Հայ ազգային կոնգրեսը հրապարակային քննարկման է ներկայացրել սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը:
Մինչ նշված երկու կետին անդրադառնալը, ասեմ, որ ՀՀՇ-ի ծրագրի գիտական ղեկավարը Հրանտ Բագրատյանն է:
Գիտական այն ղեկավարը, ով հանրությանը այդպես էլ հայտնի մնաց իբրեւ «որձ կովերի», «կովերի ամուսինների» արտահայտությունների հեղինակ:
Ու գիտական այսպիսի ղեկավարը գյուղատնտեսական դրույթներ էլ է ներառել «100 քայլ»-ում: Այսպիսով, «որձ կովերի» հեղինակի գիտական ղեկավարությամբ «որոշված» է, որ գյուղացին պիտի հարկվի ըստ իր բերքի: Իհարկե, ապահովագրել է իրեն` այդ գյուղացին խոշոր հողատեր պիտի լինի, ու խոշոր հողի չափ է ընտրել 50 հա-ն: Մոռանալով, որ գյուղերում ընտանիքներում կան 5-6 եղբայրներ, ովքեր միասին են ապրում եւ հողի մասնավորեցման գործընթացից հետո մեկ ընդհանուր հող են ստացել: Բայց այդ մեկ ընդհանոր հողը, որ առանձին վերցրած կարող է խոշոր համարվել, իրականում խոշոր չէ, որովհետեւ կերակրում է 5-6 ընտանիքի: Եվ հիմա նա առաջարկում է գյուղացուն, ում ոչնչով չի օգնել, հարկել: Ինչու՞ պիտի գյուղացին, ում բախտը բերել է ու կլիմայական պայմանները բարենպաստ են եղել, ու բերքից ստացված եկամտով պիտի լուծի իր նախորդ տարիների ընթացքում կուտակված խնդիրները, հարկվի ըստ բերքի: Հետաքրքիր է` ովքե՞ր են գնալու գյուղացու բերքը կշռեն-չափեն-հարկեն…
Հա, չմոռանանք, ՀՀՇ-ն երկու ձեռք-ոտով կողմնակից է հայ-թուրքական սահմանների բացմանը: Միայն թե բացվեն, միայն թե: «Ջհանդամը» թե թուրքերը հազար պայման չեն առաջադրի: Ուրեմն այսպես` սահմանները կբացվեն, ՀՀՇ-ն էլ մեր գյուղացուն կհարկի, ու գյուղացին է՛լ ապրանք չի ունենա ծախելու, հազիվ իր արտադրածը ուտի: Շուկա կլցվեն թուրքական գյուղատնտեսական ապրանքները, իսկ ՀՀՇ-ն էլ կասի` «բա որ ասում էինք` «ջհանդամը» թե, միայն թե…
Միայն «զարմանում» եմ, որ ամեն ինչում միջազգային կառույցներին հետեւող ու նրանց արտաշնչածը շնչող ՀՀՇ-ն «չգիտի», որ գյուղատնտեսությունը նույնիսկ զարգացած երկրներում արտոնյալ ոլորտ է, սուբսիդավորվում է պետության կողմից:
Գյուղացու համար ՀՀՇ-ն մեկ ուրիշ «անակնկալ» էլ է պատրաստել:
«Խաղատների համար առանձին տարածք պետք է հատկացվի՝ թույլ զարգացած եւ հեռավոր սահմանամերձ վայրերում…»: Այսինքն` սահմանամերձ գյուղերի զարգացման միակ գրավականը, ըստ ՀՀՇ-ի, երեւանյան խաղատները այնտեղ տեղափոխելն է…
Հիմա` այս երկու կետը կարդալուց հետո տնտեսական ի՞նչ ծրագրի մասին կարող է խոսք լինել:
Այդ երկու կետը կարդալուց հետո մեծ բավարարվածությամբ կուզեի իհարկե մի բան ասել, բայց մեր թերթում արգելվում է հայհոյախոսությունը: Առաջին անգամ ասում եմ` ափսոս:
Աստղինե Քարամյան
2010թ. ապրիլի 1-ից` գազի նոր սակագին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերից մեկում քննարկվել են «Բնական գազի փոխադրման սակագնի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման եւ բնական գազի բաշխման սակագների», «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցերը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետեւյալ սակագները.
1. Ամսական մինչեւ 10,0 հազար խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 132.000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
2. Ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառողներին վաճառվող, 7900 կկալ/խորանարդ մետր ջերմարարություն ունեցող, բնական գազի սակագինը՝ 243.13 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2010 թվականի ապրիլի 1-ից:
Սեփ. լրատվություն
Բայց էլէներգիան չի թանկանա… առայժմ
Ապրիլի 1-ից գազի սակագների բարձրացումը չի անդրադառնալու էլեկտրաէներգիայի սակագնի վրա:
Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Բայց գազի սակագնի բարձրացման հետ կապված՝ հանձնաժողովի նախագահը չբացառեց տրանսպորտային միջոցների կողմից մատուցվող ծառայությունների գնի բարձրացումը:
«Ընդհանրապես, երբ գազի սակագինը բարձրանում է, տրամաբանական է, որ որոշակի ազդեցություն կունենա այն տնտեսավարող սուբյեկտների ապրանքների եւ ծառայությունների ինքնարժեքի վրա, որոնք իրենց գործունեության մեջ գազ են օգտագործում: Տրանսպորտի այն միջոցների համար, որտեղ վառելիքը համարվում է ոչ թե բենզինը, այլ գազը, մենք հաշվարկել ենք, որ 1 խմ-ի համար գինը ընդամենը 16 դրամով կավելանա»,-–ասաց Ռ. Նազարյանը:
Մնում է սպասել, թե այդ` 16 դրամով թանկացումը հատկապես տաքսի ծառայություններն ինչպես կմատուցեն ու ինչ հաշվարկներ կներկայացնեն: Ընդամենը 16 դրամով թանկացումը հնարավոր է տաքսի ծառայությունների ղեկավարները 1կմ-ի մեջ 20-50 դրամ դարձնեն: Կամ` «մինիմալ» կոչված ճանապարհահատվածը 600-ից այս անգամ էլ 700 դրամ դարձնեն:
Այդ դեպքում ու՞մ դիմի ուղեւորը, ո՞ր հանձնաժողովին, ո՞ր կառույցին, որ պաշտպանված լինի:
Պաշտպանված` չզգալու համար վարորդների վրայից եկող շան հոտը:
Պաշտպանված` չտեսնելու համար, թե մեքենաներում ինչ կեղտոտ նստարանների է նստում:
Պաշտպանված` չշնչելու համար ապակիների կեղտոտ օդը: Թե չէ «սերվիսի շեֆերը» միայն լափել գիտեն…
Անի Մարության
ՀՀ-ում գնաճը կկազմի 6%
ՀՀ-ում 2010թ. գնաճը կկազմի 6%: Այսպիսի եզրակացություն է արել ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը: Այս տարի արտաքին միջավայրի ազդեցությունը գնաճի վրա ավելի թույլ կլինի, չնայած սպասվող որոշ սննդամթերքների ու էներգակիրների գների աճին: ԱՄՀ-ն կարծում է, որ բոլոր արտաքին գործոնների համադրության արդյունքում գնաճի մակարդակը կընկնի: Մ. Լյուիսի կարծիքով, մոտակա 1-2 ամիսներին արտաքին գործոնների ազդեցության ներքո եւ անցյալ տարի մարտին տեղի ունեցած ազգային տարադրամի սղաճի արդյունքում` այդ ցուցանիշը Հայաստանում բարձր կմնա: Բայց արդեն 2010թ. կեսերին գնաճը կսկսի անկում ապրել:
Անդրադառնալով գների կարգավորման հարցում Հայաստանի Կենտրոնական բանկի գործունեությանը, Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ մակրոտնտեսական քաղաքականությունը պետք է շարունակի աջակցությունը տնտեսության վերականգման գործում:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 8 (139), 2010թ.



