Հայտարարություն ԱՄՆ արտաքին հարաբերությունների պալատի վճռի մասին

Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդը ողջունում  է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ քվեարկությամբ ընդունած թիվ 252 բանաձեւը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի նախագահին միջոցներ ձեռնարկել, որպեսզի պետության արտաքին քաղաքականությունը հստակեցվի եւ ըմբռնում ցուցաբերվի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ նմանօրինակ իրադարձություններին, այդ թվում՝ կարեւորվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը:

Երկար տարիներ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը տարաբնույթ քննարկումների է ենթարկվում աշխարհի պետությունների օրենսդիր եւ գործադիր մարմիններում: Ավելի քան 20 պետություններ եւ միջազգային կազմակերպություններ են ճանաչել ու դատապարտել 1915-1923թթ. Արեւմտյան Հայաստանի (ներկայումս՝ Թուրքիայի) տարածքում 1,5-3 մլն հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որի պատճառով հայությունը կորցրեց իր հայրենիքի մեծ մասը եւ ազգային դիմադրության բոլոր հնարավորությունները:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումները նաեւ ցույց տվեցին, թե ամերիկացիների մի մասը ինչպես է բացահայտորեն անտեսում պատմական արդարության հանգամանքը: Նույնիսկ նրանք, ովքեր չքվեարկեցին ի օգուտ թիվ 252 բանաձեւի, հիմնականում ընդունում էին Հայոց ցեղասպանության փաստը, սակայն պատրաստ են դա անտեսել, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է:

Կարեւոր է, որ հնչեց  այն միտքը, թե Գերմանիան էլ էր ԱՄՆ-ի  ռազմավարական գործընկերը, երբ դատապարտվեց  հրեական հոլոքոսթը, ուստի՝ Թուրքիան էլ պետք է հասկանա , որ եղել է ցեղասպանություն, դա փաստ է եւ այն դատապարտվում է:

Սակայն  չմանրամասնվեց, թե արդյո՞ք  Թուրքիան Գերմանիայի պես պետք է հատուցի  պատճառած բոլոր վնասները: Ավելին՝ եթե հրեաները ցեղասպանվել էին  եվրոպական երկրներում եւ պատմական տարածք չէին կորցրել, ապա  հայերը ցեղասպանվել  են իրենց հայրենիքում եւ երկրի զգալի մասը կորցրել են, որն այժմ ցեղասպանների տիրապետության տակ է:

Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը հույս է  հայտնում, որ այս անգամ ԱՄՆ-ի Կոնգրեսում հաշվի կառնվի այս ամենը եւ Հայոց  ցեղասպանության հարցը եւս մեկ  անգամ չի դառնա շահարկման առարկա Թուրքիայի հետ հարաբերություններում:

Իսկ դրա նախադրյալները  երեւակվեցին Պալատի քննարկումների  ժամանակ: Առավելապես շահարկվելու է  հայ-թուրքական կոչված արձանագրությունների  ստորագրումը: Ուստի՝ ՀՀ իշխանություններին  առաջարկում ենք՝

1. Մինչեւ ապրիլի 24-ը սառեցնել հայ-թուրքական կոչված արձանագրությունների քննարկումները: Սպասել, թե ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբաման կկատարի՞ վերջապես իր խոստումը եւ կարտասանի՞ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:

2. Թուրքիայից  պահանջել, որ դադարեցնի հայ-թուրքական  կոչված արձանագրությունների քննարկումների ընթացքում Արցախի, Հայոց ցեղասպանության եւ տարածքային այլ խնդիրների շահարկումները, որոնք փորձում է նաեւ դարձնել նախապայմաններ: Շարունակվելու դեպքում չեղյալ համարել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ Թուրքիայի հետ հարաբերություններում առաջնորդվել ցեղասպանության դատապարտման եւ տարածքային պահանջատիրական խնդիրներով:

Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը համայն հայությանը կոչ է անում՝ անկախ ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշումից, հետապնդել Հայ Դատը եւ այն հասցնել վերջնական ու փաստացի  հաղթանակի:
Հայ ազգայնականների համախմբման խորհուրդ

(Արմեն Ավետիսյան՝  Հայ Արիական միաբանության առաջնորդ, Ռաֆֆի Պապիկյան՝ «Հայրենիք-Սփյուռք»  կապերի նախաձեռնության ղեկավար,  Արմենուհի Մելքոնյան՝ «Լուսանցք»  շաբաթաթերթի գլխավոր խմբագիր,  Աշոտ Բադալյան՝ Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Գեւորգ Յազըճյան՝ պատմ. գիտ. թեկնածու, քուրմ Մանուկ՝ փիլ. գիտ. թեկնածու եւ այլք )

05.03.2010թ. – ք. Երեւան

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.