1918թ. մայիսի 26-ին վրաց ազգային խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախությունը: Մայիսի 27-ին նույն քայլին դիմեցին մուսավաթականները: Նրանք նախկին Ցարական Ռուսաստանի, Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգների տարածքը հռչակեցին Ադրբեջան պետություն, որը նման անվամբ երբեք գոյություն չի ունեցել նշված տարածքում: Պետության անվան ընտրությունը պատահական չէր եւ հետապնդում էր քաղաքական ու ռազմավարական հեռագնա նպատակներ: Այն մուսավաթականներին առաջարկել էր, այսպես կոչված, Կովկասյան իսլամական բանակի հրամանատար Նուրի փաշան, որպեսզի կովկասյան թաթարներն իրենց իրավունքները ներկայացնեն նաեւ Ատրպատականի կամ Իրանական Ադրբեջանի նկատմամբ: Սա առավելապես սիոնիստական-պանթուրքիստական ծրագիր էր:
Այդ օրերին, երբ Անդրկովկասյան Սեյմը կանգնած էր լուծարման առաջ, Հայկական կորպուսի ուժերը եւ հայ աշխարհազորայինները կենաց-մահու կռիվներ էին մղում Հայաստան ներխուժած թուրքական բանակների դեմ, որոնք փորձում էին մի քանի ուղղություններով շարժվել դեպի Թիֆլիս, Գանձակ ու Բաքու՝ իրականացնելու իրենց վաղեմի ծրագրերն ու նվաճել Անդրկովկասը, ոչնչացնելու նաեւ ցեղասպանությունից փրկված արեւմտահայության բեկորներին ու արեւելահայությանը: Բայց հայերը Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում պարտության մատնելով թուրքական զորքերին, ի չիք դարձրեցին այդ նպատակները եւ 1918թ. մայիսի 28-ին հայտարարեցին նոր հայկական պետության ստեղծման մասին: 1918թ. հունիսի 4-ին Թուրքիան էլ ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց չհրաժարվեց իր պանթուրքիստական ծրագրերից: Թուրքերը նպատակ ունեին թուրքամետ պետություն ստեղծել Կովկասում՝ Էնվերը ցանկանում էր Ադրբեջանի, Դաղստանի եւ Հայաստանի տարածքներում ստեղծել նոր պետություն, որին օժանդակում էր Նուրի փաշան:
Բաթումի պայմանագիրը հնարավորություն ընձեռեց թուրքական զորքերին գրեթե անարգել առաջանալ դեպի նորաստեղծ Ադրբեջան եւ թուրքական զորքերի մուտքը Ադրբեջան՝ ոգեւորեց կովկասյան թաթարներին, որոնք սկսեցին հարձակումներ գործել հայկական գյուղերի վրա, սրի քաշել հայ ազգաբնակչությանը, բազմաթիվ հայեր, որոնք աշխատում էին Գետաբեկի պղնձահանքերում, մորթվեցին հարեւան գյուղերի թաթարների կողմից: Փակվեց Գետաբեկ-Շամխոր ճանապարհը եւ տեղական բեկերի անմիջական մասնակցությամբ, թաթարական ջոկատները սկսեցին հարձակումներ գործել Շամխորի հայկական գյուղերի վրա՝ կոտորածներ անելով ու թալանելով հայերին: Չարդախլուի, Բադաքենդի, Բարսումի, Գառնակերի, Ձագիրի, Սալերի եւ մյուս փոքր գյուղերի ազգաբնակչությունը, ինքնապաշտպանության համար դիմեց զենքի, ստեղծվեց նաեւ հեծյալ ջոկատ, որն անվերջ շրջելով հայկական գյուղերում, հնարավորինս կանխում էր թշնամու անակնկալ հարձակումները: Բայց թաթարներին հաջողվեց տեղահան անել ու կոտորել տեղի հայ ազգաբնակչությանը եւ Ֆ. Խան-Խոյսկու կառավարությունը ոչ միայն չէր կանխում հայերի կոտորածները, այլեւ ինքն էր ծրագրում ու ղեկավարում զորքի ու թաթարական Խաժամուժի գործողությունները:
Զինաթափում էին հայությանը, զրկելով նրանց ինքնապաշտպանության հնարավորությունից եւ ավելի էին ուժգնանում կոտորածները: Հայկական թաղամասերը ենթարկվում են հարձակման: 1918թ. հունիսի 15-ից իսլամական բանակի հրամանատարությունը սկսեց իր ռազմական գործողությունները նաեւ Բաքվի ուղղությամբ: Թուրքական 5-րդ եւ 15-րդ դիվիզիաներին էին միացել ադրբեջանական զորքերը, իսկ սրանց հետեւից, ինչպես միշտ, շարժվում էր թաթարական խուժանը՝ գրավված տարածքներում թալանն իրականացնելու համար:
1918թ. սեպտեմբերի 15-ին թուրք-թաթարական զորքերը գրավեցին Բաքուն եւ այդ օրն էլ սկսվեց Բաքվի հայության կոտորածը: Հայերի ցեղասպանությունն իրականացվում է այն նույն ձեւով, ինչպես կատարվել էր Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանում, Ադրբեջանի մի շարք շրջաններում: Կատարողներն արդեն ունեին «մեծ փորձ»: Այդ ժամանակներում Բաքվի հայության եղեռնագործությանը զոհ գնաց 30 հազար մարդ: Բաքվի հայոց ազգային խորհրդի տվյալներով, մինչեւ 1918թ. սեպտեմբերյան ջարդերը քաղաքի 88.673 հայերից տուժել է 52.822 մարդ, որը կազմում է ընդհանուր թվի 59,57%-ը: Շուտով Անդրկովկասում թուրքերին փոխարինելու եկան անգլիացիները: Վերջիններս, ովքեր էլ առաջնորդվում էին իրենց քաղաքկան ու տնտեսական շահերով, եւ ոչինչ չձեռնարկեցին Ադրբեջանի հայ բնակչության ցողասպանությունը կամխելու համար: Դեռ ավելին, նրանց անմիջական մասնակցությամբ Խոսրով Բեկ Սուլթանովը նշանակվեց Ղարաբաղի եւ Զանգեզուրի գեներալ նահանգապետ, ով փորձեց հայկականայդ երկրամասերը, որոնց ազգաբնակչության 95%-ից ավելին տեղաբնակ հայեր էին եւ 1918թ. կռիվներ էին մղում թուրք-թաթարական միացյալ ուժերի դեմ, հայաթափել:
Բաքվի արյունալի դեպքերից հետո կոտորածները շարունակվեցին Գանձակ, Շամախի, Նուխի քաղաքներում եւ Ադրբեջանի հայկական գյուղերում: Այս տարածքում կար 40-ից ավելի հայկական գյուղ: Կոտորածներին հետեւեց բռնագաղթը, այրվեցին հայկական գյուղերը, որոնց ազգաբնակչության մի մասը կոտորվեց, իսկ կենդանի մնացածները տեղահան արվեցին: Հայերի զանգվածային կոտորածներ տեղի ունեցան նաեւ Շուշիում (1920թ. մարտի), դա նույնպես կազմակերպված էր Ադրբեջանի կառավարության կողմից եւ կոտորածներին զոհ գնացին 30 հազար հայեր:
Այսպես, 1918-1920թթ. հայերի ցեղասպանությունը Ադրբեջանում նախապատրաստել եւ իրականացրել է ադրբեջանական կառավարությունը, որին սկզբում աջակցում էր Թուրքիան, ապա՝ Անդրկովկասում գտնվող անգլիական զինվորական հրամանատարությունը: Ադրբեջանում հայերի ցեղասպանության եղանակը նույնն էր, ինչ Արեւմտյան Հայաստանում՝ կոտորած, թալան, տեղահանություն, տարածքների զավթում: Այդ ծրագիրը իրականացնում էին կանոնավոր զորքերը, խանական, բեկական ջոկատները, հակահայկական մոլեռանդությամբ «տոգորված» կովկասյան թաթարները: Հայերի ցեղասպանությունը Ադրբեջանում հետապնդում էր քաղաքական, տնտեսական, հավատքային նպատակներ: Մուսավաթական Ադրբեջանի պաշտոնական գաղափարախոսությունը պանթուրքիզմն էր եւ մահմեդականությունը:
1915-1923թթ՝. արեւմտահայության ցեղասպանությամբ եւ բռնագաղթով վերացվեց առաջին խոչընդոտը մեծ Թուրանի ճանապարհին: Հաջորդ արգելքը՝ Արեւելյան Հայաստանն էր, որը սեպի պես խրված էր Թուրքիայի ու Կովկասի մահմեդականության միջեւ եւ թուրքերը մեծ ջանքեր թափեցին վերացնելու նաեւ այդ արգելքը, սակայն միջազգային ու քաղաքական հանգամանքների բերումով, ստիպված էին ճանաչել նորաստեղծ Հայաստանի Հանրապետության գոյությունը: Ադրբեջանի քաղաքական գործիչները եւ կառավարող շրջանները շատ լավ գիտակցում էին, որ այն տարածքներում, որտեղ ստեղծեցին իրենց պետականությունը, երբեք այդ անվամբ պետություն չի եղել եւ, որ այդ տարածքները երբեք իրենց չեն պատկանել: Այդ առումով նրանց պետականությունը Թուրանի կազմում կարող էր ապահովել իրենց «ազգակից եւ կրոնակից» Թուրքիան: Եվ Գանձակի մզկիթներից մեկում Ադրբեջանի կառավարության նախագահ Խան-Խոյսկին՝ ողջունելով Նուրի փաշային եւ թուրքական զորքի մուտքը հանրապետություն, ասել է, թե «Վերջապես Ադրբեջանի թրքությունը հասնում է իր նպատակին, նա մտնում է իր սիրելի Օսմանյան խալիֆաթի գիրկը: Վերջապես իրականանում է համայն մահմեդականության դարավոր իդեալը՝ բոլորի միացումը սուլթանի կանաչ դրոշակի տակ: Տաճիկ ազատարար զորքերին սպասում են Կովկասի լեռնականները, Թաթարիստանի թաթարներն ու կիրգիզները, անդրկովկասի մահմեդականները: Կեցցե՛ օսմանյան բանակը, կեցցե՛ համայն միացած մահմեդականությունը»: Եվ պատահական չէ այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր ստեղծման առաջին օրերից իսկ տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը:
Թուրքիայի հետ կապվելու համար Ադրբեջանը Հայաստանից պահանջում էր ամբողջ Ելիզավետպոլի նահանգը՝ ամբողջական Արցախով ու Զանգեզուրով, Երեւանի նահանգից՝ Նախիջեւանն ու Շարուրը, Երեւանի ու Էջմիածնի գավառներից՝ Սադարակի, Վեդիբասարի, Զանգիբասարի շրջանները, Արաքսի աջ ափը, Մասիսի ստորոտներով՝ ամբողջ Սուրմալուն մինչեւ Կարսի մարզը: Բացի վերը նշվածից՝ Սեւանա լճի հյուսիսային ափերը, Վարդենիսը: Պահանջում էր շուրջ 50.520 քառակուսի կմ տարածք:
Ադրբեջանում մոտ 500.000 հայ կար, որը հանրապետության ամբողջ բնակչության 1/4-րդն էր եւ նրանց ֆիզիկական ոչնչացումը Ադրբեջանի ազատում էր այն իրողությունից, որ հայերն այլեւս չէին հավակնի ու պայքարի իրենց պատմական տարածքների համար: Հայության ցեղասպանությամբ ոչնչացվում էին նաեւ նրա ճարտարապետական ու մշակույթային արժեքները՝ տարածքների պատկանելության իրական վկայությունները:
Նաեւ կար տնտեսական գործոն, տեղի մահմեդական ազգաբնակչության գերակշիռ մասը քոչվոր անասնապահներն էին, հիմնականում բնակվում էր նախալեռնային եւ լեռնային գոտիներում: Իսկ հայերի կոտորածներից հետո քոչվոր մահմեդականներին հնարավորություն էին ընձեռում տիրանալ նոր արոտավայրերի, մեծ քանակության հասնող անասնահոտերի, մշակված հողերի: Դաշտային շրջաններում ցեղասպանները ձեռք էր բերում հարուստ գյուղեր ու շեներ եւ նոր վարելահողեր: Բացի այդ, հայերի կոտորածները եւ թալանը քոչվորներինդարձնում էր որոշակի հարստության տեր: Մահմեդականները ազգաբնակչության կրոնական մոլեռանդությունը նույնպես գործոն էր հայության ցեղասպանության ճանապարհին:
1920թ. ապրիլին Ադրբեջանը խորհրդայնացվեց եւ մուսավաթականներին փոխարինեցին ադրբեջանական բոլշեւիկները: Բայց փոխվեց միայն անունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը վերանվանվեց Խորհրդային Ադրբեջան: Մուսավաթականներից շատերը զբաղեցրեցին բարձր պաշտոններ, իսկ Ադրբեջանի արդեն կարմիր հորջորջվող բանակը շարունակեց իր սեւ գործը հայ բնակչության նկատմամբ: Պանթուրքիզմի գաղափարախոսությանը եւ քաղաքականությանը փոխարինեց նոր գաղափարախոսություն եւ քաղաքականություն, համաշխարհային հեղափոխության ցնդաբանությունը: Անդրկովկասում առաջինը խորհրդայնացվել էր Ադրբեջանը, ուստի այն էլ դարձավ «համաշխարհային հեղափոխության» տարածաշրջանային հենարանը: Ինչպես պանթուրքիզմի, այնպես էլ համաշխարհային հեղափոխության ճանապարհին, էլի խոչընդոտ էր հանդիսանում Հայաստանը եւ հայությունը եւ այս անգամ էլ Հայաստանն ու հայությունը պետք է զոհաբերվեին համաշխարհային հեղափոխության գաղափարին եւ նրա իրականացմանը:
…Եվ Հայաստանից պահանջեցին Ղարաբաղից, Զանգեզուրից, Նախիջեւանից դուրս բերել հայկական զորքերը: 1920թ. ամռանը խորհրդային զորքերը սկսեցին այդ երկրամասերի գրավումը եւ այդ շրջանների հայ բնակչությունը նորից հայտնվեց կոտորածի սպառնալիքի առաջ: Ադրբեջանական զինվորները, որոնք այժմ դարձել էին կարմիր ասկյարներ, եւ 11-րդ բանակի ստորաբաժանումների հետ, սկսեցին ռմբակոծել Ղարաբաղի, Զանգեզուրի հայկական բնակավայրերը, սկսվեց ժողովրդի կողոպուտը եւ կոտորածը: Շուտով նրանց միացան քեմալականները, որոնք պատերազմ սկսեցին Հայաստանի դեմ: Բռնությունները այնպիսի ահավոր բնույթ էին կրում, որ ստիպված ապստամբեցին եւ՛ Զանգեզուրը, եւ՛ Ղարաբաղը: Սակայն խորհրդա-քեմալական ճնշումների հետեւանքով, շուտով Հայաստանում էլ հաստատվեցին խորհրդային կարգեր:
Խորհրդային Ադրբեջանի հեղկոմը, ելնելով որոշակի քաղաքական նկատառումներից, 1920թ. նոյեմբերի 30-ի իր հռչակագրով Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը հայտարարեց Խորհրդային Հայաստանի մասը: Սակայն այս խաղերը երկար չտեւեցին եւ մի քանի ամիս անց Ադրբեջանի ղեկավարությունը կատաղի պայքար սկսեց իր իսկ ընդունած հռչակագրի դեմ: 1921թ. մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Մոսկվայում կնքվեց «եղբայրության ու բարեկամության» պայմանագիր եւ այդ պայմանագրով, պատմական Հայաստանի տարածքներից, Արեւմտյան Հայաստանը, Սուրմալուի գավառը, Կարսի մարզը ճանաչվեցին որպես Թուրքիայի տարածք, իսկ Նախիջեւանը եւ Շարուրը տրվեցին Խորհրդային Ադրբեջանին: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ Լեռնային Ղարաբաղը: 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ/բ/Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի պլենումը, առանց քվեարկության, կամային որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հանձնեց Խորհրդային Ադրբեջանին: 1923թ. հուլիսի 7-ին՝ Խորհրդային Ադրբեջանի Կենտգործկոմի դեկրետով, ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: 1924թ. փետրվարի 9-ին Ադրբեջանի կազմում ստեղծվեց նաեւ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը: Այս տարածքներն Ադրբեջանին բռնակցելուց հետո, հայ բնակչության համար ստեղծվեց նոր վիճակ, որը կարելի է բնութագրել որպես սպիտակ ցեղասպանություն եւ արդեն 1921թ. աշնանը սկսվեց հայերի արտահոսքը այդ տարածքներից: 20-ական թվականների սկզբին երկրամասի հայ բնակչության մեծ մասը, որը դարձել էր գաղթական, խնդրագրեր էր ուղղում Խորհրդային Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի պետական կուսակցական մարմիններին՝ խնդրելով լուծում տալ իրենց հարցին:
1917թ. Նախիջեւանում ապրում էր 53,9 հազար հայ, որը բնակչության ընդհանուր թվակազմի շուրջ 40%-ն էր կազմում: Մի քանի տարիների ընթացքում Նախիջեւանի ու Շարուրի հայ բնակչության թվաքանակը թուրք-ադրբեջանական-խորհրդային հարձակումների հետեւանքով զգալիորեն կրճատվեց եւ տասնյակ հազարավոր հայեր փրկվեցին ցեղասպանությունից, հանգրվան գտնելով Անդրկովկասի եւ Հյուսիսային Կովկասի տարբեր վայրերում: Նախիջեւանի փախստական հայերի բազմաթիվ դիմումներն Ադրբեջանի եւ Նախիջեւանի իշխանություններին մնում են անպատասխան, դիմումները անօգուտ էին լինում նաեւ ուղղված համապատասխան միութենական մարմիններին: Նախիջեւանի փախստականների հարցը փակվեց 1926թ. հունիսի 12-ին, երբ, ի պատասխան 1926թ. մարտի 12-ին Անդրկովկասի Կենտգործկոմի հարցումների, Ադրբեջանի Կենտգործկոմը տվեց բացասական պատասխան: Նույն թվականին անցկացված մարդահամարի տվյալներով, հայերի թիվը կազմում էր ընդամենը 11,3 հազար, որը ողջ բնակչության 10,8%-ն էր: Այսպես, մեկ տասնամյակի ընթացքում Նախիջեւանի հայ ազգաբնակչության թիվը նվազեց 42,6 հազար մարդով:
Իրենց նպատակին հասնելու համար Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը խոչնդոտներ էր ստեղծում հայաբնակ տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Տասնամյակներ շարունակ ԼՂԻՄ-ում կապիտալ ներդրումները եղել են չնչին եւ չէին կարող էական դեր խաղալ արդյունաբերության նյութական ու տեխնիկական բազայի ամրապնդման համար: Արդյունաբերական ձեռնարկություններում մեքենասարքավորումները չեն նորացվել, որը հասցվել էր ֆիզիկական ու բարոյական խիստ մաշվածության: Ադրբեջանական գյուղերի համեմատությամբ, հայկական գյուղերը տասնամյակներ շարունակ զրկված են եղել գյուղատնտեսական տեխնիկայից, որոնց մեծ մասում գյուղատնտեսական աշխատանքները կատարվել են ձեռքով:
Այս երեւույթները որոշակիորեն ազդում էին հայ բնակչության բնականոն աճի վրա: Ցածր ծնելիության հետեւանքով նվազեց դպրոցներում սովորող աշակերտների ընդհանուր թվաքանակը, միայն Լեռնային Ղարաբաղում 1970թ. համեմատությամբ 1988թ. դպրոցներում սովորող աշակերտների թիվը պակասեց 13.000-ով: Մի քանի տասնամյակ շարունակ Ադրբեջանի հայկական դպրոցներում արգելված էր «Հայոց պատմություն» առարկայի դասավանդումը: Ռուսական դպրոցներում, որոնց աշակերտների մեծ մասը հայեր էին, հայոց լեզվի դասավանդման մասին նույնիսկ խոսք լինել չէր կարող:
1970-ական թվականների սկզբներից Ադրբեջանի կառավարության վարած «ազգային քաղաքականության» հետեւանքով Բաքվում, Կիրովաբադում, Շաքիում, Շամխորում, Խանլարում, Դաշքեսանում մեկը մյուսի հետեւից սկսեցին փակվել հայկական դպրոցները: Արդեն 1980թ. նշված քաղաքներում չէր գործում եւ ոչ մի հայկական դպրոց: Սպիտակ ցեղասպանության սլաքը ուղղված էր նաեւ հայկական մշակույթի դեմ: Խորհրդային իշխանության տարիներին՝ կրոնի դեմ պայքարի պատրվակով, ոչնչացվեցին հարյուրավոր եկեղեցիներ եւ այլ պատմական հուշարձաններ:
…Իսկ 1988թ. սկիզբ դրեց ադրբեջանահայերի նոր ցեղասպանությանը՝ Սումգայիթում, Բաքվում եւ այլուր: Եվ գրեթե իսպառ հայաթափ եղան հայկական պատմական բնակավայրերը, տասնյակ հազարավոր հայեր դարձան գաղթականներ եւ փախստականներ, իսկ առ այսօր ոչնչացվում են հայկական մշակույթն ու ազգային արժեքները: Եվ միայն արցախյան ազատամարտը փրկեց ադրբեջանահայերին իսպառ ցեղասպանվելուց, սակայն բացի Արցախից եւ ազատագրված տարածքներից, մյուս հայկական շրջանների, Բաքվի եւ այլ վայրերի ավելի քան 500.000 հայերի մի մասը կոտորվեց, մյուս մասն էլ գաղթեց՝ իրենց երկիրն ու ունեցվածքը թողնելով ադրբեջանցի հռչակված կովկասյան թուրք-թաթարներին:
Արամ Ավետյան
* * *
Կներկայացվեն փաստեր, Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի էթնիկ զտումների մասին
Հայաստանի պատվիրակության անդամները պատրաստել են մի շարք զեկույցներ, որոնցով բարձրացվելու են մեզ համար գերակա խնդիրներ: ԱԺ ԲՀԿ խմբակցության, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ հանդես է գալու 2 զեկույցով, որոնցից մեկը նվիրված է «կանանց ներգրավմանը կոնֆլիկտային եւ հետկոնֆլիկտային իրավիճակներում եւ այդ իրավիճակները հաղթահարելու թեմային» եւ այդ զեկույցի ընթացքում «անդրադառնալու է 1992թ-ի ապրիլին ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում իրականացված ցեղասպանությանը եւ ներկայացնելու է փաստեր, թե այդ դեպքերի ժամանակ ինչ կտտաքների են ենթարկվել մարաղացիներն ու հատկապես կանայք ու երեխաները»:
Զեկույցներ են լինելու՝ նվիրված փախստականներին ու բռնի տեղահանված անձանց, խոսվելու է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներից, որի ընթացքում անդրադարձ կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս արած այն հայտարարությանը, թե ադրբեջանցիները երբեք էթնիկ զտումներ չեն իրականացրել: «Ներկայացնելու եմ փաստեր, թե ինչ կարգի զտումներ են իրականացրել ադրբեջանցիները Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում…»,- ասել է պատգամավորը:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում է նաեւ Շվեյցարիայի արտգործնախարարի ելույթը, որի ժամանակ մեր պատգամավորներըը արտգործնախարարին դիմելու են հարցով, թե ինչպե՞ս է Շվեյցարիան գնահատում թուրքական կողմի քայլերը՝ ի դեմս վարչապետի ու արտգործնախարարի, որ խեղաթյուրում են հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունը ու խոսում են նախապայմանների լեզվով: Մեր պատվիրակությունը դիմելու է նաեւ Թոմաս Համմարբերգին՝ ակնկալելով նրա պատասխանը, թե ինչպե՞ս է վերաբերում Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, որ վերջինս կվտարի Թուրքիայում ապրող էմիգրանտ հայերին: Մեր պատգամավորները ակնկալում են Համմարբերգի պատասխանը, քանի որ նա զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, իսկ Էրդողանի հայտարարությունը նրանց կարծիքով ոչ այլ ինչ է, քան ռասիզմի ու ատելության հստակ դրսեւորում: Հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպես է Թ. Համմարբերգը վերաբերում Եվրախորհրդի անդամ եւ Եվրամիության անդամության հավակնություն ունեցող երկրի վարչապետի հակահայկական հայտարարություններին: ԵԽԽՎ նստաշրջանն իր աշխատանքները կսկսի ապրիլի 26-ին:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 15, 16 (146, 147), 2010թ.



