«Խոջալու»-ն փորձում են «ընդդիմախոս» դարձնել Սումգայիթին, Բաքվին, Շահումյանին եւ …

ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Վահրամ Տեր-Մաթեւոսյանը փետրվարի վերջերին Խոջալուի իրադարձություններին նվիրված հանրային դասախոսություն է ներկայացրել Կալիֆորնիայում գտնվող Բերքլիի համալսարանում: Իր ելույթում նա նշել է, որ Խոջալուն Ադրբեջանի հակահայկական քարոզչության առանցքն է եւ ներկաներին անհրաժեշտ տեղեկություններ է տրամադրել Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, ներկայացրել ռազմական կրակակետերի վերացման մարտական գործողության մանրամասները եւ ադրբեջանական կողմի գործողությունները, որոնց հետեւանքով Աղդամի մատույցներում ադրբեջանցի գրոհայինների կողմից սպանվեցին ու հետագայում մորթազերծ արվեցին Խոջալուից գաղթած թուրք-մեսխեթցիները: Նաեւ մեջբերումներ են արվել այդ օրերի ադրբեջանական ու թուրքական իշխանությունների հրապարակային հայտարարություններից, որոնք վկայում են, որ 1992թ. փետրվարին ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքում իրականացված սպանդը Ադրբեջանի ներքաղաքական վերադասավորումների համատեքստում կազմակերպված սադրանք է:

Վ. Տեր-Մաթեւոսյանը նշել է, որ մինչեւ 1998թ. Հեյդար Ալիեւի վարչակարգը չէր կողմնորոշվում Խոջալուի իրադարձությունների զոհերի մտացածին քանակի շուրջ, սակայն այդ թվականից շրջանառության մեջ դրված 613 թիվը դարձավ միակ պաշտոնականը: Նշվել է, որ հետագայում Ալիեւ կրտսերի՝ Իլհամի հակահայկական քաղաքականությամբ պայմանավորված, անհերքելի կեղծարարություններ են հրատարակվել, որոնք որպես կեղծիք են ընդունում հենց ադրբեջանցիները:
Հայկական ու օտար զլմ-ները վերջերս եռանդորեն անդրադարձան «Xocali.net.» նախագծին, որը բացահայտում է Ադրբեջանի ներկայացրած կեղծիքները՝ Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ: Իսկ այդ նախագծի՝ Խոջալուի դեպքերի մասին քարոզչական գործունեության վերաբերյալ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» իր հերթին ներկայացրել է «Աննախադեպ կեղծիքների եւ փաստերի աղավաղման ժամանակագրություն» – http://xocali.net/ նախագիծը:
Ադրբեջանական քարոզչությունն աշխուժորեն կեղծ փաստեր է գործադրում Աղդամի դեպքերի վերաբերյալ, որի ընթացքում 1992թ. փետրվարի 26-ին զոհվեցին Խոջալու (Խոջալը) գյուղի բնակիչները: Ողբերգության վերաբերյալ նյութերը տարածվում են ադրբեջանական զլմ-ների, քարոզչությամբ զբաղվող տարատեսակ կազմակերպությունների կողմից: Ադրբեջանական կողմի հիմնական նպատակը զոհվածների համար ամբողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելն է: Եվ ահա, «Xocali. net.» նախագիծը հետազոտելու եւ բացահայտելու է այն կեղծիքները, որոնք կիրառում է ադրբեջանական քարոզչությունը «Խոջալուի գործի վերաբերյալ»:
Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մոտ 20 կեղծ լուսանկարներ, որոնք գործածում է ադրբեջանական կողմը: Միջազգային հանրությանը ցնցելու եւ հայկական կողմի հանդեպ բացասական վերաբերմունք ձեւավորելու նպատակով՝ ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի, Սերեբրեննիցայի (Բոսնիա եւ Հերցոգովինա) սպանդի զոհերի լուսանկարները եւ այլ նման դեպքեր: Բացի այդ  աշխատանքների ընթացքում աղաղակող կեղծիքներ են հայտնաբերվել Աղդամում կատարված ողբերգության զոհերի անվանացուցակում, որոնք ներկայացվում են ադրբեջանական պաշտոնական կառույցների կողմից՝ դեսպանատներ, նախագահական գրադարան:
«Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանությունը» միֆ է, որը ստեղծվել է դեռեւս Հեյդար Ալիեւի կողմից եւ որը պաշտպանել է գահաժառանգ Ալիեւ-կրտսերը՝ միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպես նաեւ հայ խաղաղ բնակչության ու սեփական ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական եւ այլ քրեականորեն հետապնդվող գործողությունները քողարկելու նպատակով»,- հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարարությունը:
Հիմնվելով փաստերի վրա` ԼՂՀ ԱԳՆ-ն նշել է, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ այնտեղ պահվող հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել քաղաքական խարդավանքների պատճառով եւ իշխանության հասնելու համար: Նախարարությունը հիշեցնում է, որ 1992թ. փետրվարի 26-ին Խոջալուում պահվում էր 47 հայ-պատանդ, ինչի մասին ադրբեջանական զլմ-ները լռում են: Խոջալուի ազատագրումից հետո նրանցից մնացել էր միայն 13-ը (նրանցից 6-ը՝ կանայք, 1-ը՝ երեխա), մնացած 34-ին ադրբեջանցիները տարել են անհայտ ուղղությամբ: Առայսօր ոչ մի տեղեկություն չկա այդ հայերի հետագա ճակատագրի մասին: Հայտնի է միայն մեկ բան՝ նրանց գյուղից հեռացրել են ռազմական գործողության գիշերը, սակայն Աղդամ նրանք չեն մտել: «Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ցանկանում էին տպավորություն ստեղծել, որ հայերն են պղծել դիակները, առ
աջին հերթին այլանդակել են հենց հայ պատանդների մարմինները, որպեսզի նրանց ինքնությունը հնարավոր չլինի պարզել: Հենց այդ նպատակով էլ շատ դիակների վրայից հանվել է վերնազգեստը եւ զոհերի մարմիններն անարգանքների են ենթարկվել՝ դրանք անճանաչելիության աստիճանի հասցնելով»,- հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ-ն:

Դրա համար էլ «Xocali.net.» կայքում զետեղված նյութերը նախատեսված են հանրային լայն շրջանակների համար, որոնք կարող են օգտագործվել նաեւ արցախյան հակամարտության ուսումնասիրմամբ զբաղվող մասնագիտական հետազոտությունների դեպքում: Սկզբնական շրջանում կայքը հասանելի կլինի անգլերեն, ռուսերեն եւ ադրբեջաներեն լեզուներով, առաջիկայում նախատեսվում է գործարկել նաեւ ֆրանսերեն, գերմաներեն ու պարսկերեն տարբերակներով: Կայքի ստեղծմանն աջակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն»-ը:
ԼՂՀ ԱԳՆ-ից նաեւ տեղեկացնում են, որ Արցախի բնակչության համար կենսականորեն կարեւոր խնդիր կատարելով՝ Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին միջանցք էին տրամադրել ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր: Սա բազմաթիվ անգամներ հաստատվել է նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց, մասնավորապես, այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել է Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Ա. Մութալիբովը՝ այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու
ընդդիմության կեղտոտ փորձերի հետ՝ ամբողջ պատասխանատվությունը ադրբեջանական ընդդիմության վրա դնելով: «Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, գտնվում են Աղդամից 3 կմ եւ Խոջալուից 11 կմ հեռավորության վրա: Ընդհուպ մինչեւ 1993թ. ամառը տվյալ տարածքը գտնվել է ադրբեջանական զինված կազմավորումների մշտական վերահսկողության տակ, որը բացառում էր արցախյան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ»,- ասվել է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում:
«Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության մեջ, սակայն, նույնիսկ Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովն ինքը 1992թ. մարտին խոստովանել է, որ «միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել էին»,- սա արդեն գրել է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն 1992թ. ապրիլի 2-ին: Իսկ «Օգոնյոկ» ամսագիրն իր հերթին նշում է, որ «Խոջալուի վրա կատարված հարձակումը հանկարծակի չի եղել», եւ ադրբեջանցիները կարող էին ազատ ընդունել իրենց խաղաղ բնակիչներին:
Այս ռազմական գործողությունների որոշ մանրամասներ առայսօր պատված են մշուշով, ինչն էլ չարաշահում է Ադրբեջանի քարոզչամեքենան՝ դիմելով տարաբնույթ խեղաթյուրումների, կեղծիքների ու բացահայտ ստի: Անցած տարի ԼՂՀ ԱԳՆ-ն հասարակայնության ուշադրությունն է հրավիրել մի կեղծ լուսանկարի վրա՝ տեղադրված մի շարք ադրբեջանական կայքերում, այդ թվում` նաեւ կեղծ գաղափարներ ծնող «Հեյդար Ալիեւի Հիմնադրամ»-ի կայքէջում («www.azerbaijan.az»): Իրականում լուսանկարը անմիջական կապ է ունեցել Կոսովոյի իրադարձությունների հետ եւ հենց որպես կոսովոյան իրադարձություն՝ այն բազմաթիվ այլ լուսանկարների հետ միասին տեղադրված է եղել գերմանական, սերբական ու ալբանական ինտերնետ-ֆորումներում, «Նյու-Յորք թայմս» հրատարակչության կայքէջում եւ այլն: Ընթացիկ տարում նշված կեղծիքին ավելացել են նորերը եւ, այսպիսով, Երեւանում կայացած «www.xocali.net.» նախագծի շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են ադրբեջանական կողմից օգտագործվող բոլոր կեղծ նյութերն ու նկարները:
Ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը գրում է. «Քաղաքը եւ դրա բնակիչները գիտակցաբար զոհաբերվեցին քաղաքական նպատակի համար» («Զերկալո» թերթ, 1992թ. հուլիս): Թամերլան Կարաեւը, ով ժամանակին Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահն էր (այժմ` Հնդկաստանում ԱՀ դեսպան), վկայում է. «Ողբերգությունը իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները»: Ժամանակին Հեյդար Ալիեւն ինքը խոստովանել է, որ Խոջալուի իրադարձություններում «մեղավոր է նաեւ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը»: 1992թ. ապրիլին, «Բիլիկ-Դունյասը» գործակալության հաղորդագրության համաձայն, Հ. Ալիեւն ահավոր ցինիկ մի միտք է արտահայտել. «Արյունահեղությունը մեզ օգուտ կբերի: Դեպքերի ընթացքին խառնվելու հարկ չկա»: Եվ Ադրբեջանի «հայր» հռչակված Հ. Ալիեւը այս խոսքերի համար որեւէ պատասխանատվություն չի կրել:
Չեխ լրագրող Յանա Մազալովան, այդ օրերին ադրբեջանցիների անուշադրությունից օգտվելով, հայտնվել է մամուլի ներկայացուցիչների 2 խմբերում էլ, որոնց ցույց էին տալիս «հայերի կո
ղմից պղծված դիակները» եւ էական տարբերություն է նկատել: Դեպքերից անմիջապես հետո լինելով դաշտում` չեխ լրագրողը դիակների վրա վայրագության որեւէ հետք չի տեսել: Սակայն մի քանի օր անց լրագրողներին ներկայացրել են արդեն նկարահանումների համար «նախապատրաստված» այլանդակված մարմիններ, որի ականատեսն էլ լինում է Յ. Մազալովան: Այս առումով ռուսաստանյան «Մեգապոլիս-էքսպրես» թերթը գրել է. «Չի կարելի չընդունել, որ եթե Ադրբեջանի ժողովրդական ճակատը հեռուն գնացող նպատակներ էր հետապնդել` հասել է դրանց: Ա. Մութալիբովը վարկաբեկված ու տապալված է, համաշխարհային հասարակական կարծիքը ցնցված է, ադրբեջանցիներն ու նրանց եղբայրական թուրքերը հավատացել են «Խոջալուում ադրբեջանական ժողովրդի այսպես կոչված ցեղասպանությանը»:

Հաշվի առնելով առկա փաստերը, այլեւս համոզված կարելի է ասել, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ այնտեղ պահվող հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է միայն ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել: Հայկական կողմը մերկացնում է ադրբեջանական կեղծիքը:
Ուսումնասիրությունները շարունակվում են ու այժմ էլ պարզվել է, որ ադրբեջանցիներն օգտագործում են նաեւ 2008թ. ռուս-վրացական պատերազմում սպանված մի վրացի զինվորի լուսանկար: Մի լուսանկար էլ հայտնաբերվել է, որտեղ պատկերված է եղել իբր հայերի կողմից սպանված ադրբեջանցի խաղաղ բնակչուհի: Կրկին պարզվել է, որ նա նույն պատերազմի ժամանակ Գորիում զոհված կին է եղել: Այսպես կբացահայտվեն ադրբեջանական բոլոր կեղծիքներն ու խարդավանքները:
«Վստահ եմ, որ Խոջալուի իրական կազմակերպիչները կբացահայտվեն ու պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հայտարարել է, որ ինչպես Խոջալուի, այնպես էլ Սումգայիթում խաղաղ պայմաններում խաղաղ բնակչության ջարդերի կազմակերպիչները անպատիժ են մնացել. «Ցավալի է, որ Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո ազատ արձակվեցին հանցագործներն ու մարդասպանները, հերոսացվեցին, մեծարվեցին: Սակայն, ուշ թե շուտ հանցագործները պատիժը կկրեն»: Նալբանդյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի հանցագործները պատասխանատվության ենթարկվեն… Վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ Խոջալուի իրական կազմակերպիչները, որոնց մասին վկայում են Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը եւ այլ ադրբեջանական աղբյուրներ, որոնք այսօր հետապնդվում են այդ երկրում, կբացահայտվեն ու պատասխանատվության կենթարկվեն նույնպես»:
Մեր կողմից հավելենք, որ Ադրբեջանում կպատժեն, թե ոչ «Խոջալուի գործով» հանցագործներին, իրենց խնդիրն է, սակայն մի բան հստակ է, որ Խոջալուի արյունոտ դեպքերից հետո ադրբեջանցիներն առավել սարսափով վերաբերվեցին հայ ազատարար ջոկատներին: Այսինքն՝ պաշտոնական Բաքուն հայերին մեղադրելով «ցեղասպանության» իրականացման մեջ, ահավոր մեծ վախ ներշնչեց ադրբեջանցի զինվորների եւ Արցախի տարածքում հաստատված ադրբեջանական բնակչության մեջ: Եվ գոնե այն ժամանակ, ինչպես ասում են, փոս փորողն ինքն ընկավ փոսը… վստահաբար այժմ էլ նույն ճակատագրին կարժանանան ադրբեջանցի նոր փոս փորողները:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 8 (139), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.