Ժամանակն է Արցախ – Ադրբեջան բանակցությունների

Վերջերս վերստին նպատակայնորեն աշխուժացել է Արցախ-ԼՂՀ խնդրի այսպես կոչված կարգավորման հարցը: Մադրիդյան լրացված, թե թարմացված սկզբունքների քննարկումների ծիրում նորից հեռահար նպատակներով արծարծվում է ազատագրված 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու (այսինքն՝ կրկին նվիրաբերելու) հարցը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կամ շահագրգիռ երկրների դիվանագետները փորձնական լուրեր են «դուրս նետում»: Ընդհուպ լուրեր են մամուլ «սպրդում»՝ հնարավոր նոր պատերազմի հրահրման մասին:
ՀՀ նախագահն ու արտգործնախարարը բազմիցս հայտարարել են, թե մինչեւ չլուծվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, մնացած այլ բանակցություններն անիմաստ են, բայց «անիմաստ» լուծումների վտանգն առկա է ու՝ ոչ վերացական կերպով: Այդ վտանգի հավանականությունը առավել ակնհայտ դարձավ հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրման եւ վավերացման ամբողջ ընթացքում: Դա չի դադարում քննարկվել նույնիսկ Հայաստանի կողմից այդ արձանագրությունների վավերացումը «սառեցնելու» պայմաններում:

Մի բան արդեն իսկ ակնհայտ է եւ՛ ադրբեջանական կողմի եւ՛ «միջազգային հանրություն» կոչվածի համար. հայ ազգը երբեք չի ընդունի որեւէ նվաստացուցիչ պարտադրանք, անգամ եթե հայկական իշխանությունները ստորագրեն պարտվողական բնույթի փաստաթուղթ: Վստահ ենք՝ հայությունը կհամարի այն ոչ օրինական, քանզի դրա բոլոր իրավական, պատմական, քաղաքական ու բարոյական հիմքերն առկա են: Հայությունն արդեն արել է զիջումներ (Շահումյանի շրջանը, Արծվաշենը եւ Դաշտային Արցախի այլ տարածքները մնացել են զավթված, չի արծարծվում Նախիջեւանի խնդիրը, շրջափակման ու փախստականների կրած նյութական վնասը հատուցելու գործընթացը սառեցված է եւ այլն): Այլեւս զիջելու բան չկա, իսկ եղածն զիջումն էլ հաստատ ժամանակավոր բնույթ է կրում: Ավելին՝ սադրիչ դիվանագետների կողմից հնարավոր պատերազմի սանձազերծման դեպքում հայությունը դեռ կունենա ազատագրելիք տարածքներ…
Իսկ պատերազմելու մերթընդմերթ կոչերը գալիս են պաշտոնական Բաքվի կողմից:
Նույնիսկ թուրքական զլմ-ները, հղում անելով ադրբեջանական թերթերին, հայտնել են, որ անցած տարի, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշում էր կայացրել ռազմական գործողություններ սկսել ԼՂՀ-ի դեմ: Եվ իբր, միայն վերջին պահին նրան այդ քայլից հետ է պահել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը:
«Անկարան, կանխելով ադրբեջանցիների ռազմական գործողությունները, կանխեց Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացի տապալումն ու իր վարկաբեկումը: Բաքվի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների լուրջ վատթարացումը հենց դրանով է պայմանավորված: Եթե Ադրբեջանն այդ ժամանակ ռազմական գործողություններ սկսեր, ապա Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագիրը լիովին կտապալվեր»,- գրում է թուրքական «Հուրիյեթ»-ը:
Իհարկե, տեղեկատվության աղբյուրների լուրերը արժանահավատ չեն համարվում, սակայն որեւէ բան չի բացառվում: Իսկ Թուրքիայի արտգործնախարարությունից այս առիթով հայտնել են, որ «հարցերը երկխոսության ճանապարհով լուծելու կողմնակից են»: Նաեւ նշվում է, որ նորից օրակարգ է եկել ռազմական միջամտությանն այլընտրանք գտնելու հարցը: Ըստ թուրքական զլմ-ների՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի՝ ամենաբարձր մակարդակի ընդունումը Թուրքիայում, կարող է լինել Անկարայի կողմից Ադրբեջանին սաստելու ծրագրի մի մասը:
Եթե Բաքուն իրապես պատրաստվում է ռազմական գործողությունների, ապա ճիշտ ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները դուրս գան բանակցային գործընթացից, ճանաչեն Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը, նաեւ Ստեփանակերտի իրավունքները վերահսկվող բոլո՛ր ազատագրված տարածքների վրա՝ ըստ ԼՂՀ Սահմանադրության:
Եվ այդուհետ Ադրբեջանի իշխանությունները բանակցություններ պիտի վարեն միայն Արցախ-ԼՂՀ-ի իշխանությունների հետ, իսկ ՀՀ իշխանությունները պետք է գործեն ըստ նպատակահարմարության եւ անհրաժեշտության:
Եթե նունիսկ դեռ խոսք չկա ռազմական գործողությունների վերսկսման մասին, միեւնույնն է, ճամանակն է Արցախ-Ադրբեջան ուղղակի բանակցությունների նախաձեռնման: ՀՀ իշխանությունները պետք է ընդունեն բանակցային միջնորդի այսպիսի գործելաոճը:
Սա անհրաժեշտ է, որ բացահայտ լինի բոլորին, որ հայերը չեն պատրաստվում զիջել իրենց հայրենիքի ազատագրած տարածքները, եւ դեպքերի որեւէ զարգացման դեպքում Երեւանը կարող է լինել լավագույն միջնորդը հակամարտության կարգավորման ընթացքում:
Հակառակ դեպքում, պաշտոնական Երեւանը պետք է ճանաչի 1988թ. փետրվարի 20-ի ԼՂՀ մարզային խորհրդի եւ 1989թ. Հայաստանի Գերագույն Խորհրդի դեկտեմբերի 1-ի որոշումները՝ Արցախ-ԼՂՀ-ն Հայաստանին վերամիավորելու մասին, եւ պետք է ի լուր աշխարհի հայտարարի, որ ԼՂՀ-ն ու ազատագրված տարածքներն այլեւս համարելու է Հայաստան եւ իր հնարավորության սահմաններում պաշտպանելու է միացյալ Հայաստանի Հանրապետության սահմաններն ու անվտանգությունը: 22 եւ 21 տարվա վաղեմության այս իրավական որոշումները միջազգայնորեն ճանաչվելու բոլոր հիմքերն ունեն:
Բաքվում հասկանում են, որ առանց Անկարայի աջակցության չեն կարող որեւէ կտրուկ քայլ կատարել, իսկ թուրքական կառավարությունը կարծես թե դեռ չի շտապում «տապակվել» կրտսեր եղբոր «յուղի» մեջ, ուստի՝ Ադրբեջանը հայտարարել է, որ միավորվում է պաշտոնական Անկարայի հետ՝ ԱՄՆ ճնշումներին դիմակայելու համար: Հասկանալի է, որ խոսքը Հայոց ցեղասպանության մասին է: Իհարկե, այս քայլով ադրբեջանցիները ակնկալում են նորից առաջ քաշել արցախյան հիմնախնդիրը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչական պատվիրակությունը, այլ պաշտոնատարներ հանդիպել են Թուրքիայի ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Սերդար Քըլըչի, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումների հիմնական թեման եղել են հայ-թուրքական արձանագրությունների, ԼՂՀ-ի հակամարտության եւ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերը: Այս քայլերն արվում են, քանի որ վերջին շրջանում Բաքվի հարաբերությունները փոքր-ինչ սառել են թե Անկարայի, թե Վաշինգտոնի հետ:
Հայաստան-Թուրքիա երկկողմանի հարաբերությունների նորմալացման մասին արձանագրությունների ստորագրման հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումները կտրուկ թուլացրել են Բաքվի դիրքը տարածաշրջանում: Եվ ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում միայնակ չմնալու համար իրավիճակը ստիպում է, որ Ադրբեջանի իշխանությունները առավել ջերմացնեն հարաբերությունները Թուրքիայի հետ: Իսկ հարաբերությունների վատացման պատճառը ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն է, այլեւ՝ «Նաբուկո» գազատարից հրաժարվելն ու ադրբեջանական գազը գնելու եւ Եվրոպային վաճառելու Անկարայի պայմանը:
Նման իրավիճակում Ադրբեջանի իշխանությանն այլ բան չի մնում, քան խելոք հաշտվել Անկարայի հետ եւ համաձայնեցնել իր գործունեությունը «ընդհանուր թշնամիներին» դիմակայելու համար: Իսկ թե դրա դիմաց ինչ է պահանջելու Անկարան Բաքվից, դեռ հայտնի չէ…
Այնպես որ, Երեւանի եւ Ստեփանակերտի համատեղ եւ կտրուկ գործելու հարմար ժամանակն է:…

Հայկ Թորգոմյան

Բաքուն դեռ պիտի խնդրի Ստեփանակերտին

Օրերս ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ի պատասխան ադրբեջանցի իր գործընկերոջ հայտարարությունների, ասել է. «Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանները եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից եւ գործելաոճից, այդ ժամանակ, Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը ասել էր, թե «Լաչինը եւ Քելբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է պահանջում Ադրբեջանից»… «Անհրաժեշտ է որոշել ինչպես ադրբեջանցիների՝ Ղարաբաղ վերադառնալու, այնպես էլ Քելբաջարը եւ Լաչինի հյուսիսային մասը ազատելու ժամկետը հստակեցնելու ժամանակը: Նաեւ պետք է ամրագրվի փաստաթուղթ՝ 5 շրջանների եւ Լաչինի ճանապարհի ազատման վերաբերյալ», – հավելել էր Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը, ինչին էլ արագ արձագանքել էր Շ. Քոչարյանը:
Իսկ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ խորհուրդը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ազատագրված տարածքները բանակցություններում սակարկման առարկա դարձնելու փորձերը: «Ազատագրված տարածքները ոչ միայն ԼՂՀ, այլեւ ՀՀ անվտանգության կարեւորագույն երաշխիքներն են ու խաղաղության պահպանման միակ գրավականը: Սա պետք է հասկանան եւ՛ հանրությունը եւ՛ պետական մարմինները: Այս տարածքները ազատագրվել են հազարավոր մարտիկների կյանքի գնով եւ ընդհանրապես չեն կարող սակարկման առարկա լինենել»,- ասված է հայտարարությունում:
Արցախյան ազատամարտի վետերանների կարծիքով, ԼՂՀ անվտանգության երաշխիքների եւ Ադրբեջանի կողմից բազմիցս հնչող ռազմատենչ հայտարարությունների պայմաններում զիջումների կամ նույնիսկ փոխզիջումների մասին խոսակցությունները անտեղի եւ վտանգավոր են:
Նրանք առաջարկել են պետական ավելի լուրջ եւ հեռանկարային քաղաքականություն իրականացնել ազատագրված տարածքների վերաբնակեցման եւ տնտեսապես հզորացման ուղղությամբ:
Իսկ ազատագրված տարածքների վերաբնակեցումը վաղու՜ց առկախ շատ հարցերի պատասխանը տված կլիներ: Այս մասին տարիներ շարունակ ահազանգում են նաեւ հայ ազգայնականները…
Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների փաթեթի խորհրդարանական քննարկումից անմիջապես հետո մեկնելու է Ադրբեջան:
Թուրքիայի վարչապետը որոշել է մայիսի 15-ին Հունաստան կատարելիք այցից հետո ուղեւորվել Ադրբեջան: Բայց նախ Բաթումում նա կմասնակցի թուրքական մի հիմնարկի բացման արարողության, ապա կմեկնի Բաքու:
Ի. Ալիեւի հետ քննարկվելու է Ռ. Թ. Էրդողանի՝ Վաշինգտոնում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ ունեցած հանդիպմանը, արձանագրությունների վավերացման ընթացակարգի առկախմանը եւ կովկասյան տարածաշրջանում (նաեւ ԼՂՀ-ին առնչվող հարցերում) տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Արտակ Հայոցյան

Հայաստանն ագրեսոր չէ…
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը (Ռուսաստան)‘ ադրբեջանական գործակալության հետ հարցազրույցում հայտնել է, որ «առանց Նախիջեւանի, Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ հասկանալ»: Ռուս դիվանագետը նման հայտարարություն արել է՝ ի պատասխան Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեի հայտարարություններին եւ մեղադրանքներին:
«Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ մի շարք հակամարտություններից հետո տեղի է ունեցել սահմանազատում՝ մերթ ուժային ճանապարհով, մերթ «մեղմ» ճնշմամբ: Դա հաղթահարելը հեշտ չէ, անհրաժեշտ է ժամանակ եւ շրջահայացություն: Զանգվածային ելքերը հազվադեպ են հոժարակամ լինում: Արդեն հիշողությունից ջնջվում է, թե քանի հայ է եղել Նախիջեւանում: Պատկերացրեք, որ նրանք ցանկանում են վերադառնալ այնտեղ, ընդ որում` սեղմ ժամկետներում: Ի՞նչ կասի Բաքուն: Դեմագոգիկ կարելի է ասել` «խնդրեմ», իսկ եթե լու՞րջ»,- ասել է նա: Ռուս դիվանագետը կասկածի տակ դնելով «Ղարաբաղից փախստականների» վերաբերյալ Ալիզադեի նշած թվերը, նկատել է, որ «եթե խոսքը ոչ թե միայն Լեռնային Ղարաբաղի, այլ ամբողջ Ղարաբաղի բնակիչների մասին է, դա մի բան է, իսկ եթե հենց Լեռնային Ղարաբաղի, ապա դա դարձյալ ֆանտաստիկա է»:
Ըստ Վ. Կազիմիրովի, 1989թ. մարդահամարի տվյալներով ԼՂ-ում եղել է 40.000-ից փոքր-ինչ ավելի ադրբեջանցի: «Եթե մի քանի հազարն արդեն ԼՂ-ից դուրս եկած լինեին, այդ դեպքում՝ 45.000 մարդ: Այդ թիվը 10 տարվա ընթացքում, պարզապես, չէր կարող ավելանալ մինչեւ 227, իսկ այժմ՝ 250 հազար: Ժողովրդագրությունը նման պտղաբերություն չգիտե»,- հեգնել է Կազիմիրով: «Ի՞նչ իմաստ ունի պնդել, թե ով, որքան, որտեղ է ապրել դարեր առաջ: Ոչ ոք հնդկացիներին չի վերադարձնի ԱՄՆ տարածքը, սելջուկներին չի առաջարկի վերադառնալ Ասիայի խորքը եւ այլն: Կատարվածն արդեն փաստ է, եթե անգամ հաշվեկշիռը բացասական է: Օրինակ՝ Ղրիմը…»,- ընդգծել է դիվանագետը, ով նշել է նաեւ, որ Ադրբեջանում հաճախ են դժգոհում, որ միջազգային հանրությունը ըմբռնում եւ համերաշխություն չի դրսեւորում «ագրեսիայի զոհի» նկատմամբ, ճնշում չի գործադրում «ագրեսորի» նկատմամբ, պատշաճ ձեւով չի պահանջում անվերապահորեն ազատել «զավթած հողերը»: Սակայն, «ամբողջ հարցն այն է, որ շատ պետություններ ու միջազգային կազմակերպություններ այնպես պարզունակ չեն ընկալում այդ բարդագույն հակամարտությունը, ինչպես այն մատուցում է ադրբեջանական քարոզչությունը,- ասել է ռուս դիվանագետն ու պարզաբանել,- ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Հակամարտությունն ունի իր նախապատմությունը: Դրա ուժային լուծման փորձերին, ռազմական գործողություններին անցումը ձեռնարկվել է մյուս կողմից: Դա չի եղել հայերի կողմից զինված հարձակում, այլ փոխադարձ թշնամանքի առավել բարդ ու բազմաչափ էսկալացիա: Ինքնապաշտպանության իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված է հենց որպես պետության արձագանք իր դեմ զինված հարձակմանը, այլ ոչ որպես պատերազմի վերսկսում 16 տարի անց»:
Իսկ ո՞վ էր ռազմական գործողությունները դադարեցնելու դեմ հանդես գալիս,- հարցնում է Վ. Կազիմիրովը եւ հաստատում, որ դա Ադրբեջանն էր, «որ մի ամբողջ տարի չէր կատարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի  հիմնական պահանջը»: Ագրեսիայի ակտը, ինչպես նաեւ խաղաղության համար սպառնալիքը լիազորված է որոշել միայն ՄԱԿ ԱԽ-ն, եւ ուրիշ ոչ ոք, իսկ ՄԱԿ-ի բանաձեւերից ոչ մեկում արձանագրված չէ, որ Հայաստանը ագրեսոր է: Արձանագրված չէ օկուպացիա, որը հենց հետեւանք է ռազմական գործողությունների շարունակման, սակայն, այն վերագրված է «տեղի հայկական ուժերին»:
Երեւանը երկար ժամանակ չի ընդունում, որ ինքը հակամարտող մի կողմ է Արցախ-Ադրբեջան հակամարտությունում, -նշել է Վ. Կազիմիրովը, ինչն էլ հետզհետե առաջ է բերում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության պահանջը:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 17 (148), 2010թ.
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.