Միջազգային բանտե՞ր տարածաշրջանում


Եթե Աֆղանստանում վրացական հավելյալ զորքերի տեղակայումը աջակցություն է ստացել Վրաստանում, ապա 2-րդ ամերիկամետ քայլը՝ Գուանտանամոյի 3 նախկին կալանավորների ընդունումը, շատ ավելի հակասական ընդունվեց: Թբիլիսիի կողմից Գուանտանամո բանտի կալանավորներին ընունելու փաստն անհանգստացնում է վրացական ընդդիմությանը:
2003թ. իշխանության գալուց հետո, նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ձգտել է ԱՄՆ-ի հետ սերտ կապեր հաստատել, ինչը մշտապես զայրացրել է Մոսկվային: 750 հոգուց բաղկացած գումարտակն Աֆղանստան մեկնեց դեռ ապրիլի 7-ին: Վրացիները կծառայեն ամերիկյան հրամանատարության ներքո՝ Հելմենդ շրջանում: Իսկ այդ երկրում եղած վրացական զինված ուժերի մյուս մասն արդեն իսկ տեղավորվել է ֆրանսիական զորքերի մոտ:

Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք պարբերաբար քննադատում են Սահակաշվիլու վարած քաղաքականությունը, այս քայլը որեւէ ձեւով չեն մեկնաբանել, իսկ ահա, Գուանտանամոյի բանտի հետ ձեռք բերված համաձայնության մասին ահազանգել են: Վաշինգտոնը ցանկանում է փակել Գուանտանամոյի ծովախորշի բանտը, այդ պատճառով բանտի կալանավորների համար ապաստան է փնտրում աշխարհի տարբեր ծայրերում: Բանտարկյալները, որոնք, ըստ զլմ-ների‘լիբիացիներ են, Վրաստանում ազատ են լինելու եւ կկարողան այստեղ իրենց ընտանիքներին տեղափոխել, սակայն երկրից հեռանալ նրանք չեն կարող: Ընդդիմադիրներից ոմանք սա վիրավորական են համարում վրացիների համար: «Այն փաստը, որ Գուանտանամոյում ապրած մարդիկ այստեղ ազատ են լինելու, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն Վրաստանը մեկ մեծ բանտ է համարում»,- ասում են նրանք: Նախկին բանտարկյալները հնարավորություն կունեն նույնիսկ ինքնուրույն ընտրել երկրում իրենց բնակության վայրը: «Մենք համոզված ենք, որ նրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում»,- ասում են Վրաստանի ՆԳՆ պատասխանատուները, ինչին ընդդիմությունն արձագանքում է, թե բանտարկյալների ներկայության պատճառով Վրաստանի անվտանգության նկատմամբ ոտնձգությունների սպառնալիքը կմեծանա՝ «Ամերիկյան եւ բրիտանական հետախուզական ծառայությունները չեն կարող երաշխավորել սեփական երկների անվտանգությունը Գուանտանամո բանտում նստած ահաբեկիչների պատճառով»,- ասում են նրանք: Նաեւ հարց է հնչում, թե «Եթե Գուանտանամոյի մնացած 200 բանտարկյալները ոչ մի վտանգ չեն ներկայացնում, ինչո՞ւ նրանք ԱՄՆ-ում չեն հաստատվում»:  
Շատերը կարծում են, թե Արեւմուտքին հաճոյանալով «Սահկաշվիլին Վրաստանը համակենտրոնացման ճամբար է դարձրել եւ սկսել է բանտարկյալների բերել»: Այս քայլը, ըստ նրանց, նաեւ Վրաստանի դեմ կտրամադրի մուսուլմանական աշխարհը, ուստի ընդդիմադիրները հայտարարում են, որ «Թող Գուանտանամոյի բանտարկյալներին ուղարկեն իրենց ծննդավայրերը… Կարիք չկա, որ նրանք այստեղ գան… Ոչ մի իրեն հարգող նախագահ չպիտի թույլ տա, որ իր երկիրը վերածվի աքսորավայրի, սակայն Սահակաշվիլին դիմեց այս քայլին՝ փորձելով վերականգնել իր դիրքը ԱՄՆ նախագահի աչքում եւ հանդիպել նրա հետ»:
Շատերին էլ շփոթեցնում է այն «բացատրական» միտքը, թե բանտարկյալները չեն կարող վնաս հասցնել երկրին՝ «Այս մարդիկ ահաբեկչական գործունեություն չեն ծավալել: Նրանք Վրաստան չեն եկել ահաբեկչական ակտեր իրականացնելու համար: Նրանք նույնիսկ չեն դատվել եւ գիտեն, որ օրենքի ցանկացած խախտման դեպքում դատվելու են վրացական օրենքներով»…  
Այս ամենը չի ընդունվում Մոսկվայի կողմից եւ ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Վրաստանի՝ բանտարկյալներին ընդունելու որոշումը: Մոսկվան վստահ չէ, որ Վրաստանը կկարողանա բանտարկյալներին հսկողության տակ պահել կամ, որ նրանք Հյուսիսային Կովկասում չեն միանա Չեչնյայում ու դրանից դուրս ռուսական օրենքի դեմ պայքարող խմբերի:
Այն, որ ամերիկացիները փորձում են ձեռբազատվել Գուանտանամոյի բանտից, լավ ազդակ է, սակայն կալանավորներին այլ երկրներ տեղափոխելը այնքան էլ լավ միտք չէ: Եթե կալանավորները կարող են այլ երկրներում ազատ ապրել… նույնիսկ ընտանիքներին կանչել, ապա իսկապես մեծ հարց է առաջանում նրանց՝ իրենց երկրներ չուղարկելու առումով: Հատկապես, որ նրանց դեմ լուրջ մեղադրանքներ չըկան: Թե ինչ կորոշի Վրաստանը, դա վրացիների գործն է, չնայած Ռուսաստանը այստեղ իր համար նույնպես խնդիր է տեսնում, բայց վաղը որոշ բանտարկյալների էլ կարող են Հայաստանին առաջարկել… Ինչն իրապես վտանգավոր կլինի եւ պետք է միանշանակ մերժվի:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 16 (147), 2010թ.
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.