Շաբաթվա մարզական կյանքից

Բռնցքամարտիկները պատրաստ են

Բռնցքամարտի 2010թ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ռեկորդային թվով բռնցքամարտիկներ՝ մոտ 300 հոգի: 12 երկրներ մասնակիցներ կներկայացնեն բոլոր 11 քաշային կարգերում: Դրանց թվում է նաեւ Հայաստանը: Մնացած երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Թուրքիան, Վրաստանը, Սերբիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բուլղարիան, Հունգարիան եւ, բնականաբար, առաջնության կազմակերպիչ Ռուսաստանը:

Պատանեկան օլիմպիադային ընդառաջ

Այս տարվա օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերին Հայաստանից առայժմ իրավունք ունեն մասնակցելու 4 մարզիկներ` 2 ծանրորդ, 1-ական ձյուդոիստ եւ մարմնամարզիկ: Նրանց թիվը կավելանա, եթե մեր պատանի մարզիկները հաջողությամբ հանդես գան առաջիկայում կայանալիք վարկանիշային մրցաշարերին:


Մասնավորապես, մայիսի 20-23-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում կանցկացվի նմանատիպ մրցումներ ըմբշամարտից, որին կմասնակցեն Հայաստանի 10 պատանի ըմբիշներ (5-ական հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտում): Սինգապուրյան խաղերի ուղեգրեր նվաճելու համար նվազագույնը հարկավոր է մտնել եզրափակիչ: Մասնագետների կարծիքով, լավագույն հնարավորություններ ունեն ազատ ոճային Արտակ Հովհաննիսյանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Ալբերտ Վարդանյանը:
Ահա Հայաստանի պատանեկան հավաքականի կազմը, որը կմասակցի Պոզնանի վարկանիշային մրցաշարին. հունահռոմեական ոճ՝ Ալբերտ Վարդանյան (42 կգ քաշային կարգ), Ռուդիկ Մկրտչյան (50 կգ), Սուրեն Հասրաթյան (58 կգ), Ասատուր Առաքելյան (69 կգ), Վարոս Պետրոսյան (85 կգ), ազատ ոճ՝ Արտակ Հովհաննիսյան (42 կգ), Գոռ Գրիգորյան (54 կգ), Սամվել Պետրոսյան (63 կգ), Գեւորգ Համբարձումյան (76 կգ), Համլետ Աբրահամյան (100 կգ):
Մայիսի 21-23-ը Մոսկվայում կանցկացվի վարկանիշային մրցաշար աթլետիկայից: Դրան կմասնակցեն մեր 4 մարզիկ-մարզուհիները: Ինչպես տեղեկացրին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայից, պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար այդ մրցումներում անհրաժեշտ է գրավել միայն 1-ին տեղը: Ի դեպ, սեղանի թենիսի մրցումներին մասնակցելու իրավունք նվաճելու համար աշխարհի երկրների պատանի թենիսիստները պետք է մասնակցեն Վենեսուելայում անցկացվող վարկանիշային մրցաշարին, ընդ որում` այդտեղ խաղարկվելու են ընդամենը երեք ուղեգրեր:

Հայտնի են մասնակիցները

Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում ելույթները կսկսեն մայիսի 14-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Մրցագորգ դուրս կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ քաշային կարգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ), Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), մայիսի 15-ին՝ Վահան Վարդանյանը (57 կգ), Արտավազդ Մինասյանը (68 կգ) եւ Մուշեղ Հովսեփյանը (82 կգ): Իսկ մարտական սամբոյի ներկայացուցիչներ Վաչիկ Վարդանյանը (68 կգ) եւ Արտակ Ծատինյանը (90 կգ) կգոտեմարտեն մայիսի 16-ին:

Հաղթեց Անանդը

ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) հաղթեց հավակնորդին` Վեսելին Թոփալովին (Բուլղարիա)` 6,5:5,5 հաշվով եւ պահպանեց իր տիտղոսը: Վ. Թոփալովը 2-րդ անգամ անհաջողության մատնվեց չեմպիոնի կոչման համար մրցախաղում (1-ինը` 2006թ, Կրամնիկի հետ մրցամարտում):

Անհաջող մեկնարկ

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում 3 փուլից հետո ունի 1 միավոր, որը վաստակել է առաջին տուրում տոնած հաղթանակի շնորհիվ: Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Վլադիմիր Բելոուսը (Ռուսաստան):

Կրկին «Փյունիկ»-ը

5-րդ անգամ Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր դարձավ Երեւանի «Փյունիկ»-ը: Վճռական խաղում փյունիկցիները ջախջախեցին «Բանանց»-ին՝ 4:0 հաշվով եւ վստահորեն դարձան գավաթակիր:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 18 (149), 2010թ.
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.