Բուլղարական Յամբոլ քաղաքում ավարտված սիրողական բռնցքամարտի մրցաշարում` «Ստրանջայի գավաթ»-ի խաղարկությոանը, մասնակցեցին նաեւ մեր բռնցքամարտիկները: 48 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը հաղթելով բոլոր մրցակիցներին նվաճեց ոսկե մեդալ: Նա ճանաչվեց նաեւ մրցաշարի լավագույն տեխնիկա ունեցող բռնցքամարտիկ: Իսկ Էդուարդ Համբարձումյանը (64 կգ) արժանացավ բրոնզե մեդալի:
* * *
1-ին անգամ Հայաստանում
Երեւանում առաջին անգամ անցկացվել է շախմատային խնդիրների (կոմպոզիցիա) լուծման առաջնություն: ՀՀ առաջին չեմպիոն դարձավ Հովիկ Հայրապետյանը:
Մրցաշարը նվիրված էր շախմատային կոմպոզիցիաների հայտնի հեղինակ Հենրիխ Գասպարյանի ծննդյան 100-ամյակին:
Ծանրամարտի հաղթողները
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի 2010թ. ՀՀ առաջնությունը: Մրցաշարին մասնակցեցին մեր հանրապետության 10-ից ավելի քաղաքների մոտ 90 մարզիկ-մարզուհիներ:
Առաջնությանը չմասնակցեց աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ով այժմ անհատական ծրագրով պատրաստվում է առաջիկա Եվրոպայի առաջնությանը: Ըստ քաշային կարգերի ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճեցին Իզաբելա Յայլյանը (53 կգ, Երեւան)` երկամարտում 150 կգ, Էլեն Գրիգորյանը (58 կգ, Քասախ)` 197 կգ, Ալլա Սամվելյանը (63 կգ, Բաղրամյան)` 198 կգ, Քրիստինե Պետրոսյանը (69 կգ, Գյումրի)` 190 կգ, Մելինե Դալուզյանը (75 կգ, Գյումրի)` 245 կգ, Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ ավելի, Քասախ)` 270 կգ:
Տղամարդկանց մրցապայքարում 56 կգ քաշային կարգում լավագույն ճանաչվեց սամաղարցի Մայիս Թառոյանը` 186 կգ: Մյուս կարգերում չեմպիոնի կոչումը նվաճեցին` 62 կգ` Արեն Թամրազյանը (Սամաղար) 285 կգ, 69 կգ` Դավիթ Մուրադյանը (ԲԿՄԱ, Երեւան) 280 կգ, 77 կգ` Աղասի Աղասյանը (ՖԻՄԱ, Երեւան) 336 կգ, 85 կգ` Գեւորգ Պողոսյանը (Սամաղար) 376կգ, 94 կգ` Լյովա Արշավյանը (Գյումրի) 345 կգ, 105 կգ` Արթուր Բաբայանը (Վանաձոր) 405 կգ, +105 կգ` Ռուբեն Ալեքսանյանը (Արարատ) 420 կգ:
ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան այս տարվա առաջնությունը նվիրեց երկաթախղի հայկական դպրոցի հանրահայտ մարզիկ` Սերգո Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին:
Շախմատային գերմրցաշարում 3-րդը
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ինը անընդմեջ ոչ-ոքիներից հետո վերջապես տոնեց հաղթանակ Լինարեսի (Իսպանիա) սուպերմրցաշարում: Վերջին` 10-րդ փուլում, նա սպիտակներով պարտության մատնեց ադրբեջանցի Վուգար Գաշիմովին: Լ. Արոնյանն այս անգամ շատ լավ խաղաց եւ նպատակային քայլերով մրցակցին ստիպեց հիմնականում պաշտպանվել եւ պարտվել:
Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 5,5 միավոր, սակայն բավարարվեց 3-րդ տեղով, քանի որ առջեւից ընթացող ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը ոչ-ոքի խաղաց իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ եւ նվազագույնը ապահովեց 2-րդ տեղը` 6 միավոր:
Մրցաշարի հաղթողը որոշվեց Վեսելին Թոփալով – Բորիս Գելֆանդ մրցամարտում: Բուլղարացի շախմատիստն արագ եւ սուր քայլերով նկատելի առավելություն ստացավ սկզբնախաղում, իսկ վերջում երկու անցողիկ զինվորներով սեւերին ստիպեց հանձնվել: Այդպիսով, առաջին տեղը 6,5 միավորով գրավեց Վեսելին Թոփալովը:
Լ. Արոնյանը միակը մնաց Լինարեսում, ով այդպես էլ չճաշակեց պարտություն դառնությունը:
Անհաջող մասնակցություն
4 հայ մարզիկներն էլ լավագույնս չեն դրսեւորվում իրենց Կանադայում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում:
Մեր երկրորդ լեռնադահուկորդը` Անի-Մաթիլդա Սերեբրակյանը, կանանց հսկա ոլորավայրեջքի առաջին մեկնարկի ժամանակ չկարողացավ հասնել վերջնագծին եւ ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից: Սա, անշուշտ, կարելի է անակնկալ համարել, քանի որ նա Հայաստանը ներկայացնող մարզիկ-մարզուհիներից ամենափորձառուն է: Մեկ օր առաջ կայացած տղամարդկանց մրցումներում եզրագծին չէր հասել նաեւ Արսեն Ներսիսյանը:
Այժմ մեր երկու լեռնադահուկորդները պատրաստվում են ոլորավայրեջքի մրցումներին:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 7 (138), 2010թ.



