Հայտարարություն – կրոնամոլության հերթական ծավալման դեմ

Օրերս առավել թեժացավ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը, անհատույց սեփականության իրավունքով, Հայ առաքելական եկեղեցու տնօրինությանը հանձնելու հարցը:
Այս որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը եւ պատճառը մեկն է՝ դա խնդրել է կաթողիկոսը:
Հետաքրքիր է՝ եթե կաթողիկոսը խնդրի, որ ՀՀ նախագահական շենքը հողատարածքով դառնա իր գլխավոր նստավայրը, նույն հապճեպությամբ կհամաձայնի՞ ՀՀ կառավարությունը…
Հայ Արիական Միաբանությունն իր վճռական բողոքն է հայտնում՝ հայկական պետության պատասխանատուների կողմից մայրաքաղաք Երեւանի նորակերտ շինություններից մեկի նկատմամբ եկեղեցական հերթական ջարդարարությանը նպաստելու համար: Մենք վստահ ենք, որ սա նմանօրինակ առաջին քայլն է եւ հաջողելու դեպքում այն շարունակական բնույթ է կրելու:

Հայ Արիական Միաբանությունը նաեւ իր աջակցությունն է հայտնում այն համարձակ ճարտարապետներին եւ հուշարձանագետներին, ովքեր չնայած աննկատ ճնշումներին, շարունակում են դիմակայել վերոնշյալ անհիմն որոշման իրականացմանը:
Մենք կարծում ենք, որ եկեղեցականների բացատրությունը, թե եկեղեցիների քանակը (այն էլ Երեւանի կենտրոնում) անհրաժեշտ է աղանդավորականների դեմ պայքարելու համար, սնանկ է եւ շենքեր կառուցելով չէ, որ պայքարում են աղանդավորականների դեմ: Հայաստանում այնքան եկեղեցիներ կան, որ աշխարհի աղանդավորականներին կարելի է տեղավորել ու կրոնական դարձի բերել, իսկ առաքելական եկեղեցին նոււյնիսկ Հայաստանում գործող աղանդավորականների դեմ չի կարողանում (կամ չի էլ ձգտում) պայքարել: Եվ պատճառը ոչ թե եկեղեցու շենքերի քանակի, այլ եկեղեցականների պայքարելու որակի մեջ է:
Մենք համարում ենք, որ սխալ է նաեւ այն տեսակետը, թե նշյալ տարածքում ժամանակին գործել է Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է խորհրդային տարիներին, որը փորձում են վերականգնել: Ըստ ճարտարապետների, այդ եկեղեցին իր գոյության ընթացքում անգամ ոչ մի պատմական եւ ազգային արժեք չի ներկայացրել, իսկ ներկայիս ամառային դահլիճի ավերումը իրապես ու առավել վնաս է ճարտարապետության տեսանկյունից:
Հայ Արիական Միաբանությունը ՀՀ իշխանություններին եւ մայրաքաղաքի ղեկավարությանը կոչ է անում հեռու մնալ եկեղեցական նորօրյա ջարդարարություններից եւ այսպիսով հեռու պահել նաեւ հայկական պետությունը նորանոր օտար-կրոնական վտանգներից…
Եթե խոսք է գնում հին հուշարձանների կամ պատմական շինությունների վերականգնման առումով, ապա Հայ Արիական Միաբանությունը հրապարակավ պահանջում է ՀՀ իշխանություններից՝ վերականգնել բոլոր արիական-հեթանոսական տաճարները, որոնք ավերակների են վերածել քրիստոնեության բռնի տարածման քարոզիչները, եւ հիմնականում այդ տաճարների տեղերում են եկեղեցիներ գոյացել, այդ թվում՝ Էջմիածնում: Այն վնասը, որը հասցրել է եկեղեցիներին խորհրդային իշխանությունը, հազարապատիկներ անգամ ավելի քիչ է այն վնասից, որը հասցրել է հայությանը (հայոց հավատին ու պատմությանը) Հայ առաքելական եկեղեցին: Այս առումով Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ քրեական գործ էր հարուցել Հայ առաքելական եկեղեցու դեմ, ինչը այդպես էլ անարձագանք մնաց ՀՀ գլխավոր դատախազության կողմից…
Եթե ՀՀ կառավարությունը չի կարողանում մերժել կաթողիկոսի խնդրանքը, ապա մենք՝ տասնյակ հազարավոր հայորդի-արորդիների արյան եւ հայոց հավատի ձայնով պահանջում ենք Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի հաշվին կատարել այդ վերականգնումները եւ եկեղեցիների փոխարեն «վերատեղադրել» արիական-հեթանոսական տաճարները:
Հայ Արիական Միաբանությունը Հայ Ազգայնականների Համախմբման հետ պատրաստվում (նախաձեռնել) է Երեւանում Արիական Գլխավոր Տաճար կառուցել, տեսնենք թե ՀՀ կառավարությունն այս խնդրին ինչպես կանդրադառնա իր ժամանակին:
Իսկ Էջմիածնի պատասխանատուներին խորհուրդ կտանք՝ իրենց նյութական միջոցները ուղղել ոչ միայն իրենց հոգեւոր գործերի կարգավորմանը, այլեւ՝ զուգահեռ մասնակից լինել նաեւ հայության սոցիալական ու այլ խնդիրների կարգավորմանը, քանզի հենց այդ կտրվածությունն է, որ նպաստել է աղանդավորականների ծավալմանը, ովքեր իրենց հոտին ավելի մոտ են կանգնած, քան՝ եկեղեցին:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ

16.03.2010թ. – ք. Երեւան

Հետո կքանդեն «Մոսկվան»
Վիճահարույց այն հարցը, որ «մայր եկեղեցուն» են նվիրաբերել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, ինչ խոսք, քրիստոնեության հանդեպ մեծ սիրուց չէ: Ոչնչից ոչինչ չի լինում: Ինչ-որ  փոխադարձ պայմանավորվածություն  կամ ներքին չբացահայտված խնդիր կա: Կղերականները եւ տարածքը անօրեն տվողը  սեւ սեպ խրեցին մեր մշակույթի մեջքին: Ճարտարապետների, մշակույթի  գործիչների բողոքը տեղին է: Նոր եկեղեցի կառուցելու՛ մասին է խոսքը. դա բացահայտ է:  Վերակառուցելու՛, վերականգնելու՛ մասին խոսակցությունները անհիմն են……
 Օրերս Հայր Կոմիտաս Հովնանյանը հեռուստաեթերից ասաց, որ հովանավորներին առաջարկվում է այս, այս եւ այս, նրանք մատնանշում են իրենց ուզածը: Այսինքն, ճիշտ եմ, առկա է ներքին պայմանավորվածություն: Ու՞մ եւ ու՞մ միջեւ: Հենց այնպես հանուն կրոնի նման «չալաղաջ» հողակտոր չեն նվիրում, այն էլ` այսօր: Կամ` հավատանք, որ հենց այնպես նվիրում են: Ինչու՞: Եկեղեցին իր ստեղծման օրից առ այսօր մի քոռ կոպեկ չի ծախսել հայ ազգային մշակույթի համար:  
Երեւի Լեզվի ինստիտուտի քանդելուց հետո ախորժակները բացվել է:  
Հիշեցման կարգով ասեմ, որ Գրիգոր  խավարիչ եկեղեցու տեղը պետք է լիներ Երեւանի նոր կրկեսի շենքը: Սակայն շինությունը չիրականացավ: Ցայսօր ծպտուն անգամ չկա, բայց այ, որ եկեղեցին է ուզում, հողատարածքը տա՞լ է պետք…
 Ու Պողոս-Պետրոս կոչված եկեղեցին պետք է խցկվի «Մոսկվա» կինոթատրոնի եւ «Գոլդեն Թուլիփ» (նախկին` «Երեւան» հյուրանոցի արանքն ու հետեւը: Ոչինչ, կարեւորը խցկվելն է, հետո կընդլայնվի: Հետո եկեղեցին քանդել կտա «Մոսկվա»-ն:
Ուզում եմ հարցնել` ի՞նչ է մտածում մշակույթի նախարարը: Բայց դե, ում` ինչ եմ հարցնում……
Առանց այն էլ` 21 կինոթատրոններից  Երեւանում մնացել են  երկուսը: Էստեղ են ասել` տերտերն էր պակաս` էշով էկավ……  

Աշոտ Բադալյան

Հ.Գ. – խմբ. կողմից – Փաստ է, եթե անգամ «Պողոս-Պետրոս»-ը հայտնվի, միեւնույնն է, դրանից աղանդավորականները չեն քչանալու: Մեզ զարմացրեց հեռուստաեթերից` կարծեմ Աշտարակի «հոգեւոր հովիվի» խոսքը, թե ինչու է անհրաժեշտ «Պողոս-Պետրոս»-ը. որպեսզի այդ տարածքի ժողովուրդը հարսանիքներն այդտեղ անի ու հերթ չկանգնի այլ եկեղեցում: Բայց չէ՞ որ մի քանի մետր վերեւում էլ եկեղեցի կա: Իսկ այդ վերեւի եկեղեցին, ըստ «հոգեւոր հովիվի», վերեւի տարածքի ժողովրդի համար է:
Չէ, էս «հովիվները» ժողովրդին իրապես ոչխարի տեղ են դրել…

«Լուսանցք» թիվ 10 (141), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.