Իսկ ահա, թուրք ընդդիմադիրները Ահմեդ Դավութօղլուից պահանջել են հետ կանչել արձանագրությունները: Թուրքական մեջլիսում, մինչեւ սահմանադրական փոփոխությունների փաթեթի հերթական քննարկման մեկնարկը, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական կոչված արձանագրություններին: ԱԳ նախարար Դավութօղլուն խորհրդարանական ամբիոնից պարզաբանումներ է հնչեցրել, որ կարգավորման գործընթացը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ավարտված չէ, շարունակվելու է: Բայց ընդդիմադիր ուժերը կտրուկ հակազդեցություն են ցուցաբերել՝ քննադատելով պաշտոնական Անկարային այդ արձանագրությունների տակ ստորագրելու համար, պահանջել են անհապաղ խորհրդարանից հետ կանչել արձանագրությունները:
Իր հերթին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ անդամ երկրների դեսպաններին պարզաբանումներ է տվել հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ: ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Քննարկվել են հայ-թուրքական կոչված հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, համապատասխան պարզաբանումներ են տրվել նաեւ այդ առնչությամբ:
Հայկական կողմի դիրքորոշմանը ըմբռնումով է վերաբերվել նաեւ Վաշինգտոնը: «Մենք ողջունում ենք նախագահ Սարգսյանի որոշումը՝ շարունակել աշխատանքը խաղաղության, կայունության ու հաշտության տեսլականի ուղղությամբ», – հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նա նկատի է ունեցել Ս. Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կասեցնում է արձանագրությունների քննարկումն իր ԱԺում: Այդ հայտարարությունը հստակորեն ցույց է տալիս, որ Երեւանը չի դադարեցնում գործընթացը, այլ առկախում է այն՝ մինչ թուրքական կողմը պատրաստ կլինի առաջ գնալու: Ֆ. Գորդոնի հայտարարությունում հրապարակել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըմբռնումով են մոտեցել նաեւ պաշտոնական Մոսկվան եւ Փարիզը (նաեւ Բրյուսելը՝ Եվրոպան):
Իսկ թուրքական զլմ-ները աղմկում են, թե Երեւանը հաշվարկել էր, որ ճնշումների միջոցով Անկարային կստիպի ճանաչել ցեղասպանությունը եւ արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին դիրքորոշումը հենց այդ նպատակով է: Բայց զլմ-ները նաեւ պնդում են, թե Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացի սառեցումն ունի հետնաբեմ, որտեղ էլ գործադրվող ճնշումների ավելացում կա՝ կապված Հայաստանի ակնկալիքների չիրականացման հետ: Թուրքերը կարծում են բանակցության սեղանի շուրջ նստելու գլխավոր պատճառը Հայաստանի համար իր տնտեսական հարցերը լուծելու ցանկությունն էր: Սակայն մերձեցման քաղաքականությոuնից այլ սպասելիք եւս կար՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ տարաձայնություն ստեղծել ու դա ծառայեցնել հօգուտ Հայաստանի:
Բայց ՀՀ իշխող քաղաքական ուժերը հայտարարում են, թե հնարավորություն է տալիս թուրքերին մեկ անգամ եւս կողմնորոշվելու եւ եթե Թուրքիան շարունակի իր նախապայմանների առաջադրումը, ապա հայկական կողմը ազատ կլինի առնվազն համարժեք վերաբերմունք ցուցաբերելու:
Հայ-թուրքական այս թոհուբոհում որոշ հասարակական ուժերի քաղաքացիական նախաձեռնությունն էլ կփորձի խթանել հայ-թուրքական հարաբերությունների հաջորդ փուլը: Որոշ հ/կ-ներ մինչ հայ-թուրքական քաղաքական հարաբերությունների մեկնարկը, արդեն իսկ համագործակցում էին թուրքական հ/կ-ների հետ եւ մեծ փորձ ունեն այս ոլորտում եւ համատեղ կփորձեն հայ-թուրքական հարաբերություններն օժանդակել, որ փակուղի չմտնեն:
Հայտնի արձանագրությունները ՀՀ ԱԺ-ի քառօրյա նիստերի օրակարգից են դուրս եկել, բայց մեծ օրակարգում շարունակում են մնալ, այսինքն՝ կարող են դեռ քննարկվել Աժ-ում: Ուստի՝ շատ ընդդիմադիրներ արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը ձեւական քայլ են համարում, որն ամենեւին չի վերացրել գործընթացում առկա վտանգները. Նրանք կարծում են, որ իշխանությունների շահերից է բխում, եթե արձանագրությունները դուրս գան ԱԺ-ի օրակարգից: Իսկ լավագույն լուծում համարում են այս արձանագրությունները աղբարկղ նետելը:
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, եթե յուրաքանչյուր օրինագիծ մնում է մեծ օրակարգում 3 նստաշրջան, ապա քննարկման է դրվում մեխանիկորեն:
Այսինքն, 1 տարի անց, 2011թ. աշնանը հայ-թուրքական արձանագրությունները կարող են քննարկվել խորհրդարանում, եթե դրանք չհանվեն մեծ օրակարգից:
Հայկ Թորգոմյան
Հայոց հայրենիքի վերատիրման նախապայմանով
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) ի սկզբանե դեմ է եղել հայ-թուրքական կոչված (իրականում՝ Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն) արձանագրությունների ստորագրմանը եւ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ կամ չեն ստորագրվում արձանագրությունները, կամ ստորագրվում են հայկական կողմի պահանջատիրական նախապայմաններով:
Մենք մասնակցել ենք նաեւ այդ արձանագրություններին «Ո՛չ» ասող ուժերի համատեղ պայքարին, որոնցից որոշները նույնիսկ կողմ են եղել արձանագրությունների փոփոխման (ոչ թե նախապայմաններ առաջադրելու) տարբերակին, սակայն ՀԱՄ-ը այստեղ էլ մնացել է իր սկզբունքային դիրքորոշմանը:
Ուստի՝ Հայ Արիական Միաբանության կառույցները ողջունում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ իշխող քաղաքական ուժերի հայտարարությունները՝ հիշյալ արձանագրությունների գործընթացը «սառեցնելու» մասին:
Կարեւորում ենք նաեւ, որ ՀՀ նախագահն իր հայաստանյան եւ սփյուռքյան ելույթներում, նաեւ միջազգային հանդիպումների ժամանակ հստակորեն տարանջատել է Արցախ-ԼՂՀ-ի եւ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրները հայ-թուրքական կոչված արձանագրությունների գործընթացից:
Այս օրերին հետեւելով ՀՀ նախագահի, իշխող քաղաքական ուժերի եւ ընդդիմադիր ու այլ կազմակերպությունների հաղորդագրություններին եւ մեկնաբանություններին, նկատում ենք հաստատակամություն՝ հայկական կողմի ապրիլի 22-ի (մինչեւ ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը) դիրքորոշումը ամրապնդելու առումով:
Այս ամենը գնահատելով ըստ արժանավույն, այնուամենայնիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կոչ ենք անում «հետ կանչել» այդ արձանագրությունների տակ դրած հայկական կողմի ստորագրությունը եւ միջազգային հանրությանը հիմնավոր պատճառներ ներկայացնել՝ Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն սահմանները պարզապես բացելու եւ միջազգային նպատակներով օգտագործելու համար: Վստահ ենք՝ այսօր դրա հիմքերը կան:
Իսկ հայ-թուրքական իրական հարաբերությունները պետք է միանշանակ ձեւավորվեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման եւ Հայոց հայրենիքի վերատիրման նախապայմաններով:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
Երեւան – 28.04.2010թ.
«Լուսանցք» թիվ 16 (147), 2010թ.



