Նրանց մի մասը գնացել էր Եվրոպայի խորհրդի գրասենյակ` դիմում-նամակ հանձնելու, իսկ մյուս մասը տեղում իրենց անելիքներն էր որոշում: «Մենք եզդի եղել ենք, կանք ու կլինենք»,- ասել է Մասիսի տարածաշրջանի եզդիների միության համայնքի անդամ Քյարամ Սոլոյանը: Հավաքվածները բողոքում էին, թե ՀՀ իշխանությունները փորձում են իրենց քրդացնել եւ անտեսել որպես եզդի ազգ. «Եզդի ազգը խանգարում է քրդական համայնքներին, նրանք իշխանությունների միջոցով փորձում են մեզ միավորել իրենց հետ: Ասում են 22 գյուղ քուրդ կա, բայց ընդամենը մի ընտանիք քուրդ կա: Եվրախորհուրդը մեզ որպես ազգ է ներկայացրել, բայց Հայաստանում մեզ ուզում են քրդացնել»:
Բողոքավորները տեղեկացրին, որ ՀՀ քրդական համայնքը մի քանի դիմում-բողոքներ է ուղարկել վարչապետին, նախագահին, թե եզդի ազգ գոյություն չունի, նրանք ազգությամբ քուրդ են, իսկ եզդին կրոնական պատկանելություն է:
Եվ ահա, եզդիներն էլ զգուշացնում են, որ եթե «իրենց լեզվին, ազգին «կպչեն», ապա իրենք հաճախակի դիմում-ակցիաներ կանեն տարբեր կառույցների մոտ»:
* * *
Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի Հայաստանից: Այսպես հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բիթլիսից ընտրված պատգամավոր Մեհմեդ Նեզիր Քարաբաշը՝ մեկնաբանելով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության բանաձեւի ընդունման փաստը:
Մ. Ն. Քարաբաշը նշել է, որ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը երբեք Թուրքիայում չի քննարկվել ու չի ընդունվել, եւ ամոթ է, որ ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրների խորհրդարաններն են քննարկում դա եւ ոչ թե Թուրքիան:
Վահագն Նանյան
Հ. Գ. – Հետաքրքիր է, որ պատմագրության մեջ մեկ այլ փաստ էլ է առկա:
Ըստ այդ փաստերի, Արեւմտյան Հայաստանի տարածքում ապրող քրդերը 1915-1923թթ. ցեղասպանության ընթացքում հաճախ են օժանդակել օսմանյան ջարդարարներին, սակայն, հիմնականում օրինակներ են բերվում, թե ինչպես են որոշ քրդեր փրկել հայերին՝ զանգվածային կոտորածների ժամանակ: Այս առումով եղել են նաեւ թուրք ընտանիքներ, որոնք փրկել են հայերի, սակայն… ցեղասպանությունը եղել է, եւ դա անհերքելի է:
Եթե եզդիները ճիշտ են, եւ ներկայիս իշխանությունները փորձում են աշխատել քրդական գործոնի հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում, ապա պետք է հիշեն, որ քրդերը թուրքերից ոչ պակաս ուժգնությամբ են ցանկանում տիրել Արեւմտյան Հայաստանի հողերին՝ ապագա Քրդստանի ստեղծման համար:
Հիշեցնենք` ժամանակին քրդերը հայերին նույնիսկ առաջարկել են (իհարկե` ոչ պաշտոնապես) Արեւմտյան Հայաստանի տարածքում (նաեւ` Իրանի, Իրաքի եւ Սիրիայի) հայ-քրդական պետություն ձեւավորել……
Այնպես որ, անհրաժեշտություն է բոլոր կողմերի հետ աշխատելը, սակայն, հարկ է լինել միշտ զգույշ եւ հայակենտրոն:
«Լուսանցք» թիվ 9 (140), 2010թ.



