Հայաստանի հեղափոխությունների «շքերթում» – Հայաստանը Ցեղաստան

Ո՞րն է Հայաստանի ճանապարհը հեղափոխությունների այս «շքերթում»
Հայաստանի եւ հայության վերածնունդը Հոգեւոր Հայաստանի վերածնունդն է: Ցավոք, հանրությունը դեռեւս լավ չի ընկալում հոգեւոր-մշակութային վերածննդի հիմնախնդիրը: Ազգային եզակի առանձնահատկությունների վերլուծությունն ու համընդհանուր կիրառումը կարեւորագույն փուլ է նոր՝ վերածնվող Հայաստանի առջեւ ծառացած հարցերի ու արժեքների հաստատման գործընթացում:
Արարչական ճակատագրով, ինքնատիպ ազգային հատկանիշների վերածննդով Հայաստան երկիրը կարող է կատարել համամարդկային ու համաշխարհային դերակատարում՝ իր բնատուր կնիքը դնելով քաղաքակրթության հետագա զարգացման ուղղության ու ելքերի որոշման գործում: Եվ հոգեւոր-գաղափարական ու ոգե-իմաստասիրական շերտերի վերարտադրումը կհանգեցնի ծավալվող իրադարձությունների նոր համակարգված ըմբռնողության:


Հայաստանի զարթոնքի ու վերելքի ճանապարհը «հեղափոխությունների» այս աշխարհում հոգեւոր հեղափոխությունն է, որի էությունը մեր ներկայիս մտածողության (գիտակցության) փոփոխումն է՝ կտրուկ ազգայնացումը՝ հայացումը……
Սերունդները «Նոր Հայրենիքի» կերպարը պետք է հաստատեն ավանդական ազգային էության ու բարոյականության ըմբռնմամբ՝ «Հին Հայրենիքի» կաղապարի մեջ: Ընդ որում, ավանդական հոգե-բարոյականությունը պիտի դառնա «Նոր Հայաստանի» կամ «Ապագա Հայաստանի» պետական գաղափարախոսության առանցքը…
Հայ ազգի գլխավոր դերակատարումներից մեկը համաշխարհային հավասարակշռության պահպանմանը պարտադիր մասնակցելն է: Անկասկած է, որ հայ ազգն իր մեծ լուման ունի ամբողջ մարդկության համերկրային հակասությունների վերացման գործում՝ ըստ իր ի վերուստ առաքելության… Հայաստանը եղել է, կա եւ կլինի արդարամիտների, առաքինի մարդկանց եւ նվիրյալ սխրագործների երկիր:
Հայոց հնագույն իմաստության տաճարն ու հայ բարեպաշտ դյուցազնականությունը միշտ դարձել են ազգի զարգացման եւ հարատեւման ապագայի խորհրդանիշերը: Սակայն դա դեռ գիտակցել է պետք: Հայաստանը եռանդուն պիտի մասնակցի մոլորակի քաղաքակրթության նոր կերպարի ձեւավորման գործընթացին` ղեկավարվելով ինչպես ազգային, այնպես էլ՝ համերկրային նպատակներով: Այն է՝ «հեղափոխությունների» (ռեւոլուցիոն) այս աշխարհում հոգեւոր հեղափոխությունն իրականացնել բնականոն (էվոլյուցիոն) զարգացման ներդաշնակ աշխարհաքաղաքականությամբ…
Հայ ազգի լավագույն հատկանիշները, մասնավորապես՝ առաքինությունն ու վեհությունը, քաջությունն ու բարեգթությունը, համբերությունն ու արդարամտությունը, մեծահոգությունն ու նվիրաբերությունը… հիանալիորեն համապատասխանում են մարդկային ապագայի տեսլականին: Հայաստանն իր ուրույն տեղն ուներ եւ պիտի ունենա քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ համակարգերի ստեղծման գործում: Համակարգեր, որոնք կողմնորոշված են դեպի մարդկային հնարավորությունների առավելագույն հիացմանն ու նոր առաքինի քաղաքակրթության ստեղծմանը: Իսկ այդ նպատակին հնարավոր չէ հասնել առանց մարդու ինքնավերափոխման, մարդու ազգայնացման:
Հակառակ պարագայում մոտեցող աղետի վերացման բոլոր փորձերը՝ մարդկության ու մոլորակի վերափոխումների ճանապարհին կլինեն ապարդյուն` մարդկային «էգո»-ների եւ դրանց սպառումն իրականացնողների նեղ նկրտումային պատճառներով:
Հայ ազգը հոգեւոր-մշակութային արժեքների հավերժ պաշտպանն է, ում մշտական գլխավոր փորձությունը ոգե-գաղափարական ընկալման փորձությունն է, ընդ որում` հայ ազգը որպես գոյության գլխավոր արժեք ընդունել է նախ եւ առաջ հոգեւոր կյանքը, որի միջոցով էլ պետք է կատարվի ազգի ինքնավերահաստատման գործընթացը…

Արամ Ավետյան

Հայոց հայրենիք ասել է՝ Հայոց ցեղաստան

Ցեղաիմաստութիւն

Ա
Ո՛չ միայն եւրոպացիները, այլեւ՝ մենք, հայերս էլ մեր ցեղը ճանաչում ենք այն չափով, ինչ չափով, որ մենք եւ օտարները ճանաչում ենք՝ իր մեծութեան ու փառքի փլատակների վրայ փռուած մեր Անին, որ դեռ գրեթէ ամբողջապէս հողի տակն է:
– «Լաւ է,- ասել է մի ցեղաշունչ հայ,- եւ հարկ ու անհրաժեշտ, որ ամեն մէկ հայ իր կեանքի մէջ ջանայ գոնէ անգամ մը տեսնել յաւերժապանծ Անին:
Ազգային ընդհանուր աշխարհայեցողութիւնն աւելի ընդլայնող նոր հորիզոններ եւ անսահման ոլորտներ պիտի բացբացւին անոր մտքին եւ զգացումներուն առջեւ»:
Այո՛, դա անհրաժեշտ է մասնաւորապէս այսօր, ե՛ւ նրանց համար, որոնք տառապում են ցեղային նուաստութան զգացումով, որոնց յոռետեսական կեղծ հայրենասիրութիւնը դեռ շարունակում է վայել, թէ դժուար է սփիւռքի մէջ հայը հայ պահել:
Անի՛ն – մեր անցեալը խորապէս պեղելով միայն կարելի է ճանաչել մեր ցեղը:
Մի ժողովուրդ, որի հպարտ սերունդները ժամանակին ասել են՝ «Անին շէ՜ն, աշխարհն աւեր», իրաւունք չունի՛ չհաւատալու իր ապագային:
Օրուայ մեր վիճա՞կը – այո՛, դա մեզ գրեթէ ամեն ժամ հառաչել ու կրկնել է տալիս՝ «Անի՜ն աւեր, աշխարհը շէ՜ն», բայց պէտք չէ մոռանալ, որ հայու մայրաքաղաքը՝ Աթէնքի, Հռոմի նման չփլաւ իր վատասերումի եւ զեղխութեան մէջ, այլ՝ աւերակ դարձաւ բարբարոսութեան հարուածների տակ:
Անի՜ն – մէկը մեր ցեղային հանճարի հսկայ գործերէն – փլատա՛կ է այսօր, անցեալ փառքերի ու մեծութեան փլատակ. շէ՛ն է, սակայն, մեր ցեղը: Եթե կործանուած է ստեղծագործութիւնը, դեռ կենդանի է ստեղծիչը – ցեղիմաստասիրական այդ ճշմարտութի՛ւնը միայն կը փրկէ մեզ, մասնաւորապէս մեր նորահաս սերունդը:

* * *
 Ցեղ, ցեղային ժառանգականութիւն եւ պատմութիւն, իբրեւ ընդհանուր ճակատագիր, արժէքներ, փառքեր ու դժբախտութիւններ – ահա՛ այն ոյժերը, որոնք դիմակերտում են տուեալ ժողովուրդը եւ որոշում նրա ճակատագիրը:
«Ցեղ» ազդակը, սակայն, իբրեւ բովանդակութիւն, ենթակայ է փոփոխութեան: Օրինակ, մի ժողովուրդ-ըստ պրոֆ. Վալթեր Գրօսի – դարերի ընթացքում, բնական ընտրողութեան ճամբով, անկախ իր ցեղային մաքրութիւնից – կարող է հարստանալ արժէքաւոր յատկութիւններով, կամ էլ՝ կորցնել նմանները: Եթէ նրա ամենաքաջ, անձնուէր եւ արժէքաւոր տարրերը մեռնում են առանց ժառանգներ թողնելու, այդ ժողովուրդը աստիճանաբար աղքատանում է իր բնածին առաքինութիւնների տեսակէտից: Կամ եթէ ժողովրդի վճռաշունչ, կամային եւ հոգեւորապէս հարուստ տարրերը լքում են իրենց երկիրը, գաղթում-ազգն այդ դէպքում, ենթարկւում է իր տկար տարրերի տիրապետութեան վտանգին:
Այսպէս, մի ժողովրդի ցեղային վիճակի հետ փոխւում են նրա առաքինութիւնները: Իր կոպիտ սխալների եւ մեղքերի ծանրութեան տակ մեռնող լիբերալիզմը չհասկացաւ այդ ճշմարտութիւնը: Ժխտելով ցեղի բախտորոշ նշանակութիւնը՝ դա ազգութիւնը համարեց միայն պատմական աւանդութիւնների գործ: Ճի՛շտ է, վերջինները ժողովուրդների կեանքում կատարում են հոգեւոր կրաշաղախի դեր, ճիշտ է, սակայն եւ ա՛յն, որ առանց ցեղային պատկանելիութեան զօրաւոր զգացումի՝ ժողովուրդները պիտի շարունակէին մնալ իբրեւ մարդկային դիմազուրկ զանգուածներ: Մի ժողովուրդ միայն այնքա՛ն է ակտիւ, ստեղծագործ եւ կենսահոգեբանօրէն լաւատես, որքան կենդանի եւ արթուն է նրա ցեղային ծագման գիտակցութիւնը:
Այս գիտակցութեամբ չի՛ ապրում օրուայ հայութիւնը – ահա՛ պատճառն իր աններելի պառակտումների եւ տկարութեան: Ցեղակրօնութիւնը այլ նպատակ չունի, քան տարագիր հայութեան մէջ արթնցնել ցե՛ղը, ցեղայի՛նը, միաժամանակ՝ թարմացնելով իր պատմական յիշողութիւնը – զայն մի՛ եւ անբաժան ազգի վերածելու համար:

Երբ հայրենասիրութիւնը ցեղասիրութիւն չէ

Չեմ կարծում, որ օրուայ՝ կրակ առած մեր Երկրագնդի վրայ մի այլ ժողովուրդ այնքա՛ն յաճախ խօսէր հայրենիքի եւ հայերանսիրութեան մասին, որքան հայը:
Յաճախէ՛ք մեր հանդէսները եւ անմիջապէս պիտի համոզուէք, որ ամենից շատ հայ մարդն է «ուխտում» ծառայել հայրենիքին, մեռնել նրա համար: Այդ երեւոյթի հոգեբանական գաղտնիքը նրանումն է, որ հայ «հայրենասէր»ը քաջ գիտէ, թէ իր կուրծք ծեծելը, իր ուխտը բնաւ չի՛ պարտաւորեցնում իրեն ո՛չ միայն մեռնել, այլեւ անշահասիրաբար օգտակար լինել իր հայրենիքին:

* * *

Չեմ ճանաչում, նմանապէս, մի այլ ժողովուրդ, որի հայրենասիրութիւնը բովանդակութեամբ այնքա՜ն աղքատ լինէր, որպիսին է դա մեր ժողովրդի մի մասի մօտ:
Հայ մարդու հայրենասիրական բառամթերքը կը բաւէ մէկին միջակ հռետոր դարձնելու: Բոց ու խանդ – որքան ուզէք, բայց ծոյլ, անպտուղ, անզոհաբերող է այդ հայրենասիրութիւնը:
Եւ հենց այդ է պատճառը, որ մեզանում «հայրենասէր» համարուածն էլ վտանգի ժամանակ իր հայրենիքը թողել է կրակների մէջ եւ փախել վատօրէն:

* * *
Վերացական է հայկական հայրենասիրութիւնը: Շատերը հայրենիքը փնտռում են ամպերում, միստիկ մշուշի մէջ, երբ դա այնքա՜ն մօտ է մեզ՝ մեր ուշադրութեան, նուիրումին, պաշտամունքին կարօտ: Շատերի համար՝ Հայաստանը դեռ մի գաղափար է, մի ամնեզիա, մի սիոն, մի զոհասեղան:
Մոռանալով այն, որ է՛, որ ապրում է, որով սիրելի է, սուրբ՝ նմանները Հայաստանի փոխարէն պատկերում են մի ինչ-որ կին՝ սեւերի մէջ, հերարձակ նստած ճամբաների եզրին կամ աւերակների վրայ: Մի շքեղ տեսիլք, մի երազ, մի քարտէս, բայց ո՛չ մեր ցեղը եւ Հայրենիքը:
Այսպէս, վերացականօրէն խորհելով ու խօսելով Հայաստանի մասին՝ հայը մառախլապատում է ո՛չ միայն «հայրենիք» հասկացողութիւնը, այլեւ՝ իր ազգային պարտականութիւնն ու պատասխանատուութիւնը: – Հայաստանը կարօտ է կոնկրետ ու կենդանի հայրենասիրութեան:

* * *
Հայոց հայրենասիրութիւնը կրում է տօնական, հանդիսային, ազնուապետական բնոյթ: Դա յարմար է հռետորութեան եւ տաք սեղանների շուրջը շաչող բաժակաճառերի, բայց ո՛չ եւ Հայաստանին ու հայութեան: – Հայաստանը պէտք ունի հանապազօրեայ եւ զոհայօժար հայրենասիրութեան:
Գռեհիկ, անհայրենասիրութեան աստիճան գռեհիկ է ոմանց հայրենասիրութիւնը: Վերջերս մէկը գրեց. «Հայրենիքն է անհատի համար, եւ ո՛չ թէ անհատը՝ հայրենիքի»: Դա նշանակում է՝ հայրենիքը համարել միջոց, անհատը՝ նպատակ: Դա ասել է՝ երբ վտանգ կայ, թո՛ղ կործանուի հայրենիքը, միայն թէ ապրի անասնահոգի անհատը: Նման հայրենասիրութեան եւ անհայրենասիրութեան միջեւ տարբերութիւնը բառային է միայն:
– Մեր հայրենիքի դժբախտութեան ներքին պատճառներէն գլխաւորը – դա հայ մարդու օրուայ ստահայրենասիրութիւնն է: Ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ այդպէս: Ինչո՞ւ հայկական կազմակերպութիւններից ու հաստատութիւններից շատերը դարձել են կեղծիքի դպրոց:
Ինչո՞ւ – որովհետեւ օրուայ հայը մնում է կտրուած իր էաբանական արմատից, իր խորքից – իր ցեղից: Դա դեռ չի՛ հասկացել, որ ինքը, իբրեւ մարդկային անհատ, ծնունդն է որոշ ժառանգականութեան ու միջավայրի – Ցեղի եւ Հայրենիքի. չի՛ գիտակցել, որ ամեն մարդ իր ցեղից է ժառանգում իր ֆիզիքական եւ հոգեկան առանձնայատկութիւնները եւ որ իր հերթին նա էլ իր տաք արիւնը – իր պոտենցիալ անմահութիւնն է կտակում՝ Յաւիտենականին, որպէսզի որոշ ոգի եւ դիմագծութիւն ստանան հայոց գալիք սերունդները: Սեղմ ասած՝ որ ինքը, իբրեւ մարմնա-հոգեկան կազմուածք՝ մի ցեղային ժառանգութիւն է: Այդ գիտակցութեան պակասի պատճառով՝  զզուելիօրէն կարճաշունչ է օրուայ հայու հայրենասիրութիւնը – անզօր՝ նրան մեծ շարժուձեւերի ու գործերի առաջնորդելու: Պակասաւո՞ր է դա – այդ հայրենասիրութիւնը նաեւ ցեղասիրութիւն չէ – դա իր մէջ չի՛ պարփակում մեր արեան գաղափարը:
Ցե՛ղն է այս կամ այն երկիրը դարձնում հայրենիք: Հողն առանց ցեղի, ասել է՝ մարմին առանց հոգու: Ահա՛ թէ ինչո՛ւ հայոց հայրենիք ասել է՝ հայոց ցեղաստան:
Մի ժողովուրդ, որ իր մտածումից եւ հաստատութիւններից դուրս է թողնում ցեղը՝ հոգեզրկում է իրեն, հարստահարում է իր մետաֆիզիք էութիւնը, տկարացնում իր մշակութաստեղծ եռանդը, իր հերոսական թափը – խորապէս մեղանչում է իր գոյութեան դէմ: Սուտ ու սնանկ է նման հոգեթափի հայրենասիրութիւնը, մեռեալ՝ իր ազգային պարտականութեան ու պատասխանատուութեան զգացումը:

Բ
Այսօր, մասնաւորապէս, երեք բան զերծ պէտք է պահել ստահայրենասիրութեան պղծանքից – հայ խաչը, մանուկը, գիրը:
Ազգերը չունեն աւելի ճակատագրական պաշտօնեաներ, քան իրենց եկեղեցին, դպրոցը եւ մամուլը վարողները:
Կղեր, ուսուցիչ, խմբագիր – մեծագոյն օրհնութիւն, եւ չարիք միաժամանակ: Օրհնութի՛ւն են, երբ ցե՛ղն է վարում սրանց խղճմտանքը, անէ~ծք, երբ ցեղից չեն առնում իրենց ներշնչումները:
Պղծադաւան է այն հոգեւորականը – որով եւ՝ ամենավտան-գաւորը ազգի ներքին թշնամիներէն, եթէ իր վարած եկեղեցին նա չի դարձնում նաե՛ւ ցեղի տունը:
Սփիւռքի հայոց եկեղեցիներից շատերում, յուրախութիւն թուրքի եւ բոլշեւիկի, դեռ ցեղը տեղ չունի: Նման հաստատութիւնները կարող են ծառայել ամեն բանի, բայց ոչ Աստծուն եւ Հայրենիքին:
Պաշտօնապղծութիւն է կատարում ուսուցիչը, որի մարգարէն ցեղամերժ Մարքսն է, Լենինը:
Նմանը՝ ո՛չ թէ մտածումով, զգացումով ու գործով հայեր, այլ՝ հայօրէն սատակներ կը հասցնի վաղուայ համար:
Հապա անցեղաշունչ թե՞րթը, գի՞րքը, որոնց ամբողջ հայկակա-նութիւնը կայանում է նրանում, որ հայատառ են:
Հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին աղմկում են նմաններն էլ, առանց անդրադառնալու, որ պղծութիւն է կատարում ամեն անհատ, կազմակերպութիւն, հաստատութիւն, որի մտածումի, զգացողութեան ու գործերի մէջ ցեղը տեղ չունի, բայց եւ այնպէս՝ խօսում է ազգի եւ հայրենիքի անունից: Հոգեւոր չարաշահութի՛ւն եւ անբարոյակա-նութիւններից ամենազազրելի՛ն է դա: Սրա՛նք են խաթարում մեր ազգային ոգին, մտածողութիւնը, նկարագիրը:

* * *

Հայրենիք սիրել, ասել է՝ խորազգալ, խորհել ու գործել ա՛յն, որ անհրաժեշտ է ցեղի եւ հայրենիքի հզօրացման եւ յաւերժացման համար:
Ցե՛ղն է մեզ օժտում յաւիտենականի զգացումով: Անցեղակրօնը միշտ էլ ենթադրում է յաւիտենական զգացումից զուրկ արարած: Իսկ նմանը, ըստ իմաստասէր Ֆիխտէի, «սէր չունի ո՛չ իր անձի, ո՛չ էլ իր հայրենիքի հանդէպ»:
Սիրե՞լ – սիրում են ե՛ւ շուկան, ուր կարելի է շահել. սիրում են դրամը, հաճոյքը, յարմարութիւնը – անցողական սակաւարժէք հազար ու մէկ բաներ:
Իսկ Հայրենիքը – դա,  իբրեւ գերագոյն արժէք – պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտւում են նաե՛ւ: Սիրում ենք շա~տ բաներ, բայց արիւն չենք թափում նրանց համար: Հայրենիքը, սակայն, պահանջում է ո՛չ միայն մեր սիրտը, այլեւ՝ մեր արիւնը, երբ դա անհրաժեշտ է իր գոյութեան համար: Սէրն աւելի իրաւունք է ճանաչում, պաշտամունքը՝ պարտականութիւն: Մարդիկ աւելի հեշտ են համե-րաշխում, միաբանում պաշտամունքի, քան սիրոյ մէջ, որի առարկաները բազում են, մեծ մասամբ՝ հասարակ: Ընդհանուր պաշտամունքի դէպքում՝ ժողովրդի մտածումն ու գործը ընթանում են ներդաշնակ: Ինչ որ է ժողովրդի հասկացողութիւնը իր հոգեւոր էութեան, նոյնն է դա իր հայրենիքի մասին:
Նիւթապաշտի հայրենիքը՝ մի երկարամաս է լոկ եւ ուրիշ ոչինչ: Նմանը սիրում է իրեն կերակրող ու պատսպարող երկիրը, եւ այդ  սահմանափակ, գրեթէ նախնական սէրը անուանում է հայրենասիրութիւն, որն ունի կենսաբանական, բայց ոչ ե՛ւ հոգեւոր հիմքեր:  
Գաղութահայութեան օրուայ պառակտեալ վիճակը ապացոյց եւ արդիւնք է ընդհանուր պաշտամունքի պակասի: Անցեղակնիք խմբակ-ցութիւններն ու հաստատութիւնները շարունակում են ստահայրենա-սիրութիւնը գործածել իբրեւ կեղծիք, շպար, որով՝ է՛լ աւելի ամբոխացնում են ու ցրում մեր ժողովուրդը, երբ դա այսօր այնքա~ն կարիք ունի միանալու ցեղը խորհրդանշող մի հատիկ դրօշի տակ:
Հաւատա՛նք – Հայաստանից դուրս էլ հայը հա՛յ կը մնայ, եթէ մնաց կապուած իր ցեղի ճակատագրին:  Իսկ  դրա համար՝ օր, ժամ, վայրկեան առաջ հայոց բառարաններից սրբենք հայրենասէր եւ հայրենասիրութիւն սնամէջ բառերը:
Հայրենիքին, որ ասել է՝ ե՛ւ ցեղին – վայել է խոր պաշտամունք. նրան հայրենապաշտնե՛ր են պէտք, որպիսին դառնում են ցե՛ղը, միայն ցե՛ղը դաւանողները:
Այո՛, առանց ցեղասիրութեան չկա՛յ ճշմարիտ հայրենասիրութիւն:

Գարեգին Նժդեհ
«Ռազմիկ», 1941թ., թիւ 8 եւ թիւ 11, 12

«Լուսանցք» թիվ 17 (148), 2010թ.
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.