Հայերի բռնի իսլամացումը վկայում է հենց Թալեաթը

Թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, ներկայացնելով Թուրքիայում հայերի բռնի իսլամացման խնդիրը, ասել է, թե վերջին շրջանում թուրքական գիտական շրջանակները եւս անդրադառնում են դրան` փորձելով վստահեցնել, որ ցեղասպանություն չի եղել ու հայերը «կամովին փոխել են իրենց կրոնը եւ շարունակել են ապրել արդեն որպես թուրքեր»:

Սակայն, ըստ թուրքագետի, հենց իրենց ներկայացրած փաստերն ապացուցում են ճիշտ հակառակը, կրոնափոխությունը, առաջին հերթին, դիտվում է որպես ազգային ինքնագիտակցությունը ջնջելու տարածված մեթոդ, «իսլամացման դեպքեր տեղի են ունեցել նաեւ հանրապետական Թուրքիայում, եւ հայության այն բեկորները, որոնք ինչ-որ կերպ շարունակել են գոյատեւել Թուրքիայի տարածքում, Թուրքիայի հանրապետության պատմության տարբեր տարիներին պետական քաղաքականության հետեւանքով ենթարկվել են բռնի իսլամացման»:
Ռ. Մելքոնյանը հայտնել է, որ վերջերս Թուրքիայում հրատարակվել է Թալեաթ փաշայի օրագիրը, «որտեղ հանդիպում ենք հայերի բռնի իսլամացման փաստերի»: Ըստ նրա, նույնիսկ փաշայի ձեռագրով գրված է, թե քանի հայ երեխաներ են մնացել որբ եւ որ տարածքներում են նրանք բաժանված: Օրագրում կա Թալեաթի կարգադրությունը` հայ երեխաներին բաժանել մուսուլմանական ընտանիքներին` այն պայմանով, որ նրանց տրվի իսլամական կրթություն եւ հատուկ շեշտվում է` հատկապես այն տարածքներում, որտեղ չկան քրիստոնյաներ ու հայեր:
Ըստ տարբեր նյութերի, որոնք պահպանվել են ԱՄՆ-ի ազգային արխիվում, Ազգերի լիգայում, ցեղասպանության ժամանակ բռնի իսլամացման են ենթարկվել շուրջ 100.000 հայեր, որոնց մեծ մասը եղել են կանայք ու երեխաներ: «Երբ համադրում ենք բոլոր փաստերը, կարող ենք նշել, որ ցեղասպանության ամբողջ ընթացքում, երեւի թե, իսլամացվել է 200.000 հայ, որոնցից 98 հազարը, ըստ տարբեր աղբյուրների, 1918-22թթ. վերադարձել են իրենց ինքնությանը, մոտավորապես 100.000-ը մնացել են իսլամական ընտանքիներում»,- նշել է Ռ. Մելքոնյանը եւ հավելել, որ հաշվի առնելով բնակչության աճը, կարող ենք ասել, որ այդ շերտը այժմ կարող է հասնել մոտավորապես 1 մլն-ի:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 10 (141), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.