Մեր փոստից` ամենայն պարզությամբ

Հա՞րց, թե՞ պատասխան

Մեր օրերում շատ է լինում, երբ ծնողդ, բարեկամդ, ընկերդ ու հարեւանդ ինչ-որ բանով մտահոգված, կամ տոգորված- ոգեւորված խոսք են բացում, խորհուրդ տալիս ու խրատում եւ այնուհետ վիրավորվում ու նեղսրտում, որ բնությամբ կամ ընտրությամբ հարազատը իր լավ միտքը չի ընկալում-չի հասկանում:
Եվ նա բնավ չի ենթադրում, որ քեզ համար չեղած հարցին պատասխան է պարտադրում:
Դրա համար ինչ-որ չափով չեղած հարցեր մտքից պեղենք:
Ո՞րն է Իմաստությունը, հասկանա՞լը,  թե՞ հասկացնելը:
Թե հասկանալը, ապա ու՞ր է այն: Այնպես է չքվել, որ թվում է` երբեք չի եղել:
Իսկ հասկացնողի հասկանալն ու՞ր է:  
Ինչու չգիտի՞, որ բղավելով խոսելը զուր է:

Մերօրյա կյանքում ինչքա՜ն առատ է հասկացնողի կեցվածքն ու ջանքը:
Որքա՜ն առատ է ինքնաքծնանքի ձեւ հանդիսացող ենթադրության «ապացուցումը»:
Որքա՜ն առատ է անորոշ ուղու մատնացուցումը:
Որքա՜ն առատ են չիրականացած ակնկալիքից լարված ջղերը:
Որքա՜ն առատ են անակնկալից ծալված ծնկները:
Երբվանի՞ց խզվեց աչք ու ականջի փոխադարձ կապը:
Երբվանի՞ց սրված ականջի լուրը ստիպեց խոհեմ աչքերին չռվել:
Ե՞րբ է չքացել եւ ու՞ր է կորել մեր Նախնիների կուտակած փորձը:
Այս ե՞րբ շփոթվեց գործիքն ու Գործը:
Այս ե՞րբ գործիքը դարձավ նպատակ, իսկ Գործը՝ միջոց:
Մինչեւ ե՞րբ պիտի հավատի համար մարդը վճարի ու ոչ էլ ճարի:
Մինչեւ ե՞րբ պիտի մարդու ուղեղը անբանությունը նպատակ համարի:
Միտքս ավարտեմ իմ լավ ընկերոջ՝ հորից ժառանգված գործածող խոսքով. «Ցավներդ տանեմ վարդի մուրաբով», ձեր մտերիմին օգտակար կլինեք, եթե այդ պահին նրան անհրաժեշտ հարցերը ուղղեք: Իսկ պատասխանը թող ինքը գտնի, որ չկորցնի:

Անդրանիկ Աթոյան

«Լուսանցք» թիվ 10 (141), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.