Իսկ «The Washington Post»-ը գրում է, որ «Օբաման չի հրավիրել Իլհամ Ալիեւին, քանի որ նա կարող էր խոչընդոտել հայ-թուրքական հարաբերություների կարգավորմանը»: Վաշինգտոնում՝ Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին, Բարաք Օբամայի հյուրերն էին 47 երկրների ղեկավարները, սակայն նրանցից միայն 12-ի հետ ԱՄՆ-ի նախագահը հանդիպում ունեցավ դեմ առ դեմ: Այս քայլը որոշակի անհարմար իրավիճակներ է առաջացրել:
Թերթը շեշտում է, որ Ադրբեջանի նախագահը գագաթաժողովի 47 մասնակից երկրների առաջնորդների ցուցակում չհայտնվեց, եւ այս փաստն առաջացրել է Ադրբեջանի քաղաքական էլիտայի վրդովմունքը, ըստ որոնց, միջուկային հումքի տեղափոխությունների խնդիրն անմիջական կապ ունի Ադրբեջանի հետ, որովհետեւ վերջինս տեղակայված Է Իրանի ու Ռուսաստանի միջեւ: Սակայն, Սպիտակ տունն այլ հաշվարկներ ուներ, Ադրբեջանի նախագահը կարող էր խոչընդոտել հայ-թուրքական հարաբերություների կարգավորմանը, ինչը վճռորոշ հանգամանք է եղել:
Վահագն Նանյան
Լավ հարեւանները հասան իրար
Թբիլիսին եւ Բաքուն օրերս իրարամերժ հայտարարություններ են տարածել 17-ամյա վրացի պատանու գնդակահարման դեպքի առիթով: Վրաստանի իրավապաշտպան մարմինները պաշտոնական հայտարարություն են տարածել, որ Ահմեդ Գաորգաշվիլին զոհվել է վրաց-ադրբեջանական սահմանի Էրիսիմեդի շրջանում, տեղի բնակիչների հավաստմամբ, ադրբեջանցի դիպուկահարի հարվածից: Ադրբեջանի ՆԳ նախարարը հայտարարել է, թե դեպքի առնչությամբ հետաքննություն է վարվում մեղավոր սահմանապահին հայտնաբերելու ուղղությամբ: Այդ խնդրանքով վրացական կողմը դիմել է Ադրբեջանին: Այս երկրի զլմ-ներն էլ տարածել են Պետական սահմանային ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, որ ադրբեջանական կողմը վրաց-ադրբեջանական սահմանի նշյալ վայրում Վրաստանի կողմից պետական սահմանը անցնելու փորձ է կանխել, երբ սահմանապահ ջոկատը նկատել է 3 հոգուց բաղկացած խմբի, որը չի ենթարկվել հրահանգներին:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 14 (145), 2010թ.



