Շվեդիան էլ ճանաչեց, իսկ Մեծ Բրիտանիա՞ն

Թուրքական լրատվամիջոցները նորից աղմկում են. Շվեդիայի խորհրդարանում 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության բանաձեւը: Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ ինչպես մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, այնպես էլ շվեդական խորհրդարանում, Անկարային այդքան մտահոգող բանաձեւն ընդունվել է 1 ձայնի առավելությամբ:
Թուրքիայի եվրաանդամակցությունը խրախուսող միակ եվրոպական երկիրը՝ Շվեդիան, խորհրդարանի մակարդակով 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն որակող օրինագիծ ընդունեց, որում դատապարտվում են թուրքերի կողմից իրականացված ոչ միայն հայերի, այլ ասորիների, պոնտոսցի հույների ու կելտերի ցեղասպանությունները:

Անկարան այս բանաձեւի ընդունումն էլ անարձագանք չթողեց: Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը չեղյալ հայտարարեց Ստոկհոլմ կատարելիք իր այցը, ապա Անկարա հետ կանչեց Շվեդիայում Թուրքիայի դեսպանին, չեղյալ հայտարարվեց մարտի 17-ին նախատեսված Թուրքիա-Շվեդիա գագաթաժողովը:
Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շտապեց ասել Շվեդիային. «Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ընդունվում նման որոշումները: Դրանք անհարգալից վերաբերմունքի դրսեւորումներ են մեր հանդեպ»:
Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունել է Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան Թուրքիայի կողմից եւ հայտնել է, որ  ԱՀՀ-ն շարունակելու է «դադարեցնենք Թուրքիայի բերանը փակելու քաղաքականությունը» նախաձեռնության իր պայքարը:
Շվեդիայի խորհրդարանի մարտի 11-ին ընդունած որոշումը ունի 3 կետեր, որոնք ներկայացնում ենք ստորեւ՝  
1. Ի գիտություն Շվեդիայի կառավարության, Խորհրդարանը հայտարարում է, որ ճանաչում է 1915թ. տեղի ունեցած հայերի, ասորիների (սիրիացիների), խալդերի եւ պոնտացի հույների ցեղասպանությունը:
2. Խորհրդարանը հայտարարում է, որ Շվեդիան Եվրամիության եւ ՄԱԿ-ի հետ համատեղ պետք է սատարի 1915թ. հայերի, ասորիների (սիրիացիների) խալդերի եւ պոնտացի հույների ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
3. Խորհրդարանը հայտարարում է, որ Շվեդիան պետք է միջնորդի, որպեսզի Թուրքիան ճանաչի հայերի, ասորիների (սիրիացիների) խալդերի եւ պոնտացի հույների 1915թ. ցեղասպանությունը:
Շատ եվրոպացիներ են կարծում, որ Թուրքիան չի կարող դառնալ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկիր, քանի դեռ սեփական երկրի մասին ճշմարտությունը չի ընդունել: Նաեւ հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց ցեղասպանության մասին կարծիք արտահայտելու համար, եւ դեռեւս շատ շատերն են ազատազրկվել 301 բանաձեւի հետեւանքով: Ուստի եվրոպական շատ երկրներում համոզված են, որ թուրքական կառավարության որեւէ բան փոխելու ձգտումներն ընդամենը ձեւական բնույթ ունեն:
Բացի այս, թուրքերի գլխին մեկ այլ վտանգ էլ է կախվել: Եվ դա կանխելու համար Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը մարտի 16-ին Լոնդոնում հանդիպեց բրիտանացի պաշտոնակից Գորդոն Բրաունի հետ:
Թուրք պաշտոնյան նախազգուշացրել է իր անգլիացի պաշտոնակցին, որ կանխվի հայկական օրինագծի ընդունումը Միացյալ Թագավորության Համայնքների պալատում: Նշվել է, որ դա կունենա բացասական հետեւանքներ՝ կվնասվեն  թուրք-անգլիական հարաբերությունները, նաեւ՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում ապրիլի 30-ին քննարկվելու է «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու» մասին օրինագիծը: Համայնքների պալատի կողմից ընդունվելուց հետո բանաձեւը ներկայացվելու է Լորդերի պալատ, այնուհետեւ՝ թագուհու ստորագրմանը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 10 (141), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.