Քահանան այլ «նորություններ» էլ ասաց. «Ողջ մարդկությունը ինքնափնտրման մեջ է, իսկ մենք այստեղ ենք այսօր` Սիոնում…», բայց չշեշտեց, թե ովքեր են այդ «մենք»-ը` իր պես քահանանե՞րը, ֆիլմի հետ առնչություն ունեցողնե՞րը, թե՞ հայ ժողովուրդը:
Մի բան դեռ վերնագրից ակնհայտ էր. ֆիլմը քրիստոնեության գովք էր լինելու եւ` այդպես էլ եղավ: Առաջին տեքստից լսում ենք, իբր Երուսաղեմը այնքան հարազատ է, որ ուզում ես այդտեղ մնալ: Ցուցադրելով Երուսաղեմի, Նազարեթի եւ Պաղեստինի քաղաքների վանքերն ու մենաստանները` շեշտադրումը հիմնականում դրվեց 4-րդ դարից հայերի, հայ թագավորների, թագուհիների թողած հետքերի վրա: Այնպիսի տպավորություն էր, թե հայերս մեր ինքնությունը պարզել ենք միմիայն քրիստոնեության գալուց հետո, այն էլ` Սիոնում: Խեղճ հայ ժողովուրդ, որ «ինքնությունդ» սկսվել է Սիոնից: Կադրում հայտնվեց Սիոն լեռը` փոքրիկ բլրակ: Բայց այդ բլրակի գովքն այնպես արվեց, կարծես մարդկությունը այդտեղ էր արարվել: Իսկ երբ երեւացին մեր Արարատի կադրերը, ոչ մի խոսք չհնչեց: Միով բանիվ, հուդա-քրիստոնեության հերթական քարոզ` առանց հայի իրական ինքնության մասին խոսքի:
Կինոյի լեզուն շատ լավ հասկանալով` ըմբռնում եմ «Արարատից Սիոն»-ի խորքը` հեշտ միջոց սերնդին փչացած ուտեստ մատուցելու…
Աշոտ Բադալյան
Արարատից հայդե՛ Սիոն
«Արարատից Սիոն» ֆիլմը ստեղծել է «Վեմ մեդիա արվեստներ» կենտրոնը: Ֆիլմի հովանավորներն են «ՎիվաՍել-ՄՏՍ» եւ «Flagship Venturesե ընկերությունները: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը» նաեւ ֆիլմի հայաստանյան ցուցադրության հովանավորն է:
Սցենարի հեղինակի` Տ. Մեսրոպ քահանա Արամյանի խոսքերով, ֆիլմը 4 տարվա աշխատանքի արդյունքն է, որը ներկայացնում է «հայերի համամարդկային ներդրումը Աշխարհի կենտրոնում` Երուսաղեմում»:
«Մենք դարեր շարունակ աներեւակայելի ճիգերի գնով պահել ենք մեր ներկայությունը Սուրբ երկրում` Երուսաղեմում, մենք պետականություն չենք ունեցել, բայց մեր հայրերը եղել են համաշխարհային մասշտաբի մտածող ժողովուրդ»:
«Ֆիլմը պատկանելության հզոր կոչ է մեր ժողովրդին, հատկապես մեր երիտասարդությանը` դուրս գալու փոքրության բարդույթից, հետեւելու իրենց հայրերի ճանապարհին եւ իսկապես տերը դառնալու մեր պատմության»:
… Ընկերուհիներով էինք գնացել ֆիլմը դիտելու: Կեսից դուրս եկանք: Զայրացած էինք: Հետո, երբ արդեն հանգիստ էի, հասկացա. զայրանալու պատճառ չկա:
Որովհետեւ քրիստոնյա հայի համար աշխարհի կենտրոնը իսկապես Երուսաղեմն է:
Որովհետեւ քրիստոնյա հայի համար սուրբ երկիրը իսկապես Երուսաղեմն է:
Որովհետեւ քրիստոնյա հայի համար այդ ֆիլմը իսկապես պատկանելության կոչ է:
Որովհետեւ քրիստոնյա հայի կրոնը քրիստոնեությունն է, որն էլ հրեական ընտրյալության կրոն է, եւ քրիստոնյա հայն իսկապես պիտի հետեւի իր հայրերին ու… հայդե՛ դեպի Սիոն:
Մեր բարձր սարը նրանց բլուրին իսկապե՛ս վնաս է: Նույնիսկ նրանց Նոյը դա հասկացավ…
Հ.Գ. – Հա, չեմ հասկանում, «Վիվասել»-ում մի խելոք մարդ չկա՞, որ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին խորհուրդ տա անհայրենասեր բաների հովանավոր չլինել:
Կարինե Հայրապետյան
Պարզապես հայ, «Լուսանցք»-ի մշտական ընթերցող
«Լուսանցք» թիվ 17 (148), 2010թ.



