Ավելի քան 16 ամիս տեւողությամբ ժամանակահատվածում 93 քրեական գործի դիտորդման հիման վրա կազմված 114 էջանոց զեկույցում կան մանրամասն առաջարկներ՝ ի հայտ եկած թերությունները վերացնելու համար:
2008թ. ապրիլ – 2009թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ԺՀՄԻԳ 37 դիտորդ հետեւել է մարտիմեկյան բախումների առնչությամբ հարուցված դատավարություններին: Զեկույցի հեղինակներն առաջարկում են սահմանափակել նախնական կալանքի կիրառումը եւ հետամուտ լինել անմեղության կանախավարկածին:
Նաեւ առաջարկում են, որ լինեն միջոցներ՝ երաշխավորելու մեղադրող եւ պաշտպանող կողմերի հավասարությունը դատարանում, ինչպեսեւ` համապարփակ քննություն՝ խոշտանգումների եւ այլ վատ վերաբերմունքի բողոքների նկատմամբ՝ կանխարգելելու անօրինական ճանապարհով ձեռքբերված ցուցմունքների կիրառումը:
Զեկույցում նշված է, որ դատավորների համար օգտակար կլինեն անաչառ ու մասնագիտական վարքագծի հմտությունների ուժեղացմանն ուղղված հետագա դասընթացները, եւ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու ՀՀ իշխանություններին՝ արդարադատության բարեփոխումների առաջընթացի շարունակության գործում: Նշվել է, որ ակնհայտորեն արդեն որոշ քայլեր նախաձեռնվում են՝ անդրադառնալու արդեն ի հայտ եկած թերություններին:
* * *
Մարտի 10-ին Հայաստան ժամանեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպումները եղան ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների հետ: Հյուրերն այցելեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ մասնակցեցին ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարին: ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ժ. Սոարեշը տարածաշրջանային այցը սկսել է Վրաստանից, հայտարարել է, որ Վրաստան երկօրյա այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի իշխանությունների եւ ընդդիմության հետ, հանդիպել է Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գ. Բարամիձեի հետ, իսկ հանդիպումից հետո հայտարարել, որ ԵԱՀԿ դիտորդները վերադառնալու են Վրաստան:
ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը հայտարարել է, որ ամռանը Օսլոյում նախանշված ԵԱՀԿ Խորհրդարանական Գագաթաժողովի ժամանակ հնարավոր է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքների առնչությամբ ընդունվի հատուկ բանաձեւ: Ժ. Սոարեշը այցելել է նաեւ Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահին:
Սա ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում Ժոաո Սոարեշի Հարավկովկասյան տարածաշրջան առաջին այցն է: Նրա գլխավորած պատվիրակության անդամների թվում է Վրաստանի եւ ԼՂ-ի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:
Նարե Մշեցյան
Իսրայելը նոր բախու՞մ է ծրագրում
Եվրոպական Միությունը սկսել է ավելի լրջորեն քննադատել Իսրայելին՝ Արեւելյան Երուսաղեմում շինարարական աշխատանքներ ծավալելու համար:
Իսրայելի իշխանությունները որոշել են շարունակել Երուսաղեմի արաբական հատվածում մոտ 1.600 տների կառուցման աշխատանքները:
«Իսրայելը պետք է վերանայի այդ որոշումը: ԵՄ-ն կոչ է անում իսրայելական իշխանություններին կատարել ստանձնած պարտավորություններն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ հետ կանգնել միակողմանի որոշումներից ու գործողություններից, որոնք կարող են վտանգի տակ դնել գործընթացի վերջնական արդյունքը»,- ասված է ԵՄ արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության ղեկավար Քեթրին Էշտոնի հայտարարությունում:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 9 (140), 2010թ.



