Թերթերը դեռ չեն թանկանա

Որոշ թերթեր առժամանակ դադարել էին տպագրվել: Չէին տպագրվել մայրաքաղաքի էլեկտրաէներգիայի մալուխային գիծի վերանորոգման պատճառով, որի հետեւանքով տարածքի տպարանը հոսանքազրկվել էր: Բացի այդ` Հայաստանում տպագրական օֆսեթ 60 սմ չափի թղթի պակաս կար: Սակայն այդ հարցերն արդեն լուծվել են, քանի որ այսօր արդեն թղթի նոր խմբաքանակ է ներմուծվել հանրապետություն:
Իսկ համաշխարհային շուկայում թղթի գնի շուրջ 7% բարձրացման ազդեցությունը կերեւա նոր խմբաքանակի Հայաստան ներկրումից հետո: Թե որքան այն կարժենա, դա մեծամասամբ կախված է թուղթ ներմուծողներից: Սակայն կարծիք կա, որ գների մեջ էական տարբերություններ չեն լինի:

Որոշ թերթեր առժամանակ դադարել էին տպագրվել: Չէին տպագրվել մայրաքաղաքի էլեկտրաէներգիայի մալուխային գիծի վերանորոգման պատճառով, որի հետեւանքով տարածքի տպարանը հոսանքազրկվել էր: Բացի այդ` Հայաստանում տպագրական օֆսեթ 60 սմ չափի թղթի պակաս կար: Սակայն այդ հարցերն արդեն լուծվել են, քանի որ այսօր արդեն թղթի նոր խմբաքանակ է ներմուծվել հանրապետություն:
Իսկ համաշխարհային շուկայում թղթի գնի շուրջ 7% բարձրացման ազդեցությունը կերեւա նոր խմբաքանակի Հայաստան ներկրումից հետո: Թե որքան այն կարժենա, դա մեծամասամբ կախված է թուղթ ներմուծողներից: Սակայն կարծիք կա, որ գների մեջ էական տարբերություններ չեն լինի:
«Տիգրան Մեծ» տպարանը լրագրային թղթի պակաս չունի եւ իրենց մոտ տպագրվող բոլոր թերթերն անխափան լույս են տեսնում, այդ թվում` նաեւ «Լուսանցք»-ը:
Ինչ վերաբերում է թղթի գնի բարձրացմանը, ապա, ըստ տպարանի պատասխանատուների, դա կանդրադառնա տպագրության գների վրա: Տպարանն արդեն թղթի նոր խմբաքանակ է պատվիրել, որը կներմուծվի բարձրացված գնով: Թե որքանով դա կանդրադառնա թերթերի գների վրա, տպարանի գլխավոր ինժեները դժվարացավ պատասխանել:

Արտակ Հայոցյան

Պիոներն ու հայը

Դուդուկահար Ջիվան Գասպարյանը երգչուհի Եվա Ռիվասի հետ հնարավոր է ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ»-ում: Նա նշել է, որ հրավեր ստացել է, «սակայն կա տեխնիկական խնդիր»: Մայիսի 21-ին չի կարող մեկնել, քանի որ 22-ին համերգ ունի Իտալիայում: «Եվրատեսիլ»-ն ըստ նրա, «պիոներական մրցույթ է եւ որեւէ նշանակություն չունի իր համար: Եթե կանաչի ծախողը պիտի որոշի, էլ ի՞նչ: 16 մրցույթների եմ մասնակցել միջազգային, որոնք պրոֆեսիոնալներ են գնահատել: Եթե ստացվի, ապա գնում եմ միայն որպես հայ»:

Գոհար Վանեսյան

Որի «հոգեւոր տունը» Հայաստանն է

Եթե ինձ 16 կամ 18 տարեկանում ասեին, որ երբեւէ Երեւանում համերգային ծրագրով ելույթ է ունենալու «Deep Purple» հանրահայտ խումբը, ապա ես այդ մարդուց կփախչեի, ինչպես սատանան խաչից: Ժամանակներն էին այդպիսին:
Բայց խոստովանում եմ` հոգուս խորքում միշտ հույս եմ փայփայել: Ռոք երաժշտության աստղակամարի իշխող մեծամասնության համերգները ինձ հաջողվեց  ուշացած տեսնել… Մոսկվայում: Երկրաշարժից հետո «Ռոքը օգնում է Հայաստանին» համերգային ծրագրից եկած ամբողջ եկամուտը փոխանցվեց Հայաստան: 1990թ. մայիսին Երեւանի մարզահամերգային համալիրի բեմահարթակում ելույթ ունեցավ Իէն Գիլանը: Այս համերգը հույսերս վերակենդանացրեց: Եվ ահա,  20 տարի անց, Իէն Գիլանը նորից Երեւանում է: Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի համերգային դահլիճի բեմահարթակում է` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Կարճ հետադարձ հայացք նետենք այն անցյալին, երբ նոր-նոր էր ծնվում այդ հանրահայտ ռոք  խումբը: «Deep Purple» խմբի անունը առաջ է եկել Ռիչի Բլեկմորի տատիկի սիրելի երգի անունից: Այդ երգը հանրահայտ եւ տարածված է եղել 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 1968-69թթ. կազմավորված խումբը մի քանի համերգներ եւ ձայնասկավառակներ թողարկելուց հետո կազմալուծվեց: Բայց կորիզը առողջ էր: Չտրոհվեց:  Խմբին միացան Իէն
Գիլանը եւ Ռոջեր Գլովերը: 1970թ. ձայնագրեցին «Deep Purple in rock» ձայնասկավառակը:  Ծանր ռոքը հաստատուն ներխուժեց երաժշտական աշխարհ: Այս ալբոմը ճանապարհ հարթեց  նաեւ ռոք  երաժշտության մյուս հսկաների համար: Աշխարհի տարբեր անկյուններում հնչում էին «Արագության թագավորը», «Դեպի կրակը», «Երեխան ժամանակում» երգերը: Փառքն ու դափնիները հասան երկրորդ  խմբին` Իէն Գիլանին, Իէն Փեիսին, Ռիչի Բլեկմորին, Ջոն Լորդին, Ռոջեր Գլովերին:
Երեւանում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր լավագույն երգերը  կատարեց Իէն Գիլանը: Երեւանյան այս համերգը միանգամայն նոր որակ էր, նոր ասելիք մշակույթի աշխարհում: Ու այդ համերգը գտավ իր հանդիսատեսին: Գտավ` շնորհիվ դիրիժոր Ֆրիդման Ռիլեի, ով ռոքի եւ սիմֆոնիկ երաժշտության մեծ սիրահար է: Նա գործիքավորել է իր եւ մեր ժամանակի ռոք երաժշտության լավագույն երգերը: Արդյունքը փառահեղ ներդաշնակությունն է:
Համերգի ավարտին Իէն Գիլանը խոնարհվեց ֆիլհարմո
նիկ  նվագախմբի առաջ եւ, շնորհակալություն հայտնելով, ասաց. «Ֆանտաստիկ նվագախումբ է»: Իսկ Հայաստանը դարձավ Իէն Գիլանի համար, իր իսկ խոսքերով, «հոգեւոր տունը»:

Աշոտ Բադալյան          

Գազի գինը թանկանում է
Ապրիլի 1-ից ՀՀ-ի գազ սպառողները սպառած գազի դիմաց նախորդ տարվա համեմատ ավելի շատ են վճարելու: «ՀայՌուսգազարդ»-ի ներկայացրած հայտի հիման վրա եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն, 1 խմ գազի գինը մինչեւ 10 հազ. խմ սպառողների համար կկազմի 132 դրամ՝ գործող 96 դրամի փոխարեն:
Գազի սակագնի բարձրացման հետեւանքով սոցիալական հոգսերի մեղմացման համար որպես փոխհատուցում կառավարությունը որոշել է մայիսի 1-ից սոցիալական նպաստի չափը ավելացնել 15,6%-ով (3.500 դրամով), իսկ նոյեմբերի 1-ից կենսաթոշակի բազային չափը բարձրացնել 11%-ով (2.650 դրամով): Այս խնդիրների լուծման համար բյուջեից կտրամադրվի 6-6,5 մլրդ. դրամ: Նշված գումարները կտրվեն հարկային եկամուտների ավելացման հաշվին: Հայ Ազգային կոնգրեսը համահայցվորների աջակցությամբ դիմելու է դատարան՝ բողոքարկելու ՀԾԿՀ-ի համապատասխան որոշումը: Ավելի քան 2000 համահայցվոր կա արդեն:

Կարեն Բալյան

300 տեսակ սննդակարգ ու 1 մլն քաղցած
Աշխարհում 2 մլն. մարդ է տառապում գիրությունից, իսկ 1 մլն.-ն էլ քաղցած է քնում: Այս մասին ասել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական վերլուծական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով սննդակարգի, դրա ֆիզիկական ու հոգեւոր իմաստներով դրական եւ խիստ վտանգավոր դրսեւորումների մասին: Ըստ նրա, ոմանց համար «գիրությունը ստատուսի նշան է»: Այսպես, առաջին սերնդի կապիտալիստների համար ընդունված էր ամեն ինչի մեծը` մեծ լիմուզին, մեծ տուն, մեծ սիգար եւ մեծ քաշ: Երբ մարդիկ հասկացան, որ գիրությունը կարող է հանգեցնել առողջական խնդիրների, սպորտային կառուցվածքն ավելի ընդունելի դարձավ:
Ուստի, արդեն «դիետայի են դիմում ոչ միայն կանայք, որ մոդելի կառուցվածք ունենան, այլեւ տղամարդիկ, որ լինեն ավելի երիտասարդ: Ամենասարսափելին այն է, որ մարդիկ մահանում են անորեքսիայից: Հիմա, քանի որ մենք անհատականացման դարաշրջանում ենք ապրում, կինը պետք է ընտրի իր իմիջը, նա կարող է լինել մի քիչ գեր, կամ նիհար, կարեւորը, որ նա դրանից չընկճվի, իր քաշն իր համար ընդունելի լինի»,-նշում է Ա. Ադիբեկյանը:
Իսկ Էրեբունի բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երեւանի գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը հայտնել է, թե որպեսզի մարդու օրգանիզմում նորմալ նյութափոխանակություն ու կառուցվածքային փոփոխություններ ընթանան, առաջին հերթին հարկավոր է ճիշտ եւ առողջ սնունդ: Դա ասելով, մասնագետը նկատի ունի այն, որ սննդակարգը պետք է պարունակի օրգանիզմի համար կարեւոր բաղադրիչների որոշակի ընդունված քանակություն: «Դիետան նշանակում է ապրեալակերպի փոփոխություն: Իսկ երբ մենք անցնում ենք դիետայի, բնականաբար, խախտում ենք այդ բաղադրիչ մասերի տոկոսային հարաբերակցությունը: Ժամանակի ընթացքում շատ գիտնականներ անդրադարձել են այս թեմային, թե որ դիետան է ճիշտ, ինչպես պետք է անհատը սնվի, որ առողջ լինի»,-ասել է մասնագետը:
Է. Հայրապետյանի պնդմամբ, աշխարհում այսօր սննդակարգի մոտ 300 տեսակ է հաշվվում: Իսկ թե որքանով են դրանք ճիշտ, ընտրությունը պետք է կատարել տվյալ մարդու օրգանիզմի վիճակից ելնելով: Առողջ նյութափոխանակության դեպքում, ինչ քանակությամբ էլ մարդ սնունդ ընդունի, նյութափոխանակությունն ավելի արագ կընթանա ու օրգանիզմում ճարպ չի կուտակվի:
Ինչեւէ, մասնագետները խորհուրդ են տալիս ուտել ամեն ինչ, սակայն քիչ քանակությամբ:

Արտակ Հայոցյան

Ծիծաղն առողջարար ու ամենօրյա է

Ծիծաղը բարելավում է մարդկանց զարկերակների առողջությունը. ասում են բժիշկները: Ծիծաղելիս մարդկանց զարկերակներն ընդարձակվում են, որի շնորհիվ արյունն ավելի մեծ քանակությամբ է հոսում նրանց մարմնում: Այդպես նվազեցնում է սթրեսի հորմոնների արտադրությունը մարմնում: Առավել սրտաբուխ ծիծաղը կարող է զարկերակներին այնքան օգտակար լինել, որքան կեսժամյա թեթեւ վազքը:
Աշխարհի բոլոր երկրներում ապրիլի 1-ին տոնում են ծիծաղի օրը: 2006թ. Հայաստանի կառավարության որոշմամբ, այդ օրը պետականորեն ճանաչվեց որպես հումորի եւ երգիծանքի պաշտոնական օր: Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը կազմակերպեց մի շարք տոնական միջոցառումներ, որի կարգախոսն էր՝ «Միացե՛ք, բոլոր ջրիկներ»: Անցկացվեցին նաեւ բազմաթիվ տոնական միջացառումներ, երգիծաքանդակների, երգիծանկարների ցուցահանդեսներ, երգիծական ֆիլմերի դիտումներ, երգիծական թատերական ներկայացումներ, շոուներ: Տոնախմբությունը ավարտվեց Արամ Խաչատրյանի համերգասրահում «Մեկից մեկ» երգիծական շքահանդեսով:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 12 (143), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.