Արցախը նոր քննարկումների մեջ

Միանձնյա են ուզու՞մ որոշել
Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի տեղակալ Վլադիմիր Կազիմիրովը ասել է, որ Ադբեջանն անընդհատ շեշտում է այն փաստը, թե «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը առաջնային է: «Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը շատ կարեւոր է, սակայն անհնարին է չնկատել, որ այս խնդիրն օգտագործվում է երկրի ներսում առկա այլ խնդիրները կոծկելու եւ դրանց լուծումը հետաձգելու համար, օրինակ՝ երկրի դեմոկրատացման գործընթացի խնդիրը»:
Ըստ Վ. Կազիմիրովի, եթե Ադրբեջանի համար այնքան կարեւոր է ԼՂ-ի հարցը, եթե նրանք պատրաստ են դրա համար նոր արյունահեղության գնալ, «ապա ինչո՞ւ Ադրբեջանի կառավարությունն իր երկրի ներսում թույլ չի տալիս լայնածավալ քննարկումներ անցկացնել այդ հարցի շուրջ: Ադրբեջանում կան սթափ դատող մարդիկ, որոնց պարզապես չի թույլատրվում արտահայտվել»:

Ռուս դիվանագետը այս առումով անդրադառնում է նաեւ Վրաստանի նախագահին եւ նշում է, որ հիմա այն դարը չէ, որպեսզի մեկ անձը միանձնյա որոշի ժողովուրդների ճակատագիրը, ինչպես փորձում է անել Մ. Սահակաշվիլին: Նույնն է նաեւ Ադրբեջանում, եւ «ռազմատենչության ոգին պահպանելու համար կառավարությունը շատ հաճախ դիմում է փաստերի կեղծմանն ու իրականությանը չհամապատասխանող թվերի ու վիճակագրական տվյալների հրապարակմանը»,- ասել է Վ. Կազիմիրովը:

Հիմա կռվելու՞ են, թե՞ ոչ
Քաղաքագետ, «Ճգնաժամային իրավիճակների հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Զարդուշտ Ալիզադեի պնդմամբ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը սառեցված կմնա, մինչեւ Թուրքիայում հաջորդ տարի կայանալիք ընտրությունները: Հիմա Էրդողանը թույլ չի տա, որ թուրքական ընդդիմությունն այդ հարցը շահարկի առաջիկա ընտրությունների ժամանակ»: Նա կարծում է, որ մոտ ապագայում չի լուծվի նաեւ արցախյան հարցը, որովհետեւ կողմերի «դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են»: Ադրբեջանցի քաղաքագետը հայտնում է, որ «հանուն Ղարաբաղի ադրբեջանցի ոչ պաշտոնյաները, ոչ էլ ժողովուրդը պատերազմի չեն ելնի», Արցախում գազ, նավթ, ուրան… չկա, ոչինչ չկա ու «դրա համար էլ հանուն Ղարաբաղի ոչ ոք ռիսկի չի դիմի: Պատերազմել ու կորցնել իր պաշտոնը, փչացնել հարաբերություններն աշխարհի հետ, վտանգի ենթարկել նաեւ նավթի ու գազի տարհանումը, որը միլիարդավոր դոլարների եկամուտ է ապահովում: Բոլոր դեպքերում ես չեմ կարծում, որ Ադրբեջանում քաղաքական վերնախավում որեւէ մեկը մտածում է եւ պատրաստ է պատերազմի՝ վտանգելով իր պաշտոնը», ասել է Զ. Ալիզադեն:

Իրանական կողմի նախաձեռնությունը ուշացա՞ծ
Ըստ վերլուծաբանների, չնայած այն հանգամանքին, որ միջնորդության ցանկացած ձեւաչափ դրակականորեն է ազդում բանակցությունների գործընթացի վրա, այնուհանդերձ ԼՂՀ խնդրի կարգավորման հիմնական ձեւաչափը պետք է մնա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Բայց երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանում մի շարք քաղաքական գործիչներ՝ սկսած երկրի նախագահից մինչեւ արտախորհրդարանական ուժերի ղեկավարները, հանդես եկան հայտարարություններով, որում խոսում է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման ձեւաչափի փոփոխության անհրաժեշտության մասին:
Եվրոպացի փորձագետ Ամանդա Պոլը նշել է, որ այստեղ կարեւոր է պահպանել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման հիմնական ձեւաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդգծելով, որ ներկայիս ձեւաչափը պետք է մնա բանակցությունների անցկացման միակ ապարեզը:
Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւն ադրադառնալով իրանական կողմի՝ իր միջնորդությունն առաջարկելու նախաձեռնությանը՝ նշել է, որ դա արդեն ուշացած առաջարկություն էր:

Վահագն Նանյան

Ո՞վ ունի շատ փախստական  

Շուտով հնարավոր է որոշ միջազգային դատեր հայ-ադրբեջանական եւ հատկապես արցախյան հիմնախնդիրը վերածեն նաեւ հարյուր հազարների հասնող զանգվածային բողոքների, ինչը մի նոր գործընթաց կսկսի երկու կողմերի փախստականների կյանքում:
Ըստ զլմ-ների տարածած հաղորդագրության, սեպտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կանցկացվեն լսումներ ՀՀ քաղաքացի, ԼՂ-ի փախստական Մինաս Սարգսյանի՝ Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացին Ադրբեջանին մեղադրում է սեփականության իրավունքի ոտնահարման մեջ ու պահանջում փոխհատուցում: Մ. Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի բողոքի երրորդ կողմ հանդես է գալու ՀՀ կառավարությունը:
Նույն օրը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Եվրոպական դատարանում լսվելու է Բերձոր-Լաչինի նախկին բնակիչ ադրբեջանցի Չիրագովի հայցն ընդդեմ ՀՀ-ի: Հայաստանի շահերը եվրոպական դատարանում պաշտպանելու է Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը:
Եվրոպական դատարանում կողմերի փաստերի ներկայացման վերջնաժամկետը այս տարվա մայիսի 15-ն է:
Ըստ տեղեկությունների, ՀՀ կառավարությունը պահանջել է, որ լսումներն անցկացվեն Եվրոպական դատարանի Վերին պալատում եւ դռնբաց կարգով:

Կարեն Բալյան

Էլի~ հույսի եւ գոյակցելու կոչեր

Օրերս Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ստորագրվեց հայ, ռուս ու ադրբեջանցի հոգեւոր առաջնորդների համատեղ հռչակագիրը: Համայն Ռուսիո եւ Մոսկվայի Կիրիլ Պատրիարքը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Կովկասի Մահմեդականների Գրասենյակի նախագահ Շեյխ ալ Իսլամ Հաջի Ալլահշուքուր Փաշազադեն Բաքվում անցկացրած հանդիպումից հետո հրապարակել են համատեղ մի հռչակագիր: «Այս հանդիպումը համարելով 1988թ. Հայոց Առաքելական Եկեղեցու եւ Կոկվասյան Մահմեդականների Կրոնական Գրասենյակի միջեւ սկսված խաղաղ երկխոսության շարունակութույուն՝ մենք նայում ենք մեր ժողովուրդների համատեղ գոյակցության սկզբունքները զարգացնելու հեռանկարներին»,- ասված է հռչակագրում, որտեղ նշվում է, թե նման հանդիպումներն են նաեւ դեր կատարել հայ-ադրբեջանական հակամարտությունը կրոնական հակամարտության չվերածելու գործում:
Հոգեւորականները նշել են, թե կրոնը, որը կոչ է անում խաղաղության, մարտիրոսության եւ համբերության, կարող է մեծ ուժ հանդիսանալ հաշտեցման համար. «Մենք հավատացած ենք, որ համատեղ ջանքերը կկանխեն այս հակամարտությունը միջազգային հակադրության վերածվելու հնարավորությունը… Կարեւոր է կանխել տարաձայնությունները նորից դեպի ռազմական հակադրության տանելու հնարավորությունը: Մենք նոր զարկ կտանք խաղաղասեր մեր ջանքերին, օգնելու մարդկանց թոթափել թշնամանքը, քանի որ եթե պատերազմը շարունակվի, այն կշարունակվի անվերջ»:
3 գլխավոր հոգեւորականները աջակցություն են հայտնել միջազգային միջնորդական եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից իրականացվող ջանքերին: Դատապարտել են բարբարոսության ամեն մի դրսեւորում ու բարձր են դասել հոգեւոր հուշարձանները պահպանելու կարեւորությունը:
Հռչակագրում նշվում է, որ «Խաղաղության հասնելու համար պահանջվում է մեծ աշխատանք ու կամք: Սակայն մենք ունենք հաջողության հասնելու մեծ հույս… Ուրեմն, թող Աստված Կովկասին տա հարատեւ ու արդար խաղաղություն, մեր ժողովուրդներին՝ երջանկություն»:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 16 (147), 2010թ.
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.