ ի օգուտ մրցույթի հաղթողի:
Ըստ բողոքավորների, վերջին շաբաթվա ընթացքում «Եվրատեսիլ»-ի վերաբերյալ հեռարձակվող տեսանյութերում Էմմին գործնականում բացակայում էր եթերից, փոխարենը մատուցվում էր Եվա Ռիվասը, ում համար մեծ քարոզչություն էր անում Ռոբերտ Քոչարյանի խնամին՝ Սյուզան Մարգարյանը: Եվ Էմմիի մայրը` Նադեժդա Սարգսյանը հայտնել է, որ նա հեռախոսային բոլոր օպերատորներից պահանջելու է SMS քվեարկությունների վերծանությունները, եւ չի բացառվում, որ մրցույթի արդյունքները վիճարկման հայցով Էմմին ու Միհրանը դիմեն դատարան: Ի դեպ, այսքանից հետո նույնիսկ պետք է նշենք, որ Եվա Ռիվասը վատ տպավորություն չէր թողել հայ հանրության վրա, հատկապես, իր Սայաթ Նովայի երգով, սակայն վերը նշված հովանավորներն ու նրանց շրջապատի առկայությունը այսքան տարաձայնությունների առիթ տվեցին:
Էմմիի եւ Միհրանի ավելի քան 2500 երկրպագուներ պաշտոնապես հայտարարել են, որ «Եվրատեսիլ-2010» մրցույթի նախընտրական փուլի ընթացքում հնարավորություն չեն ունեցել քվեարկել իրենց նախընտրած զույգի օգտին, դրանք տեղ չեն հասել: Ուստի, պահանջում են Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունից անցկացնել նոր քվեարկություն՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժյուրիի նախապատվությունը եղել է Էմմիի եւ Միհրանի օգտին: Առաջին անգամ է, որ այսպես բուռն կերպով ընթացավ հայաստանյան «Եվրատեսիլ»-ը: Անկախ այն բանից, թե ինչպես կավարտվի այս վեճը, իհարկե կողմ ենք արդարացի քննությանը, մաղթում ենք Հայաստանի ներկայացուցչին հաղթանակ Օսլոյում:
Իսկ ահա, թուրքերը հաղթող երգում ցեղասպանության ակնարկներ են փնտրում: Զլմ-ները հրապարակել են, թե «Եվրատեսիլ» 55-րդ միջազգային երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի երգը պարունակում է ակնարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մասնավորապես, «Սաբահ» թերթը, վկայաբերելով Մոլդովան ներկայացնող երգչի երգի բառերը գրած կոմպոզիտոր Յաքուփ Մութլուի դիտարկումները, գրում է, որ Ռիվասի երգը ակնարկում է 1915-ի ողբերգական իրադարձությունները:
Երգի առաջին տունը.‘
«Տարիներ առաջ, երբ ես փոքրիկ երեխա էի, / Մայրս ինձ ասաց. «Պետք է իմանաս, / որ մեր աշխարհը անողորմ է ու դաժան: / Սակայն դու քո ճանապարհը կարող ես գտնել / Շոգի եւ սառնամանիքի միջով անցնելով»:
Սա, ըստ թուրքական զլմ-ների, ակնարկ է  հայերի արտագաղթի եւ անցած ծանր ու տառապալից ճանապարհի:
Հայաստանյան «ներքաղաքական» բողոքները քիչ էին, հիմա էլ թուրքական մամուլը փորձում է արտաքին քաղաքական բնույթ տալ Ռիվասի երգին:
Իսկ ըստ որոշ զլմ-ների, մի առավել ավելի մտահոգիչ իրողություն կա հայկական շոու բիզնեսում: Շատերը (գուցե հանուն փողի կամ այլ շահի) անդամագրվում են կրոնական տարբեր կազմակերպությունների: Լուրջ եւ մտահոգիչ թեմա է հայ երգիչ-երգչուհիների՝ կրոնական կազմակերպություններին անդամագրվելու փաստը: Ըստ զլմ-ների, նրանցից շատերն անդամագրվել են «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը:
Այստեղ սակայն, դեռեւս բողոքողներ  չկան… Իսկ ուշադրություն դարձնողնե՞ր:

Արտակ Հայոցյան

Կարգելվի՞ որեւէ ձկնատեսակի որսը Սեւանա լճում

Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտն առաջարկել է բնապահպանության նախարարությանն այս տարի ընդհանրապես արգելել որեւէ ձկնատեսակի որսը Սեւանա լճում:
Եվ միայն թույլատրել խեցգետնի որսը խեցգետնաորսիչներով:
Կան առաջարկներ: Թեեւ լճածածանը (կարաս) համարվում է լճի համար ոչ ցանկալի ձկնատեսակ` կերային մրցակից մյուս ձկների հետ, սակայն այս փուլում արգելելով այս ձկնատեսակի որսը, բացառում են ընդհանրապես ցանցերի օգտագործումը լճում, ինչը կհեշտացնի այլ ձկնատեսակների պահպանությունը: Ի դեպ, 2008-2009թթ. Սեւան ազգային պարկը թույլ է տվել միայն խեցգետնի ու կարասի որսը:
Այս առաջարկը քննարկվելու է ոչ միայն նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, այլեւ Սեւան ազգային պարկում: Բայց բնապահպանության նախարարության հանդեպ հավատ չունենք. ձկնաորսի արգելման ամեն շրջանում էլ շուկաներում ձկի վաճառքը չի դադարում:

 Կարեն Բալյան

Վարդգես Սուրենյանց – 150

Կտավներ, որոնք պատասխաններ են տալիս

Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Երեւանի պատմության թանգարանի մուտքը զարդարված է Վարդգես Սուրենյանցի կտավների մեծապաստառ գովազդային ցուցադրմամբ: Լրացավ նկարչի ծննդյան 150-ամյակը:
Երբ այցելում ես պատկերասրահ, մտնում նրա սրահը, ապա առաջինը, ինչը մեծ ազդեցություն է թողնում, լույսն է: Ոչ թե պատուհաններից ներթափանցող, այլ Սուրենյանցի կտավներից հոգուդ խորքը լցվող լույսն է:
Գեղանկարչության այս հսկան մեր մշակույթին ներկայացավ իմպրեսիոնիզմի արտահայտչամիջոցների հայկական տարբերակով: Նրա կտավների հայկական շունչը, թեմաների ընտրությունը, պատկերման տեխնիկան եւ ընդհանուր ոճը ներծծված է հայկական աշխարհի վառ գուներով եւ հայ մտավորականի ամենափայլուն դրսեւորմամբ: Ստանալով իրապես բարձրագույն կրթություն Մոսկվայի Լազարյան ճեմարանում, այնուհետեւ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանում, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում (նա տիրապետում էր ռուսերենին, պարսկերենին, անգլերենին, գերմաներենին, իտալերենին, ֆրանսերենին, իսպաներենին, թուրքերենին)` արվեստում միշտ վառ պահեց հայի ոգին:
Սուրենյանցը Մյունխենում որպես ծաղրանկարիչ տպագրվել է «Fliegende  Blatter»  («Թռչող թերթիկներ») երգիծաթերթում:
Վարդգես Սուրենյանցը նաեւ թարգմանություններ է արել: Սուրենյանցի գրչին են պատկանում բնագրից թարգմանված Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդը», «Ամառային գիշերվա երազը» սոնետների մի մասը, Գյոթեի, Հայնեի մի շարք բանաստեղծություններ, Շիլտբերգերի «Ճանապարհորդություններ» գրքի Հայաստանին վերաբերող հատվածները:
Նա հեղինակն է «Մի քանի խոսք եվրոպական նկարչության մասին» («Արձագանք»), «Հայոց ճարտարապետության տեղը գեղարվեստի պատմության մեջ» («Մշակ»,1905, թիվ 76) հոդվածների:
Սուրենյանցը նաեւ ազգագրագետ է,  պատմաբան, ճարտարապետության եւ արվեստի տեսաբան: Ահա թե ինչու երբ կանգնում ես նրա կտավների առջեւ, կանգնում ես պատասխանների առջեւ, որոնք մեծ մտավորականը  քեզ տալիս է այնքան  թեթեւ, այնքան լուսավոր, որ հարցերի կարիք  չես ունենում:

Աշոտ Բադալյան

«Լուսանցք» թիվ 6 (137), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.