Մենք փառավորվելու տեղ չունենք

 <Կապիտալ> բիզնես օրաթերթ, թիվ 53 (566), 26.03.2010թ.

Արփի Մախսուդյան , Կարեն Հարությունյան
Մինչ Հայաստանում հասարակական բանավեճեր են ընթանում, թե արդյոք պե՞տք է «Մոսկվաե կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի հիմնել, Հայ արիական միաբանությունը պատրաստվում է Երևանում կառուցել արիական տաճար, այդ նպատակով արդեն հաշվեհամար է բացել բանկում և ակնկալում է իշխանությունների համաձայնությունը` տաճարի կառուցումն սկսելու հարցում: Թե ի՞նչ կտա այն Հայաստանին, «Կապիտալինե պատմել է հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
– Պրն Ավետիսյան, ի՞նչ նպատակ ունի Ձեր նախաձեռնությունը։ Արդյոք իշխանությունները հավանություն կտա՞ն այդ նախագծին։

– Շուրջ տասը տարի է` մենք համաարիական դաշինքի գաղափարը քարոզում ենք ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի արիական անցյալ ունեցող երկրներում` Իրանում, Հունաստանում, Տաջիկստանում, Ռուսաստանում, որոշակիորեն նաև Հնդկաստանում։ Արդյունքները գոհացուցիչ են այնքանով, որ համաարիական դաշինքի մեջ իմ թվարկած բոլոր երկրները, այդ թվում՝ եվրոպական մի քանի երկրներ, դեմ չեն, որ նախաձեռնությունը ցուցաբերվի Հայաստանի կողմից։ Հայաստան ասելով  նկատի ունեմ հայ արիներին։ Նրանք գիտեն, որ Գառնու արիական տաճարում, Էրեբունի ամրոցում և մեր հին պատմական վայրերում` Կարմիր բլուրում, Զվարթնոցում, Մեծամորում, մենք պարբերաբար ծեսեր և տոներ ենք կազմակերպում։ Օգտվելով այս հնարավորությունից, որ տարածաշրջանի և այլ աշխարհի արիական անցյալ ունեցող պետությունների և ազգերի կողմից կընդունվի Հայաստանում համաարիական գաղափարախոսության և քաղաքականության նախաձեռնությունը, որոշեցինք քաղաքամայր Երևանում ունենալ գոնե մեկ հայ արիական տաճար։ Որպեսզի հանդես չգանք հին տաճարները վերանորոգելու նախաձեռնությամբ, քանի որ դա բավական ծախսատար և դժվար գործ է, որոշեցինք դիմել իշխանություններին և իրավունք ստանալ որևէ մի գեղեցիկ տեղում, հին տեսքերին համապատասխան, արիական տաճար կառուցել։ Սա կարող է ոչ միայն իր պատմական արժեքը վերհանել և մեր ազգին ցույց տալ իր առաքելությունը, այլև կարող է քաղաքական լուրջ օգուտներ բերել մեր պետությանն ու ժողովրդին։
– Ի՞նչ քաղաքական օգուտների մասին է խոսքը։
– Արիականությունը լուրջ հակակշիռ է  պանթուրքիզմին, պանիսլամիզմին և նույնիսկ քրիստոնեական էկումենիզմին։ Այս ոլորտներում, երբ թուրքալեզու ժողովուրդները պանթուրքիզմի գաղափարախոսությամբ են փորձում տիրել տարածաշրջանին, իսլամական երկրները՝ պանիսլամիզմի, իսկ քրիստոնյաները՝ էկումենիզմի միջոցով, արիականությունը բերում է մի նոր որակ` գլոբալացման մեջ ունենալով մեր առանցքային տեղը։ Մենք դեմ ենք գլոբալացմանը, բայց եթե ինչ-որ պայմաններում դա պետք է լինի, ապա արիականությունը կարող է դառնալ լուրջ հակակշիռ և՛ պանիսլամիզմին, և՛ պանթուրքիզմին, և՛ էկումենիզմին։ Տարածաշրջանում ստեղծվում է մի նոր արիական դաշինք, որտեղ Հայաստանն ունի անցյալ, ներկա և կունենա փառահեղ ապագա, եթե զարգացման ուղղությունը ճիշտ ընտրվի։
– Դուք խոսում եք արիական անցյալի մասին, իսկ արիական ներկա կա՞։
– Արիական ներկան նոր պիտի կերտենք։ Եթե ասեմ, թե այսօր կա արիական ներկա, պարզապես կստեմ։ Այսօր մենք փորձում ենք մեզ դաստիարակել արիական ոգով, անցյալի հավատով, կեցվածքով, կացութաձևով։ Այս բոլորը փորձում ենք կիրառել Հայ արիական միաբանության մեջ ընդգրկված հայ ընտանիքների դաշինքի միջոցով։ Հայ արիական միաբանության մեջ կա և՛ քաղաքական, և՛ հասարակական, և՛ մամուլի,  և՛ տարբեր ոլորտների ու ընտանիքների դաշինք, որոնք իրենց կացութաձևերի, նպատակների, գաղափարների և վարվելակերպի մեջ փորձում են կիրառել հայ արիական ձևերն ու արժեքները։ Սա վերականգնողական գործընթաց է, և ասել, թե հիմա մենք ունենք արիական ազգ, սխալ է։ Սակայն մենք ունենք փառահեղ անցյալ, որից պետք է անպայման դասեր քաղենք։ Արիական տաճարի կառուցմամբ նաև փորձելու ենք իրականացնել վերակրթության հարցը։
– Հուդայականությունը, բուդայականությունը, քրիստոնեությունը և այլ կրոններ ունեն որոշակի գրավոր կանոններ։ Արիականության համար կա՞ն նման դոգմատիկ հիմքեր։
– Այո, կան, սակայն, ցավոք, դրանք պահպանվել են ոչ թե Հայաստանում, որը հասկանալի պատճառներով 301-ից հետո հրդեհվեց ու ոչնչացվեց, այլև մյուս արիական ազգերի արխիվներում ու հնդեվրոպական կամ հնդիրանական վեդաներում։ Մենք հանդիպել ենք Իրանի արիական համայնքի հետ։ Նրանց զրադաշտական համայնքը պահպանել է իրենց հին արխիվները։ Իսլամն այնտեղ ավերածություններ չարեց, ինչպես քրիստոնեությունը Հայաստանում` պատմական արժեքային համակարգի իմաստով։ Հնդկական որոշ վեդաներում հստակ պատմվում է արմենների երկրից եկած արիների և նրանց ուսմունքի մասին։ Այժմ մենք փորձում ենք և արդեն բ
ավական տեղեկություններ, արարողակարգային մանրամասներ վերականգնել ենք` ուսումնասիրելով վեդաները և այլ արիական համայնքներում պահպանված արխիվները։ Նշեմ, որ մի շարք վեդաներում կան աստվածների պաշտամունքի, տիեզերակարգի, տիեզերքի արարչի, աստվածային համակարգի և հայ աստվածների մասին տեղեկություններ։

– Հայության մեծ մասը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Չե՞ք կարծում, որ Ձեր առաջարկած գաղափարները կարող են պառակտել ազգը:
– Նախ` կասկածում եմ, որ հայերի մեծ մասը Առաքելական եկեղեցու հետևորդ է։ Արիական ծագումը երբեք չի կարող պառակտել ազգին։ Դա նման է, որ աշխարհի հայերի հարյուր տոկոսն ասի, որ ինքը հայ է, և ազգը պառակտվի։ Կարևոր չէ, թե նա ինչ կրոն է դավանում կամ չի դավանում, կարևորն այն է, որ բոլոր հայերն ունեն արիական ծագում։ Խոսքը ոչ թե պառակտման, այլ ծագումը վերարժևորելու մասին է։ Մենք առաջարկում ենք վերադառնալ մեր ծագման արմատին, պաշտել մեր ծագումը, իսկ մեր ծագումը կապված է հայ աստվածների հետ, մեր ծագումը չի կարող կապվել հրեական Եհովա աստծու հետ։ Մենք, տրվելով կրոնին, գնում ենք սխալ ուղղությամբ։ Հուդայականության գերաստվածը չի կարող մեր հիմքը լինել։ Հնդիկները, հույները, եգիպտացիները, կրոնափոխ լինելով, չուրացան իրենց աստվածներին և չավերեցին իրենց տաճարները, բայց մեզ անընդհատ փորձում են կտրել մեր արմատներից։
– Աստվածներ ասելով` նկատի ունեք նաև մշակո՞ւյթը։
– Այո, հոգևոր մշակութային կյանքը։ Հնդկաստանում, Պարսկաստանում մարդիկ գնում են իրենց մշակութային կոթողներ և փառավորվում են։ Մենք փառավորվելու տեղ չունենք, այստեղ հարսանիքն էլ է սև սքեմավոր, թաղումն էլ է սև սքեմավոր։ Հարսանիքին մաղթում են լավ կյանք, որ գնա Վերին Երուսաղեմ, մեռնելու ժամանակ էլ են ասում գնա Վերին Երուսաղեմ։ Չեմ հասկանում` այս ամենն ի՞նչ կապ ունի մեզ հետ։ Մենք 1700-2000 տարի այն կողմ որևէ բան չե՞նք տեսնում, ինչո՞ւ են մեզ կուրացրել, ինչո՞ւ են կտրում մեզ մեր արմատից։ Արիականությունը մեզ տալիս է մեր արմատների հետ հաղորդակցվելու հնարավորություն, մարդ, եթե չգիտի իր ծնունդը, չի կարող իմանալ նաև իր առաքելությունը։
– Ձեր գրասենյակում ամենուր փակցված են Նժդեհի նկարները, մարդ, որը քարոզում էր ցեղակրոնություն, ոչ թե քրիստոնեություն: Այսօրվա իշխող կուսակցությունն էլ ասում է, որ առաջնորդվում է Նժդեհի գաղափարախոսությամբ: Միաժամանակ ՀՀԿ-ի շատ առաջնորդներ անդամակցում են եկեղեցական տարբեր կառույցների ու խորհուրդների: Գաղափարախոսական առումով արդյոք հակասություն չկա՞ այս ամենում:
– Հակասություն միանշանակ կա։ Ինչպես ասացի, արիականությունը գենետիկ ծագում է, արիական հայը կարող է լինել այլադավան և նույնիսկ անհավատ։ Նժդեհի ցեղակրոնության գաղափարը խորհրդանշում է ցեղը, ցեղային գենետիկան իր մեջ կրելը։ Այսինքն` հայը տարբեր իրավիճակներում կարող է ունենալ տարբեր գաղափարներ, դավանանքներ, բայց նա միշտ պետք է իր մեջ ունենա ցեղային իմաստությունն ու առաքելությունը։ Ի վերջո, Նժդեհն ասում է, որ ցեղակրոնության կարևոր մասերից է երդումը Վահագն աստծո աջի վրա։ Իշխանության և ընդդիմության մեջ, շատ-շատ մարդիկ իրենց համարելով ցեղակրոն, այս կամ այն եկեղեցական միության կամ բարձրագույն մարմինների մեջ են։  Սա հակադրություն չէ, այլ անհասկանալի մի բան, չկողմնորոշվածության հետևանք։ Կարծում եմ, որ նման մարդիկ ցանկալի են համարում Նժդեհի գաղափարախոսությունը, բայց նաև մտածում են, որ իրենց պապերը քրիստոնյա են, ու այլընտրանք չկա։ Սակայն եթե նայեն, թե ով է եղել պապի պապի պապը, կհասկանան, որ դա այդքան էլ այդպես չէ։
Կարծում եմ` արիական տաճարի կառուցումը և համաարիական դաշինքների ստեղծումը կօգնի հայերին հաղթահարել իրենց ներսի կռիվը՝ հասկանալով, որ ցեղակրոն հայը չի կարող լինել հուդայապաշտ կամ այլադավան։ Որևէ մեկին չեմ մեղադրում, պարզապես ցանկանում եմ, որ հայերն արագ ազատվեն օտար կրոններից ու դավանանքներից։

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.