Դեռ ունենք լեզվական խնդիրը

«Մենք այսօր ունենք նաեւ հեռուստատեսության լեզվի հսկողության խնդիր, հեռուստաընկերություններում մայրենի լեզվի անաղարտության պահպանման խնդիրը բարձիթողի վիճակում է»,- հայտարարել է Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը: Ըստ նրա, մինչ հիմա պարզված չէ` դրանով պետք է զբաղվի Հեռուսատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողո՞վը, թե՞ լեզվի պետական տեսչությունը, եւ այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի: Տեսչության կողմից արձանագրվել են մայրենի լեզուն աղավաղելու մի շարք խախտումներ, բայց ոչ ոք դրա համար չի պատժվել:
Տեսչությունը մշտադիտարկման է ենթարկվում զլմ-ները, ինչպես նաեւ՝ նամակներ է ուղարկվում նրանց՝ մատնանշելով սխալները եւ բացթողումները: Սակայն, ժամանակ է պետք եւ հնարավորություններ այս ոլորտը կարգավորելու համար:


Ս. Երիցյանի կարծիքով, ԱԺ-ում էլ խաթարվում է պետական լեզվի անաղարտությունը. «Խորհրդարանական լեզուն, ինչպես մեր կյանքի մյուս բնագավառները, ունի լուրջ խաթարումներ»:

Գոհար Վանեսյան

Շքե՞ղ ես ապրում` վճարիր դրա համար

Կառավարության երեկվա նիստի օրակարգում մի հարց կար` շքեղության հարկին վերաբերող: Նախագիծը մշակել էր ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը բացասական էր. վարչարարության մասով լուծումներ են պետք: Պատգամավորը պետք է աշխատի ֆինանսների նախարարության հետ, եւ միջազգային փորձն ավելի լավ ուսումնասիրի: Եթե բոլոր քննարկումներից հետո օրինագիծն ընդունվի, ապա մեր հարուստները ստիպված կլինեն վճարել այն բանի համար, որ ճոխ են ապրում:
Համեմատության համար նշենք, որ ԱՊՀ երկրներից շքեղության հարկի մասին օրենք գործում է Ուկրաինայում, իսկ 2009թ. սեպտեմբերին Ղազախստանում ընդունվել է այդօրինակ մի օրենք եւ շքեղություն համարվող սեփականության օբյեկտների ցանկը եւ դրանց հարկային դրույքաչափերը ամրագրվել են հարկային օրենսգրքում: Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեցարիայում, Անգլիայում եւ Եվրոպական այլ երկրներում հարուստ լինելը բավականին թանկ է: Այդ պետություններում մասնավորապես անշարժ գույքի համար սահմանված հարկային դրույքաչափերը միջինը կազմում են այդ անշարժ գույքի արժեքի 1-2 տոկոսը: Ֆրանսիայում հարստության, ունեցվածքի համար հարկ վճարում են այն ընտանիքները, որոնց ամբողջ հարստության, ունեցվածքի արժեքը ավելի է 750 հազար եվրոյից` անկախ իրենց ունեցած տարեկան եկամտի չափից: Հարստության հարկ են վճարում նաեւ Իտալիայում: Դանիայում, եթե ավտոմեքենայի արժեքը ավելի է 18 հազար ԱՄՆ դոլարից, ապա հարկի համապատասխան գումարը կազմում է 180 տոկոս…

Սեփ. լրատվություն

Վտանգավոր խաղեր

Ապրիլի 13-ին Երեւանի թիվ 78 դպրոցի տնօրենի բջջային հեռախոսին ստացվել էր SMS-հաղորդագրություն, իբր դպրոցում ռումբ է տեղադրված, եւ պահանջվում էր 15 րոպեի ընթացքում դպրոցից տարհանել աշակերտներին:
Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է կեղծ ահազանգի հեղինակը՝ նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Սիմոնյանը, ով հաղորդագրությունը ուղարկել էր ինտերնետ-կապի միջոցով՝ հույս ունենալով, որ այն չի բացահայտվի: Պատանին խոստովանել է իր արարքը: Կեղծ ահազանգի փաստի առթիվ ՀՀ ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ:

Անի Մարության

Նոր վիզային օրենքը

Ապրիլի 5-ից ուժի մեջ է մտել նոր վիզային օրենքը, որը պարտադիր է Շենգենյան համաձայնագրի մասնակից երկրների համար:
Սրա նպատակն է վիզաների տրամադրման գործընթացի պարզեցում՝ անկախ այն բանից, թե որ երկրի դեսպանատանն են ձեւակերպում վիզան:
Այժմ Շենգենի տրամադրման դիմումի ժամկետը կլինի 10 օր: Բացի այդ, մերժման դեպքում երկիրը պիտի պատճառաբանի այդ որոշումը: Սակայն ԵՄ մի շարք երկրներ այս օրենքի հետ կապված փոփոխություններ պիտի մտցնեն իրենց պետական օրենքներում:
3 ամիս ժամկետով շենգենյան վիզան 12 տարեկանից բարձր անձանց համար կարժենա 60 եվրո, իսկ 6-12 տարեկան երեխաների համար՝ 35 եվրո:
Գնային փոփոխությունները չեն ազդի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների վրա, որոնք Եվրախորհրդի հետ ունեն համաձայնագիր՝ վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ:

Գոհար Վանեսյան

3 ամսում 10.689 երեխա է ծնվել

Հայաստանում 2010թ. 1-ին եռամսյակում գրանցվել է ծննդյան 10.689 դեպք: 2009թ. նույն ժամանակահատվածում այն է կազմել է 10.173:
Թվերը հիմնված են արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներկայացրած տվյալների վրա:
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի հաղորդմամբ, այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4.429 ամուսնության, 742 ամուսնալուծության դեպք՝ 2009թ. նույն ժամանակաշրջանի 4.561 ամուսնության եւ 753 ամուսնալուծության դեպքերի համեմատ:
2010թ. առաջին 3 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 7.259 մահվան դեպք՝ 2009 թ. նույն ժամանակաշրջանի՝ 7.854 դեպքի դիմաց:

Կարեն Բալյան

Հանգուցյալի վերջին ցանկությունը

Մեր կյանքի անբաժան խնդիրներից է դարձել օտար երկրներում մահացած մեր հայրենակիցների կամ քաղաքացիների՝ մահից հետո հայրենիք տեղափոխելու հարցը: Արտերկրում հարազատի մահվան լուրը շատերի վշտին գումարում է նաեւ այս տագնապը: եվ հարց է ծագում՝ ինչպե՞ս պետք է մահացածի մարմինը տեղափոխվի Հայաստան:
Երբ չեն գտնվում անհրաժեշտ դրամական միջոցներ, որոշ մարդիկ համակերպվում են այն մտքի հետ, որ, իրենց հարազատները պետք է թաղվեն օտար հողում: Մինչդեռ շատերը էլ, անտեսելով դժվարությունները, ամեն կերպ փորձում են կատարել հանգուցյալի վերջին ցանկությունը…
2009թ. օդային ճանապարհով Հայաստան է բերվել շուրջ 1.300 դիակ, իսկ 2010թ. 1-ին եռամսյակում արդեն իսկ նրանց թիվը գերազանցել է 300-ի սահմանը: Հիմնականում մահացածներին տեղափոխում են ԱՊՀ երկրներից:
Օրինակ՝ Մոսկվայում գործում են տարբեր ընկերություններ, որոնց ներկայացուցիչներն արդեն դիահերձարանում մոտենում եւ առաջարկում իրենց ծառայությունը՝ հանգուցյալի դիակը հայրենիք տեղափոխելու համար: Համաձայնություն ստանալով՝ այդ ընկերությունները զբաղվում են դիակի տեղափոխման, եւ անգամ դագաղի ու հանգուցյալի հագուստի հարցերով:
Այդ ընկերությունների գնացուցակը գրեթե միանման է, օրինակ՝ «ՀՌՑցՈսՖվՈÿ ցրսցչՈ» ընկերությունը Մոսկվայից հանգուցյալի դիակը Հայաստան է տեղափոխում 35.000-40.000 ՌԴ ռուբլու սահմաններում, այսինքն՝ մոտ 450.000-520.000 դրամ:
Այլ երկրներից հանգուցյալի դիակը Հայաստան տեղափոխելը կապված է ավելի մեծ ծախսերի հետ՝ 5.000 եվրոյից սկսած: Դիակը Հայաստան է տեղափոխվում իբրեւ բեռ, ավելի ստույգ՝ որպես «Բեռ-200» (հանգուցյալի մարմնի հայրենադարձում):

Կարեն Բալյան

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.