Արտաքին լուրեր

Եռանկյունի՝ երկու անկյունով…

Հայ-իսրայելական
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսին աշխատանքային այցով եղավ Իսրայելում: Այցելության ընթացքում Հ. Հակոբյանը հանդիպեց Իսրայելի սփյուռքի նախարար Յուլի Իդելսթեյնի, ներգաղթյալների ինտեգրման նախարար Սոֆա Լանդվերի, արտաքին գործերի նախարարության փոխկառավարիչ Փինի Ավիվի, Հրեական Գործակալության ղեկավար Նաթան Շարանսկու եւ Ամերիկա-իսրայելական միացյալ համագործակցության կոմիտեի գործադիր տնօրեն Արնոն Մանտվերի հետ:
Նախարարը հանդիպումներ ունեցավ նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանի եւ Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցելություն եղավ նաեւ Հին Երուսաղեմ:
Հ. Հակոբյանը պաշտոնական այցելությամբ մեկնեց նաեւ Հորդանանի թագավորություն:


Թուրք-իսրայելական
Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորած պատվիրակությունը այցելել է Երուսաղեմ: Իսրայելի ու Թուրքիայի պատվիրակների միջեւ կազմակերպվել են քաղաքական խորհրդակցություններ: Ֆ. Սինիրլիօղլուն դրական է գնահատել իսրայելական կողմի հետ կայացած հանդիպումը: Թուրքական ու հրեական պատվիրակությունները քննարկել են համատեղ իրականացվելիք մի շարք նախագծեր: Իսրայելական կողմին հայտնվել է Անկարայի մտահոգությունն առ այն, որ Իսրայելի խորհրդարանում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ:

Կարեն Բալյան

Ադրբեջանա-թուրքավարի մեկնաբանու-թույններ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը օրերս հայտարարություն էր տարածել` հերքելով ադրբեջանական զլմ-ների այն հաղորդագրությունը, թե ապրիլի 26-ին Բաքվում գտնվող Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսը գիշերը այցելել է «Ղարաբաղյան պատերազմում զոհվածների թաղման վայր («Շահիդների ծառուղի»)»: «Տվյալ հայտարարությունը կատարյալ հորինվածք է», – ասված է հայտարարությունում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել էր Կովկասի մահմեդականների վարչություն՝ ակնկալելով, որ կտրվի համապատասխան հերքում:
Պարզվեց, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ շեյխ Ալլահշյուքուր Փաշազադեին թյուրիմացության մեջ են գցել. Բաքվից պատասխանել են Մայր Աթոռին: Ադրբեջանցի մահմեդականները նշել էին, որ «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը Բաքու կատարած այցելության ընթացքում չի այցելել «Շահիդների պուրակ»: Կովկասի մահմեդականների վարչությունը տեղեկացրել է նաեւ, որ այդպիսի սխալ կարծիք է ձեւավորվել, որովհետեւ վարչության աշխատակիցներից մեկը սխալ տեղեկություն է տվել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ շեյխ Ալլահշյուքուր Փաշազադեին եւ նման թյուրիմացություն է առաջացրել: Այնուհետեւ, տեղեկությունը ճշտելուց հետո պարզ է դարձել, որ Գարեգին 2-րդը եւ նրան ուղեկցողները չեն այցելել Պուրակ: «Իսկ աշխատակիցը, որը սխալ տեղեկություն է տվել, արդեն պատժվել է»,- ասված է վարչության հաղորդագրությունում:
Վստահ ենք` շատերի համար էն գլխից ամեն բան պարզ է եղել, կաթողիկոսի այցը «մեկնաբանվել» է ադրբեջանավարի…

* * *
Թուրքական էրզրում նահանգում թուրք պրոդյուսերները նկարահանում են Նանա խաթուն անունով կնոջ մասին կինոնկար, որի հիմքում 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմն է: էրզրումի մոտ պատերազմական գործողությունների մասին տեսարանում այդ քաղաքի բնակիչներից ոչ ոք չի ցանկացել մարմնավորել հայերի:
Կինոնկարի պրոդյուսեր Սաբահաթթին Քաթը թուրքական «Ռադիկալ» պարբերականին պատմել է, որ զանգվածային տեսարաններում նկարահանվելու համար իրենք ներգրավվել են Էրզրումի մոտ 300 բնակիչների, սակայն նրանք հրաժարվել են մարմնավորել հայերի: «Դժվար էր նրանց համոզել, որ սա սոսկ ֆիլմ է: Ստիպված ավելի բարձր աշխատավարձ ենք առաջարկել: Բոլորն ուզում են մարմնավորել հերոս թուրքի»,- ասել է նա:
Վստահ ենք, այս խնդիրն էլ «մեկնաբանվել» է թուրքավարի…

Արման Դավթյան

* * *
ՌԴ նախագահը Թուրքիա կայցելի մայիսի 11-ին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մայիսի 11-12-ին այցելելու է Թուրքիա: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը: ՌԴ ղեկավարը մասնակցելու է Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի անդրանիկ նիստին: Նիստը Մեդվեդեւի հետ միասին նախագահելու է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը:
Այս խորհուրդն իրենից ներկայացնում է միջպետական խորհրդակցությունների նոր մեխանիզմ:
 
Թուրք-քրդական զինված բախում` Բինգյոլում
Թուրքիայի Բինգյոլ նահանգի Գենչ շրջանում ժանդարմերիային կից պահակակետային ստորոբաժանումներն օրերս որոնողատեղազննման աշխատանքների ժամանակ զինված ընդհարում են ունեցել «
Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ)-ի զինյալների հետ: Բախման գոտի են ուղարկվել թուրքական զինուժի լրացուցիչ ստորաբաժանումներ: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթը:

Թուրք ուժայինները քուրդ գրոհայիններին կոչ են արել հանձնվել եւ դիմադրություն ցույց չտալ: Ի պատասխան` քրդերը կրակ են բացել: Սկսվել է փոխհրաձգություն: Թուրքական զինուժը «Kobra» տեսակի ուղղաթիռներով սկսել է ռմբակոծել քուրդ գրոհայինների դիրքերը: Վերջիններս պատսպարվել են անտառում եւ անհետացել տեսադաշտից: Զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 17 (148), 2010թ.
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.