Մարդկությունը քաղաքականության ասպարեզում մշտապես ձգտել է ազատության: Քաղաքական պատմությունը ներկայացվել եւ ներկայացվում է որպես բռնության եւ ազատության անհաշտ պայքար: Մեր օրերում եւս, թերեւս ավելի ուժգին, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մեծամասնությունը, օգտագործելով յուրաքանչյուր հարմար առիթ, բարբառում են ազատությունից՝ խոսքի, ձայնի, խղճի եւ այլն: Դեմոկրատիան համարվել եւ համարվում է բարձրագույն իդեալ, որին ընդհանրապես կարող է հասնել մարդկությունը, իսկ քաղաքական գործչի համար մասսայական հարգանք եւ պատիվ վայելելու լավագույն գրավականն է ներկայանալ որպես դեմոկրատիայի պաշտպան եւ մարտիկ:
Վ. Տերոյանը (1887-1938) Սորբոնի եւ Բեռլինի համալսարանների շրջանավարտ փիլիսոփա է (ի դեպ, գերմաներենից հայերեն է թարգմանել Հեգելի «Ոգու երեւութաբանությունը», Կանտի «Զուտ բանականության քննադատությունը» եւ այլ փիլիսոփայական տրակտատներ) եւ իր «Սոցիալիզմ եւ սոցիալիզմ» աշխատության մեջ բավականին սուր դիտողականությամբ վերլուծում է քաղաքական կյանքն ընդհանրապես:
«Դեմոկրատիա, դա նշանակում է ցանկությունների անսահմանություն եւ կամեցողության ոչնչություն: Դեմոկրատիա, դա նշանակում է իշխանության ինքնազրկություն եւ ինքնախաբեություն: Դեմոկրատիա, դա նշանակում է առանց դժվարության փառաբանություն գտնել եւ հպարտանալ չարած գործերի համար: Դա նշանակում է շատախոսություն, իրերի տրամաբանության մերժումն ու գրգռված երեւակայության տրամաբանությունը: Դեմոկրատիա նշանակում է մի մարդկություն, որ կերակրվում է խոստումներով, որ թույլ է տալիս, որ քաջալերում է սուտը, համոզված լինելով, որ ամենայն խոստում մեծ մասով սուտ է, եթե ոչ ամբողջովին»: Իսկապես, մի՞ թե որպես որոշակի խմբի թաքնված շահ չի ներկայանում դեմոկրատիան, որն անգիտակցաբար գրկաբաց ընդունելություն է ստանում ամբողջ աշխարհում: Ի՞նչ ունենք մենք դեմոկրատիայի հետեւանքով. երեւութականի գերիշխում էութենականի վրա, միեւնույն դրոշմով արտադրված «մարդիկ», ձեւական քաղաքակրթություն բովանդակային եւ մարդաստեղծ մշակույթի փոխարեն եւ որ ամենակարեւորն է՝ ազատության խաբկանք, կենսիշխանություն, որով բռնություն է կատարվում ոչ թե առարկայական-մարմնականի, այլ կենսաբանականի եւ, հետեւաբար, հոգեկանի, ներաշխարհի վրա: Մեծ ուժգնությամբ տեղի ունեցող ուրբանիզացիան եւ դրանից բխող ու այսօր տագնապ դարձած սննդային մուտացիան ծնունդն են հենց դեմոկրատիայի: Բայց ժպտում եւ ընդառաջում է դրան մարդը, քանի որ այն անմիջականորեն չի առնչվում իր նյութական-երեւութական ոլորտին:
«Մի աստված է նա (իմա՝ դեմոկրատիան), որ բոլորի հանդեպ բարյացակամ է, սակայն, չունենալով ամենակարողություն, նա մի պոռնիկ է միայն, որ բոլորին էլ ժպտում է՝ լինելով ինքնին ամենաանկարողություն»: Տերոյանական այսօրինակ դիտարկումը, փաստորեն, 20-րդ դարի խոշորագույն փիլիսոփաներից մեկի՝ Միշել Ֆուկոյի «մազանոթային իշխանության» գաղափարի նախատիպն է. իշխանություն, որ ղեկավարում է նույնիսկ մեր երակներում հոսող արյունը:
Այս ամենի քողի ներքո մատուցվող հավասարության եւ եղբայրության գաղափարները գուցե շատ գրավիչ, բայց նույնքան վտանգավոր եւ, ինչպես Վ. Տերոյանն է նկատում, հակասական են. «Ընկերային մի կառուցվածք կարելի է երեւակայել՝ հիմնված հավասարության վրա: Ընկերային մի ուրիշ կառուցվածք էլ կարելի է երեւակայել՝ հիմնված եղբայրության վրա: Բայց երեւակայել մի կառուցվածք, որ հիմնված լինի թե հավասարության եւ թե եղբայրության վրա – դա աներեւակայելի մի հակասություն է», քանի որ եղբայրները ոչ մի բանով հավասար չեն: Ընդհանրապես հավասարությունը ենթադրում է միջակություն եւ անտարբերություն:
Բայց, իհարկե, այսօրինակ դիտարկումները բնավ մեղադրանքներ չեն՝ ուղղված քաղաքական գործիչների, որոնց մի մասը եւս անգիտակից զոհն է այդ երեւույթի, կամ որեւէ հասարակական ինստիտուտի դեմ: Սրանք կոչ են կոնկրետ մարդուն՝ «թարմ պահել աչքերը» (Կոստան Զարյան): Թերեւս, քաղաքական ոչ մի գործունեություն ի զորու չէ վերացնել ներկայիս տագնապը: «Իշխանությունը մի առեղծված է, եւ հեղափոխությունը՝ այդ առեղծվածի շուրջ ստեղծված զգայախաբություն»: Այս դիտարկումները ոչ թե պարզունակ վարդագույն լավատեսական երազանքներ են ենթադրում
, այլ ահազանգ՝ գերի չդառնալու ողջ աշխարհը վարակած համաճարակին: Միայն գիտակցությունը, ավելի շուտ՝ ինքնագիտակցությունը կարող է ընդդիմակայել երկրագնդի վրա ինքնածավալվող առարկայական աշխարհին եւ հետզհետե իր սահմաններն ընդլայնող քաղաքակրթության ծնունդ միատեսակությանը եւ լինել ինքն իր մեջ եւ իր համար:
«Մեր Հայրենիքի ավերակները կվերականգնվեն այն ժամանակ, երբ մենք մեր միտքը կազատենք ավերակներից», – հավատացնում է մեր ազգային գործիչը: Իսկ մենք ստիպված ենք փաստել, որ մեր մտքում բազում ավերակներ կան, պարտվածի հոգեբանություն կա եւ կամքի կրավորական վիճակ:
Արդ, սկսենք ամեն մեկս մեզնից՝ հաղթահարելով համատարած քունը եւ ստորագրենք Վ. Տերոյանի գրած նոր, գալիք սերնդի համար 1915թ. հայ ժողովրդի պատմությունը. «Մենք հաղթեցինք թուրքերին մեր կրած մշտական շարունակական կոտորածներով եւ պարտություններով: Քանզի իսկապես ազգությունները չեն մեռնում կոտորածներից եւ համաճարակներից: Այժմ [դրա շնորհիվ] մենք գիտենք, թե ինչքան շատ հայ ենք մենք»:
Ժառանգության առումով մենք ամեն ինչ ունենք. մնում է միայն հայ լինելու կամք դրսեւորել:
Դավիթ Մոսինյան
«Լուսանցք» թիվ 8 (139), 2010թ.



