Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը օրերս հայտնել է, որ «վերջին 25 տարվա ընթացքում Կարմիր բլուր հնավայրի տարածքում պարբերաբար շինարարական աղբ է կուտակվում, որովհետեւ մինչ օրս հնավայրը չունի հաստատված պահպանական գոտի»: 1985թ. Հուշարձանների պաhպանության կոմիտի փոխնախագահը ստորագրել է պահպանական գոտու հաստատման փաստաթուղթը, սակայն վարչակարգի փոփոխման հետեւանքով, այն առայսօր չի հաստատվել: Բացի այդ, 1985թ. գծված պահպանական գոտին չի համապատասխանում ստեղծված իրավիճակին՝ մի կողմից կուտակված աղբի, մյուս կողմից՝ սահմանները փոփոխած գերեզմանոցի պատճառով:
Ա. Փիլիպոսյանը առաջարկում է Կարմիր բլուրի տարածքում կուտակված աղբը հրել մոտակայքի ձորակը, սեղմել այն եւ ծածկել սեւահողով, ինչի հետեւանքով «քիչ դրամական միջոցներ ծախսելով‘ աղբը կմաքրիվի, իսկ այդ տարածքն էլ կդառնա օգտագործելի»: Իսկ որպեսզի կատարվեն ճանապարhաշինական աշխատանքները, բայց վնաս չհասցվի պատմական հնավայրին, թանգարանի տնօրենն առաջարկում է ճանապարհը կառուցել հենասյուների վրա:
Կարմիր բլուր հնավայրը Էրեբունի թանգարանի մասնաճյուղն է, որտեղ ամփոփված են Վանի թագավորության 2-րդ շրջանը ներկայացնող մասունքներ: Ի տարբերություն շատ
ուրարտական հուշարձանների՝ սա չի թալանվել եւ հնարավորութուն է տալիս ամբողջական պատկերացում կազմել տվյալ ժամանակաշրջանի քաղաքական, տնտեսական ու ռազմական զարգացումների մասին:
Արման Դավթյան
Հ.Գ. – Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ) եւ հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) կիսում են Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի մտահոգությունները եւ միանում են տնօրենի առաջարկներին, որպեսզի Կարմիր բլուրը պահպանվի սերունդների համար եւ պաշտպանված լինի պետականորեն: Հայ արի հեթանոսները առհասարակ մտահոգված են մեր հնավայրերի պահպանմամբ, քանզի եւ՛ պատմական եւ՛ հավատքային առումներով այդ վայրերը սրբազան են հայ արիների համար, որտեղ նրանք նաեւ արիադավան-հեթանոսական ծեսեր եւ տոներ են անցկացնում:
Շաբաթվա մարզական կյանքից
Եվրոպայի առաջնությունում
Հունաստանի Նեա Մուդանիա քաղաքում ավարտված սամբոյի Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնություններում Հայաստանի սամբիստները ընդհանուր առմամբ նվաճեցին 7 մեդալ: Բոլորից հաջող հանդես եկավ 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին՝ հռչակվեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Արծաթե մեդալ նվաճեց Մհեր Կարապետյանը (75 կգ), բրոնզե՝ Ալեքսանդր Բալայանը (պատանիների առաջնություն, 56 կգ), Արեն Անտոնյանը (57 կգ), Արմեն Ադամյանը (68 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ) եւ Արտուշ Մկրտչյանը (+100 կգ): Երիտասարդական առաջնությանը մասնակցելու իրավունք ունեին 1990-91թթ ծնված սամբիստները, իսկ պատանեկանին՝ 1992-93թթ ծնվածները:
Մարզական բրիջ
Ապրիլի 17-18-ին Երեւանում անցկացվեց մարզական բրիջի Հայաստանի զուգախաղի 19-րդ առաջնությունը: 8 զույգի միջեւ ծավալված լարված պայքարի արդյունքում 1-ին տեղը գրավեց Արմեն Զելենկո-Աշոտ Քեշիշյան զույգը: Արմենը չեմպիոն դարձավ 7-րդ անգամ, իսկ Աշոտի համար սա 5-րդ կոչումն էր: Արծաթե մեդալների արժանացավ Արթուր Անտոնյան-Լեւ Սեւիյան զույգը, իսկ բրոնզե մեդալները բաժին հասան Արտյոմ Բալոյան-Գեւորգ Անտոնյան զույգին:
Եզրափակիչ՝ ինչպես նախորդ տարին
ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Փյունիկ»-ը հաղթեց «Ուլիս»-ին՝ 1:0: Առաջին խաղն էլ ավարտվել էր «Փյունիկ»-ի հաղթանակով՝ 2:0, եւ ՀՀ չեմպիոնն էլ դուրս եկավ եզրափակիչ: Բանանց»-ը մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Միկա»-ի նկատմամբ եւ նույնպես մտավ եզրափակիչ: Առաջին խաղում թիմերը բավարարվել էին 1:1 հաշվով:
Այս մրցակցության արդյունքում որոշվելու էր, թե որ թիմն է եվրոպական ակումբային մրցաշարում մեկնարկելու որակավորման երկրորդ փուլից եւ այդ իրավունքին արժանացավ «Բանանց»-ը, քանի որ եզրափակչում հանդիպելու է «Փյունիկ»-ի հետ, որը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարին:
ՀՀ գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 9-ին, Վազգեն
Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի սկիզբը՝ ժամը 20:00-ին: Այդպիսով, ֆուտբոլի Հայաստանի գավաթը 2րդ տարին անընդմեջ կվիճարկեն «Փյունիկ»-ն ու «Բանանց»-ը: Բացի այդ, «Բանանց»-ը 4-րդ տարին անընդմեջ մտավ եզրափակիչ, ինչը նոր ռեկորդ է ՀՀ գավաթի խաղարկության պատմության մեջ:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 15 (146), 2010թ.



