Արդար վրեժի հաղթանակը

Ծնվել է Երզնկայի Ներքին Բագառիճ գյուղում, ուր եւ ստացել է նախնական կրթությունը: Այնուհետեւ ուսումը շարունակել է Երզնկայում եւ Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում:
1913թ. փոխադրվում է Սերբիա, բայց շուտով անցնում Կովկաս՝ մասնակցելու կամավորական շարժմանը: Կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվում էր Սեպուհի (Արշակ Ներսիսյան) վաշտում (կամավորական 1-ին ջոկատ, հրամանատար` Անդրանիկ):
Հայ ժողովրդի ողբերգությունը խորապես ցնցեց Սողոմոնին, եւ նա՝ լի վրեժխնդրությամբ, ձեռնամուխ եղավ թուրք դահիճներին պատժելու սրբազան գործին: «Նեմեսիս» գործողությունը իրականացնելու վիճակահանության ժամանակ նրան բաժին ընկավ գլխավոր դահիճ Թալեաթ փաշան:

Թուրքիայի պարտությունից հետո, 1919թ. հունիսին, Ստամբուլի ռազմական դատարանը մահվան էր դատապարտել Իթթիհատի պարագլուխներին՝ Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու եւ քրիստոնյա հպատակների տեղահանում եւ ջարդ կազմակերպելու համար: Սակայն, թուրք դահիճը ճողոպրել էր Գերմանիա եւ թաքնվում էր Ալի Սալիհ բեյ անվան տակ: Հենց Բեռլինում էլ նրան հայտնաբերում է Սողոմոն Թեհլերյանը: 1921թ. մարտի 15-ին Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցի N-17 տան առջեւ խիզախ հայորդին գնդակահարում է Թալեաթ փաշային…
«…Իմ հայ ժողովուրդ, ես տեսա քո մեծագույն ողբը, դրա համար էլ կատարեցի այդ: Իմ եղբայր վրիժառուներ, եղեք անհանգիստ ու զգոն, դուք էլ որոնեք թուրք գիշատիչներին ամենուր, միշտ ու բոլոր ժամանակներում…»:
1921թ., հունիսի 2, Բեռլին: Մի հատված Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից (գաղտնի խորհրդական Շուլցի կատարած հարցաքննությունից).
– Ուրեմն Պարսկաստանի՞ց եք:
– Ոչ, պարսկահպատակ չեմ:
– Երեկ այդպես եք հայտարարել:
– Այո, եկել եմ Բեռլին պարսկական անցագրով, բայց թուրքահպատակ եմ, Երզնկայի Բագառիճ գյուղից:
– Ինչո՞ւ այդ կեղծիքին դիմեցիք:
– Կեղծիք չէ, այլ՝ անհրաժեշտություն: Ջարդերից հետո ոչ մի հայ չի կարող թուրքական անցագիր ստանալ:
– Որտե՞ղ եք սովորել:
– Երզնկայի ազգային վարժարանում:
– Այդ դպրոցի վկայականը բավակա՞ն էր, արդյոք, այստեղ համալսարան ընդունվելու համար:
– Ոչ, ուզում էի ազատ ունկնդիր լինել:
– Գերմաներեն գիտե՞ք:
– Այո, որքան հնարավոր էր սովորել 3 ամսվա ընթացքում:
– Գիտե՞ք, թե ով է Ալի Ասլիհ բեյը, որին սպանել եք երեկ՝ Հարդենբերգ փողոցի N-17 տան մայթին:
– Այո, Թալեաթ փաշան:
– Ի՞նչը ձեզ հարկադրեց այդ ոճիրը գործելու:
– Ոճրագործը ես չեմ, այլ՝ Թալեաթը: Նա բնաջնջեց մեր ժողովուրդը, ես կարող եմ ձեզ պարզել նրա գործած սարսափները՝ Պոլսից մինչեւ Դեր Ձոր:
– Ովքե՞ր օգնեցին ձեզ սպանելու Թալեաթ փաշային:
– Ոչ Ոք:
– Ո՞ր կազմակերպության հրահանգով կատարեցիք այդ գործը:
– Անձնապես:
– Անձնական ի՞նչ հաշիվ ունեիք Թալեաթ փաշայի հետ:
– Շատ մեծ: Նրա հրամանով էր, որ բոլոր հայերի հետ միասին սպանվեցին մայրս, եղբայրս եւ բոլոր ազգականներս: Այդ օրերից ի վեր ես ապրել եմ միայն Թալեաթից վրեժ լուծելու հույսով:
– Երբվանի՞ց ի վեր էիք հետապնդում այդ գաղափարը:
– 1915թ.-ից սկսած, բայց Թալեաթի հետքը գտնելու աշխատանքը ձեռնարկել եմ 3 տարի առաջ…
– Ինչպե՞ս իմացաք, որ Թալեաթ փաշան Բեռլինում է:
– Պատահաբար, մի թերթի մեջ կարդացի:
– Ինչպե՞ս գտաք Թալեաթ փաշային Բեռլինում:
– Փետրվարի վերջին կենսաբանական այգու մոտ մի օր հանկարծ թուրքերեն խոսակցություն լսեցի: 3 երիտասարդ թուրքերից մեկը փաշա անվանեց հաղթանդամ մի մարդու, որ զրուցում էր նրանց հետ: Բաժանվելու պահին երիտասարդ թուրքերը համբուրեցին նրա ձեռքը: Վերջինը շատ նման էր Թալեաթին, որին ճանաչում էի թերթերում տպագրված նկարներից: Հետապնդեցի նրան մինչեւ Հարդենբերգ փողոցի N-4 տունը: Մի քանի օր հետո սենյակ վարձեցի նրա տան դիմաց: Վերջին 10 օրում առիթներ ունեցա ստուգել, որ փաշա կոչվածը Թալեաթն է: Մարտի 15-ին, երբ տնից դուրս եկավ, խփեցի:
– Ուրեմն, դուք ընդունո՞ւմ եք, որ սպանությունը կատարել եք կանխամտածված:
– Իհարկե:
– Ես հասկանում եմ, որ վրեժի գաղափարը կարող է ձեզ մղած լինել այդ գործին, բայց մի՞թե ձեր խիղճը չի տանջում սպանությունը կատարելուց հետո:
– Ընդհակառակը, սիրտս լցվում է գոհունակությամբ, որ վերջապես 2 միլիոն անմեղ զոհերի վրեժը լուծված է:
– Ուրեմն` դուք եկել եք Բեռլին ոչ թե ուսանելու, այլ Թալեաթ փաշային սպանելո՞ւ:
– Բեռլինում մեքենագիտություն սովորելու մասին ես երազում էի դեռ պատերազմի նախօրյակին, բայց ամեն բան տակնուվրա եղավ…
– Գիտե՞ք, որ օրենքով ձեզ սպառնում է մահապ
ատիժ:

– Այո, բայց գործս հաջողությամբ կատարելուց հետո ինչ ուզում է, թող լինի:
– Ե՞րբ որոշեցիք ձեռնարկել սպանությունը:
– Մորս անհայտ գերեզմանով երդվել էի Թալեաթին սպանել: Երբ ձեռքս ընկներ, անպայման պիտի սպանեի:
– Պատմեցեք, թե ինչպե՞ս սպանեցիք Թալեաթ փաշային:
– Մարտի 15-ի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը դուրս եկավ փողոց ու գնաց դեպի վար: Ատրճանակս առա, վրա հասա: Զուգահեռ մայթով արագ գնացի առաջ, երբ բավականին ետ մնաց, անցա մյուս մայթը, հետ դարձա նրան դիմացից խփելու համար: Բայց 1-2 քայլ մնացած, հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գամեցի գլխին:
Եվ 1921թ. հունիսի 2-ին, գերմանական դատարանը, Լեմբերգի նախագահությամբ, անպարտ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին: Այդ արդար դատավճռում մեծ գործ կատարեց վրիժառուի դատապաշտպան, գերմանացի արեւելագետ դոկտոր Յո. Լեփսիուսը: Այդ նա էր, որ դեռ ջարդերի շրջանում հրատարակեց ցեղասպանությունը դատապարտող «Գաղտնի տեղեկագրեր Հայաստանի ջարդերուն» աշխատությունը:
Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի 78 տանը: 1945թ.-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է ուղեղի արյունազեղումից, 1960թ. մայիսի 23-ին:
Նրա պատվին ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկո քաղաքում երախտապարտ հայերը հուշարձան են կանգնեցրել:

Պատրաստեց `
Հակոբ Մանջյանը, Վանաձոր

«Լուսանցք» թիվ 12 (143), 2010թ.
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.