Չհրաժարվե՛նք մեր դատի արդար ու վերջնական հանգուցալուծումից

Հերթական սպասումն ու ԱՄՆ-ի հերթական դիրքորոշումը
  – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդը ողջունում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ քվեարկությամբ ընդունած թիվ 252 բանաձեւը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի նախագահին միջոցներ ձեռնարկել, որպեսզի պետության արտաքին քաղաքականությունը հստակեցվի եւ ըմբռնում ցուցաբերվի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ նմանօրինակ իրադարձություններին, այդ թվում՝ կարեւորվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը:

Երկար տարիներ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը տարաբնույթ քննարկումների է ենթարկվում աշխարհի պետությունների օրենսդիր եւ գործադիր մարմիններում: Ավելի քան 20 պետություններ եւ միջազգային կազմակերպություններ են ճանաչել ու դատապարտել 1915-1923թթ. Արեւմտյան Հայաստանի (ներկայումս՝ Թուրքիայի) տարածքում 1,5-3 մլն. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որի պատճառով հայությունը կորցրեց իր հայրենիքի մեծ մասը եւ ազգային դիմադրության բոլոր հնարավորությունները:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումները նաեւ ցույց տվեցին, թե ամերիկացիների մի մասը ինչպես է բացահայտորեն անտեսում պատմական արդարության հանգամանքը: Նույնիսկ նրանք, ովքեր չքվեարկեցին ի օգուտ թիվ 252 բանաձեւի, հիմնականում ընդունում էին Հայոց ցեղասպանության փաստը, սակայն պատրաստ են դա անտեսել, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է:
Կարեւոր է, որ հնչեց այն միտքը, թե Գերմանիան էլ էր ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը, երբ դատապարտվեց հրեական հոլոքոսթը, ուստի՝ Թուրքիան էլ պետք է հասկանա, որ եղել է ցեղասպանություն, դա փաստ է եւ այն դատապարտվում է:
Սակայն չմանրամասնվեց, թե արդյո՞ք Թուրքիան Գերմանիայի պես պետք է հատուցի պատճառած բոլոր վնասները: Ավելին՝ եթե հրեաները ցեղասպանվել էին եվրոպական երկրներում եւ պատմական տարածք չէին կորցրել, ապա հայերը ցեղասպանվել են իրենց հայրենիքում եւ երկրի զգալի մասը կորցրել են, որն այժմ ցեղասպանների տիրապետության տակ է:
Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը հույս է հայտնում, որ այս անգամ ԱՄՆ-ի Կոնգրեսում հաշվի կառնվի այս ամենը եւ Հայոց ցեղասպանության հարցը եւս մեկ անգամ չի դառնա շահարկման առարկա Թուրքիայի հետ հարաբերություններում:
Իսկ դրա նախադրյալները երեւակվեցին Պալատի քննարկումների ժամանակ: Առավելապես շահարկվելու է հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրումը: Ուստի՝ ՀՀ իշխանություններին առաջարկում ենք՝
1. Մինչեւ ապրիլի 24-ը սառեցնել հայ-թուրքական կոչված արձանագրությունների քննարկումները: Սպասել, թե ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբաման կկատարի՞ վերջապես իր խոստումը եւ կարտասանի՞ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:
2. Թուրքիայից պահանջել, որ դադարեցնի հայ-թուրքական կոչված արձանագրությունների քննարկումների ընթացքում Արցախի, Հայոց ցեղասպանության եւ տարածքային այլ խնդիրների շահարկումները, որոնք փորձում է նաեւ դարձնել նախապայմաններ: Շարունակվելու դեպքում չեղյալ համարել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ Թուրքիայի հետ հարաբերություններում առաջնորդվել ցեղասպանության դատապարտման եւ տարածքային պահանջատիրական խնդիրներով:
ՀԱՀ խորհուրդը համայն հայությանը կոչ է անում՝ անկախ ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշումից, հետապնդել Հայ Դատը եւ այն հասցնել վերջնական ու փաստացի հաղթանակի:

Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) Խորհուրդ
(Արմեն Ավետիսյան՝ Հայ Արիական միաբանության առաջնորդ, Ռաֆֆի Պապիկյան՝ «Հայրենիք-Սփյուռք» կապերի նախաձեռնության ղեկավար, Արմենուհի Մելքոնյան՝ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Աշոտ Բադալյան՝ Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Գեւորգ Յազըճյան՝ պատմ. գիտ. թեկնածու, քուրմ Մանուկ՝ փիլ. գիտ. թեկնածու եւ այլք)

05.03.2010թ. – ք. Երեւան
  – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Ընդամենը 1 ձայնի առավելությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը: Լսումներին հաջորդած‘շուրջ 2 ժամ տեւած քվեարկության մասնակիցներից բանաձեւի նախագծին կողմ քվեարկեց  23, իսկ դեմ` 22 կոնգրեսական: Առաջին անգամը չէ, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր է ընդունում, 2000, 2005 եւ 2007թթ. նույնպես ընդունվել են այսպիսի բանաձեւեր: Սակայն, դրանք Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չէին դրվել` Սպիտակ տան ջանքերով:
Ի դեպ, այս անգամ էլ Կոնգրեսի հանձնաժողովում բանաձեւի քննարկումներից առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոսել էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Հովարդ Բերմանի հետ եւ հորդորել էր նրան կասեցնել քվեարկությունը, քանի որ այն կվնասի ՀՀ ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններին: Եվ սա արվել է Բարաք Օբամայի իմացությամբ, ով ԱՄՆ նախագահ դառնալու համար ամերիկահայությանը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա նույնպես նորություն չէ ԱՄՆ-ի նախագահների գործելաոճի առումով:
Ինչեւէ, հայ-թուրքական արձանագրությունների քննարկումների ընթացքում այս բանաձեւի ընդունումը գոնե կհստակեցնի թուրքական տեսակետը՝ պարբերաբար առաջադրվող նախապայմաններից մեկի նկատմամբ:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարասկզբին ավելի քան 1,5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները եւ խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արեւմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել, առաջինը դա արել է Ուրուգվայը 1965թ., ապա՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհուրդը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Այսպես՝ ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բազմաթիվ նախագահներ` Ջիմի Քարտները, Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ ավագը, Բիլ Քլինթոնը եւ Բարաք Օբաման, ժամանակին ասել ու արտաբերել են ցեղասպանություն բառը:
Թիվ 252 բանաձեւի նախաբանում նշվում է. «Հայոց ցեղասպանությունը ծրագրվել եւ իրականացվել է Օսմանյան Կայսրության կողմից 1915-1923 թվականներին, որի արդյունքում տեղահանվել են 2 մլն հայեր: Նրանցից 1,5 մլն-ն սպանվել է, 0.5 մլն վերապրածներ վտարվել են իրենց տներից: Այս ամենի հետեւանքով վերացվեց հայերի 2500 տարվա ներկայությունը իրենց պատմական հայրենիքում»:
Եվ ահա, Թուրքիան կոչ է անում Հայաստանին՝ բացել բոլոր արխիվները եւ ԱՄՆ Կոնգրեսի միջոցով ճնշում գործադրելու փոխարեն բանակցել դեմ առ դեմ: «Ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձեւը կատակերգական է, քանի որ մեկ ձայնի տարբերությունը բավական տարօրինակ է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը սխալ է համարում այն կարծիքը, որ ընդունված բանաձեւը կարող է ճնշում դառնալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում. «Այն, ինչը Թուրքիան այս գործընթացում նախաձեռնել է 10 օրում, Հայաստանն արել է 4 ամսում: Ընդունված բանաձեւը վկայում է, որ ԱՄՆ Կոնգրեսը շատ թույլ է քաղաքական ապագա ռազմավարության մշակման հարցում»,- ասել է Ա. Դավութօղլուն:
Իսկ Հայաստանում կարծում են, որ թուրքերը պետք է այլեւս լուրջ հետեւություն անեն` մերժման քաղաքականությունից անցնեն հաշտության եզրեր գտնելու քաղաքականությանը, քանի որ այս պայքարը, որը մղում են հայերը, համամարդկային պայքար է, որպեսզի դատապարտվի առհասարակ ցեղասպանությունը, որպեսզի մարդկությունը իր խնդիրները լուծի բարեկիրթ ձեւերով:
Անկարան, սակայն, այդպես չի կարծում, եւ այդ երկրի դեսպանն ԱՄՆ-ից հետ է կանչվել, իսկ ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձեւի առնչությամբ, ով շտապել է հայտնել, թե՝ «մենք դեմ ենք հանձնաժողովում քվեարկված բանաձեւին…, որ դրա ընդունման փաստը վնասակար ազդեցություն է ունենալու թուրք-ամերիկյան հարաբերությունների եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա»: ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների կողմից բանաձեւի հետ կապված որոշ նախազգուշացումներ է ստացել:
Թուրքական զլմ-ները նույնպես բուռն արձագանքեցին՝ մարտի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը դատապարտող հայտարարություններով` նշելով, որ թուրք հանրությունը հիասթափված է ԱՄՆ-ի կոնգրեսականների որոշումից: Առաջինն իր հիասթափությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը. «Որոշումը խելամիտ չէր: Ես կտրականապես այն դատապարտում եմ: Դա ոչինչ չի նշանակում թուրք ժողովրդի համար: Մենք չենք պատրաստվում պատասխանատվություն կրել այդ քվեարկության բացասական ազդեցության համար»: Նախագահի հայտարարությանը անմիջապես հաջորդել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ երկրի խորհրդարանի հայտարարությունները: Վարչապետը նշել է, թե «լուրջ անհանգստացած է բանաձեւի ընդունմամբ», իսկ կառավարությունն իր հայտարարությունում ասել է, թե բանաձեւի ընդունումը խաթարում է թուրք-ամերիկյան հարաբերությունները եւ խոչընդոտում հայ-թուրքական ներկա բանակցությունների ընթացքը. «Մենք դատապարտում ենք այս բանաձեւի ընդունումը, որով թուրք ժողովուրդը մեղադրվում է մի հանցանքի մեջ, որը չի կատարել»:
Չնայած այս ամենին, Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը ուղարկվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների լիագումար պալատի քննարկմանը, որն էլ քվեարկությամբ կորոշի դրա հետագա ճակատագիրը:
 Իսկ գերտերությունները ճնշումներ են բանեցնում Թուրքիայի վրա, որպեսզի հանգստացնեն Անկարային: Սակայն, այս պահին Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ պատրաստ կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը տարածաշրջանում ազդեցիկ դիրք ունենա ու հզոր տնտեսություն, այսինքն` երբ որոշակի միջազգային հետաքրքրություն կառաջացնի իր նկատմամբ:
Իսկ թե ի՞նչ տեղի կունենա Կոնգրեսի լիագումար նիստում բանաձեւի քվեարկության ընթացքում, կամ արդյո՞ք դա տեղի կունենա մինչեւ ապրիլի 24-ը, հարցերը առկախ են: Ինչ վերաբերում է այդ օրը նախագահ Բ. Օբամայի ելույթին եւ այն բանին, թե այս բանաձեւը կարո՞ղ է հույս ներշնչել, որ նախագահը վերջապես կգործածի ցեղասպանություն բառը, նույնպես մնում է առկախ: Իհարկե այս թոհուբոհից անմասն չէր կարող մնալ նաեւ Բաքուն: Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կտրականապես դատապարտում է ԱՄՆ Կնոգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելու որոշումը: Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ կոնգրեսականների այդ քայլն անարդար ու սխալ է: «1-ին համաշխարհային պատերազմի ռազմաճակատներից մեկում 1915 թվականին տեղ ունեցած իարդարձությունների ընթացքում կորուստներ են ունեցել պատերազմի մասնակից բոլոր ժողովուրդներն ու երկրները: Հարցն այն է, թե ով է ավելի շատ կամ ավելի քիչ կորուստ ունեցել»,- հերթական անգամ բարբաջել են ադրբեջանցի պաշտոնյաները: Իսկ թե «մասնակից բոլոր ժողովուրդներն ու երկրները» որոնք են կամ Դեր Զորի անապատը 1-ին աշխարհամարտի հատկապես ո՞ր ռազմաճակատն էր իրենից ներկայացնում, Ա. Հասանովը չի պարզաբանում… Այս անհեթեթությունները վկայում են, որ բանաձեւի ընդունումը խիստ նյարդային է ընդունվել նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից: Երեւի Բաքվում արդեն իսկ գլխի են ընկել, որ ադրբեջանական ճնշումները Թուրքիայի վրա այլեւս չեն կարող ազդեցություն գործել ու հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը կարող է շարունակվել առանց Արցախի եւ ազատագրված տարածքների խնդրի արծարծման:
Իսկ հայերը ամենուր բարձր են գնահատում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը: Այն համարում են համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության եւս մեկ վկայություն եւ կարեւոր քայլ մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին: Մեծ ոգեւորություն կա ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
Բավական հետաքրքիր էր կոնգրեսականների քվեարկության ընթացքը: Կար մի պահ, երբ բանաձեւին դեմ ձայները հասել էին կրիտիկական կետի, եւ գրեթե կրկնակի գերազանցում էին կողմերին… եւս մեկ ձայն, եւ բանաձեւը չէր անցնի: Սակայն, հետագայում կողմ քվեարկողները դահլիճ էին մտնում ուշ-ուշ, մինչեւ որ կողմ ձայները 1-ով ավելացան: Մնացել էր վերջին կոնգրեսականը, որը սակայն այդպես էլ չքվեարկեց, եւ բանաձեւն ընդունվեց: Այնպիսի տպավորություն էր, որ այդ ամբողջ ընթացքում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ղեկավարներն ակտիվ բանակցությունների մեջ են էին, ու թերեւս համաձայնության չեն եկել ինչ-որ հարցերում: Իսկ մինչ քվեարկությունը լուրեր էին տարածվում այն մասին, թե վարչակազմը ճնշում է բանեցնում կոնգրեսականների վրա: Ինչեւէ, բանաձեւն ընդունվեց, եւ այն Հայաստանի համար նոր խնդիրներ առաջ քաշեց: Ինչպես իրենց նոր իրավիճակում կպահեն ԱՄՆ-ն ու Թուրքիան, եւ արդյո՞ք ընդառաջելով բանաձեւի ընդունմանը, ԱՄՆ-ն Հայաստանից չի պահանջի «փոխհատուցում» ինչ-որ հարցերում, կամ բանաձեւը «սառեցնելու» համար «փոխհատուցում» չի պահանջի Թուրքիայից:  Իրավիճակն, այնուամենայնիվ, բարդ է:
Ուստի՝ չպետք է Հայաստանը եւ Սփյուռքի լոբբիստական կազմակերպությունները  գերագնահատեն բանաձեւի ընդունումը, որն ավելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում: Եվ ԱՄՆ-ն այն պետությունը չէ, որ քաղաքականության մեջ որոշումներ ընդունի լոբբիզմի ազդեցության տակ: Ըստ այդմ, հայկական լոբբիստական կազմակերպությունները, թերեւս, պետք է փոխեն իրենց գործունեության տրամաբանությունն ու ուղղվածությունը` ուժերն ուղղելով առաջին հերթին Հայաստանը մրցունակ պետություն դարձնելուն, որն ի վիճակի լինի պաշտպանել իր շահերը: Հակառակ դեպքում, անիմաստ կդառնա որեւէ բանաձեւի ընդունում:
Այս օրինագիծը մոտ մեկ տարի առաջ մշակել եւ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին են ներկայացրել Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը եւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնն ու Մարկ Քըրքը: Բանաձեւին արդեն իսկ աջակցում են 135 կոնգրեսականներ: Այս անգամ հրեական լոբբիստական կազմակերպությունները գոնե բացահայտորեն չեն պաշտպանել թուրքերին, չնայած Անկարան դիմել էր հրեական լոբբիստական կազմակերպություններին, որպեսզի ամեն ինչ անեն` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելիք Հայոց ցեղասպանության բանաձեւն օրակարգից հանելու համար:
Հրեաները բավականին կոշտ էին պատասխանել թուրքական կողմին, ինչը անսպասելի է եղել: Ըստ լուրերի, հրեաները պատասխանել են, որ Կոնգրեսը պատմությունը վերաքննելու տեղ չէ: Իսկ նախկինում հրեաները միշտ աջակցել են թուրքական կողմին, եւ սա նույնպես կապվում է տարածաշրջանային հնարավոր փոփոխությունների ու զարգացումների հետ:
Այս առումով կարեւորվում է հայկական սփյուռքյան կառույցների գործունեությունը նույնպես, քանի որ նրանց աջակցությունը Հայաստանին հիմա զգացվելու է ավելի շատ: Եվ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կենտրոնական վարչությունը, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն ու Ռամկավար ազատական կուսակցությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Այս տարի Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակն է: Մոտենում ենք մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից մեկի 100-ամյա տարելիցին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման պայքարը մեծագույն նշանակություն ունի ինչպես համամարդկային քաղաքակրթական արժեքների, այնպես էլ Հայաստանի անկախ պետականության անվտանգության առումով: Հանցագործության անպատիժ մնալն էր, որ հետագայում հնարավոր դարձրեց նմանատիպ ոճիրների կրկնությունը:
Մենք վճռական ու վստահ ենք մեր արդար դատը հաղթանակով ավարտելու պայքարում: Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, հասարակական-քաղաքական բոլոր ուժերին, Սփյուռքյան բոլոր կառույցներին, հայ ժողովրդի ապագայով մտահոգ բոլոր մարմիններին՝ համախումբ լինել համազգային խնդիրների շուրջ, միասնական եւ կուռ դիրքորոշում ներկայացնել ամբողջ աշխարհին, իրական քայլեր կատարել Հայաստանի, հայկական Սփյուռքի, ընդհանրապես հայության խնդիրները լուծելու, համազգային հարցերի շուրջ միասնական քաղաքական կամք ձեւավորելու, աշխարհում մեր ինքնուրույն եւ արժանապատիվ տեղն ապահովելու ճանապարհին:
Հայկական իրականության այս կարեւոր հանգրվանում մենք դատապարտում ենք այն բոլոր երեւույթները, որոնք հայության կամքը կոտորակելուն են ծառայում:
Այսօր արդեն բազմաթիվ պետություններ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այլընտրանք չկա` հայության բոլոր հատվածների գործակցությամբ, մեր անկախ պետականության հզորացմամբ մենք հասնելու ենք աշխարհի ու նույնիսկ Թուրքիայի կողմից մեր Արդար Դատի ճանաչմանը:
Սա է Հայաստանի Հանրապետության եւ հայության լիարժեք անվտանգ ապագայի երաշխիքը»,- ասված է հայտարարության մեջ:
Կարեւոր է, իհարկե, օտարների աջակցությունը եւս, ովքեր աշխարհի տարբեր երկրներից պնդում են, թե «Թուրքիան պետք է խիզախություն ունենա ընդունել 1915թ. Հայոց ցեղասպանությունը»: Հետաքրքիր է, որ որոշակիորեն արծարծվում է նաեւ «դեռ Խորհրդային Ադրբեջանում, 1988թ. Սումգայիթյան ողբերգությունը, որին հաջորդեցին 1991թ. Բաքվի, Կիրովաբադի եւ հայաբնակ այլ վայրերի հայկական բնակչության ջարդերը: Իսկ Խոջալուի սպանդի մեղավորներին պետք է փնտրել հենց Ադրբեջանում…» տեսակետը:
Անկարան այս ամեն ինչից հետո հայտարարում է, որ պատրաստ է նույնիսկ ամենավատ ծավալումներին: Ըստ թուրքերի, ԱՄՆ-ն Թուրքիայի կարիքն ունի` 1. Աֆղանստանում համագործակցելու, 2. Իրաքից ամերիկյան զինվորներին Թուրքիայի վրայով հետ քաշելու, 3. Իրանի հետ երկխոսություն ունենալու առումով: Եվ թուրքերը վստահ են, որ այս անգամ էլ «ջրից չոր դուրս կգան»:
Հետաքրքիր է, որ թիվ 252 բանաձեւի ընդունումը նոր «ալիք» է առաջացրել հրեական եւ անգլիական ուղղություններում: Նույնիսկ Մեծ Բրիտանիայի պետական շրջանակներում է քննարկվում Հայոց ցեղասպանության հարցը: Իսկ հրեա-անգլո-ամերիկյան եռյակը միշտ հանդես է եկել թուրքական կողմի աջակցությամբ, ուստի զարմանալի եւ զգուշանալի են այս եռյակի հայկական կողմին ուղղված «քայլերը»……
Ամերիկյան հեռուստաեթերով նույնիսկ ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին տեսանյութ, «CBS» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի շրջանակներում տեսանյութ է թողարկվել, որի ընթացքում նշվել է, որ Սիրիայի Դեր Զորի անապատում կոտորվել է շուրջ 450 հազ. հայ: «Կոտորածի ապացույցներ ամեն քայլափոխի կան: Դրանք գտնելու համար հարկավոր է ընդամենը մի քիչ փորել անապատի հողը»,- ասվել է հաղորդման ընթացքում: Նշվել է նաեւ, որ Ադոլֆ Հիտլերը հրեաներին ցեղասպանությունն իրագործելիս ոգեւորվել է հենց Հայոց ցեղասպանության անպատժելիությունից:
Իսկ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը հիացած է ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովի որոշումից. «Քանի դեռ Բրիտանիայի ու Թուրքիայի հարաբերությունները հիմնված են տնտեսական, ռազմական ու քաղաքական շահերի վրա, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Բրիտանիայում չի քննարկվի… Ես պարզապես հիացած եմ. Կոնգրեսը, տեղի չտալով ոչ Թուրքիայի, ոչ էլ ԱՄՆ նախագահի վարչակազմի ճնշումներին, հաստատեց բանաձեւը: Թեեւ Հիլարի Քլինթոնը կարծում է, որ այն բացասականորեն կազդի հայ-թուրքական գործընթացների վրա, ես այդպես չեմ կարծում»,- ասել է դեսպանը: Իսկ Հայաստանում էլ արձագանքում են, որ եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, չէր լինի Թուրքիայի ներկայիս սահմաններով պետությունը, ինչը պետք է ամրագրվի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հաջորդ բանաձեւերում:
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը նույնպես շնորհավորել է աշխարհասփյուռ հայությանը` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման առիթով: ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ, մինչ ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում, եվրոպահայ կազմակերպությունները կանեն ամեն ինչ ամերիկահայ լոբիստներին սատարելու եւ ԱՄՆ Կոնգրեսի ու իշխանությունների կողմից ցեղասպանության վերջնական ճանաչման համար:
Մենք նույնպես միանում ենք այս պայքարին եւ կոչին ու վստահ ենք, որ համայն հայությունը երբեք չի հրաժարվի իր արդար դատի վերջնական ու ճշմարիտ հանգուցալուծումից:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 9 (140), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.