Տեղական եւ դրսից բերված լոլիկի գինը 500-1000 դրամի տարբերություն է տալիս: Թուրքիայից ներկրվածն արժե 1000 դրամ, իսկ ջերմոցներինը՝ 1600 դրամ, եւ դա շատ քչերն են գնում: Վարունգն էլ համարյա նույն գնին է:
Ըստ պետական եկամուտների կոմիտեի տվյալների, 2009թ. Հայաստան է ներկրվել ավելի շատ լոլիկ, քան՝ վարունգ: 2009թ. Հայաստան է ներկրվել 139 տոննա լոլիկ, նախորդ տարվա 121 տոննայի դիմաց, որի մաքսային արժեքը կազմել է 346 հազար ԱՄՆ դոլար, իսկ 1 կգ-ի մաքսային արժեքը կազմել է մոտ 2,5 դոլար:
2009թ. Հայաստան է ներմուծվել 131 տոննա վարունգ` նախորդ տարվա 168 տոննայի փոխարեն, որի մաքսային արժեքն է 337 հազար ԱՄՆ դոլար, իսկ 1 կգ-ի մաքսային արժեքն է մոտ 2,6 դոլար: Ընդ որում, 1-3-րդ եռամսյակներում ներկրվել է 23.746 կգ, որի մաքսային արժեքը կազմել է 55 հազար ԱՄՆ դոլար:
2009թ. արտահանվել է 621 տոննա լոլիկ եւ 45 տոննա վարունգ: Լոլիկի մաքսային արժեքը կազմել է 145 հազար ԱՄՆ դոլար, իսկ վարունգինը՝ 12 հազար ԱՄՆ դոլար:
Հայաստանն ու Թուրքիան դեռ չունեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն թուրքական շուկան (եւ ոչ միայն գյուղատնտեսական) արդեն երրորդ երկրների միջոցով տարիներ շարունակ ամրագրվում է Հայաստանում: Նույնիսկ փակ սահմանները չեն խոչընդոտում, որպեսզի թուրքական անորակ եւ էժան ապրանքատեսակները գրավեն հայկական շուկան, իսկ մեր տնտեսվարողները ինչպես հիմա չեն կարողանում ներթափանցել թուրքական շուկա, սահմանները բացվելուց հետո առավելեւս չեն կարողանալու դիմակայել թուրքական «էժանությանը», ինչը նաեւ թուրքական իշխանությունների կողմից նպատակային կդառա…
Նարե Մշեցյան
2 ամսու՞մ, թե՞ մինչեւ ապրիլի 24-ը
Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամ մի շարք եվրոպացի (շուրջ 2 տասնյակ) հեղինակավոր գործիչները բաց նամակ են հրապարակել Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկին, ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ բարոնուհի Աշտոնին, Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գաբրիելե Ալբերտինիին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Միլան Ցաբրնոխին ուղղված:
Եվրոպացի գործիչները կոչ են արել համաեվրոպական կառույցներին` եռանդորեն ներգրավվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ պահանջելով հանդես գալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը համահունչ հայտարարությամբ ու Թուրքիայի համար սահմանել արձանագրությունների վավերացման ողջամիտ՝ երկամսյա ժամկետ:
«Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների ստորագրությամբ սկսվեց իսկապես մի պատմական գործընթաց, որը կփոխի թշնամական տրամադրությունները երկու երկրների միջեւ ու կնպաստի ամբողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը: Սակայն, տեսնում ենք, որ մերձեցումը խոչընդոտվում է քաղաքական կամքի պակասի եւ արձանագրությունների հիմնարար սկզբունքները աղավաղելու փորձերի պատճառով»: Մտահոգված լինելով վերջին զարգացումներով՝ Խորհուրդը կարծում է, որ ԵՄ-ն պետք է միջամտի բոլոր հնարավոր միջոցներով՝ ներառյալ տարածաշրջան բարձրաստիճան այցի կազմակերպմամբ՝ 2 կողմերին հորդորելով վավերացնել արձանագրությունները առանց նախապայմանների եւ իրատեսական ժամկետում՝ ոչ ավել քան 2 ամսվա ընթացքում: Նաեւ հորդորում է տարածաշրջանի բոլոր կողմերին կառուցողական ներդրում ունենալ ու, մասնավորապես, Ադրբեջանին կոչ է արվում սատարել գործընթացին: Նշվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը, որը ողջունում է ՀՀ ՍԴ-ի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, որ դատարանի որոշումը նպաստում է ՀՀ-ում արձանագրությունների վավերացմանը եւ չպետք է չարաշահվի որեւէ մեկի կողմից որպես գործընթացը ձախողելու պատրվակ: Եվրոպացի գործիչները մեկ անգամ եւս հիշեցնում են բոլոր ներգրավված կողմերին՝ ամբոխահաճության անցանկալի հետեւանքների մասին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ
կապերի վերականգման պատմական գործընթացի վրա:
Իսկ ինչու՞ են շտապում եվրոպացիները… Ինչու՞ են բոլորը շտապում եւ շտապեցնում…
Վահագն Նանյան
Հարաբերական անդորր` ճակատներում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Կառավարության նախաձեռնած եւ խորհրդարանի ընդունած սույն օրինագիծը թույլ է տալիս կառավարությանը դադարեցնել, կասեցնել կամ չեղյալ հայտարարել միջազգային պայմանագրերը՝ նախքան դրանց ուժի մեջ մտնելը:
Իսկ վերլուծաբանների կարծիքով՝ նոր փոփոխությունը արվում է հայ-թուրքական կոչված արձանագրությունների դեմ, որպեսզի իշխանությունները կարողանան արձանագրությունները վավերացնելուց հետո հրաժարվել դրանցից, եթե թուրքական կողմը նախապայմաններ առաջ քաշի կամ հրաժարվի վավերացնել:
* * *
Իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ բրիտանացի գրող, լրագրող, կովկասյան տարածաշրջանի եւ արցախյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը ասել է, թե «հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցն ավելի դյուրին է, քան արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը. Թուրքիան ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, ժողովուրդների հետ շփումներ կա, պատերազմի սպառնալիք չկա, արտաքին քաղաքականության հարցերում իր շահերն ունի»: Թ. դե Վաալը կարծում է, որ Թուրքիան կարող է ներգրաված լինել արցախյան խնդրի կարգավորման գործում այնքանով, որքանով կողմերը դա կցանկանան, թեեւ կարողանում է անուղղակիորեն ներգրաված լինել: «Հայ-թուրքական մերձեցումը կդառնա դրական զարգացումների կատալիզատոր, որը բնականաբար դեռ չի եղել Թուրքիայի կողմից առաջ քաշվող տարաբնույթ պատճառների հետեւանքով. Թուրքիան ներքաղաքական կամ այլ գործոններից դրդված ուզում է ավելի ուժեղ դերակատարում ունենալ այս հարցում: Չեմ կարծում, որ կներգրավվի բանակցություններում, քանի որ խնդիրների կհանդիպի, բայց երկարաժամկետ հատվածում հիմնարար դինամիկան մնալու է նույնը»,- ասել է բրիտանացի լրագրողը:
Արտակ Հայոցյան
Մարմնավաճառներին՝ նոր աշխատա՞նք
Թուրքական իշխանությունները մտադրվել են զբաղվել «հնագույն մասնագիտությամբ»՝ մարմնավաճառությամբ զբաղվող կանանց աշխատանքի տեղավորման հարցով: Նման «մասնագետների» թիվն այդ երկրում անցնում է 100.000-ից: Թուրքիայի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչները մտադիր են հանդիպել շուրջ 3.000 մարմնավաճառ կանանց հետ, եւ եթե հանդիպման ընթացքում պարզվի, որ նրանք այդ գործն անում են ստիպված, ապա օգնելու են այդպիսիներին՝ աշխատանքի տեղավորելով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հոգեբաններ եւ սոցիոլոգներ:
Թուրքական զլմ-ները տեղեկացնում են, որ պաշտոնական տվյալների համաձայն, Թուրքիայում կա 56 հասարակաց տուն, որոնցում օրինականորեն «աշխատում» է մոտ 3.000 մարմնավաճառ: Ընդհանուր առմամբ, այս ոլորտում, որը բոլոր ժամանակներում էլ մեծ պահանջարկ է վայելում, նույն պաշտոնական տվյալներով, զբաղված է 15.000 մարմնավաճառ: Իսկ ինչպես նշեցինք, Թուրքիայում, պաշտոնական տվյալներով, մարմնավաճառների իրական թիվն անցնում է 100.000-ը, որոնցում կան նաեւ հետխորհրդային երկրներից եկած կանայք, այդ թվում՝ Հայաստանից:
Գոհար Վանեսյան
Երկրաշարժից մահացել է 72 մարդ
Թուրքիայի արեւելքում գրանցված երկրաշարժի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է 72 մարդ: Ըստ այդ տվյալների, շուրջ 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մահացածները եւ վնասվածք ստացածները 3 գյուղի բնակիչներ են, իսկ պաշտոնական թիվ չի հայտնվել:
Գրանցվել էին 6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, էպիկենտրոնում՝ Էլյազիգ շրջանում (Անկարայից 550 կմ հեռավորության վրա) ավերվել են տասնյակ տներ: Թուրքիայում բավականին հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում: Առավել ուժգին՝ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի էր ունեցել 1999թ., որը խլել էր 18 հազար մարդու կյանք:
Կարեն Բալյան



