Մոսկվան կվերածնի՞ ԽՍՀՄ-ը

Բրիտանական «The Times»-ն իր վերջին հրապարակումներից մեկում գրել է, որ Մոսկվան աստիճանաբար վերածնում է ԽՍՀՄ-ը: Հայաստանի վերաբերյալ գրվել է, որ ՀՀ տնտեսությունն արդեն գրեթե ամբողջությամբ գտնվում է ռուսաստանյան ընկերությունների ձեռքին:
Իսկ որպես Ադրբեջանի վրա գործադրվելիք լծակ՝ հիշատակվում է ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվածությունը:

Նարե Մշեցյան

ԱՊՀ-ն, ՎՈւԱՄ-ը եւ Արցախը

«ԱՊՀ անդամ բոլոր երկրներն էլ շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմամբ»,- ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը եւ ավելացրել. «Ես անկեղծորեն ուրախ կլինեի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հիմնախնդրի կարգավորման հարցում հասնեն խաղաղ ու արդարամիտ լուծման»: Ս. Լեբեդեւը նշել է, թե ինչպես ԱՊՀ գործադիր կոմիտեն, այնպես էլ ԱՊՀ մյուս կառույցները ուղղակիորեն չեն մասնակցում ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին, սակայն իրենց հնարավորությունների շրջանակներում ջանքեր են գործադրում՝ հիմնախնդիրը փոխադարձ ընդունելի կարգավորմանը հասցնելու համար:
Կարծում ենք` ՎՈւԱՄ-ի հնարավոր փլուզման դեպքում, եթե Ուկրաինան վերակողմնորոշվի դեպի ԱՊՀ, ԱՊՀ-ի հնարավորությունները ԽՍՀՄ նախկին տարածքի երկրներում կմեծանան: Ուկրաինայի դուրս գալու դեպքում Վրաստանը, Մոլդովան եւ Ադրբեջանը դժվար թե կարողանան ազդեցիկ պահել ՎՈւԱՄ-ը:

Արտակ Հայոցյան

Մավրն իր գործն այստեղ էլ արե՞ց…

Մավրիտանիայի կառավարությունը վերջնականապես խզել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Դեռ անցյալ տարվա մարտին Մավրիտանիայի իշխանությունները երկրից դուրս էին հանել Իսրայելի դիվանագետներին եւ փակել դեսպանատունը:
Այս կերպ այդ երկրի կառավարությունն արձագանքել է Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ» շարժման դեմ Իսրայելի գործողություններին:
Մավրիտանիան արաբական այն 3 հանրապետություններից էր, որը Իսրայելի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ ուներ:

Անի Մարության

Կրկին Քոչարյանի մասին

Համառորեն լուրեր են պտտվում, թե օրեր առաջ Երեւանի մերձակայքում տեղի է ունեցել ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի ղեկավարների հանդիպում, որի ժամանակ եւ քննարկվել է Հայաստանում հնարավոր իշխանափոխության հարցը:
Ըստ որոշ տեղեկությունների, հստակ հանձնարարականներ են տրվել ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական պատգամավորներին, որոնք պետք է առանց ավելորդ աղմուկի քարոզեն Ռոբերտ Քոչարյանի արժանիքները:
Վերջերս շատ է խոսվում ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հակասությունների մասին, արդեն նաեւ՝ ՕԵԿ-ի:
Սա էլ, ըստ որոշ զլմ-ների, նախանշում է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան դիմակայությունը, որն առավել կուժգնանա հայ-թուրքական հարաբերությունների եւ Արցախի խնդրի կարգավորման ծավալումների հետ կապված:
Սակայն, մեկ այլ տեսակետ էլ կա, թե Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան երկյակը հրաշալիորեն խաղում է հայկական եւ միջազգային քաղաքական ասպարեզում:

Կարեն Բալյան
 
ՊԵԿ-ը պահանջում է հարգել ազգային արժույթը

Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի համաձայն, հանրապետության տարածքում գնանշում, առեւտուր, ծառայությունների մատուցում, աշխատավարձի վճարում եւ այլ ցանկացած տեսակի գործարք պետք է իրականացվի բացառապես ազգային դրամով:
Օրենքի դրույթները խախտելու համար, վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ առաջին անգամ կիրառվում է տուգանք՝ 2 մլն դրամի չափով, իսկ նույն տարվա մեջ խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կազմում է 4 մլն դրամ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսավարողներին`
– հարգել մեր ազգային արժույթը,
– կատարել օրենքի պահանջը,
– տուգանքներից խուսափելու համար զերծ մնալ օտարերկրյա արժույթներով գործարքներ իրականացնելուց՝ խնայելով սեփական ֆինանսական միջոցները:

Սեփ. լրատւվություն

Ապրիլին շահագործման կհանձնվի Երեւանի ՋԷԿ-ը

2010թ. ապրիլին «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի արդյունաբերական շահագործման մեկնարկը կլինի:
Այսպիսով, ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրի համաձայն, 241Մվտ դրվածքային հզորությամբ, գերժամանակակից, շոգեգազային համակցված շրջափուլով եւ բնական գազով աշխատող մեկ էներգաբլոկը հնարավորություն կտա 1 կվտ.ժ էլէներգիայի արտադրության համար ծախսել 158-226 գրամ գազ եւ արտադրանքի ինքնարժեքը կկազմի ընդամենը 7-8 դրամ: Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման արդյունքում, միայն վառելիքի մասով Հայաստանը կտնտեսի տարեկան 19,4 մլն
դոլար, իսկ էլեկտրահաղորդման ցանցերում փոխհոսքի կրճատման շնորհիվ կնվազի կորուստը եւ տարեկան կտնտեսվի մոտ 1 մլն դոլար: Բացի այդ, 2,5 անգամ կպակասեն նաեւ մթնոլորտային արտանետումները եւ կբարձրացվի կայանի սեյսմակայունությունը:

Հստակեցնենք` Երեւանի ՋԷԿ-ը ատոմակայանին փոխարինել չի կարող:

Ա.  Քարամյան

Շաբաթվա մարզական կյանքից

Հայաստանի գավաթի խաղերում
Ֆուտբոլի ՀՀ գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակիչի առաջին խաղում Երեւանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց բարձրագույն խմբի նորեկ Դիլիջանի «Իմպուլս»-ին: Կապանում կայացած «Գանձասար»-«Ուլիս» խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1: «Միկա»-ն Աշտարակում հաղթեց «Կիլիկիա»-ին՝ 3:0, իսկ «Բանանց»-ը Գյումրիում հաղթեց տանտերերին՝ «Շիրակ»-ին՝ 1:0: Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 6-ին:

Լեւոն Արոնյանն այս անգամ չի հաղթի
Լեւոն Արոնյանը Ֆրանսիայում ընթացող «Ամբեր» մրցաշարի 10-րդ փուլում 1,5 միավոր վաստակեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ խաղերում: Նա 9,5 միավորով շարունակում է ընթանալ 9-րդ հորիզոնականում:
 
«Կույր» շախմատի մրցաշարային աղյուսակ.
1. Ալեքսանդր Գրիշչուկ 7
2. Մագնուս Կառլսեն 6,5
3. Վասիլի Իվանչուկ 6
4. Բորիս Գելֆանդ 5,5
5. Վլադիմիր Կրամնիկ 5,5
6. Սերգեյ Կարյակին 5,5
7. Վուգար Հաշիմով 5
8. Պյոտր Սվիդլեր 5
9. Լեւոն Արոնյան 4
10. Ռուսլան Պոնոմարյով 4
11. Յան Սմիթս 3,5
12. Պերես Դոմինգես 2,5

«Արագ» շախմատ  մրցաշարային աղյուսակ.
1. Վասիլի Իվանչուկ 7
2. Մագնուս Կառլսեն 7
3. Վլադիմիր Կրամնիկ 6,5
4. Լեւոն Արոնյան 5,5
5. Պյոտր Սվիդլեր 5,5
6. Սերգեյ Կարյակին 5,5
7. Բորիս Գելֆանդ 5,5
8. Վուգար Հաշիմով 5,5
9. Ալեքսանդր Գրիշչուկ 4,5
10. Ռուսլան Պոնոմարյով 3,5
11. Պերես Դոմինգես 2
12. Յան Սմիթս 2

Մրցաշարային ընդհանուր աղյուսակը 10-րդ փուլից հետո.
1. Մագնուս Կառլսեն 13,5
2. Վասիլի Իվանչուկ 13
3. Վլադիմիր Կրամնիկ 12
4. Ալեքսանդր Գրիշչուկ 11,5
5. Բորիս Գելֆանդ 11
6. Սերգեյ Կարյակին 11
7. Վուգար Հաշիմով 10,5
8. Պյոտր Սվիդլեր 10,5
9. Լեւոն Արոնյան 9,5
10. Ռուսլան Պոնոմարյով 7,5
11. Յան Սմիթս 5,5
12. Պերես Դոմինգես 4,5

Նալբանդյանի հաջողությունը
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վստահ սկսեց ելույթները Մայամիում մեկնարկած «Masters 1000» խոշոր մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը 3,6 մլն դոլար է: 1-ին փուլում նա 61 րոպեում 6:3, 6:2 հաշվով հաղթեց լեհ թենիսիստ Լուկաս Կուբոտին:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 11 (142), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.