Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցն է

Հակահայ ուժերի զոհ չդառնալու առնվազն 95 հիշեցում

Ծիծեռնակաբերդում ստեղծվեց «Հիշողության պուրակ»: Ապրիլի 22-ի ծառատունկի մասնակիցները տնկեցին իրենց «հիշողության ծառերը», ներկա էին պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, դեսպաններ:
Տնկած ծառերին փակցվեցին «Ես հիշում եմ» մակագրությամբ ժապավեններ: 95 ծառ տնկվեց, որոնք խորհրդանշելու են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Հայոց Եղեռնի հուշահամալիրի տարածքում կատարվեցին նաեւ մաքրման աշխատանքներ:
Եվ ապրիլի 24-ին՝ տասնյակ հազարավոր մարդկանց այցելությունը վերստին կկազմակերպվի պատշաճ մակարդակով: Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված բոլոր ծաղիկները մշակվելու եւ վերածվելու են թղթերի ու նվիրվելու են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել «Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց» կազմակերպության մարդասիրական գործունեությանն առնչվող նորահայտ բացառիկ նյութեր:

 1915թ. սեպտեմբերի սկզբներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հեռագրով դիմել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին, որում անհրաժեշտ է համարել ստեղծել հատուկ կոմիտե՝ դրամահավաք կազմակերպելու եւ կոտորածներից փրկված հայերին աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար: 1915թ. հոկտեմբերի 1-ից կարիքավորների օգտին դրամահավաքի կազմակերպումն իրականացնում էր Հայկական նպաստամատույց հանձնախումբը: Մինչ այդ Մերձավոր Արեւելքում գործող 2 նմանատիպ կոմիտեները, միավորվելով Հայկական նպաստամատույց հանձնախմբին, ձեւավորել էին «Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց» հանձնախումբը, որը 1919թ. օգոստոսի 6-ի Կոնգրեսի որոշմամբ վերանվանվել է «Մերձավոր Արեւելքի Նպաստամատույց»:
Հիմնվելով որպես ժամանակավոր կոմիտե՝ Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցը վերածվել է խոշոր մի կազմակերպության, որը սկզբնապես նպատակ է ունեցել հանգանակել 100.000 դոլար, սակայն գործունեության 15 տարիների ընթացքում այս կազմակերպությունն ավելի քան 110 միլիոն դոլարի ներդրում է իրականացրել գաղթականների ու որբերի փրկության գործում: Այդ մարդասիրական առաքելությունն իրականացվել է ամերիկյան գործիչների եւ միսիոներների կողմից Կովկասում, Մերձավոր Արեւելքում եւ Բալկաններում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից 2009թ. ձեռք բերված եզակի նյութերից մեկը Վուդրո Վիլսոնի՝ 1916թ. հուլիսի 10-ի ԱՄՆ կոնգրեսի որոշման հիման վրա ընդունված հռչակագիրն է: Նախագահ Վիլսոնին առաջարկվել էր սահմանել հատուկ օր՝ հալածվող հայ եւ սիրիացի ժողովրդների օգնության գործում ԱՄՆ քաղաքացիների ներդրումը կազմակերպելու նպատակով: Սույն հռչակագրով 1916թ. հոկտեմբերի 21-ը շաբաթ, եւ 22-ը՝ կիրակի, հայտարարվել են հանգանակություն իրականացնելու օրեր:
Մեկ այլ փաստաթուղթ ներկայացնում է նախագահ Վիլսոնի՝ 1917թ. հոկտեմբերի 29-ի կոչը՝ ուղղված ամերիկացիներին: Նախագահն իր կոչում հորդորում է Միացյալ Նահանգների բնակչությանը՝ նախորդ տարվա օրինակով շարունակել նվիրատվությունները տառապյալ ժողովուրդներին օգնելու համար: Նշվում է, որ ամերիկյան ներկայացուցիչնների զեկույցների համաձայն Մերձավոր Արեւելքում միայն որբերի թիվն անցնում է 400.000-ը եւ քանի որ վիճակը գնալով վատթարանում է, կրկին հրատապ օգնության կարիք է զգացվում: Մյուս 3 փաստաթղթերը Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի օգնության եւ հանգանակության կոչերով պաստառներ են:
Հայությունը պատրաստվում է Հայաստանում եւ այլուր նշել Հայոց ցեղասպանության 95-ամյակը իսկ ահա, Թուրքիան սփյուռքին սիրաշահելու թուրքական հուսահատ ճիգեր է գործադրում‘ ապրիլի 24-ի նախօրեին: Վերջին շաբաթների ընթացքում թուրքական կառավարությունն իրար հետեւից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հերթական փաստերի ականատեսը եղավ: Հայոց ցեղասպանության ժխտման Անկարայի համառ քաղաքականությունը լուրջ անհաջողությունների հանդիպեց, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Շվեդիայի խորհրդարանը, ինչպես նաեւ Իսպանիայի Կատալոնիայի շրջանային խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւեր ընդունեցին: Հարցը քննարկման փուլում է նաեւ Մեծ Բրիտանիայում, Իսրայելում եւ այլ երկրներում:
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին պաշտոնական այս ճանաչումները կրկին ահաբեկել են թուրքերին: Նրանք ավելի մեծ խուճապի են մատնվել, քանի որ Բուլղարիայի, Իսրայելի, Սերբիայի, Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանները ապրիլ ամսվա ընթացքում պատրաստվում են նման բանաձեւեր դնել քննարկման:
Անկարան կարծում էր, որ Հայաստանի հետ մոտ 6 ամիս առաջ ստորագրված Արձանագրությունները կկանգնեցնեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետագա գործընթացը, բայց այդպես չեղավ: ինչքան էլ «ճանաչող» բանաձեւերի ընդդիմախ
ոսները որպես դեմ քվեարկելու պատճառ նշում էին Հայաստանի եւ Թուրքիայի «հաշտեցման գործընթացը»:

Թուրքական կառավարությունն այս զարգացումներից տագնապած է եւ մշակում է պայքարի նորանոր ձեւեր: Ցեղասպանությունն ընդունած երկրների հանդեպ կիրառվող թուրքական սպառնացող մարտավարության թվում են նաեւ.
– Դեսպանների հետկանչը:
– Ռազմական պայմանագրերի չեղյալ համարելը:
– Սպառողական ապրանքները բոյկոտի ենթարկելը:
Թուրքական իշխանությունները մի նոր հնարք էլ առաջ քաշեցին՝ սպառնալով հայց ներկայացնել ավելի քան 20 երկրների դեմ, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Բայց, եթե Թուրքիան իրագործի այս սպառնալիքը, ապա հաստատ դրանով իսկ կնպաստի թուրքական ոճրագործության համաշխարհային հնչեղության բարձրացմանը եւ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանն ու դատապարտմանը:
Թուրքիան նաեւ մի խորամանկ մարտավարություն է որդեգրել, նուրբ ու մարդասիրական մոտեցումներ է ցուցադրաբար կիրառում, (արեւմտյան PR մասնագետների խորհրդով) եւ այդ մարտավարության մեջ ներառում է.
– Հայկական պատմական մի քանի եկեղեցիների վերանորոգում, այնինչ հազարավոր այլ եկեղեցիներ վերածվել են մզկիթների, ախոռների, բնակատեղերի կամ պարզապես ավերվել են:
– «Ազնիվ» ժեստ՝ Վանա լճի Աղթամար կղզում գտնվող 10-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ կրոնական արարողություն մատուցելու թույլտվություն, սահմանափակ թվով մարդկանց համար եւ սահմանափակ տեւողությամբ՝ թելադրված թուրքական իշխանությունների կողմից: Այս համաշխարհային ճանաչում ունեցող սրբավայրը պաշտոնապես գրանցված է որպես զբոսաշրջության վայր, եւ ոչ՝ որպես եկեղեցի:
– Հայաստանից ներգաղթյալների երեխաների՝ Ստամբուլի հայկական դպրոցներ հաճախելու արգելքի վերանայման հնարավորություն:
– «ցուցադրական» հանդիպում՝ վարչապետ Էրդողանի եւ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի ատենապետի միջեւ, որին «սխալմամբ» ներկայացրին որպես Թուրքիայի հայ համայնքի ղեկավար: Տեսարանն ավելի շատ նման էր տիրոջ եւ նրա մոտ կանչված ստրուկի հանդիպման:
(Այդ հանդիպումից հետո Պետրոս Շիրինօղլուն թուրքական զլմ-ներին պարտադրված ասաց, որ 1915 թվականը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ վեճ 2 սիրելի եղբայրների միջեւ՝ հրահրված ուրիշների կողմից: Նա ասաց, որ իր պապիկը զոհերի թվում էր, սակայն շատ թուրքեր եւս զոհվել են: Մեղադրեց ինքն իրեն եւ ներողություն խնդրեց Էրդողանից՝ վերջինիս կողմից 100 հզ. հայ ներգաղթյալներին արտաքսելու սպառնալիքի համար՝ ասելով, որ այդ ուռճացված թիվն իր սխալն է, եւ ոչ թե՝ վարչապետի):
Իսկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես եկավ մի նոր խորամանկ քայլով՝ նպատակ ունենալով մասնատել սփյուռքահայությանը՝ սպասված հաջողությունների չհասնելով Արձանագրությունների միջոցով Սփյուռքը Հայաստանից պառակտելու փորձից: Նա հայտարարեց, որ թուրքական իշխանությունները մտադիր են երկխոսություն նախաձեռնել «ողջամիտ սփյուռքահայերի» հետ՝ նկատի ունենալով այն հայերին, ովքեր պատրաստ են դավաճանել Հայ Դատը իրենց սեփական «ես»-ի եւ անձնական շահի համար: Թուրքիայի ԱԳ նախարարը նշեց, որ կապեր կհսատատվեն հայկական «մտավորականության, համալսարանների եւ քաղաքացիական հասարակությունների» հետ: Եվ իզուր չէ, որ Թուրքիայի դեսպան Նամըք Թանը վերադարձել է ԱՄՆ եւ կփորձի իրականացնել իր կառավարության ծրագրերը: Հասկանալի է, որ թուրքական իշխանությունները դիմելու են բոլոր հնարավոր միջոցներին, այդ թվում կարծես թե արդեն տապալված արձանագրությունների շարունակ շահարկմանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում այլ երկրների տարհամոզելու նպատակով:
Իսկ ՀՀ քաղաքական որոշ ուժեր առաջարկում են այս տարի էլ դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ շնորհակալական նամակով, այն բանից հետո, եթե նախագահը ապրիլի 24-ի իր ուղերձում Ցեղասպանության բառի փոխարեն հայերեն Եղեռն բառն օգտագործի: Նրանց կարծիքով, ինչպես Հոլոքոսթ ասելով ամբողջ աշխարհում հասկանում են հրեաների ցեղասպանություն, այնպես էլ Եղեռն ասելով աշխարհում պիտի հասկանան Հայոց ցեղասպանություն: Եվ այլեւս կարծիք կա, որ Բ. Օբաման հայերեն Եղեռն բառն արտասանելով՝ փաստորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Այնուամենայնիվ,, Հայաստանն ու Սփյուռքը պետք է զգոն ու միակամ լինեն՝ թուրքական ու այլ հակահայ ուժերի խարդավանքների, ու սադրանքների զոհը չդառնալու համար:

Հայկ Թորգոմյան

Ցեղասպանության մասին՝ Թուրքիայում եւ այդ երկրից դուրս

Ռուսաստանցիները դիմում են
ՌԴ Կուբանի մարզում ապրող տարբեր ժողովուրդների ներկայացնող հասարակական կազմակերպությունները կոչ են արել Թուրքիային Հայոց ցեղասպանության 95-ամյակի նախօրեին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, «չխոչընդոտել պատմական արդարության վերականգնմանը, նպաս
տել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:

Նրանք կարծում են, որ Թուրքիայի տարածքում բնակվող ժողովուրդների միջեւ վստահության վերականգնման համար, այդ երկրի կառավարությունն ու խորհրդարանը պետք է արդարացիորեն գնահատեն 1915-1923թթ. տեղի ունեցած իրադարձությունները, «դատապարտեն ժողովուրդների արմատական բնաջնջումը եւ մեղանչեն միլիոնավոր անմեղ սպանվածների հիշատակի առջեւ»:
Հայտարարությունում նշվում է, որ Հայոց ցեղասպանության անպատիժ մնալը ծնեց նոր ցեղասպանութոյուններ մարդկության դեմ, «մասնավորապես, հիտլերյան Գերմանիայի կողմից հրեաների դեմ կատարված Հոլոքոսթը»:
Նկատենք, որ հայտարարության տակ ստորագրել են երկու տասնյակից ավել կազմակերպություններ:
Իսկ գերմանացին հայտարարել է

Իսկ գերմանացին հայտարարել է
Գերմանացի գրող Գյունթեր Գրասը Ստամբուլում հայտարարել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Թուրքիան ներողություն խնդրի հայերից: Գրողը մասնակցում էր «Եվրոպական գրականությունը Թուրքիայում: Թուրքական գրականությունը Եվրոպայում» խորագրով մշակութային նախագծին: Գ. Գրասը իր խոսքն ասել է Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը կազմակերպված հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաեւ Անկարայում Գերմանիայի դեսպանը, թուրք գրող Յաշար Քեմալը: Իր ելույթի ժամանակ գրողը հիմնականում անդրադարձել է այն մտքին, որ Թուրքիան պետք է ճանաչի իր անցյալն ու առերեսվի դրա հետ:
«1940-ականներին ես ընկել էի նացիստների ազդեցության տակ: Ավելի ուշ, երբ տեսա համակենտրոնացման ճամբարներում արված հրեաների լուսանկարները, ասացի՝ գերմանացիներն այսպիսի բան չեն անի, սա քարոզչություն է: Ասացի, բայց չհավատացի: Եղածն ընդունելն ու դրա հետ առերեսվելն ավելի հեշտ է: Գերմանիան դա արել է: Իսկ Թուրքիան ե՞րբ է ընդունելու հայերի դեմ իրակացրած բռնությունը փաստը»,- ասել է գերմանացի գրողը:

Արտակ Հայոցյան

Հերթական խա՞ղը
Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, ապրիլ ամսին կրկին քննարկման կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Իսրայելական զլմ-ների հաղորդմամբ, նման նախաձեռնությամբ հանդես է գալու խորհրդարանի «Մերեց» խմբակցության նախագահ Խաիմ Օրոնը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին՝ ընդգծելով Իսրայելում դրա ճանաչման հետ կապված դժվարությունները, պարբերականը դրանց թվում նշում է Իսրայել-Թուրքիա, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաեւ այդ երկրում հայկական գործոնի առկայությունը:
Վերջին խնդրի համատեքստում թերթը դիտարկում է Երուսաղեմի հիմնախնդրի կարգավորման հարցում «Հայկական թաղամաս»-ի ունեցած ռազմավարական նշանակությունը: Ներկայացնելով Իսրայելի հայ համայնքի մի շարք անդամների տեսակետներն ու դիտարկումները՝ պարբերականը նշում է, որ հայկական բանաձեւն առաջին անգամը չէ, որ քվեարկության է դրվելու Կնեսետում:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 15 (146), 2010թ.
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.