Թուրքերն ամեն կերպ խցկվու՞մ են

ԵԽԽՎ նորանշանակ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, ով այժմ գտնվում է Բաքվում, հայտարարել է, թե հայտնի է՝ ով է լինելու ԵԽԽՎ ԼՂ հակամարտության հարցով ենթահանձնաժողովի նախագահը: ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվող ենթահանձնաժողովը վերսկսելու է իր աշխատանքները, արդեն այս ամսին:
«Ենթահանձնաժողովը դեռեւս ստեղծված չէ, սակայն ենթադրվում է, որ այն ես եմ ղեկավարելու: Դա շատ տարածված պրակտիկա է, երբ ԵԽԽՎ նախագահը ղեկավարում է նաեւ կառույցի ենթահանձնաժողով: Ենթահանձնաժողովի նախկին ղեկավարը նույնպես ԵԽԽՎ նախագահն է եղել»,- հայտարարել է Չավուշօղլուն: Նա հույս է հայտնել նաեւ, որ հայ ու ադրբեջանցի պատվիրակների մասնակցությամբ ենթահանձնաժողովը դրական ներդրում կունենա ԼՂ-ի հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին:

Նարե Մշեցյան

Նոր թուրքական «ռեվերանսներ»

Թուրք իրավապաշտպանները դատապարտում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները: «Մենք դատապարտում ենք տարածաշրջանի պետությունների որոշ կառույցների ռազմատենչ հավակնություններով սնվող թշնամանքի բոլոր ձեւերն ու դրսեւորումները»,- ասված է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարում հայ եւ թուրք լիգաների ընդունած բանաձեւում:
Համագումարի ավարտին, երբ լրագրողները փորձեցին հստակեցնել, թե արդյոք խոսքը նաեւ Ադրբեջանին է վերաբերում, քանի որ այդ երկրից պարբերաբար հնչում են ռազմատենչ հայտարարություններ, Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի նախագահ Յավուզ Օնեն պարզաբանեց, որ իրենք դատապարտում են ընդհանրապես բոլորին, ովքեր ռազմատենչ են: «Եթե Ադրբեջանն էլ ռազմատենչ է եւ ռազմական կոչեր է անում, ապա, իհարկե, մենք դատապարտում ենք նաեւ Ադրբեջանին, սահմանային բոլոր վեճերը հասցնում են նրան, որ մարդկային իրավունքների ոտնահարումներ կատարվեն»,- ասել է Յ. Օնենը` հավելելով, թե իրենք նաեւ քննադատում են այն, որ քննարկման են դրվում Հայաստանի ներկա սահմանները, ինչն էլ պատերազմի առաջացման պատճառ է հանդիսանում:
«…Մենք նաեւ պախարակում ենք Թուրքիայի այն քաղաքականությունը, որ զինվելու համար մեծ գումարներ է ծախսում, մինչդեռ այդ միջոցները կարող էին ծախսվել մարդկանց բարօրության համար»,- այսպես է ավարտել իր «մարդասիրական» խոսքը թուրք իրավապաշտպանը:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 14 (145), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.