Հայագիտության մեջ կա ընդհանրական թյուր կարծիք այն մասին, որ բոլոր հայերը սերում են Հայկից, որ, որպես թե, դրանով են պայմանավորված Հայ եւ Հայք (Հայաստան) անունները: Այս կարծիքի արմատավորմանը քիչ չափով չի նպաստել նաեւ մեր պատմահայր Խորենացին, ով առաջինը անդրադառնալով հայ (իր խոսքերով` հայոց մեծերի) ծննդաբանության խնդրին, այդպիսի տեսակետ է հայտնել, որ եւ ժամանակի ընթացքում հայագիտության մեջ արմատավորվել է:
Մասիսի ստորոտում հիմնած տունը Կադմոսին որպես ժառանգություն թողնելով, Հայկը,-շարունակում է Խորենացին,- «մնացած մարդկանցով եւ տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք. գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում եւ այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն` թե այստեղ բնակվողները հայրեր են Թորգոմի տան սերնդի: Շինում է եւ մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն»: Ուշադրություն դարձնենք այն բանի վրա, որ Հայկը լեռնադաշտը անվանում է Հարք (կամ, որը ոչ պակաս հավանական է, վերականգնում է հինը): Խորենացին եկեղեցական գրաքննության վտանգից ելնելով` չէր կարող Հարք-ի ստույգ լեզվաբանական բացատրությունը տալ եւ ասել, որ Հարք նշանակում է տեղ, որտեղ ապրում են արիները1 (բառը կազմված է հ-տեղ նշանակող հունչարմատից, ար/արի-ցեղատեսակ նշանակող բառարմատից եւ ք-բազմակիացնող մասնիկից). նա ստիպված բառին այդ բացատրությանը մոտ բացատրություն է տալիս, որը հասկացողի համար բնավ չի հակասում բուն բացատրությանը, քանզի նա գիտի, որ Թորգոմի տունը արիական տուն է: Իսկ պատմիչի այն ասածը, թե Հայկը Հարքում «շինում է մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն», պետք է հասկանալ այն իմաստով, որ Թորգոմից սերող արիների ընդհանուր բնակատեղիում ինքը նոր գյուղ է շինել իր անվամբ:
Այնուհետեւ Խորենացին գրում է, թե «այստեղ էլ (Մար Աբաս Կատինայի,-Ս.Մ.) պատմության մեջ հիշվում է, թե այս դաշտի հարավային կողմում,…, ապրելիս են եղել առաջուց սակավաթիվ մարդիկ, որոնք կամովին հնազանդվել են դյուցազնին»: Փաստորեն, Խորենացին երկրորդ անգամ էլ շեշտելով Արարատյան աշխարհում «առաջուց» (վաղնջական ժամանակներից) ապրողների մասին, դրանով ասել կուզի, որ երկիրը միշտ իր բնիկ ապրողներն ունեցել է: Այս անգամ, սակայն, Հայկի տեսածները ոչ թե «առաջուց ցրվածներ» են եղել, այլ, ամենայն հավանականությամբ, իրենինի պես մի ամբողջական տոհմ: Սրանք էլ են «կամովին հնազանդվում դյուցազնին». ասել է թե` սրանք էլ են Հայկին ազգակից կամ ցեղակից լինում, որը եւ հիմք է հանդիսացել այն բանի համար, որ նրանք առանց դիմադրության ընդունել են Հայկի առաջնորդությունը:
Խորենացին իր «Պատմության» մեկ այլ դրվագում էլ է շեշտում, արդեն ընդհանրացված ձեւով, որ Հայկի` Բաբելոնից վերադառնալուց առաջ էլ Արարատի տարբեր տեղերում բնիկներ ապրել են: Կարդում ենք. «Սքանչելի մի բան է ասում պատմագիրը (Մար Աբաս Կատինան,-Ս.Մ.), թե (Արարատի,-Ս.Մ.) շատ տեղերում ցիրուցան բնակվում էին սակավաթիվ մարդիկ մեր երկրում նախքան մեր բնիկ նախնի Հայկի գալուստը» (ընդգծումը իմն է): Ուշադրություն դարձնենք. պատմիչը «սքանչելի մի բան է» համարում Կատինայի ասածը, ասել է թե` ինքը մեծ ուրախությամբ է կարդացել այդ տողերը, դրանցում հայի` Հայաստանի բնիկ լինելու կարեւոր վկայություն տեսնելով:
Հայաստանի «շատ տեղերում ցիրուցան» բնակվողները ի՞նչ տոհմեր էին: Հենց տոհմեր, չէ՞ որ այն ժամանակներում մարդիկ, ստուգապես ասած, ոչ թե ցիրուցան էին ապրում, այլ` տոհմերով: Խորենացին հարցին որոշակի պատասխան չի տալիս (դրա պատճառը ստորեւ ենթադրաբար կփորձենք տալ), բայց ինչ-որ կռահում, այնուամենայնիվ, անում է: Այսպես օրինակ` Արշակունյաց թագավորության ժամանակ մեծ հռչակ ձեռք բերած Սլկունիների մասին գրում է. «Բայց մոռացանք Սլաք2 կոչված դժնյա մարդուն, որի մասին հաստատ չեմ կարող ասել, արդյոք Հայկի՞ց էր ծագել, թե՞ նրանից առաջ մեր երկրում (Հայազուն,-Ս.Մ.) ապրողներից, որոնց գոյության մասին պատմում են զրույցները: Բայց նա քաջ մարդ էր: Սրան քիչ մարդկանցով նշանակում է (Արշակունի Վաղարշակ թագավորը,-Ս.Մ.) լեռը (Մասիսը,-Ս.Մ.) պահպանելու եւ քոչեր որսալու. սրանք կոչվեցին Սլկունիներ»: Ասվածից անմիջապես հետո պատմիչը հայազուն մեկ այլ տոհմի` Մանդակունիների մասին էլ է «թե»-որեն արտահայտվում: Կարդում ենք. «Այսպես եւ նույնպիսի (Սլակինի պես,-Ս.Մ.) գործերի վրա Վաղարշակը նշանակում է անդառնալի3 Միանդակին, որից սերվեցին Մանդակունիները»: Ուշադրություն դարձնբենք այն բանի վրա, որ Խորենացին Սլկունիների եւ Մանդակունիների մասին հիշում է Հայոց մեջ պտտվող զրույցների հիման վրա (եւ ոչ մարաբասկատինյան գրավոր աղբյուրի, որը, դժվար չէ ենթադրել, հայության Հայկյան ճյուղն է միայն ներկայացրել): Հետո էլ, որ Վաղարշակ թագավորը Սլկունյաց տոհմին սրբազան սարը պահելու դերակատարում է տվել (կամ վաղնջուց ունեցածը հաստատել է), իսկ Մանդակունիներին նույնպիսի մեկ այլ գործ է հանձնարարել (ասել է թե` այդ տոհմերը զորեղ տոհմեր են եղել):
Ավելացնենք, որ հայազուն այս տոհմերին հետագայում ոչ հայազունները գրեթե հիմնովին ոչնչացրին. Սլկունիներին` ճենազն Մամգունները (Մամիկոնյանները), իսկ Մանդակունիներին` պարսից Սասանյան թագավոր Արտաշիրը:
Ենթադրելի է` ըստ Խորենացու, Վաղարշակ թագավորի կողմից որպես նախարարություններ հաստատված Մոկսեցիների, Կորդվացիների, Անձեւացիների եւ Ակիացիների տները նույնպես սերում են «նախքան մեր բնիկ նախնի Հայկի գալուստը» Արարատում բնակվող տոհմերից (Խորենացին ստուգապես իմանալով, որ այդ տները Հայկից չեն սերում, բայց աղբյուր չունենալով որտեղից սերելու մասին, նրանց ծագումնաբանության հարցը բաց է թողնում):
1 Եկեղեցին հարկված էր հայերին արի` իրանցիների ու արիական մյուս ազգերի ցեղատեսակից չհամարել` այդպես աշխատելով նրանց միմյանցից հեռացնել ու հակադրել միմյանց:
2 Կարծում ենք` պետք է լինի Սլակ (բառի բուն արմատը ակ/ագ-ն է, որ նշանակում է հուր, կրակ):
3 Գրաբարյան համապատասխան արտահայտությունը, թերեւս, պետք էր թարգմանել անվեհեր, անկոտրում:
Ավելի խորացնենք մեր ճանաչողությունը այն հարցում, թե ովքեր էին այն մարդիկ, ովքեր Արարատում բնակվում էին «նախքան մեր բնիկ նախնի Հայկի գալուստը»: Այստեղ փորձենք պատասխանել նաեւ այն հարցին, թե ինչու էր Հայկը հայտնվել Բաբելոնում: Մեր ուզածին հասնելու համար հարկ է դիմել նաեւ Սեբեոսի «Պատմությանը», որը մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ բավականաչափ կարեւոր նոր տեղեկություններ է պարունակում1:
Սեբեոսը գրում է, որ Հայկը իր գերդաստանով Բաբելոնից գալով` «գնաց բնակվեց Արարադ երկրում` այն տանը, որ լեռան ստորոտում էր, որ առաջ շինել էր Զրվանը հոր եւ եղբայրների հետ»: Մի փոքր անց պատմիչը նույն միտքը այլ կերպ էլ է արտահայտում. «(Հայկը,-Ս.Մ.) Եկավ հասավ Արարադ երկիր` այն տունը, որը նրանց (այսինքն` Հայկազունների,-Ս.Մ.) նախնիներինն էր եւ որը շինվել էր լեռան ստորոտում»: Սեբեոսի այս ասածներից միանշանակ է դառնում, որ Հայկը Բաբելոնից «տուն» է վերադարձել (իսկ տունը, ինքնին հասկանալի է, բնակիչներ է ունենում), այն տունը, որը իր հայրը` Թորգոմը շինել էր Զրվանի եւ եղբայրների հետ: Այդ տանը, պարզ է, Հայկի եղբայրները, գուցե նաեւ` հայրն ու հորեղբայրներն են (իրենց տոհմերով) տակավին ապրելիս եղել, ովքեր նրա` Բաբելոն գնալուց (կամ տարվելուց…) տանն էին մնացել: Խորենացու ասած` Հայկից առաջ Արարատում «ցրված ապրողներն», փաստորեն, Հայկի եղբայրներն ու մյուս հարազատներն են եղել:
Իսկ ինչ վերաբերում է Հայկի ու նրանից առաջ Արարատում բնակվողների` ազգային պատկանելության ու նրանց երկրի անվանումներին, Սեբեոսը որոշակիորեն ասում է, որ «երկիրը, ինչպես նրան արժանի էր, անվանակոչվեց Հայք, ուր բնակվում են հայազգիներով»: Այսինքն` չի ասվում, որ Հայկը երկիրն ու երկրում ապրող ազգը անվանեց ըստ իր անվան, ինչպես Խորենացու մոտ ենք տեսնում. այլ` որ երկիրը անվանակոչեց Հայք (լեզվաբանորեն նշանակում է հայերի բնակատեղի) այն պատճառով, որ այդտեղ ապրողները իր պես հայեր են (դրանից էլ չի՞ հետեւում, որ իր` Հայկի տոհմը հայազունների մի ճյուղն է ընդամենը եղել):
Պատմիչի ասածում մի կարեւոր իմաստ էլ կա: Ասում է, որ «երկիրը, ինչպես նրան արժանի էր, անվանակոչվեց Հայք»:
Հայոց լեզվին ըստ ամենայնի ճանաչ պատմիչը գիտի, որ հայ նշանակում է աստվածամարդ, դիցազն (բառացի` դիցերի-աստվածների սերունդ, նույնն է թե` աստվածամարդ), վեհածին, բարձրյալ. որը եւ նա նկատի ունի իր` «ինչպես նրան արժանի էր» արտահայտությամբ: Իր Հայկապատումում նա Հայկին մի քանի տեղ ուղղակի որպես դիցազն էլ անվանում է (նույն բնութագրությունը մենք տեսնում ենք նաեւ Խորենացու Հայկապատումում, ավելին` այստեղ Հայկը բնութագրվում է որպես «ով մեծդ դյուցազունների մեջ»):
Սեբեոսի «Պատմության» մեջ Հայկին տված մեկ այլ բնութագրության էլ ենք հանդիպում` «արի մարդ», որը մեկ բառով ասած Արմեն-ն է (մեն-ը մարդ է նշանակում): Դա տեսնում ենք պատմիչի Հայկապատումի հենց սկզբում. «Բայց ես նախ եւ առաջ սկսեմ պատմել սարսափազդու արքայի (Բելի,-Ս.Մ.) եւ արի մարդու (Հայկի,-Ս.Մ.) մասին վեպը»,-գրում է նա: Խոսքը Հայկի` այս անգամ ցեղային պատկանելության` Արի (Արմեն) մասին է2: Սեբեոսի, ինչպես նաեւ Խորենացու Հայկապատումները հիմք են տալիս ենթադրելու, որ արի ցեղի նահապետ Հաբեթից3 (ենթադրաբար` բառացի նշանակում է հրածին) դեռեւս սկսված արի ցեղի` ազգերի բաժանումը Թորգոմի (Հայկի հոր) ժամանակ համեմատաբար որոշակի տեսք ստացավ, եւ ցեղի բնօրրանում մնացածները անվանվեցին հայ արիներ (կամ` Թորգոմյաններ), ի տարբերություն մյուս` բնօրրանից գնացած (կամ` վտարված…) արիների` իրանցիների, զրվանականների (սրանց նախնին Զրվանն է), այրիշների (իռլանդացիների), հելլենների, հնդարիների եւ այլն:
Իսկ ինչպե՞ս հայազուն (հայ արի) Հայկը հայտնվեց Բաբելոնում, որտեղից էլ հետագայում վերադարձավ հայրենիք:
Նկատենք, որ ինչպես եւ՛ Խորենացին եւ՛ Սեբեոսն են հաստատում, – նա այդ երկրում միայնակ չի եղել, այլ` իր գերդաստանով, նաեւ` որ այդ երկրում ապրել է ոչ քիչ ժամանակ (այդտեղ է նա ունենում իր Արամանյակ որդուն): Դա նշանակում է` կամ նրան գերդաստանով հանդերձ բաբելոնա-հայկական պատերազմներից մեկի ժամանակ գերեվարել են, կամ էլ` ինքն է իր գերդաստանն առած գնացել Բաբելոն` ելնելով ինչ-ինչ հանգամանքներից:
Առաջին տարբերակը պակաս հավանական է. քանի որ Հայկի` Արարատ վերադառնալուց հետո նրա հետեւից Բելի ուղարկած պատգամավորի` նրան ասած ջերմ խոսքերը, որոնք Բելն էր թելադրել ասելու, վկայում են այն մասին, որ Բել-Հայկ հարաբերությունները գերեվարող-գերի հարաբերություններ չեն եղել, այլ դրանցում ինչ-որ մի ժամանակ մտերմիկություն, նույնիսկ հարազատություն է եղել: Հետեւաբար, ավելի հավանական է դառնում երկրորդ տարբերակը4. Հայկը ինքն էր ինչ-որ մի ժամանակ կամովին գնացել Բաբելոն, կամ էլ հայրը` Թորգոմն էր նրան ուղարկել:
Ինչու՞:
Հարցի պատասխանի փնտրտուքը տանում է Հայկի ապրած ժամանականերից հետ` նրա նախապապերից մեկը` Հաբեթը: Խորենացին «շատերից ավելի ճշմարտախոս Բերոսյան Սիբիլլայի5» ասածները մեջբերելով` գրում է, որ «Նախքան աշտարակը եւ մարդկային խոսակցության բազմալեզու դառնալը, եւ Քսիսութրիոսի (Նոյի,-Ս.Մ.) դեպի Հայաստան նավարկությունից հետո, երկրի իշխաններ են դառնում Զրվանը, Տիտանը եւ Հապետոսթեն (Հաբեթը,-Ս.Մ.)…»: Հիշատակված Հապեթոստեն զտարյուն արիների նախնին է: Զրվանը եւ Տիտանը, ինչպես Բերոսյան Սիբիլլան է ասում, Հապետոսթեի եղբայրներն էին, բայց (սա արդեն մեր կողմից ավելացնենք)` միայն հոր կողմից եղբայրները (մոր կողմից Զրվանը եւ Տիտանը հողածին ադամական էին): Այս Զրվանը եւ Տիտանը եբրայական Բիբլիայում («Գիրք Ծննդոց»-ում) հիշատակված` դրախտավայրում (Արարատյան աշխարհում) «Աստուծո որդիների»` արիների եւ ադամականների` «մարդկերանց սիրուն աղջիկների» խառնակությունից ծնվածներն են, ովքեր դրախտից քշվելուց հետո իրենց հաստատված երկրներում իշխաններ են դառնում6, իսկ Հաբեթոսթն էլ իր աշխարհի իշխանը` նահապետն է լինում: Նշվածներից Զրվանի մասին արդեն ինքը` Խորենացին ճշմարտորեն արտահայտվելով գրում է. «Հետո արդեն Զրադաշտը` բակտրիացիների, այսինքն` մեդացիների թագավորը (աստվածացնելով,-Ս.Մ.) այս Զրվանին կոչեց սկիզբ եւ աստվածների հայր եւ էլի ուրիշ շատ բաներ նրա մասին առասպելաբանեց7»: Բերոսյան Սիբիլլայի գրքում հետո Խորենացին կարդում է. «Երբ նրանք (Հաբեթոսթը, Զրվանը եւ Տիտանը,-Ս.Մ.) ամբողջ աշխարհը բաժանում էին իրենց իշխանությունների մեջ, Զրվանը զորեղանալով տիրում է մյուս երկուսի վրա… Արդ` երբ Զրվանը բռնացավ, ասում է (Սիբիլլան), Տիտանը եւ Հապետոսթեն նրան դիմադրություն ցույց տվին` նրա հետ պատերազմի բռնվելով8, որովհետեւ նա մտադրություն ուներ իր որդիներին բոլորի վրա թագավորեցնել»:
Տեղը չէ այդ զորեղ պատերազմի պատճառների, ընթացքի, ելքի ու հետեւանքների մասին հանգամանորեն խոսելու (միայն նշենք, որ եղբայրների քույրը` Աստղիկն է նրանց «համոզում խռովությունը դադարեցնել»). այստեղ մեզ հետաքրքրող փաստի վրա կանգ առնենք` դեռեւս Հաբեթի ժամանակներում արիա-տիտանյան դաշինք էր ձեւավորվել: Հայկը Հաբեթի սերունդներից էր, իսկ Բելը` Տիտանի: Հայկի եւ Բելի մասին վեպում դա շեշտվում է, երբ ասվում է, որ Հայկը Հաբեթոսյան էր, իսկ Բելը` Տիտանյան: Կարելի է ենթադրել, որ նրանց ժամանակ դեռեւս պահպանվում էր հինավուրց դաշինքը, եւ դրա բերումով է Հայկը իր գերդաստանով հայտնվել Բաբելոնում:
Հայտնվել էր` Տիտանյան Բելին օգնելու ներքին կամ արտաքին պատերազմներում: Եվ օգնում է: Որից Բելը զորեղանում է: Զորեղանում է եւ գոռոզանալով չարաշահում Հայկի օգնությունը. «Չէր ճանաչում իր էությունը, այլ մարդկային բոլոր ազգերին (այդ թվում` Հայկի ազգին,-Ս.Մ.) իրեն ծառայության էր կանչում». իրեն «Աստված էր կարծում» ու բոլորին ստիպում իրեն «Աստված կոչել». կանգնեցնել էր տալիս իր արձանը եւ ստիպում «երկրպագել ու զոհեր մատուցել` իբրեւ Աստծո»,-գրում է Սեբեոսը: Հայկը, ինչպես վեպն է պատմում, չի տանում այդ «չաստվածացյալ բռնակալին» (Սեբեոս) եւ Բաբելոնը թողնում-իր ողջ գերդաստանով վերադառնում է հայրենիք` «իր տուն»` այդպես փաստորեն չեղյալ համարելով հինավուրց դաշինքը:
Հետոն բոլորիս հայտնի է: Հիշենք միայն, որ իր տանը` տան «ցրված» մասերին (իր եղբայրների ու մյուս հարազատների ընտանիքներին ու տոհմերին) ի մի բերելու, Հայոց մեծ տունը վերականգնելու իր առաքելությունը իրականացնելիս, նա ոչ քիչ արգելքների հանդիպեց. նրա եղբայրներն ու հարազատները հեշտությամբ չէին ընդունում նրա առաջնորդությունը……
Ուշագրավ է, որ այն, ինչ Բելը չկարողացավ Հայկից ստանալ (Հայկը նրան չը-աստվածացրեց), Հայկն ու նրա սերունդները «ստացան» Բելի սերունդներից. նրանք հետագայում աստվածացրին Հայկին ու նրա սերունդներից Արային (Արա Գեղեցիկին) ու Տորք Անգեղին (տես Սեբեոս), – Հայկի ու հայկազունների նկատմամբ տիտանյանների մի պաշտամունք, որից քիչ վնասներ չկրեցին ոչ հայկազուն հայերի մյուս տները, երբ հետո նրանք Հայքը վերցրին իրենց գերիշխանության տակ (սա հետազոտության այլ թեմա է):
1 Թե Խորենացին եւ թե Սեբեոսը հայոց պատմության վաղնջական շրջանը ներկայացնելիս դիմել են նույն հեղինակի` Մար Աբաս Կատինայի (Սեբեոսի մոտ` Մարաբաս Մծուրնացի) օգնությանը, այն տարբերությամբ, որ Խորենացին հեղինակի ձեռագիր մատյանից է օգտվել, իսկ Սեբեոսը` «արձանի վրա դրոշմվածից»:
2 Խորենացին Հայկի սերունդներին է արի անվանում, որից, պարզ է, հետեւում է, որ Հայկն էլ է արի:
3 Պատահական չէ, որ արի ցեղին պատկանող ազգերը կոչվում են նաեւ հաբեթածիններ կամ հաբեթականներ:
4 Հավանականության լեզվով ենք ստիպված խոսում, որովհետեւ ոչ Խորենացին եւ ոչ էլ Սեբեոսը հիմք չեն տալիս հաստատունորեն դատել:
5 Սիբիլլաները հին Հունաստանում եւ Հռոմում Ապոլլոնին նվիրված մեհյանի կույսեր էին: Ժողովրդի կողմից շատ հարգված էին, քանզի իմաստուն կանանց համբավ ունեին:
6 Տիտան-ը լեզվաբանորեն, հավանաբար, նշանակում է` մեծ տնից, իսկ Զրվան-ը` տուն ու տեղից (վան-ը այդ իմաստն ունի) զրկված:
7 Շատ բան ասող է այն, որ Զրադաշտի դիցաբանությունում Ահրիմանը (Արի մանը` արի Հաբեթը կամ նրա հայրը) հանդես է գալիս որպես բացասական զորության կրող:
8 Այդ աշխարհացունց, այն ժամանակների համաշխարհային պատերազմի մասին հիշատակություն կա նաեւ հունական դիցաբանության մեջ, այն տարբերությամբ, որ այդտեղ Զրվանը Զեւս անվամբ է:
Քուրմ Մանուկ
«Լուսանցք» թիվ 13, 14 (144, 145), 2010թ.



