Ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա: ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ սա Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Առաջինը տեղի էր ունեցել 2008թ. նոյեմբերին, Ս. Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում:
Երկուստեք կարեւորվել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը: Նշվել է, որ Հայաստանում եւ աշխարհասփյուռ հայության կողմից Ֆրանսիան ընկալվում է որպես մերձավոր բարեկամ երկիր, իսկ միջազգային հարթակում՝ վստահելի գործընկեր ու դաշնակից, ինչը հայ-ֆրանսիական հարաբերություններին հաղորդում է առանձնահատուկ բնույթ: Ընդգծվել է, որ Ֆրանսիան եղել ու մնում է Հայաստանի բարեկամը՝ մշտապես կանգնած լինելով նրա կողքին:
Գորբաչովյան հետադարձ տեսակետ
Մարտի 11-ին լրացավ խորհրդային «պերեստրոյկա»-ի 25-ամյակը: Ոչ անհայտ Միխայիլ Գորբաչովն ընտրվելով ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար` սկիզբ դրեց այդ բարեփոխումներ կոչված քաղաքականությանը: Մ. Գորբաչովի ղեկավարած հիմնադրամը զեկույց է հրապարակել այդ առիթով, որտեղ խոսվում է ԽՍՀՄ-ի փլուզման պատճառների մասին, եւ դրանց շարքում հիշատակվում է արցախյան շարժումը:
«80-ականների վերջին մենք կարող էինք ինչ-որ ձեւով լուծել Ղարաբաղի հարցը, մեր կողմից առաջարկ էր մշակվել՝ Ղարաբաղում հանրապետություն ստեղծելու մասին: Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարը Վեզիրովն էր, կարծեմ, արդեն սկսել էր համաձայնել դրան»,- ասել է ԽՍՀՄ-ի նախկին ղեկավարը: «Ինձ թվում է` պետք էր աջակցել Լեռնային Ղարաբաղին, կարգավիճակ տալ: Պետք էր աջակցել հատկապես տնտեսական առումով, պետք էր այնպես անել, որ մարդիկ կարողանային հանգիստ կապ ունենալ Երեւանի հետ: Հետո, իհարկե, մենք Ղարաբաղին գումարներ հատկացրեցինք, իսկ թե ինչպես ծախսվեցին այդ գումարները՝ չգիտեմ…»:
Իսկ խնդրի կարգավորման հնարավորություններում այժմ Գորբաչովը լուծումներ չի տեսնում. «Չգիտեմ, հնարավո՞ր է արդյոք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ: Այն ժամանակ դա դեռեւս հնարավոր էր անել՝ Ղարաբաղին ինքնուրույնություն տալով, Ղարաբաղը զարգացնելով ընդհանրապես եւ տնտեսապես, ֆինանսավորում տրամադրելով»:
Հայ-ադրբեջանական «քննարկումներ»
ԼՂՀ-ի ազատագրված տարածքների մասին խոսելով՝ որպես Ադրբեջանին պատկանող շրջաններ՝ պաշտոնական Բաքուն խուսափում է այդ տարածքներում էթնիկ զտումների համար պատասխանատվությունից. այսպես է արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը՝ ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
«Խոսելով Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների՝ Ադրբեջանին պատկանելության մասին, այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է խուսափել ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ այդ տարածքների օկուպացիայի ու դրանցում էթնիկ զտումներ իրականացնելու պատասխանատվությունից:
Հետաքրքիր կլիներ, եթե ադրբեջանական կողմը ներկայացներ թեկուզ մեկ միջազգային իրավական ակտ, որը թույլ է տալիս էթնիկական զտումներ իրականացնել՝ դրանք արդարացնելով այն բանով, թե իբր իրականացվել են «սեփական տարածքում»»,- նշել է Տ. Բալայանը:
Իսկ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պարզաբանումն առ այն, որ ԼՂՀ հակամարտության հետեւանքների վերացման հետ կապված հարցերի շարքում հարկավոր է, որպեսզի լուծվեն նաեւ Մարտակերտի, Մարտունու եւ Շահումյանի շրջանների՝ «Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների եւ այդ շրջաններ փախստականների վերադարձի հարցերը», Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլխան Փոլուխովն առաջարկել է «ցույց տալ որեւէ միջազգային-իրավական ակտ, որտեղ կխոսվի այն մասին, որ երկիրը կարող է օկուպացնել սեփական տարածքը»:
ՀՀ իշխանության տեսակետը
«Ավելի շուտ երկինքը կիջնի գետնին, քան Լեռնային Ղարաբաղը կմտնի Ադրբեջանի կազմի մեջ: Ադրբեջանի հայտարարություններն ընդհանրապես փրփուրներից կախվելու փորձ են հիշեցնում եւ, իրենց կարծիքով, այդպես թոզ փչելով կարող են ինչ-որ բանի հասնել»,- մեկնաբանելով ադրբեջանական արգործնախարարության հայտարարությունը, թե Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանները պատկանում են Ադրբեջանին, ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Նրանք պետք է մեկընդմիշտ հասկանան, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում երբեք չի լինի՝ ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնա
կանորեն»,- նշել է իշխանության ներկայացուցիչը:
Իսկ պարբերաբար հնչող ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան, Է. Շարմազանովը ասել է. «Մեկ անգամ ռազմական ագրեսիա սկսեցին եւ տեսնում ենք՝ ինչ տխուր վերջաբան եղավ նրանց համար: Եթե նրանց համար հայկական կողմի հայտարարությունները բավարար չեն, հիշեցնեմ Իտալիայի Աքվիլա քաղաքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը՝ ԼՂՀ կարգավիճակը որոշելու է ԼՂ-ի ժողովուրդը: Իրականությունն այն է, որ ԼՂՀ-ն չի կարող Ադրբեջանի կազմում լինել»:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 9 (140), 2010թ.



