Մինսկը չի հասկանում Մոսկվային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղրղըզստանի դեպքերը որակել է «պետական հեղաշրջում», որն իրականացվել է հակասահմանադրական եղանակով: Նա նաեւ քննադատել է Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումը Ղրղըզստանի նոր իշխանություններին սատարելու հարցում:
«Առաջին հերթին ամերիկացիների, այնուհետեւ ռուսների քաղաքականությունն այդ իրադարձությունների վերաբերյալ անհեռատես է, քանի որ նրանք պետք է հանդես գային ղրղըզական ընդդիմության գործողությունները դատապարտող հայտարարություններով, – ասել է Լուկաշենկոն,- ես չեմ ուզում նեղացնել իշխանության եկած ներկայիս ուժերին, բայց կուզենայի ասել այն մարդկանց, ովքեր այսօր Բակիեւին մեղադրում են Ղրղըզստանում կլանային համակարգ ներդնելու եւ երկիրը քանդելու մեջ:


Հարց է ծագում՝ ինչ է, մենք հիմա էլ նմանատիպ քանդման ականատեսը չդարձա՞նք: Այս առումով ես լիովին ճիշտ եմ: Մի տարի առաջ Բակիեւի հետ ունեցել եմ սկզբունքային զրույց եւ ասել եմ՝ Կուրմանբեկ, զգույշ եղիր, որպեսզի նույն ճանապարհով չգնաս»:
Իսկ Ղրղըզստանի նախագահին վերջին անգամ երկրում կլանային դասակարգ ստեղծելու մեջ մեղադրել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ Ղրղըզստանում բախումների սկսման հաջորդ օրն իսկ:
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ ժամանակն է ՌԴ իշխանությունների հետ քննարկել երկկողմ հարաբերությունների հեռանկարները: Նա նաեւ ասել է, որ շատ հարցեր են կուտակվել. «Երբեմն լինում են այնպիսի հարցեր, որոնք մենք ի վիճակի չենք լուծել»,-հավելել է Ա. Լուկաշենկոն: Այդ հարցերը վերաբերում են ռուսաստանյան ընկերությունների՝ բելառուսական ձեռնարկություններում մասնակցություն ունենալուն, բելառուսական արտադրողների ապրանքները ռուսական շուկա մուտք ապահովելուն, ինչպես նաեւ հարցեր ուղղված Մաքսային միության զարգացմանը:
Այդպես էլ չկայացած Ռուսաստան-Բելառուս միությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, եւ սա առաջին դեպքը չէ:

Անի Մարության

Աշխարհը փոփոխվում է

Ապրիլը Ղրղըզստանի  համար նոր փորձությունների ամիս դարձավ: Այս միջինասիական երկրում հեղաշրջումները կարծես ապրելակերպ են դառնում: Ղրղըզստանի մի քանի քաղաքներում իրավապահ մարմինների եւ ընդդիմության անդամների միջեւ տեղի ունեցած ընդհարման հետեւանքով մահացել է շուրջ 80 մարդ, հազարավոր մարդիկ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ: Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը դեռ հրաժարական չի տվել, թեեւ արդեն իսկ զրկված է իշխանական լծակներից: Նա փորձեց հետագա ապակայունացման դեպքում ամբողջ պատասխանատվությունը դնել ընդդիմության վրա, սակայն, ընդդիմությունը իշխանափոխությունը հասցրեց վերջնակետին: Եվ նախագահ Բակիեւը հիմա բանակցում է հանգիստ հեռանալու շուրջ:
Աշխարհում ուշիուշով հետեւում էին ղրղըզական հերթական հեղաշրջման փաստին: Նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ ցնցված է Ղրղըզստանում ընթացող անկարգություններից եւ զոհերի թվից:
Կուրմանբեկ Բակիեւը ընդդիմադիրների կողմից մեղադրվում է կոռուպցիայի, քաղաքական հետապնդումներ իրականացնելու, խոսքի ազատության սահմանափակման համար: Երկրում արդեն հնարավորինս կառավարելի վիճակ է, հին կառավարությունը վայր է դրել լիազորությունները, իսկ նախագահի գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություններ չկան:
Իսկ օրերս ելույթ ունենալով Բրուքինգյան ինստիտուտում` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ղրղըզստանի հարավային եւ հյուսիսային մասերի բաժանվելու ռիսկը գոյություն ունի, եւ շատ կարեւոր է կանխել արյունահեղությունը: Նրա կարծիքով, Ղրղըզստանը քաղաքացիական պատերազմի շեմին է: Իսկ այսպիսի հակամարտությունները բարերար հող են ստեղծում արմատականների համար, եւ այդ դեպքում Ղրղըզստանի տեղում կարող է հայտնվել մի նոր Աֆղանստան. ասել է ՌԴ նախագահը:
Համաշխարհային մամուլը նույնպես ահազանգում է, որ Ղրղըզստանը կարող է մասնատվել Հարավսլավիայի ու Վրաստանի օրինակով: Այն կարող են բաժանել ռուսաստանյան եւ ամերիկյան հատվածների:
Այս կարգի հայտարություններ հնչել են նաեւ Ուկրաինայի պարագայում, երբ Արեւմուտքը տնօրինում էր այնտեղ, սակայն այսօր Ուկրաինայում ձեւավորվել են ոչ միայն ժողովրդավարական ավանդույթներ, այլեւ իշխանությունները ներկայումս ռուսաստանամետ են, ինչն էլ հնարավորություն տվեց արյունալի դեպքերից խուսափել:
Ղրղըզստանում դժվար դա հաջողվի: Իշխանությունից հեռացված նախագահ Կուրմանբեկ Բակիեւի կողմնակիցները հանրահավաք էին կազմակերպել Ջալալաբադում, որը երկրի հարավում է եւ հայտարարել են. «Թող փորձեն զավթել, վերացնել իշխանությունը: Այնքան արյուն կթափվի, որը ոչ մի բան չի կարող արդարացնել»:
Ընդդիմության առաջնորդ Ռոզա Օթումբաեւայի խոսքով, ՌԴ կառավարությունը մտադիր է Ղրղըզստանի նոր ժամանակավոր կառավարությանը անհատույց 150 մլն. դոլար հատկացնել որպես օգնություն: Ղրղըզստանի դեպքերը կարող են կրկնվել նաեւ այլ հետխորհրդային երկրներում, սակայն, դատելով ամեն ինչից, ըստ մեկնաբանների, Ղրղըզստանում կրկնվում է Կոսովոյի նախադեպը: Սահմանների վերաձեւումը շարունակվում է:
Ուստի՝ Հայաստանն ու Արցախ -ԼՂՀ-ն միջազգային ասպարեզում  նորից խոսելու հնարավորություն են ստանում:

Արտակ Հայոցյան

Աշխարհը դեռ սպառազինված եւ վտանգավոր է

Միջուկային անվտանգության հաջորդ գագաթաժողովը կանցկացվի Կորեայում 2012թ.: Այս մասին, ԱՄՆ-ում, հերթական գագաթաժողովի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման. «Ուրախ եմ հայտարարել, որ նախագահ Լի Մեն Բակը համաձայնել է անցկացնել Միջուկային անվտանգության հաջորդ գագաթաժողովը Կորեայի Հանրապետությունում 2 տարի անց»:
Իսկ օրերս, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բարաք Օբաման, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ստորագրել են ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր պայմանագիր:
Համաձայնագիրը փաստաթղթերի մեծածավալ (ավելի քան 160 էջ) փաթեթ է, որի մեջ մտնում են բուն պայմանագիրը, այն հստակեցնող հոդվածները եւ դրա կատարման կարգը նշող արձանագրությունը, որը պայմանագրի անքակտելի մասն է եւ ունի դրա հետ հավասար իրավաբանական ուժ, ինչպես նաեւ արձանագրության հավելվածները, որոնք լրացուցիչ մանրամասնում են համաձայնագրերի դրույթները:
Պայմանագրի կենսունակության եւ արդյունավետության ապահովման ու դրա իրականացման հետ կապված ցանկացած ոչ պարզ հանգամանքների լուծման նպատակով հիմնվում է հատուկ մարմին՝ երկկողմ խորհրդատվական հանձնաժողով:
Պայմանագրի դրույթներով նախատեսվում է, որ կողմերից յուրաքանչյուրն իր ռազմավարական հարձակողական սպառազինությունները կրճատում եւ սահմանափակում է այն կերպ, որ այն ուժի մեջ մտնելու պահից 7 տարի հետո եւ հետագայում դրանց միագումար քանակները չգերազանցեն.
– 700 միավորը՝ ծավալված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ՄԲՀ), սուզանավերի բալիստիկ հրթիռների (ՍԲՀ) եւ ծանր ռմբակոծիչների (ԾՌ) համար,
– 1550 միավորը՝ դրանց վրա մարտալիցքերի համար,
– 800 միավորը՝ ՄԲՀ-ի եւ ՍԲՀ-ի, ինչպես նաեւ ԾՌ-ի ծավալված եւ չծավալված արձակման կայանքների համար:

Նարե Մշեցյան

Ո՞վ` ու՞մ է օգնելու…

Վաշինգտոնյան միջուկային գագաթաժողովում արծարծվել է միջոցառմանը չհրավիրված Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների քննադատությունը ԱՄՆ-ի հասցեին: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը իրանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոչ է արել ԱՄՆ նախագահ Օբամային՝ կարգավորել հարաբերություններն Իրանի հետ տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցում արդյունքներ արձանագրելու համար:
Նա ասել է. «Օբաման միայն մեկ հնարավորություն ունի, այն է` կարգավորել հարաբերություններն ԻԻՀ հետ: Պաղեստինում, Աֆղանստանում եւ Իրաքում Օբաման ոչինչ չի կարող անել, նույնիսկ դժվարություններ է կրում սեփական տնտեսությունում: Նա հրաշագործ չէ, եւ միակ բանը, որ մնում է անել, դա է` փոխել վերաբերմունքը Իրանի նկատմամբ ու սկսել համագործակցել»: Նշել է նաեւ, որ ԱՄՆ-ն չի կարող վնաս պատճառել Իրանին` հավելելով. «Վաշինգտոնը ասում է, թե ուզում են օգնել Իրանին մեկուսացումից դուրս բերելու համար, մինչդեռ Իրանն ինքն է ուզում օգնել Նահանգներին` փրկվելու մեկուսացումից»:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 14 (145), 2010թ.
 

 

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.